ՆԱ ԳԱԼԻՍ ԷՐ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ…

Հովհաննես Մելքոնյանի պապերի օրրանն Արեւմտահայաստանն էր, որտեղից ցեղասպանության յաթաղանը նրանց կտրել ու նետել էր անհուսության եւ անորոշության հեռուները: Նրա մեծ պապը` Մելքոն Մշեցյանը, գաղթականի ցուպը ձեռքն առավ 1917 թվականին եւ հայոց չքնաղ հովիտը` Մշո դաշտը, թողեց թուրք թշնամուն: Ոչ միայն Մշո դաշտն ու Մեղրագետը:
Մշեցյան գերդաստանը եղեռնից մազապուրծ մյուս արեւմտահայերի նման կորստի մատնած իրենց ողջ պատմությունն էր թողնում սահմանի մյուս կողմում՝ մինչեւ օրը հատուցման ու վերադարձի: Մշո դաշտից մինչեւ Շիրակի դաշտավայր ձգվեց Մշեցյան տոհմի գաղթի ուղին:
Եղեռնի ու գաղթի արհավիրքների ծանրության ներքո աշխարհ եկավ նա` Հովհաննես Մելքոնյանը։ Անսպասելի՞ էր արդյոք նրա ծնունդը՝ որպես գրող։ Ո՛չ, իհարկե՝ ո՛չ: Հովհաննես Մելքոնյան գրողի ծնունդը պայմանավորված էր հայոց պատմության անցյալ ու ներկա ընթացքի ներքին կանոններով եւ օրինաչափությամբ:
Հովհաննես Մելքոնյանը մտավ գրականություն, որպեսզի նրա միջոցով յուրաքանչյուր հայի ուղեղի եւ արյան բջիջներում արմատակալի 1915 թվականը` հայի եւ հայոց պատմության ամենամեծ ցավը: Ուրիշ ոչ ոք, ուրիշ որեւէ հայ գրող այնպես չի խտացնում, ամփոփում եղեռնի բերած ցավն ու ազդեցությունը հայ մարդու, հայ հավաքականության հոգեւոր աշխարհում, որքան Հովհաննես Մելքոնյանը:
Եվ եթե, այնուամենայնիվ, համեմատելու լինենք, ապա լոկ Մուշեղ Գալշոյանի հետ:
Երկուսի մոտ էլ հայոց մեծ ցավը` Մեծ եղեռնը, անսովոր, հրաբխային բռնկումներ ունեցավ եւ տարողունակ ակոսներ բացեց հայ հանրային-հասարակական մտածողության ծալքերում:
Մեծ գրողներն ասում, խտացնում են մեծ ճշմարտություններ:
Գրողի մեծությունը նախ եւ առաջ ասելիքի պարզության եւ անկեղծության մեջ է:
Այս առումով եւս Հովհաննես Մելքոնյանն արդի հայ գրականության մեծագույն դեմքերից է: Նա ասում էր ոչ թե կես ճշմարտությունը, որը, ցավոք, շատերին է ներհատուկ (ինչպես գրողներին, այնպես էլ այլ մասնագիտության եւ զբաղմունքի մարդկանց), այլ ամբողջ ճշմարտությունը եւ միայն ու միմիայն ճշմարտությունը, որքան էլ այն դառը լիներ կամ ոչ հաճո տվյալ պահի ու ժամանակի տերերին: Ապրելով Խորհրդային տերության մեջ եւ լինելով այդ տերության պաշտոնյա գրողներից կամ գրող պաշտոնյաներից մեկը՝ Հովհաննես Մելքոնյանը, այնուամենայնիվ, չդարձավ պաշտոնական տեսակետ, այսպես կոչված, «պաշտոնական ճշմարտություն» բարբառողներից ու գովերգողներից: Նա չդարձավ եւ պարզապես չէր կարող լինել, դառնալ ժամանակի կեղծ ճշմարտության կեղծ քարոզիչներից մեկը, որոնք գովերգում, փառաբանում էին Խորհրդային Միության ժողովուրդների` այդ թվում հայ եւ ադրբեջանական