Սկիզբը՝ 2012 Հունիս Ա

Համերաշխության հաստատումից հետո լատինամետներն սկսեցին հաճախել հայոց եկեղեցիները եւ մեծ հարգանք տածել կաթողիկոսի ու պատրիարքի նկատմամբ՝ տալով բազում ընծաներ։ Ինքը՝ լատինամետ եպիսկոպոսը, 1727 թվի ապրիլի 2-ին այցելության եկավ Կարապետ վեհափառին եւ աղոթեց հայոց Մայր եկեղեցում։ Նա մտերմական տեսակցություն ունեցավ հայոց կաթողիկոսի եւ Կ. Պոլսի պատրիարքի հետ՝ թարգմանի միջոցով։ Դրանից հետո, այդ այցին ի պատասխան, նրա մոտ ուղարկվեց Մանվել վարդապետը։ Բայց շուտով հռոմեադավաններն սկսեցին հայտարարել, թե Կարապետը լատին եպիսկոպոսի առաջարկությամբ պարտավորվել է Հռոմի պապին նամակ գրել՝ հպատակություն ընդունելով։ Իրականում նամակում խնդրվում էր, որ երկպառակությանը վերջ տրվի, եւ որ նա սանձի յուրայինների կրոնական ձգտումները։ Լատինները, դրան ի պատասխան, միության հետ կապված պայմաններ են առաջ քաշում, որոնք ո՛չ կաթողիկոսի, ո՛չ պատրիարքի եւ ո՛չ էլ հայադավան ժողովրդի կողմից չէին կարող ընդունվել։ Հռոմեադավանները հայտարարում են, որ Կարապետը դրանից հետո լռեց, ինչը հստակ վկայում է, որ Կարապետ Ուլնեցին, որքան էլ խաղաղության սիրահար, մտադիր չէր Հայոց Առաքելական Եկեղեցու հիմնական սկզբունքներից ետ կանգնել։
1727 թ. հունիսի 7-ին կաթողիկոսը մեկնեց Էջմիածին։ Ճանապարհին նա մեկ ամիս մնաց Պրուսայում, հետո անցավ Անկյուրիա, ուր հավանաբար ավելի երկար մնաց, քանի որ այն իր աթոռն էր, եւ այնտեղ նա, բացառված չէ, անձնական գործեր էլ ուներ։ Հետո մեկնեց Եվդոկիա, հետո, թերեւս, Սեբաստիա, Երզնկա ու Կարին, չնայած՝ վերջինի մասին հիշատակներ չեն պահպանվել։ 1728 թ. սկզբներին նա հասավ Էջմիածին, այլ խոսքով՝ ընտրվելուց երկու տարի անց, որից տարիուկեսն անցկացրել էր Կ. Պոլսում, իսկ յոթ-ութ ամիսը՝ ճանապարհներին։
Կարապետն առաջացած տարիք ուներ, սակայն ճիշտ տարիքը հայտնի չէ։ Նա իր մահկանացուն կնքեց Էջմիածնում 1729 թվի հոկտեմբերի 2-ին՝ Վարագա խաչի հինգշաբթի օրը։ Հողին հանձնվեց Ս. Հռիփսիմեի վկայարանի գավթի ձախակողմում։ Նա կարճ գործեց եւ, հասկանալի է, մեծ արդյունքներ չունեցավ։ Այսուհանդերձ՝ հաճելի հիշատակ են Մայր տաճարի խորանի կամարին նկարել տված տասներկու առաքյալների պատկերները՝ հին հայկական ավանդական ձեւով։
Անհանգիստ էր անառիկ Սյունիքը, որտեղ հայերն ապստամբել էին պարսկական տիրապետության դեմ՝ Դավիթ-Բեկի գլխավորությամբ։ Երբ թուրքերը 1724 թվին գրավեցին Երեւանի խանությունը եւ հարեւան մի շարք երկրամասերը, Դավիթ-Բեկն ստիպված էր համառ պայքար մղել թուրք զավթիչների դեմ։ Ծանր կռիվներում մահացան Թորոս Ջավնդուրցին ու Փարսադան Հալիձորցին։ Դավիթ-Բեկի հետ գժտվել էր Մխիթար Ղափանցին (սպարապետը), իսկ Ստեփանոս Շահումյանը գերի էր ընկել, Փարսադան զորավարն էլ՝ վիրավորվել։ Սակայն ապստամբության ղեկավարի ու սպարապետի գժտությունը շուտով վերածվեց բարեկամության, գերությունից ազատվեց Ստեփանոս Շահումյանը, վիրավորված Փարսադան զորավարն էլ առողջացավ։
