60-ական թվանկաններին, երբ դեռ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանող էի, Մայր Աթոռ Սբ Էջմիածին ժամանեց պարսկահայ գեղանկարիչ Աբրահամ Հովհաննեսի Գուրգենյանը՝ որպես Վազգեն կաթողիկոսի անձնական հյուր, եւ վանքում ապրեց մի քանի ամիս։
Աբրահամ Գուրգենյանը ծնվել է 1908 թ. Թեհրանում, սովորել Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական վարժարանում։ Աշխատել է որպես ռետուշյոր, զուգընթաց զբաղվել նկարչությամբ, առավելապես՝ հայկական խաչքարերի, շիրմաքարերի, վիմաքանդակների, խոյակների, դրամների, արձանների պատճենավորմամբ, որոնք ամփոփված են «Պատկերազարդ պատմություն հայոց» խորագրի ներքո։ Նրա գործերն առաջին անգամ ցուցադրվել են 1946 թ. Թեհրանում, ապա նաեւ՝ մի շարք այլ քաղաքներում։ Նրա պատճենավորած գործերի մեջ առանձնակի տեղ ունեն Նոր Ջուղայի Ամենափրկիչ եկեղեցու Հին եւ Նոր Կտակարանների թեմաներով արված որմնանկարները (որոնց նկարիչներն են համարվում Մինասը, Տեր Ստեփանոսը եւ Հովհաննես Մրքուզը)։ Գուրգենյանը զբաղվել է նաեւ գրքի գրաֆիկայով. նկարազարդել է Սաադիի, Հաֆեզի, Խայամի, Ավ. Իսահակյանի, Հովհ. Թումանյանի եւ իրանական գրականության այլ հեղինակների գործերը՝ հավատարիմ մնալով տվյալ գրողի ազգային գեղարվեստական կերպավորման ավանդույթներին։
Գուրգենյանը, երբ հյուրընկալվում էր Վազգեն Վեհափառին, Մայր Աթոռին նվիրեց մի քանի պատճենավորումներ Ջուղայի պատմական գերեզմանաքարերից, որոնցում առկա էին հանգուցյալի կյանքի մասին պատմող, նրա արհեստի կամ արվեստի տեսակը բնորոշող իրերի ու առարկաների հարթաքանդակները։
Տասը տարի անց, երբ ծառայում էի Լոնդոնում, կրկին հանդիպեցի նրան։ Այդ օրերին նրանից Բրիտանական թանգարանը, որպես ազգագրական փաստագրության նմուշներ, գնեց մի շարք գործեր։ Նկատի ունենալով իմ մեծագույն հարգանքը տեր Ստեփանոսի (Սայաթ-Նովա) եւ Կոմիտաս վարդապետի նկատմամբ՝ ինձ համար իր պատկերացումով նկարեց հայոց այս երկու մեծերի դիմանկարները։ Տեր Ստեփանոսի՝ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ կամենում եմ ներկայացնել քառասուն տարվա վաղեմություն ունեցող այդ դիմանկարը, ուր Սայաթ-Նովան պատկերված է ստեղծագործական խոհերի մեջ՝ հատակին նստած, գոց աչքերով, ծնկների մոտ՝ վարդափնջի մեջ՝ բաց դավթար, գլխին՝ վեղար, եւ ձեռքին՝ քամանչայի փոխարեն սազ (նկարիչը թերեւս նկատի է ունեցել այն պարագան, որ Սայաթ-Նովան խաղերից մեկում նշում է իր՝ ժամանակին նաեւ սազով նվագելու մասին)։ Նկարը կատարված է արեւելյան, մասնավորապես՝ պարսկական մոտիվներով, սեւի, մուգ կապույտի եւ դեղնաոսկեգույնի սքանչելի համադրումներով։ Պատկերը շրջանակված է կարմրաշագանակագույն եզրաշերտով եւ հայկական մանրանկարչությունից վերցված զարդամոտիվներով։ Բանաստեղծ-երգահանի կերպարին իմաստային եւ հուզական լիցք է հաղորդում փիրուզի թափանցիկ երանգներով լուծված կնոջ պատկերը՝ քնարով՝ որպես մուսայի մարմնավորում։
Ինչպես գիտենք, Սայաթ-Նովան, հանճարեղ գուսան լինելուց զատ, հայտնի է եղել նաեւ Եկեղեցում իր երկարամյա ծառայությամբ (1759-1795) եւ նվիրվածությամբ՝ հատկապես Հաղպատի վանքում, որի մասին գրում է. «Հաղպատի լուսարար Սայաթ-Նովան եմ, մի կանթեղ վառելու ձեթ չունեմ»։ Հայոց գուսանաց գուսանը շուրջ 36 տարի ապրեց որպես ինքնազոհ հայ հոգեւորական եւ 1795-ին՝ Մուհամեդ աղա Ղաջարի արշավանքի ժամանակ, նահատակվեց վասն հավատի եւ վասն հայրենյաց եւ թաղվեց Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու բակում։
1914-ից ամեն տարի՝ մայիսին, այստեղ մեծարվում է նրա հիշատակը՝ Վարդատոն անվանմամբ։ Այս տոնի նախաձեռնողը հայոց մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանն էր։
Արսեն արք. ԲԵՐԲԵՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s