ԿԱՏԱՐՅԱԼ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես գիտենք՝ երբ մարդը ծնվում է, դեռեւս շատ թույլ է լինում, մինչդեռ կենդանիների ձագերը, օրինակ՝ կապիկը կամ գառը եւ այլն, ծնվելուն պես պատրաստ են իրենց ուժերով ապրելուն: Ասում են՝ որպեսզի երեխան կարողանա համեմատվել կենդանիների ձագերի հետ, պետք է մի տարի եւս մնա մոր արգանդում եւ հետո միայն ծնվի: Այսինքն՝ երբ մարդը ծնվում է, պետք է ունենա մեկ տարեկան երեխայի բոլոր նախադրյալներն ու զարգացվածության աստիճանը: Իսկ մեկ տարվա ընթացքում երեխան կարող է կանգնել իր սեփական ոտքերի վրա եւ ասել որոշ բառեր: Ասում են նաեւ՝ լավ է, որ երեխան մեկ տարի եւս չի մնում մոր արգանդում, որովհետեւ ծնվելուց հետո այդ մեկ տարին, որի ժամանակ այդչափ թույլ է, ծնողներին հնարավորություն է ընձեռվում օգնելու երեխային եւ նրա վրա այնպիսի ազդեցություն ունենալու, որ երեխան կարողանա ոչ միայն մարմնապես, այլեւ հոգեբանորեն զարգանալ:
Այստեղ պատշաճ է հիշել Իրինեոսի (Հույն Եկեղեցու սուրբ) խոսքը: Իրինեոսի խոսքերն անշուշտ արտահայտում են մեր Եկեղեցու բոլոր հայրերի ոգին, թեպետ Հին Կտակարանում եւս տեսանելի է նման մի բան: Իրինեոսը՝ մեր Եկեղեցու այդ մեծ աստվածաբանն ու մեծ սուրբը, որ ապրել է երկրորդ դարում, ասում է, որ մարդն Աստծու կողմից հոգեւոր առումով ստեղծվել է մանուկ այն ակնկալությամբ, որ Աստծու օգնությամբ ինքն իրեն զարգանա: Մարդը ծնվել է որպես մի մանուկ, ով կարիք ունի Աստծու եւ Սուրբ Հոգու շնորհով քայլելու այն ճանապարհը, որը պետք է անցնի, այսինքն՝ զրոյից հասնի կատարելության:
Աստված մարդուն չի ստեղծում ամեն ինչում պատրաստ, այլ այնպես, որ ունենա բոլոր հնարավորությունները՝ կատարելության հասնելու՝ Աստծու շնորհով եւ օգնությամբ: Աստված այնպես է ստեղծում մարդուն, որ թվում է, թե կատարյալ ոչինչ չունի: Իհարկե, մարդն այդ կատարելության նախադրյալներն ունի, սակայն երբ լույս աշխարհ է գալիս, գտնվում է ճանապարհի սկզբնակետում, որտեղից պետք է քայլ անի եւ առաջ գնա: Երբ երեխան ծնվում է, անհրաժեշտ ամեն բան ունի, որպեսզի կարողանա ընթանալ կյանքի այս ճանապարհով, բայց, այնուամենայնիվ, Աստված նրան նույնիսկ մեկ մետր առաջ ընթանալու կարողությամբ չի օժտում, այլ տալիս է միմիայն սկզբնական վիճակ: Եթե այդպես մտածենք, կարող ենք հասկանալ այն պարագան, որ երեխան ծնվելիս բնականաբար իր ոտքերի վրա չպիտի կարողանա կանգնել, այսինքն՝ պետք է սկսի զրոյից: Աստված այնպես է տնօրինել, որ օրերից մի օր, երբ մարդը մի բանի հասնի, հասնի Աստծու օգնությամբ, բայց նաեւ մարդու մասնակցությամբ: Սա շատ մեծ նշանակություն ունի նաեւ հոգեւոր կյանքի համար այն առումով, որ մարդը հոգեւորում եւս չի զարգանում կախարդական կամ անգիտակցական ճանապարհով: Մարդն Աստծու հետ հարաբերության մեջ է մտնում խորհուրդների միջոցով, եւ այդպես կամրջվում է այն անդունդը, որ մարդուն բաժանում է Աստծուց: Այնուամենայնիվ, մարդու՝ առաջ գնալու ընթացքն իրականանում է գիտակցորեն, երբ նա հասկանում եւ ապրում է դա:
Ուրեմն, երեխան աշխարհ է գալիս թույլ վիճակում: Եվ այդ սկզբնական ժամանակահատվածում ծնողները եւ հատկապես մայրը կոչված են օգնելու երեխային: Սակայն պետք է ասել, որ ծնողները չէ, որ պետք է առաջընթաց տան երեխային: Երեխան այն անհատականությունն է, ով կազմում է Աստծու արարչագործության եւ Եկեղեցու մի մասնիկը, եթե մկրտված է: Երեխան մի նոր էակ է, եւ ծնողները չեն կարող նրա վրա դնել իրենց կնիքը եւ դարձնել իրենցից կախված:
Երեխայի ծնվելու առաջին տարին ծնողները խոսքերով, վերաբերմունքով, սիրով, գուրգուրանքով պետք է կատարեն իրենց պարտականությունը երեխայի հանդեպ, եւ երեխան՝ որպես առաձին անհատականություն, կզարգանա ե՛ւ մարմնապես, ե՛ւ հոգեպես: Ինչպես օրինակ՝ մեկը ծաղիկ է աճեցնում եւ անում է ամեն ինչ՝ նրան խնամելու համար, սակայն ծաղիկը մեծանում է ինքն իրեն: Այսինքն՝ ծաղիկ մշակողը չի կարող մտնել ծաղկի բնության մեջ եւ միջամտել, որպեսզի մեծանա. ծաղիկ մշակողը պարզապես օգնում է ծաղկին, որ այն մեծանա: Բնականաբար, եթե ծաղիկ մշակողը ջուր չլցնի, ծաղիկը կչորանա: Նույն կերպ նաեւ ծնողները։ Եթե նրանք լքեն իրենց երեխային, երեխան կմեռնի: Որքան ժամանակ, որ երեխային խնամում են, ուշադրություն են դարձնում, այլ բան չեն անում, եթե ոչ օգնում են նրան, որ զարգանա: Այսինքն՝ օգնում են երեխային եւ ոչ թե մտնում նրա բնության մեջ, որը պարզապես չեն էլ կարող:
