Եթե որեւէ ժողովրդի պատմությունն այդ նույն ժողովրդի անցած ֆիզիկական կյանքի իրողություններն է փաստում, ապա գրականությունն այդ ժողովրդի ունեցած ոգեղեն արժեքներն է արձանագրում: Ոգեղեն արժեքների ու նաեւ ոգո՛ւ անցած պատմությունն է այն, մեր պարագայում՝ հայ հոգու պատմությունը: Այն հոգու, որ Վահան Թեքեյանն անվանում էր «հողմակոծ ծառը վսեմ», այն հոգու, որ մե՛րթ «անյոյս լացաւ» ու մե՛րթ «մրրկաթեւ մինչեւ ի փառք խոյացաւ», այն հոգու, որ «զերդ զինուոր մ’ որ կը կռուի անդադար» (տե՛ս Վ. Թեքեյան, Կէս-գիշերէն մինչեւ արշալոյս, Փարիզ, 1919, էջ 40)։ Հայ գրականությունը, իր սկզբնավորման օրվանից եղավ ու մնաց հայ կյանքն ուղղորդողներից մեկը: Նա է, որ զարկ տվեց աշխարհիկ մտածողությանը, վերածնության սկիզբը դրեց (Նարեկացուց մինչեւ Քուչակ), նա է, որ ձեւ ու մարմին տվեց եւ գեղարվեստական խոսքի մակարդակին բարձրացրեց աշխարհաբարը, տարածեց լուսավորչական գաղափարներ: Սա է պատճառը, որ մեր գրականությունը, այսինքն՝ գեղարվեստական խոսքը, իր մեջ ներառում է ժողովրդական զգացումների, մտքերի, ազգային բաղձանքների ու լեզվական արտահայտչամիջոցների բարձրագույն դրսեւորումները, որ իր լուսավոր մատյաններում պատասխանել է այն հարցերին, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Հարցեր, որոնք պայմանավորել են ոչ միայն մեր գրականության բովանդակությունը, այլեւ նրա արտահայտման ձեւերը: Փաստ է, որ Կորյունի, Եղիշեի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Փարպեցու եւ մեր այլ պատմիչների գրքերը որքան պատմություն, նույնքան էլ գրականություն են՝ բառի ամենալայն առումով, Խորենացու խոսքերով ասած՝ «փոքր ածուի»՝ «… բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնի»՝ հիշատակման արժանի գործերի ընտրովի, մշակված ու նպատակադիր գեղարվեստականացված շարադրանքներ:
Այո՛, գեղարվեստական հանդերձավորում, մտքի թռիչք, ընդհանրացումների խտացում, պատկերավորման բազմաձեւություններ: Այսուհանդերձ, որքան էլ զարմանալի, հետագայում մեզանում ստեղծված գրականությունն ամենից քիչ զբաղվել է հենց գեղարվեստի մտահոգություններով, որը բացատրվում է մեկ միակ պատճառով՝ պետականության բացակայությամբ, ինչը հայ գրականությանը ստիպել է զարգանալ յուրահատուկ մի առաքելությամբ՝ տալ ժողովրդական ընդհանուր մտահոգությունների ու ազգային-քաղաքական կյանքի ոչ այնքան գեղագիտական, որքան գաղափարական պատկերը: Սկսելով «հասարակ լեզվով» ու «պատմածների ճշմարտությամբ»՝ ներկայացվող ասքերի ու բանահյուսական չափածոյի օգտագործումներից (Խորենացի)՝ այդ գրականությունը բարձրացավ մինչեւ ազգային ինքնուրույնության ու ազատաբաղձության գաղափարների արծարծումներ (Աբովյան), հասավ անցնելիք ուղիների որոնման ու գործունեության հստակ մատնանշումների (Րաֆֆի), ժողովրդական իմաստնության (Թումանյան) ու հայրենանվիրման պատգամների տարփողումների (Վարուժան, Սիամանթո, Չարենց, Դեմիրճյան):
