ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ

Սկիզբը՝ 2012 Հունիս Ա

Երեք հիմնական ճշմարտությունները

Հիմնական ճշմարտություններից առաջինն այն է, որ ծնողները, երեխաներ ծնելով, դառնում են Աստծուն արարչակից: Այսինքն՝ ծնողները չեն ստեղծողները, այլ արարչակից են Աստծու հետ: Աստված է ստեղծում, իսկ հետո մարդիկ դառնում են արարչակից: Աստված ասաց. «Աճեցեք եւ բազմացեք…» (Ծննդ. Ա 28), եւ Աստծու այս խոսքի համաձայն՝ իրականանում է մարդկանց կողմից նոր մարդու ստեղծումը:

Երկրորդն այն է, որ մարդը միայն այն չէ, ինչը չի երեւում, այսինքն՝ հոգի, այլ նաեւ այն է, որ երեւում է, այսինքն՝ մարմին: Հետեւաբար մարդը հոգու եւ մարմնի ամբողջություն է: Եվ այդպես է լինելու այժմ եւ միշտ եւ հավիտենապես:

Մարմինը բանտ չէ, ինչպես սովորեցնում էին հին հույն փիլիսոփաները: Այդպես էր մտածում Պլատոնը՝ ասելով, որ մարդու մարմինը մի բանտ է, որից մարդը պետք է ազատվի, քանզի եթե չազատվի, դժբախտ կլինի: Եվ այն ժամանակ կգտնի իր երջանկությունը, իր իրական անձը, երբ ազատվի իր բանտից եւ մնա այն մարդը, որ ներսում է:

Ավետարանական, քրիստոնեական տեսակետը բացարձակապես ընդհանրություն չունի փիլիսոփայի վերոնշյալ տեսակետի հետ: Համաձայն քրիստոնեկան վարդապետության, Սուրբ Գրքի եւ, մասնավորաբար, Նոր Կտակարանի՝ մարդը մարմին է եւ հոգի: Այս երկու տարրերն իրարից պարզապես չենք կարող անջատել:

Ճիշտ չէ, որ ասում են, թե նյութականը հակառակ է հոգուն, եւ հոգին՝ նյութականին. ե՛ւ նյութականն է Աստծունը, ե՛ւ՝ հոգին: Այսինքն՝ երկու տարրերն էլ Աստծու ստեղծածներն են, եւ դրանք ներկայացնում են մարդուն այնպես, ինչպես ստեղծել է Աստված, եւ դա հավետ այդպես էլ կշարունակի գոյություն ունենալ: Միայն որոշ ժամանակով, այսինքն՝ մահով են այդ երկու տարրերն իրարից բաժանվում, սակայն այդ բաժանումը ժամանակավոր է եւ տեւելու է մահից մինչեւ մեր Տիրոջ երկրորդ գալուստը, երբ լինի մեռելների ընդհանուր հարություն: Ի՞նչ է նշանակում մեռելների հարություն: Նշանակում է, որ իրար են միանալու այդ երկու տարրերը եւ կազմելու ամբողջական մարդ: Այս ամենն իմանալը կարեւոր է, որովհետեւ այն փոքրիկ էակը, որ դեռ իր օրորոցում է կամ իր մոր արգանդում եւ դեռ չի հասկանում եւ ոչինչ չգիտի, այն մարդն է, որ պետք է ապրի հավիտենապես՝ որպես մարմին եւ հոգի, որպես ամբողջական մարդ: Եվ այդ փոքրիկ էակը՝ որպես ամբողջական մարդ, բայց ոչ կատարյալ, կարող է դիմադրել այս կամ այն կերպ եւ իր մեջ ընդունել նաեւ շրջապատի ազդեցությունը: Հետեւաբար, ծնողներն անպայման պետք է սա նկատի ունենան եւ ուշադիր լինեն, թե ինչպես են խոսում իրենց երեխայի հետ, ինչպես են վերաբերվում, ինչպես են ժպտում, ինչ դիրքորոշում են որդեգրում, որովհետեւ, չնայած նրան, որ թվում է, թե այս ամենը վերաբերում է միայն երեխայի մարմնին, սակայն իրականում առնչվում է ամբողջական մարդուն, այսինքն՝ ե՛ւ մարմնին, ե՛ւ հոգուն:

Հիմնական ճշմարտություններից երրորդն այն է, որ ծնողները երեխայի ծնվելուց առաջ եւ առավելաբար ծնվելուց հետո նրան պետք է նայեն որպես առանձին մարդու՝ հոգով եւ մարմնով, եւ թեպետ արարչակից են Աստծուն, որպեսզի լույս աշխարհ գա երեխան, չի նշանակում, որ այդ նոր արարածն իրենց սեփականությունն է: Այդ նոր էակը, եթե կարող ենք այդպես ասել, պատկանում է ինքն իրեն, բայց նաեւ պատկանում է Աստծուն: Երեխան ծնողների գործիքը չէ եւ աշխարհ չի գալիս, որպեսզի մխիթարի ծնողներին, որպեսզի լինի ծնողների խաղալիքը, աշխարհ չի գալիս, որ բավարարի ծնողների ցանկություններն ու բուժի նրանց ցավերը: Նա աշխարհ է գալիս Աստծու՝ «Աճեցեք եւ բազմացեք» հրամանի համաձայն, համաձայն ծնողների՝ Աստծուն արարչակից դառնալու հոժար կամքի, համաձայն զույգերի իրար միջեւ սիրո, այն սիրո, որ արտահայտվում է լույս աշխարհ եկող այդ նոր արարածի հանդեպ: Երեխան լույս աշխարհ է գալիս նաեւ Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու համար, որ կազմի Աստծու արքայության մի մասը:

Ինչպես վերը նշեցինք, ընտանիքում ծնողների՝ իրար միջեւ, ինչպես նաեւ ծնողների եւ երեխաների միջեւ հարաբերության ամենակարեւոր տարրը սերն է, այն ճշմարիտ սերը, որ մարդուն դուրս է բերում սեփական անձից եւ դարձնում այնպիսին, որ իսկապես տրվի դիմացինին, եւ ոչ թե այն սերը, որ մարդուն դարձնում է այնպիսին, որ ամեն ինչ անի՝ ուրիշներին իրեն ծառայեցնելու, իրեն գոհացնելու եւ բավարարելու համար։

Շատ անգամ ծնողները՝ հայրը եւ մայրը, իրենց երեխաների նկատմամբ ցույցաբերում են ծայրահեղ սեր, սակայն այդ սիրո արտահայտություններն այնպիսին են, որ փորձառու աչքը կարող է անմիջապես հասկանալ, որ խորքում իրական սեր չկա, այսինքն ՝ այն սերը, որ մարդուն բարձրացնում է սեփական անձից եւ նվիրում դիմացինին, այլ այն սերն է, որի միջոցով ծնողներն օգտագործում են երեխային որպես գործիք՝ սոսկ իրենց գոհացնելու համար։

Եթե ծնողները կրթված չեն եւ ոչինչ չգիտեն, սակայն իրենց հոգում ունեն ճշմարիտ սեր, անպայմանորեն կօգնեն իրենց երեխաներին, որպեսզի նրանք ազատվեն շատ խնդիրներից: Եվ եթե հանկարծ ի հայտ գան խնդիրներ, ապա կգտնեն այդ խնդիրները լուծելու ճանապարհը: Անմիջապես պետք է ասել, որ տարբեր խնդիրներին դիմագրավելը պայմանավորված չէ մարդու շատ բան իմանալու պարագայով, քանի որ մարդկության գոյության առաջին դարերից սկսած՝ միլիոնավոր ծնողներ, որոնք ընդհանրապես քաղաքակրթված չէին, չունեին կրթություն եւ գիտելիքներ, կարողացան ստեղծել ընտանիքներ եւ լույս աշխարհ բերել մարդկանց, կարողացան նպաստել, որ իրենց երեխաները լինեն շիտակ մարդիկ, իսկ հետագայում՝ քրիստոնեության ի հայտ գալուն պես, կարողացան օգնել նրանց, որ դառնան մեծ սրբեր:

Հետեւաբար, գիտելիքները բավարար չեն: Բնականաբար, զանազան խնդիրներ լուծելու համար գիտելիքներն օգնում են, սակայն խորքում հարցը գիտելիքները չեն, հարցն այն չէ, որ մեկը կարդա, լսի կամ ինչ-որ բաներ սովորի: Կարեւորն այն է, որ ծնողներն օգնեն իրենց երեխաներին՝ հասնելու համար այն վիճակին, ինչին պետք է հասնեն, այսինքն՝ ճշմարիտ եւ իրական սիրուն: Այդ ճշմարիտ եւ իրական սերն այնպես է անում, որ առաջին հերթին հենց ծնողներն իրենց երեխաներին ցուցաբերեն հնարավորինս մեծ գուրգուրանք ու սեր:

Շատ ծնողներ, որոնք զուրկ են այդ իրական սիրուց, մտածում են, որ իրենց երեխաները քանի դեռ փոքր են, իրենց չեն հասկանում, ուստի եւ չեն դրսեւորում այն գուրգուրանքն ու սերը, որ պետք է ցույց տան: Եվ երեխան առաջին իսկ պահից սկսած, երբ օրորոցում է եւ ճաշակում է առաջին կաթը, ապրում է այն ամենը, ինչ ցույց է տալիս մայրը։ Չնայած երեխան այն տարիքում է, որ թվում է, թե ոչինչ չի հասկանում, սակայն ապրում է մոր ժպիտը, գուրգուրանքն ու սերը: Եվ այդ ամենն օգնում է երեխայի դրականորեն զարգացման գործին: Իսկ մյուս կողմից՝ երբ մայրը փորձում է խուսափել երեխայի հետ շփումից, հասկանա թե չհասկանա, վատ ազդեցություն է ունենում երեխայի վրա, որովհետեւ այն ժամանակ, երբ երեխան չի զգում ծնողների, հատկապես՝ մոր գուրգուրանքը, նրա մեջ ի հայտ են գալիս համապատասխան բացասական ապրումներ:

Այսօր հոգեբանները չեն կարողանում պարզել, թե ինչ է ժառանգում մարդը: Երբ երեխան սկսում է մեծանալ, դրսեւորում է որոշակի ապրումներ, սակայն այդ ապրումները ժառանգակա՞ն են, թե՞ ձեռք բերովի, դժվար է որոշել: Շատ հոգեբաններ ասում են, թե հաճախ պարզ երեւում է, որ այսինչ երեւույթը պայմանավորված է ժառանգականությամբ, սակայն այլ հոգեբաններ էլ մերժում են սա: Այստեղից կարող է հարց ծագել, թե ի՞նչ է անում Քրիստոսը, ի՞նչ է անում Եկեղեցին, եւ ի՞նչ է անում Աստծու շնորհը: Երբ մեկը հավատում է Քրիստոսին, երբ դրսեւորում է այնպիսի հավատ, ինչպիսին նշում է Ավետարանը՝ «քո հավատը քեզ փրկեց» (Ղուկ. Է 50, Ը 48, ԺԷ19, ԺԸ 42), մարդու մեջ տեղի է ունենում այնպիսի վերականգնում, այնպիսի բարենորոգություն, որ մարդն իսկապես դառնում է նոր մարդ: Սակայն հարցն այն է, թե ինչպես է հավատում յուրաքանչյուրը: Հավանաբար դրա համար է Ավետարանում ասվում. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8): Մեր ժամանակներում, արդի քրիստոնյաների մեջ կա՞ արդյոք քրիստոնյա, որն ունենա այնպիսի հավատ, որ կարողանա տեղաշարժել իր մեջ գտնվող այն լեռները, որ ի հայտ են գալիս փոքր տարիքում: Մեր ժամանակներում լեռներ շարժելու աստիճան հավատ դժվար թե գտնվի: Այն հանգամանքը, որ ընդունում ենք Աստծուն, կարդում ենք Ավետարանը, ունենք որեւէ շփում Աստծու, Եկեղեցու հետ, փորձում ենք անել որոշ բաներ, դժվար պահերին ապավինում ենք Աստծուն, այս ամենն այնքան էլ դժվար չէ, որ իրականություն դառնա: Սակայն այն, որ որեւէ մեկը հավատա այն աստիճան, որ բացարձակապես կախում ունենա միայն Աստծուց եւ չապավինի այլ բաների, սա արդեն մեր օրերում հազվադեպ հանդիպող բան է:

Բնականաբար, մեր մեջ առկա հին ապրումներն են պատճառը նմանատիպ վիճակների, իսկ ներկա իրականությունն էլ այնքան շատ է իր ազդեցությունն ունենում, որ հավատարիմ քրիստոնյաներն անգամ, որ փորձում եւ պայքարում են որպես իրական քրիստոնյաներ, իրենք իրենց հարց են տալիս, թե ապրո՞ւմ են արդյոք որպես մկրտված քրիստոնյաներ, ապրո՞ւմ են որպես իրական հավատացյալներ, որպես մարդիկ, որ ընդունել են Ավետարանը, եւ ապրո՞ւմ են արդյոք Ավետարանի համաձայն, թե՞ Ավետարանի իրականությունը լոկ մակերեսային կապ ունի իրենց հետ, մինչդեռ իրենց ներսում ուրիշ աշխարհ է ապրում:

Հետեւաբար, ծնողները պարտավոր են գուրգուրել իրենց երեխաներին եւ նրանց ընդունել որպես Աստծու արարածներ եւ ոչ թե իրենց սեփականություն։ Նաեւ նրանք երեխաներին պետք է ընդունեն այնպես, ինչպես նրանք կան եւ ոչ թե այնպես, ինչպես կցանկանային կամ կերազեին տեսնել, եւ այդ նոր արարածին ծնողները կարող են օգնել, որպեսզի ընտրեն այն, ինչը կարող են անել եւ ոչ թե այն, ինչը ցանկանում են իրենք:

Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, երեխաների դաստիարակության հարցում միշտ թույլ ենք տալիս սխալներ: Չափից ավելի բարությունը, չափից ավելի քնքշությունն ու նմանատիպ արտահայտությունները, մյուս կողմից՝ անտարբերությունն ու արհամարհանքը վատ ազդեցություն են ունենում երեխայի վրա: Մեծ մասամբ, որպեսզի գոհացում տանք մեր եսասիրությանը, այսպես ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, որոնք, բնականաբար, վնասում են երեխային։

Դժբախտաբար, հազվադեպ ենք ճիշտ կողմնորոշվում:

Թարգմանությունը՝ Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s