ժողովուրդների «անխախտ բարեկամությունը»: Պաշտոնական Մոսկվայից ուղարկված հենց այդ կարգի ու այդպես ուղղորդված հրահանգներով էր շարժվում նաեւ հայ պաշտոնյան, կամ՝ պաշտոնական Հայաստանը, որը լուռումունջ հնազանդվում, ձայն ու ծպտուն չէր հանում, երբ պատմության ու գրականության դասագրքերում Ադրբեջանը՝ իբրեւ թե հին կուլտուրայի կրող, հավասարվում ու չափվում էր հինավուրց Նաիրյան մեր երկրի հետ, իսկ Ուրարտուն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հռչակվում էր հայերի, ադրբեջանցիների, վրացիների հավասար ժառանգությունը:
Ու հենց այդ ժամանակներից ու բարիքներից լկտիացած ազերիներն սկսեցին ավելի հեռու արշավել պատմակեղծարարության ու «պատմաշինարարության» ասպարեզում եւ իրենց ներկայիս հարեւաններից յուրացնել նորանոր ֆիզիկո-աշխարհագրական եւ հոգեւոր-մշակութային տարածքներ: Այդպես եղավ, որ ազերի տխրահռչակ ակադեմիկոս Բունիաթովը ռուսերեն լեզվով երկհատոր ծավալուն եւ շքեղ հատորյակներ լույս ընծայեց Մոսկվայում եւ հայոց խաչքարը վերափոխեց ու վերաձեւեց «խաչդաշի», այսինքն` ադրբեջանական մշակույթի տեսակի եւ կրողի…
Ո՞վ էր նրանց դեմ բացահայտ պայքարում Հայաստանում կամ ԽՍՀՄ-ում:
Ո՞վ էր բռնում պատմության բացահայտ կեղծարարների ձեռքը, մատնանշում նրանց հակահայկական ու հակագիտական տեսակետների վտանգավորությունը:
Թուրք-թշնամու դեմ արդար ու շիտակ, հողոտ ու հրեղոտ, կրակոտ խոսք պիտի ասվեր, խոսք, որը պիտի բոլորի ունկերը լցվեր. հայ լիներ, թուրք, ռուս թե ….
Այդ արդար, հրեղեն, կրակոտ խոսքը հնչեց Հովհաննես Մելքոնյանի շուրթերով, ինչից դեռեւս խորհրդային դժվարին իրականության պայմաններում եւ հայ գրականության էջերում առանձնացավ որպես «Հիշողության դաշտ»…
Տարիներով ու տասնամյակներով շարունակ նրա հոգում ահագնացող եւ բորբոքվող թեման ծնունդ տվեց գրական մի թռիչքի, որը դարձավ եղերերգական պոեմ եւ 1987 թվականին դրվեց հայ ընթերցողի գրասեղանին: Հիշողության դաշտի վրա տեղադրվեց վերջին հարյուրամյակների հայոց պատմությունը` որպես իրականություն եւ երազ, որպես նզովք եւ անեծք, որպես հիշողության անմարելի լուսարձակ:
Հիշողության դաշտ դարձավ հայոց արյունոտ բախտն ու ճակատագիրը:
Բացառիկ կարեւոր մատյան է «Հիշողության դաշտը»: Նրանում եւ նրանով ասվեց ամբողջ ճշմարտությունը հայոց մեծ ողբերգության մասին:
Հովհաննես Մելքոնյանը, ի հեճուկս պատմության կեղծարարների, գրողական ողջ ուժով բարբառեց այն ճշմարտությունը, որ հայոց ցեղասպանությանը մասնակից են բոլորը` ոչ միայն իշխանությունները, այլեւ թուրքական հասարակության բոլոր շերտերն ու խավերը, որոնց պատել էր հայերի ունեցվածքին ու հարստությանը տեր դառնալու մոլեգին ցանկությունը: Հայոց պատմությունը դարձավ հիշողության համակ դաշտ եւ զրնգաց բոլոր հոգիներում: Հայոց եւ օտար հոգիներն ականջալուր եղան անլռելի զանգին: Զանգը, որը խորհրդանշում է ցեղասպանված ժողովրդի հարության ու վերածնումի հրաշքը:
Ցեղասպանության նահատակները նաեւ նրա գրականության էջերում եւ գրականությամբ ոգի առան, վերակենդանցան եւ աշխարհի ու պատմության առջեւ վկայություն տվեցին: Վկայություն տվեցին անցած կատարվածի, իրականում տեղի ունեցած զարհուրելի ողբերգության մասին: Փաստեցին ու վկայեցին անուն առ անուն, դեպք առ դեպք, փաստ առ փաստ, մանրամասն առ մանրամասն: Այդ վկայություններից ծնվեց «Ոճիրի բուրգեր» կոթողային աշխատանքը, որը ցեղասպանության զոհերի հոգեւոր հուշարձանն է` գրչով ու ոգով դաջված մեր սրտերում` ի տարբերություն Ծիծեռնակաբերդի բարձունքում կանգնեցված գրանիտե հուշարձանի:
«Ոճիրի բուրգեր»…
Թուրքիայի հավերժական խարանը եւ համայն մարդկության ամոթն ու խայտառակությունը:
Որքան էլ շատ ժամանակ անցնի 1915 թվականի ողբերգությունից, միեւնույն է, «Ոճիրի բուրգերի» էջերից մորթվող մանուկների ճիչերն են լսվելու եւ կացնակիր ու յաթաղանակիր ոճրագործների գազանաբարո մռունչ-աղաղակն է մարդկության ականջը պատռելու, քանի դեռ երկնքից չի իջել արդար հատուցման Աստվածը:
Այո՛, այդպես է, «հենց ադպես, ինչպես որ ամեն գիշեր առավոտի արեւով է վերջ ունենում, այդպես էլ` ամեն մեղք ազնիվ քավությամբ եւ ամեն ոճիր արդար հատուցմամբ է վերջ ունենում» («Հիշողության դաշտ», Ե., 1987 թ., էջ 25):
Գրողի այս հիշեցում-զգաստացում պատգամը, ասված սրանից գրեթե քառորդ դար առաջ, կարծես հենց հասցեագրված է այսօրվա էրդողաններին ու դավիթօղլուներին, որ նրանց հոգում եւս արթնանա մարդկային խիղճը:
Անգամ խորհրդային ճնշիչ օրերին հայ գրող Հովհաննես Մելքոնյանն իր ուղնուծուծով համոզված էր, որ ոճրագործ, ցեղասպան Թուրքիայի հանդեպ լինելու է միջազգային դատավարություն, որը դառնալու է հայոց նյուրնբերգը, որտեղ հետմահու դատապարտվելու են 1915 թվականի հայոց եղեռնի կազմակերպիչները:
Նա իր հերոսների շուրթերով խորապես համոզմունք է հայտնել, որ լինելու է այդպես. «Ես այս թղթապանակներում հավաքած բոլոր վկայությունները պահում եմ, որ երբ օրը գա, գալո՜ւ է, ու միջազգային դատավարություն լինի հայոց կոտորածների հարցով, դրանք ներկայացնեմ ատյանին` որպես ականատես վկաների ցուցմունքներ» («Հիշողության դաշտ», էջ 129):
Այդպես է, թեկուզեւ ուշացումով, գրեթե մեկ հարյուրամյակ ուշացումով, սակայն հայոց նյուրնբերգն անպայմանորեն կայանալու է, եւ այդ պատմական դատավարության ընթացքում Հովհաննես Մելքոնյան հայ քաղաքացին ու գրողը հանդես է գալու որպես մեղադրող:
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s