Դավիթ-Բեկն իր կենտրոնը Շնհերից տեղափոխում է Հալիձոր, որտեղ նրան ծանր իրադարձություններ էին սպասվում։ Ձմեռը խաղաղ անցավ, սակայն 1726 թվի սկզբներին օսմանյան բանակը շարժվեց արեւելք՝ Ղափանը գրավելու համար։ Սարսափը մեծ էր, եւ ապստամբների զգալի մասը շտապեց անձնատուր լինել։ Եկավ մի պահ, երբ նա մնացել էր 17 յուրայիններով։ Շուտով նրան միացավ 453 ապստամբ, եւ նա ամրացավ Հալիձորի իր կառուցած բերդում։ Նրա հետ էին եւս 3 եպիսկոպոս, 13 քահանա եւ 40 հավատավոր կույս։
1726 թվի մարտի 5-ին՝ Մեծ պահքի 13-րդ օրը, թուրքական 70 հազարանոց բանակը մոտեցավ Հալիձորին։ Թուրքերին էին միացել նաեւ Նախիջեւանի, Ագուլիսի, Ջահուկի, Ջավնդուրի ու Բարկուշատի անձնատուր եղած հայկական գնդերը։ Մեծ թվով գյուղացիներ ստիպված էին բեռնակրություն անել թուրքական բանակի համար։ Սակայն Դավիթ-Բեկը խառնեց թուրքերի պլանները։ Գիշերային մարտում նա իր փոքրաթիվ զորագնդով փայլուն հաղթանակ տարավ օսմանյան բանակի նկատմամբ՝ Հալիձորի մոտ։ Հետո գրավեց Մեղրին՝ խայտառակ ձեւով ջախջախելով թուրքերին, կապ հաստատեց պարսիկների հետ՝ ի դեմս Ատրպատականում ինքն իրեն շահ հռչակած Թահմազի, որը տեսնելով Դավթի խիզախությունը՝ նրան իր գնդերի վրա հրամանատար կարգեց եւ ճանաչեց Սյունիքի իշխան։ Հետեւեցին նոր հաղթանակներ Մեղրիի մոտ ու Օրդուբադում, նա Ագուլիս էլ մտավ, բայց դավաճանության պատճառով ստիպված եղավ ետ քաշվել։ Ցավոք, չստացվեց հայ-պարսկական ռազմական համագործակցությունը, ժողովրդին խուճապը պատեց, եւ շատ հայեր հաշտվեցին օսմանյան տիրապետության հետ։ Այս դեպքերից շատ չանցած՝ 1728 թվի սկզբներին, Դավիթ-Բեկը մահացավ։ Ահա այդ ժամանակներում էլ Կարապետ Ուլնեցին եկավ Էջմիածին։
Դավիթ-Բեկից հետո շարժումը գլխավորեց Մխիթար սպարապետը, որի օրոք սրվեցին նրա եւ Ավետիք քահանա Հալիձորցու՝ տեր Ավետիքի հարաբերությունները, որը հասավ երկպառակության՝ այն ժամանակ, երբ օսմանյան բանակի դեմ կռիվը դեռ շարունակվում էր։ 1729 թվին թուրքերը կրկին պաշարեցին Հալիձորը, եւ բերդապահների մի մասը՝ տեր Ավետիքի հետ միասին ու նրա գլխավորությամբ, հակառակ Մխիթարի, անձնատուր եղավ։ Մխիթարն ստիպված էր փախչել, եւ Հալիձորը հանձնվեց թշնամու ողորմածությանը։ Հակառակ խոստումներին՝ Դավիթ-Բեկի իշխանության մայրաքաղաք-ամրոցը ենթարկվեց կոտորածների եւ գերեվարության։ Տեր Ավետիքին ազատ թողեցին։ Մխիթար սպարապետը նոր գնդեր կազմեց ու բավական ծանր հարվածներ հասցրեց օսմանյան բանակին 1729 թվին, սակայն երբ ձմեռային հարաբերական խաղաղությունն անցավ, նա