Գրականությունը, եթե հաշվի չառնենք ժողովրդական բանահյուսական նյութը, իր բնույթով անձնական ստեղծագործության արդյունք է, սակայն անկախ այն բանից, թե ինչ է գրել հայ գրողը, անկախ, թե ում է դարձրել իր հերոսը եւ ինչ գաղափար ու նվիրում է շոշափել, իր ընդհանրության մեջ նրա համար հարցերի հարցը եղել ու մնացել է հայրենիքի ճակատագիրը, այլ խոսքով ասած՝ հայրենիքը հայ գրականության գլխավոր հերոսն է: Ամեն բանից վեր եւ ամեն բանից առաջ Հայրենիքն ու նրա ճակատագիրը. սա հայ գրականության ամենաբնորոշ առանձնահատկու֊թյունն է, որ նրան զատում է աշխարհի շատ ժողովուրդների գրականություններից: Ա՛յն հայրենիքը, որն այնքան տարուբերվել է կյանքի ու մահվան միջեւ, բզկտվել տառապանքի բավիղներում, ա՛յն հայրենիքը, որը որպես միակ զինակից ունեցել է սովը, թշվառությունը, թալանն ու բռնությունը: Բայց միշտ կամ գրեթե միշտ հայ գրողը հնչեցրել է ապրելու եւ հարատեւելու իր հավատը, որն այնքան համահունչ է եղել իր ժողովրդի կյանքի ընթացքին՝ միշտ դեպի վեր, դեպի Ազատն, այսինքն՝ Արարատն ի վեր՝ մեր ազգային գոյության բարձրագույն այդ խորհրդանիշը: Եվ պատահական չէ, որ Արարատը մեր գրականության մեջ պանծացվել է բազում երանգավորումներով: Այն Արարատը, որ Րաֆֆու «Սամվել» վեպում պատկերվել է որպես Արարատյան դաշտի խորհրդանիշ, ասել է թե՝ կյանքի հավերժացում, Կոստան Զարյանի վեպում՝ «Մեծ պարոն», Համաստեղի պատմվածքում՝ «աշխարհի ամենագեղեցիկ լեռը», Չարենցի պոեմում՝ «անհաս ու վեհանիստ», մեր «գոյության խորհուրդ», մեր ողջ պոեզիայում՝ ամեն մի հայի համար՝ կյանքի տեսիլք ու իմաստ, թաքնված երգ, շողացող լույս, քարացած մեղեդի ու ներդաշնակություն:
Մեր լավագույն գրողներից մեկը՝ նույն Կ. Զարյանը, գրել է. «Արարատը եւ Հռիփսիմեն Հայոց աշխարհի հոգեկան այն երկու բեւեռներն են, որոնց միջեւ ընթանում է ամբողջ հայ ժողովրդի պատմությունը» (Կ. Զարյան, Նավը լեռան վրա, Երեւան, 1985, էջ 522)։
Այդ պատմությունն ընթացել է տառապանքի ու հերոսացման բավիղներով: Մեզանից դեռեւս հազար վեց հարյուր տարի առաջ Խորենացին ողբում էր հայ կյանքի այդ դժվարին ընթացքի, ինչպես նաեւ «Հայոց թագավորության Արշակունյաց ցեղից դադարի» մասին, որի պատճառը ոչ միայն արտաքին թշնամիներն էին, այլեւ մեր «խստասիրտ ու չար թագավորները», «ինքնահավան» ուսուցիչները, «սնափառ» կրոնավորները, «ծույլ» աշակերտները, «ագահ» իշխանները, «տմարդի» դատավորները (տե՛ս Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 315-316)։ Այսպես այդ հայրենիքում, գրեթե միշտ, Հովհ. Թումանյանի խոսքերով ասած՝ «թալանել են մերոնք ու այլերը» (տե՛ս Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1988, էջ 251)։
Այս ամենն ստիպել է հայ գրողին «առագաստի երգերի» փոխարեն «սգավոր խոսք ասել» (Խորենացի), որ բանաստեղծորեն ձեւակերպվել է նաեւ Չարենցի «Հարդագողի ճամփորդները» գործում, երբ գրողը ստիպված է եղել երգել հայ կյանքի «գորշ օրերի» տաղտկությունը, կյանքի անմխիթար զառանցանքը, սերունդների «երազորեն-հոգեվար» երթը պատմության քառուղիներում, արտահայտել այն միտքը, որ հայ սերունդների աչքերը այդպես էլ «արեւներ չտեսան».
Ես ուզեցի երգել գովքը աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի՛.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու —
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
(Եղ. Չարենց, Ընտիր երկեր, Երեւան, 1955, էջ 141)։
Հայ կյանքի ընթացքը երբեք ներդաշն չի եղել: Անտառներից ու ձորերից, անապատներից ու տափաստաններից դարեր շարունակ ներխուժել են պարսիկներն ու բուզանդացիները, թամերլաններն ու չինգիզխանները, արաբները, սելջուկներն ու թաթարները: Հայ կյանքը բզկտվել է այդ հորդաների ավերներից: Եվ հայ գրողն ստիպված է եղել գրել նաեւ բողոքի ու նզովքի խոսքեր:
Անգամ Մեծարենցի նման քնարական ու մելամաղձ բանաստեղծը գրել է.
