Սկիզբը՝ 2012 Հունիս Ա-Բ

Իսկ ի՞նչ վիճակ էր տիրում մյուս աթոռներում։ Այն համեմատաբար բարվոք էր Կոստանդնուպոլսի պատրիարքարանում՝ շնորհիվ Հովհաննես Կոլոտի բեղուն գործունեության։ Նա 1726 թվին վերաշինեց Սկյուտարի Սբ Կարապետ եկեղեցին։ Այդ նույն ժամանակ Երուսաղեմում նորոգվեց հոգետունը։ 1729 թվին կառուցվեց Խոսքյոյի Սբ Ստեփանոս եկեղեցին, ձեռնարկվեց Պալաթի Սբ Հրեշտակապետ եկեղեցու վերաշինությունը, որն այրվել էր 1729 թվի մեծ հրդեհի ժամանակ՝ հունական 13 եկեղեցիների հետ միասին։
Նորից սրվեց լատինների հետ հակամարտությունը, երբ հայերը, ի դեմս կաթողիկոսի եւ պատրիարքի, հրաժարվեցին ընդունել լատինների նոր պայմանները՝ դավանական միության հարցում։ Լատին եպիսկոպոսը կրկին արգելեց հայ հռոմեադավաններին հաճախել հայոց եկեղեցիները։ Լատինները կրկին բացահայտեցին իրենց փոփոխական դեմքը։ Հռոմեադավանների կողմից եղան քսություններ ու զրպարտություններ։ Գործն այնտեղ հասավ, որ օսմանյան իշխանությունները Հովհաննես Կոլոտ պատրիարքին ստիպեցին, որ նա հսկի իր հոտին, որ բոլորը ենթարկվեն իրեն, իսկ անհնազանդներին հանձնի իշխանություններին։
Շղթայակիրը շարունակում էր իր գործունեությունը Երուսաղեմի պատրիարքությունում։ 1718 թվից նա իր վզին կրում էր երկաթյա անուրը։ Ութ տարի էր անցել, հռչակվել էր Երուսաղեմի ազատությունը Կ. Պոլսի պատրիարքությունից, հաստատվել էին Երուսաղեմի պատրիարքության ապագան ապահովող կանոնները։ Այլեւս անուրը կրելն իմաստ չուներ։ Կաթողիկոսն ու Կ. Պոլսի պատրիարքը որոշեցին ստիպել Գրիգորին, որ նա երկաթյա անուրը վզից հանի։ Նրան հոգեւորականների ու ժողովրդի անունից նամակ ուղարկվեց նման խնդրանքով։ Նշվում էր, որ Երուսաղեմի պարտքերը փակված են, Երուսաղեմի աթոռը պայծառացել է, ուստի պետք չէ, որ պատրիարքը երկաթյա անուր կրի։ Նամակը Երուսաղեմ տարավ Հաննան։ Շղթայակիրն անսաց խնդրանքներին եւ երկաթյա անուրը հանեց։ Այն հանվեց մեծ դժվարությամբ, քանի որ ժամանակի ընթացքում ժանգոտվել էր քրտնքից եւ ամրացել։ Ի պատիվ այդ արարողության՝ Շղթայակիրը Սուրբ Սինա անունով սեղան կանգնեցրեց Սբ Էջմիածին փոքրիկ եկեղեցում եւ անուրը տեղադրեց նրա սյուների մեջ։ Անուրը սեղանի մեջ է եղել մինչեւ 19-րդ դարի վերջերը, իսկ հետո, որպես թանկարժեք իր, պահվում է Սբ Հակոբյանց տաճարի գանձարանում։
