ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՎԱՏ

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սկիզբը՝ 2012 Հունիս Բ
— Տե՛ր հայր, մի տխուր-հետաքրքիր երեւույթի մասին եմ ուզում խոսել. մարդկանց մի ստվար զանգված այսօր, հավատացյալ ասելով, նկատի ունի այս կամ այն աղանդի հետեւորդներին: Ճիշտ է` այդ բառն ասվում է հիմնականում քամահրական, բացասական երանգով, բայց հազիվ թե դա մխիթարող է. չէ՞ որ «հավատացյալ» բառն է իմաստազրկվել, եթե չասենք` նենգափոխվել…
— Այս վիճակը լավ հասկանալու համար պետք է հիշել, որ սկզբնական կռիվն ու պայքարը գնացել է անաստված կոմունիստների (1920-30-ական թվականներ) եւ սուրբ Եկեղեցու միջեւ: Այն ժամանակ անաստվածները, հավատացյալ ասելով, հասկացել են ճշմարիտ հավատացյալներին, եւ հավատացյալ մարդը պախարակվել ու հալածվել է: Այսօր, երբ անաստվածության պատնեշները փուլ են եկել, երրորդ գործոնն է ի հայտ եկել, որն է աղանդավորությունը, որ հեղեղի պես լցվել է մեր երկիրը: Եվ անաստվածության մղձավանջից դեռեւս չարթնացած մեր ժողովուրդը պարզապես մի տեսակ շփոթված է: Իսկ աղանդավորները, որ ներկայանում են իբրեւ հավատացյալներ, որքան էլ չընդունվեն հասարակության առողջ շերտերի կողմից, քանի որ իրականում նենգափոխում ու պղծում են ճշմարիտ հավատը, այնուամենայնիվ իրենց բնորոշ ամբարտավանությամբ մի տեսակ «սեփականաշնորհել են» հավատացյալ անունը: Իմ հորդորն է, սիրելի՛ ժողովուրդ, աղանդավորներին հավատացյալ մի՛ կոչեք: Հավատացյալը մեր ու ձեր պապերն են եղել, որ ճշմարիտ հավատով Աստծուն են պաշտել: Հավատացյալները մենք ենք, որ հավատում ու պաշտում ենք Քրիստոսին: Իսկ աղանդավորներին աղանդավո՛ր կոչեք, հերետիկոս, հերձվածող եւ այլն. դրանք նրանց ավանդական եւ ճիշտ անուններն են, որովհետեւ նրանք Եկեղեցուց շեղվեցին, դարձան աղանդ՝ մեծ վնաս բերելով Աստծու Եկեղեցուն:
— Հովհաննես առաքյալն ասում է. «Նա է ճշմարիտ հավատացյալ, ով Աստծուց վերստին ծնված լինելով՝ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը» (հմմտ. Ա Հովհ. Ե 1), այսինքն` ով ընդունում է, որ Հիսուսն է Աստծուց եկած Օծյալը: Այդ դեպքում հասկանանք, թե որն էր Աբրահամի հավատը: Եկեղեցու սուրբ հայրերը Աբրահամին հավատքի հայր են կոչում եւ հենց հավատքի մեծության պատճառով նրան համեմատում են Աստվածամոր հետ: Եվ ինչո՞ւ միայն Աբրահամը: Հին Ուխտի բազում նահապետներ ու մարգարեներ` Աբելը, Ենովքը, Նոյը, մյուս նախահայրերը, Մովսեսը, Սամուելը, Դավիթը, Եղիան, մյուս մարգարեները, սրանք բոլորը հավատքով են ընթացել` ապրելով, սակայն, մարդեղացյալ Աստվածորդու` երկրի վրա հայտնվելուց շատ առաջ: Հովհաննես առաքյալի խոսքերից ելնելով` կարելի՞ է եզրակացնել, որ Հին Ուխտի հավատքն անկատար էր, եւ թվարկածս այրերը ճշմարիտ հավատացյալներ չէին…
— Այն, որ Հին Ուխտի մեջ անկատար բաներ կային, գաղտնիք չէ: Դրա վառ ապացույցն է թեկուզ Նոր Կտակարանի «Օրենքի ճշմարիտ ուսուցումը» գլուխը՝ Լեռան քարոզից: Քրիստոսն ի՞նչ ասաց Իր աշակերտներին. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ` լրացնելու» (Մատթ. Ե 17): Այսինքն` կատարյալ դարձնելու: Կամ` «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես եւ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48): Բայց սխալ պիտի լինի կարծել, թե Աբրահամը եւ Ձեր հիշատակած հինկտակարանյան նահապետներն ու մարգարեները ճշմարիտ հավատացյալներ չէին: Նախ` Աստվածորդին, մինչեւ մարդանալը, արդեն իսկ Ինքն Իրենով էր ստեղծվել եւ ստեղծել ամբողջ տիեզերքը, եւ Ինքն էր այդ հայտնությունների Հեղինակը: Իսկ Աբրահամը խոնարհ ծառան էր Աստծո: Անշուշտ, Երրորդության հայտնությունը չկար այն ժամանակ, չգիտեին կամ հստակ չգիտեին Հայր — Որդի — Ս. Հոգի