Ինչպես ասացինք, մարդը լույս աշխարհ է գալիս թույլ եւ իր ճանապարհը սկսում է զրոյից: Եվ ծնվելուց հետո առաջին տարին, որ կարծում ենք, թե երեխան միայն լաց է լինում, ուզում է միայն ուտել, մեծ նշանակություն ունի հետագա այն ընթացքի համար, որ երեխան հետո պետք է անցնի: Իսկ թե ինչպես կլինի այդ ընթացքը երեխայի ծնվելու առաջին տարում, շատ բանով կախված է ծնողներից:
Նյարդային մայրն իր երեխային փոխանցում է իր մեջ գտնվող դյուրագրգիռ վիճակները: Հետեւաբար, երեխայի մեջ էլ կլինեն այդ տրամադրությունները: Սակայն, թե որքան է փոխանցում մայրն իր այդ ներքին հոգեվիճակները, չգիտենք: Օրինակ՝ երբ երեխան մեծանում եւ դառնում է տասը տարեկան, նմանվում է իր մորը, այսինքն՝ սկսում է ունենալ նյարդային, բարդույթավորված հոգեվիճակներ: Եվ հարց է ծագում. երեխան այդպիսի՞ն է, որովհետեւ ծնվել է նման մորից, թե՞ որովհետեւ նրան նման մայր է մեծացրել: Սա շատ դժվար հարց է, եւ չենք կարող հստակ որեւէ բան ասել, սակայն երկու բան որոշակի կարող ենք նշել:
Առաջին՝ երբ երեխան սկսում է ձեւավորվել, անպայման որեւէ բան ժառանգում է, իսկ թե որքան, չգիտենք:
Երկրորդ՝ շատ փոքր է ժառանգականության դերը. այն այնքան էլ մեծ չէ, որքան մենք ենք կարծում, քանի որ երեխան այն ամենը, ինչ որ ձեռք է բերում, ձեռք է բերում ծնվելուց հետո: Մայրը, բնականաբար, չի ուզում որեւէ վատ բան անել երեխային, նա դա անում է չհասկանալով։ Ամեն դեպքում, երեխան այդ ամենը վերցնում է եւ առաջին ապրումներն ու ազդեցությունները, որ ընդունում է մորից, մի այնպիսի հետք են թողնում երեխայի մեջ, որ թվում է, թե ժառանգական են, մինչդեռ այդպես չէ: Եվ հետագայում, երբ ծնողները ցանկանում են երեխայի միջից արմատախիլ անել դրանք, այնքան դժվարությամբ են դուրս գալիս, որ թվում է՝ ժառանգական են: Սակայն ժառանգական չեն, այլ ձեռքբերովի, եւ եթե յուրաքանչյուր մայր երբեւէ հասկանա, թե ինչ է իր հետ կատարվում, եւ կարողանա ազատագրվել նյարդային վիճակներից, այդ դեպքում դրականորեն ազդեցություն կունենա երեխայի վրա:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊՐՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ

Երբ երեխան ծնվում է, ամեն ինչից զատ, կարիք ունի ազատության: Ազատությունը հիմնական ապրում, իրականություն եւ ներքին վիճակ է ամեն մարդու համար, այդ թվում՝ փոքր երեխայի: Այսինքն՝ այն երջանկությունը, որ կոչված է մարդուն ունենալ իր գոյության առաջին իսկ պահից սկսած, իսկ հավիտենապես՝ Աստծու մոտ, հիմնված է ազատության վրա: Ընդհանրապես անհնարին է, որ մարդը կարողանա հաղորդակից դառնալ Աստծու տված ուրախությանն ու երջանկությանը, եթե բացակայում է ազատությունը:
Այդ ազատությունն սկսվում է այն ժամանակ, երբ երեխան իր մոր արգանդում է: Այսինքն՝ երբ մայրն սպասում է երեխային՝ որպես մի նոր անհատի, որպես Աստծու արարածի, որպես մի էակի, ով Աստծու հետ պետք է ունենա անձնական հարաբերություն, եւ այդ զգացումով էլ կողմնորոշվում, այդ զգացումով էլ սիրում է երեխային, ապա երեխան իր մոր արգանդում արդեն սկսում է ապրել իր ազատությունը: Իսկ մեկ ուրիշ երեխայի պարագայում, երբ ծնողներն սպասում են նրան, որ դարձնեն իրենց առարկան, այդ դեպքում երեխան դառնում է ծնողների գերին: Սակայն, գլխավորաբար, ազատությունն իր կյանքն սկսում է այն ժամանակ, երբ երեխան ծնվում է:
Թե ծնողները, հատկապես՝ մայրը, ինչպես են վերաբերվում երեխային, ցույց է տալիս, թե որքան են ազատություն տալիս նրան, որքան են հարգում նրան՝ որպես առանձին անհատի, ով իրենց սեփականությունը չէ, ով անմիջապես տուրեւառություն ունի Աստծու հետ:
Հունարենից թարգմանեց
Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s