Քո՛ւյր, մոտեցո՛ւր իմ ձեռքին
Աստվածաբոցն հըրացան
Զի ամե՜ն բան ինձ կրկին
Կը հիշեցնե վրե՛ժն արյան…
(Մ. Մեծարենց, Երկեր, Երեւան, 1986, էջ 134)։
Մահվան տեսիլը միշտ էլ ներկա է եղել հայ կյանքում, սակայն մեր գրականությունն ի վերջո քրիստոնյա ժողովրդի գրականություն էր, հետեւաբար՝ լցված աստվածաշնչյան պատգամներով: Բարու եւ ազնիվի, նվիրման ու գեղեցիկի տարփողումն այդ գրականության հատկանշական կողմերից է, որը նրան հաղորդել է ոչ միայն մարդասիրական, այլեւ խաղաղասիրական բնույթ: Ասենք նաեւ, որ քրիստոնեության ընդունումը լոկ հավատի հարց չի եղել հայության համար: Այն նաեւ առաջադիմական մտքի, ավելի բարձր բարոյական չափանիշների, մշակութային նվաճումների խնդիր է ունեցել: Ահա թե ինչու նվաճման, այլ ժողովուրդներին ստրկացնելու գաղափարները հայ գրականության մեջ երբեք չեն պանծացվել: Անգամ օտարության մեջ գտնվող հայ թագավորը ուրիշ ժողովուրդներին տիրելու մասին չէ, որ մտածել է, այլ իր հայրենի եզերքի կարոտներով է մորմոքվել:
Ո՜, տայր ինձ զծուխն ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի…
(Մարգարիտներ հայ քնարերգության, Երեւան, 1971, էջ 41)։
Բռնության, հարստության, իշխանության տենչանքները հայ գրականության բովանդակությունը չեն կազմել երբեք: Մինչդեռ ազատաբաղձության գաղափարները հնչել են մշտապես ու իմաստավորվել են ինքնուրույն պետականության, առաջադիմության, արվեստների ու մշակույթների զարգացման առաջադրանքներով: Սա է նաեւ այն պատճառներից մեկը, որ հաճախ իրենք՝ նվաճողները, նվաճվել են տեղացիների կողմից, մերվել ու անգամ ձուլվել նրանց:
Ազատաբաղձ հայրենասիրական գաղափարների ակունքները հայ գրականության մեջ ձգվում են մինչեւ մեր բանահյուսական պատառիկները՝ Հայկի, Տիգրանի, Արտաշեսի ժամանակները: Հենց նրանց ու նրանցից հետո եկած ժամանակների ու գործերի մասին խոսելիս էլ մեր հանճարեղ Քերթողահայրը հնչեցրել է հայ կյանքի բոլոր ժամանակների համար կենսունակ ամենամեծ գաղափարը՝ ազգային մեկ «փարախի մեջ ժողովված» լինելու անհրաժեշտությունը՝ աշխարհի «գայլերից զգուշանալու համար» (տե՛ս Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 313)։ Այդ ազատաբաղձության ու միասնության պատգամները նոր թափով ու նոր որակներով ի հայտ եկան մանավանդ մեր հանճարեղ էպոսում՝ երկու Մհերների ու Դավթի կերպավորումներում:
Աշխարհի քիչ ժողովուրդներ ունեն այնպիսի էպոս, ինչպիսին «Սասունցի Դավիթն» է, որը բարձրացնում է ոչ թե ավերման, պատերազմի ու արշավանքների գաղափարներ, որ շատ ու շատ ժողովուրդների էպոսների հիմնական գաղափարադրույթն է («Գիլգամեշ», «Նիբելունգների երգը», «Ասք Իգորի գնդի մասին» եւ այլն), այլ կառուցման, արդարության, սեփական հողն ու երկիրը պաշտպանելու, անձնազոհության ու բարության վեհ պատգամներ, որոնք մեր գրականության մեջ ձգվում են մինչեւ 19-րդ դարի վերջը եւ 20-րդ դարի սկիզբը:
Շարունակելի
Արծրուն ԱՎԱԳՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s