Շղթայակիրը նորոգեց Սբ Հակոբի եկեղեցին, որի թույլտվությունը կարգավորեց Կոլոտը 1727 թվին եւ հրովարտակն ուղարկեց Երուսաղեմի պատրիարքին՝ Սեղբեստրոս Երեւանենց Ակնեցի իշխանի միջոցով, որը մեծապես օգնել էր դրա հաստատմանը՝ որպես Անգլիայի դեսպանության թարգման եւ մեծ վեզիրության պաշտոնյա։ Սեղբեստրոսը, նույն ինքը՝ Սեղբոս ամիրան, որ մեծահարուստներից էր, բարերարություններ կատարեց Երուսաղեմում՝ այնտեղ մնացած երկու տարվա ընթացքում։ Լուծվեց Սբ Փրկիչ վանքի ջրի խնդիրը, որն զգալի նեղություն էր պատճառում հայերին։ Գրիգոր պատրիարքը Կոլոտի միջոցով արքունական հրովարտակ ձեռք բերեց, եւ գործը կատարվեց։ Ծռազատիկը, որը տեղի էր ունենալու 1729 թվին, ծնունդ էր տալու հայերի ու հույների բանակռիվներին։ Այդ պատճառով Գրիգորի միջոցով առաջարկ արվեց հույների փոխանորդ Մելետիոսին (պատրիարք Քրիսանթոսը գտնվում էր Լեհաստանում), որ հույների եւ հայերի շփումներն արգելվեն Զատկի կապակցությամբ. հույների Զատկին հայերը եւ հայերի զատկին հույներն իրավունք չունենան մտնելու Սբ Հարության տաճար։ Առաջարկը բանական էր, եւ այն Քրիսանթոսի՝ Պուքրեշից Կոլոտին գրած նամակում հավանության արժանացավ։ Նման համաձայնություն ձեռք բերվեց նաեւ Կոլոտի եւ հույների՝ Կ. Պոլսի պատրիարքի միջեւ։ Այդ մասին հայտնվեց պետական իշխանություններին, որոնք պաշտոնյա ուղարկեցին Երուսաղեմ՝ հրամանի գործողությունը հսկելու համար։ Այս ամենի շնորհիվ 1729 թ. ապրիլի 6-ին հույների եւ 13-ին հայոց Զատիկը խաղաղ անցկացվեց, եւ որեւէ իրարանցում չեղավ։ Ուխտագնացությունից վերադարձած հույները, այնուամենայնիվ, Կ. Պոլսում վեճեր առաջ բերեցին, եւ ամբաստանություններ կատարվեցին հայերի դեմ։ Հուզումներ եղան Կեսարիայում, սակայն Կոլոտն իշխանությունների միջոցով վիճակը կարգավորեց։ Շղթայակիրը լատինների հետ խնդիրներ ուներ, սակայն կարողացավ դատը շահել՝ հայոց իրավունքները պաշտպանել եւ ունեցվածքի վավերագրերը նորոգել։
Այդ ամենը տեղի ունեցավ 1730 թվին։
Արդ տեսնենք, թե ինչ կացություն էր Սսի կաթողիկոսությունում։
Կաթողիկոսացած Մատթեոս Սարին լքել էր աթոռը եւ 1701 թվին եկել Կ. Պոլիս, որպեսզի վերացնի Դավիթ եւ Ազարիա Կարկառեցիների հիմնադրած եւ Պետրոս Բերիացու վերահիմնած՝ Բերիայի հակաթոռ կաթողիկոսությունը։ Այստեղ նա Կիլիկիան մոռացավ եւ մինչեւ անգամ ստիպված եղավ ուրացության դիմել։ Պետրոս Բերիացին, որ հայտնի է նաեւ Պիծակ անունով, մտածեց, որ ինքը կարող է տիրանալ Սսի աթոռին, քանի որ այն թափուր էր մնացել։ Սակայն Սսի միաբանները 1705 թ. կաթողիկոս հռչակեցին Հովհաննես Հաճնցուն, թեեւ Հովհաննեսին չհաջողվեց Պետրոս Բերիացուն իրեն ենթարկել։ Վերջինս 1708-ին եպիսկոպոս ձեռնադրեց Մելքոն Թասպասյանին, իսկ 1710-ին՝ Աբրահամ Արծիվյանին։ Ի վերջո Հովհաննեսը Պետրոսին կարողացավ Բերիայից քշել։ Նա մահացավ 1728 թվին Երուսաղեմում։ 1721 թվի դեկտեմբերին մահացավ Հովհաննես Հաճնցին, եւ նրան հաջորդեց Ուղուրլու մականունով Գրիգոր Կեսարացին, իսկ վերջինիս էլ 1727-ին՝ մեկ այլ Հովհաննես Հաճնցի՝ Տեր-Ադամ մականունով, որը միանձնյա հայրապետեց մինչեւ 1731 թիվը, իսկ հետո իրեն աթոռակից վերցրեց։