սպանվեց Խնձորեսկի մոտ՝ իր դեմ ոխացած ինչ-ինչ հայերի կողմից։ Նրա գլուխը կտրեցին եւ օսմանյան հրամանատարին ընծա տարան Թավրիզ։ Այդ զարհուրելի դեպքը կատարվեց 1730 թվի սկզբներին։ Մխիթարին հաջորդ չգտնվեց, եւ այդ հզոր շարժումը մարեց։ Ինչ վերաբերում է տեր Ավետիքին, նա հեռացել էր Անկյուրիա, իսկ այտեղից էլ, երեւի, Հռոմ։ Այն մի տեսակ ապաստանի քաղաք էր դարձել փորձանքի եկած եկեղեցականների համար։ Ապաստան տալիս էին՝ դավանափոխության պայմանով։ Հայ ապստամբները տրոհվեցին ու ցրվեցին։ Նրանց մի մասը համակերպվեց օսմանյան, մյուս մասը՝ կրկին պարսից իշխանությանը, իսկ մնացածները գնացին Ավան Յուզբաշու կամ Հովհաննես Գուգարացու մոտ, որը գլխավորում էր պարսկահայերի ապստամբությունը։ Սակայն շուտով, չունենալով օգնության ոչ մի հույս, մարեց նաեւ պարսկահայերի շարժումը, որը գլխավորում էին, ժողովրդի խոսքերով, Շիրվանի տղերքը, այսինքն՝ Շիրվանից եկած հրամանատար հայերը։ 1726 թվին Արցախի ապստամբներին հաջողվեց պարտության մատնել օսմանյան զորքին, իսկ Վարանդայում ոչնչացնել թուրքական մի քանի հազարանոց զորագունդը, ինչը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանցի վերջին մեծ հաջողությունը եղավ։ Տեղի ունեցավ ռուսական ցար Պյոտր Ա-ի կասպիական կամ պարսկական արշավանքը, հետո ռուսները եւ օսմանները համաձայնության եկան, եւ ռուսական զորքերը ետ քաշվեցին։ Մահացավ Ռուսաց ցարը, մարեց օգնության հույսը, եւ Եսայի Հասան-Ջալալյանցը, հիասթափված ու հուսախաբված, հեռացավ քաղաքական գործունեությունից։ Նորից օգնության խնդրանքով նամակներ ուղարկվեցին ռուսական արքունիք, բայց օգնություն չկար ու չկար։ 1728 թ. մահացավ Եսայի կաթողիկոսը։ Շարժումը շարունակեց ղեկավարել Ավան Յուզբաշին, որի հույսը ռուսական օգնությունն էր։ 1730 թվի մարտի 30-ին նրան գրում էին, որ 30 հազար զինյալ ասպամբ ստիպված է ցրվել, բայց պատրաստ է կրկին զինվել, եթե ռուսական օգնություն գա։ Ռուսական օգնությունը եղավ նրանց ռուսական տիրույթներ քաշվելու առաջարկ անելը։ Ասենք, որ 1724 թ. Կոստանդնուպոլսի օսմանառուսական հրադադարը կնքելուց հետո այլ բան սպասել հնարավոր էլ չէր։ Հայերը հրաժարվեցին երկրից արտագաղթել եւ իբր գաղթելու համար այնպիսի պայմաններ դրեցին, որ, փաստորեն, ռուսական առաջարկը մերժվեց։ Որոշ ապստամբներ մտան ռուսական ծառայության մեջ։ Այդ ճանապարհը բռնեց նաեւ Ավան Յուզբաշին՝ իր հինգ կամակիցների հետ եւ դարձավ ռուսական բանակի գնդապետ՝ Իվան Կարապետով անվամբ։ Նա տեղափոխվեց Ղզլար, որտեղ հայկական գաղթավայր էր առաջացել։ Շարժումը դրանով մարեց։ Այս իրադարձությունները տեղի ունեցան Մայր Աթոռի պարապության ժամանակ՝ Կարապետ կաթողիկոսի մահից հետո։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s