աստվածային եռամիասնության մասին: Բայց եթե ուշադիր կարդանք Հին Կտակարանը, կտեսնենք, որ կար… Վերջերս Տաթեւացու` այս նյութի շուրջ վերլուծությունն էի կարդում «Ամարան» հատորում. ի՛նչ հանճարեղ մտքով հարյուրավոր համարներ է մեջբերում Տաթեւացին Հին Ուխտից, որտեղ երեք անգամ «Տեր» է գրվում կամ` երկու «Տեր», մի «Աստված»: Այսինքն` Երրորդության հայտնությունը, ըստ էության, մշտապես եղել է` սկսած հենց Ծննդոց գրքից: Հայտնությունը կար, ուղղակի հստակեցված, բանաձեւված չէր այնպես, ինչպես որ Քրիստոսը պարզեցրեց ու բոլորին հայտնի դարձրեց: Նույն Աբրահամը, Մանուելի կաղնու տակ նստած, երեք հոգու դիմավորեց (Երրորդության խորհուրդը), նրանցից մեկին Տեր էր կոչում (Աստծու Որդին էր): Աբրահամը բնավ էլ ուրիշ հավատ չուներ, պարզապես նրա կատարած զոհագործությունը Քրիստոսի խաչի ստվերն էր: Տեսեք` նա ընդառաջ գնաց Աստծու պատգամաբերներին, խոնարհվեց մինչեւ գետին, ոտքերը լվաց, հյուրասիրեց… անգամ իր միակ որդուն էր պատրաստ զոհաբերելու Աստծո կամքի առաջ. տեսեք` ինչպիսի հնազանդություն Աստծու հրամաններին: Պատահական չէ, որ Քրիստոսը, Աբրահամին իրենց հայր համարող անհավատ հրեաներին հանդիմանելով, ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք» (Հովհ. Ը 39): Մինչդեռ` «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք»,- ասաց: Ինչո՞ւ, որովհետեւ անգամ մարմնացյալ Աստվածորդու համար Աբրահամը հավատքի հայր էր: Անշուշտ, այդ հավատքն այն ժամանակ քրիստոնեություն չէր կոչվում, քանի որ Քրիստոսը դեռ աշխարհ չէր եկել: Բայց դա նույն հավատքն էր, որով էլ Աբրահամը հավատքի հայր կոչվեց: Եվ մենք նույնպես` Հայ Առաքելական Եկեղեցու զավակներս, Աբրահամի հետ մարմնական ոչ մի կապ չունենալով, նրան մեր հոգեւոր հայրն ենք համարում, մեր հավատքի հայրը, որովհետեւ հենց այդ հավատքն էր, որ շարունակվելով ու պտղաբերելով իր սերունդների մեջ` Քրիստոսով ու առաքյալների միջոցով մեր երկիր հասավ, եւ մենք էլ այդ աստվածային Ճշմարտությունը, առանց երկմտելու, բոլոր ազգերից առաջ ընդունեցինք, ու դարեր շարունակ այդ սուրբ հավատքի համար արյուն հեղեցին մեր պապերը:
— Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի բժշկությունները եւ կատարած հրաշքները մշտապես ուղեկցվում են հավատի գործոնով. խոսքս հոգեւոր եւ մարմնավոր բժշկումների մասին է: Այսինքն` փրկվում են նրանք (կաղեր, կույրեր, ախտաժետներ), ովքեր հավատք ունեն: Միաժամանակ Տերն անընդհատ հիշեցնում է այլեւս չմեղանչելու կարեւորությունը: Եթե հավատով էին դիմում Հիսուսին, ուրեմն իրենք` հիվանդները կամ իրենց հիվանդ մերձավորները, ում համար որ խնդրում էին, փրկվում էին, առողջանում էին հոգեկան ու մարմնական ախտերից: Բայց Նոր Կտակարանում հավատքի դերն անհամեմատելիորեն առավել շեշտադրվում է հավիտենական փրկության համար. այդպե՞ս է, տե՛ր հայր:
— Հավատը Տիրոջ թիվ մեկ պահանջն է մարդկանցից: Նա ասաց. «Աստծու ուզած գործը ա՜յս է. որ հավատաք Նրան, ում Նա ուղարկեց» (Հովհ. Զ 29): Իսկ ո՞ւմ ուղարկեց. Հիսուս Քրիստոսին: Քրիստոսն Իր անճառ ու հավիտենական փառքից խոնարհվեց` մարդկությանը փրկություն բերելու համար, եւ դրա համար մարդկանցից ընդամենը մաքուր հավատք պահանջեց: Սա Աստծո սիրո զեղումն էր մարդկության հանդեպ: Հրեաները, խաչի միջոցով անարգելով տիեզերքի Արարչին, ուզում էին խայտառակել Նրան, բայց աստվածային հայտնությամբ ամեն բան գլխիվայր շուռ եկավ. մահվան ամենախայտառակ տեսակը դարձավ ամենապատվավոր ու ամենափրկաբեր սբ նշանը, քանի որ խաչվեց Ինքը` Արարիչը: Հավիտենական կյանքի կոչված ու փրկագործված մարդկությունն ավելի զորեղ հավատ չէր էլ կարող երազել…
Շարունակելի
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s