Աղթամարի կաթողիկոսության մասին սակավ հիշատակներ են պահպանվել։ Թովմաս Հերիճցին, հնազանդվելով Եղիազար կաթողիկոսին, հակառակվել էր Նահապետ կաթողիկոսին եւ դեռեւս իր կենդանության օրոք իրեն հաջորդ էր օծել Սահակ Արծկեցուն, որ հայտնի է նաեւ Պարոնտեր անունով։ Սահակը նրան հաջորդեց 1698-ին՝ նրա մահից հետո։ Նահապետի կողմից օծված Ավետիսը նրան խանգարել եւ կաթողիկոս դառնալ չկարողացավ։ Սահակը մահացավ 1699 թվին, եւ նրան հաջորդեց Հովհաննես Կայծակը կամ Կեծուկը, իսկ վերջինիս էլ՝ Հայրապետ Փայխեցին, որ Թովմասի քրոջ որդին էր։ Նա այրի երեցությունից վարդապետ էր դարձել։ Հետո տեղեկությունները խիստ պակասում են։ Եթե հավատանք «Հաւաքարան»-ին, ապա հետո հայրապետել են Հովհաննես Հայոցձորեցին, Գրիգոր Գավաշեցին, Ղազար Մոկացին կամ Առաքինին, Գրիգոր Խիզանցին կամ Ազնվազարմը եւ Բաղդասար Բաղիշեցին, որի մահը դնում են 1730 թվին, իսկ ոմանք՝ 1736-ին, անգամ՝ 1743-ին։ Գտնվելով օսմանյան իշխանության ներքո եւ հակառակվելով Էջմիածնին՝ Աղթամարի կաթողիկոսները կարողանում են իրենց հոգեւոր իշխանությունը տարածել ողջ Վասպուրականի եւ Աղձնիքի թեմերի վրա։ Սակայն կաթողիկոսության իրավասության սահմանը հաճախ խախտվում էր։ Դժվար է ասել, թե Կ. Պոլսի պատրիարքները զբաղվե՞լ են Աղթամարի խնդրով, թե՞ ոչ։ Կաթողիկոսությունը մի տեսակ կղզիացել ու անկում էր ապրում։
Հիշյալ ժամանակներում նահատակվեց պատանի Սահակը, որ Գողթնի Բրուտ գյուղից էր, որն ըստ Մ. Օրմանյանի՝ Փխրուտ էլ է կոչվել։ 17 տարեկան պատանին առեւտրի նպատակով գալիս է Ազով քաղաքը (Դոնի գետաբերանում), որը շատ հեռու չէր հետագայի Նոր Նախիջեւանից։ Մահմեդականները դատավորին սուտ վկայություն են տալիս, թե իբր նա խոստացել է իսլամանալ, իսկ հետո հրաժարվել է։ Դատի ժամանակ Սահակը հրաժարվում է քրիստոնեությունը թողնել, եւ նրան բատապարկում են։ Երեք օր հետո նրան տանում են իշխանի ատյանը, որտեղ նա կրկին հրաժարվում է իսլամանալուց, ուստի ենթարկվում է հալածանքների։ Նոր դատ են կազմակերպում, որը Սահակի համար գլխատման որոշում է կայացնում, եւ որից հետո՝ 1715 թվի հոկտեմբերի 17-ին, նրան գլխատում են։ Հրամայում են մարմինը նետել Դոն գետը, բայց քրիստոնյաները կաշառք են տալիս ու թաղում։
Նահատակվեց Սամվել Մանիսացին, որը Եղիա քահանայի որդին էր։ Համաձայն նրա տապանաքարի արձանագրության՝ նա ջերմեռանդ հավատով գլխատվեց Զմյուռնիայում 1723 թվի հուլիսի 15-ին։ Այլ հիշատակներ չկան։
1730 եւ 1735 թվերի միջոցին նահատակվեց Խանում Վաղարշապատեցին, սակայն այլ աղբյուրներ դա դնում են անգամ 1755 թվին։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s