ԽԻՂՃ, ԽՂՃԻ ԴԱՏԱՍՏԱՆ

Ձեր հարցերին պատասխանում է Կոմիտաս վրդ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
— Հա՛յր սուրբ, մեր Եկեղեցու սուրբ հայրերը «խիղճ» հասկացությանը տարբեր սահմանումներ են տալիս` ներքին աներեւույթ դատավոր, օրենսդիր, սանձ եւ այլն, իսկ ժողովուրդն ասում է, որ խիղճն Աստծո ձայնն է մարդու մեջ: Փորձենք մանրամասնել` ի՞նչ է խիղճը, եւ արդյո՞ք այն հատուկ է բոլոր մարդկանց։
— Խիղճն իմ մեջ այն «ես»-ն է, որը փորձում է իմ միջի բացասական կերպարը բացահայտելով` դրականը ձեւավորել: Առանց խղճի գաղափարի՝ քրիստոնեությունը երբեք չպիտի կարողանար իր ամբողջական ընկալումն ունենալ, որովհետեւ քրիստոնեությունն անքակտելիություն է անդրադարձի հետ։ Իսկ խիղճը ներկայություն է դառնում մարդու մեջ այն ժամանակ, երբ նա փորձում է ինքնաքննադատությամբ, ինքնազննումով անդրադառնալ իր ընթացքին, երբ ուզում է հասկանալ, թե ինքը որքանով է փորձել պահել աստվածակերպ եւ ոչ թե կենդանակերպ մարդու կերպարը: Խիղճը մարդուն քրիստոնեական կերպարի մեջ է դնում: Օրինակ, երբ կարդում ենք Հին Կտակարանի որոշ հատվածներ, որտեղ Աստծու անունով հրամայվում է այսինչ ցեղին կամ այնինչ քաղաքի բնակիչներին ամբողջովին կոտորել, ապա այստեղ սկսում ենք մտածել. արդյո՞ք խղճի գաղափարն այնպիսին է, ինչպիսին Նոր Կտակարանի մեջ, որտեղ միշտ ներողամտության ոգին է առկա: Ղուկասի Ավետարանի 17-րդ գլխի 3-րդ համարում ասվում է. «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, եւ եթե զղջա` ներիր նրան»: Խիղճը իմ նմանի նկատմամբ ինձ հնարավորություն է տալիս Աստծո խղճին արժանանալ, երբ ես եմ սխալ գործում, որն արդեն տեսնում ենք ձեւավորված «Հայր մեր»-ի մեջ:
— Կան մարդիկ, ովքեր թվում է` ընդհանրապես խիղճ չունեն, քանի որ ընդունակ են կատարելու ամենասոսկալի հանցանքներն անգամ` բնավ ցավ չզգալով կատարվածի համար: Ժողովուրդն այդպիսիներին իրավամբ կոչում է «անաստված, անխիղճ»: Հա՛յր սուրբ, խիղճը կարո՞ղ է մեռնել, կամ մարդը կարո՞ղ է այն իսպառ լռեցնել ու խլացնել, խեղդել…
— Եթե ժողովուրդն ասում է «անաստված» եւ «անխիղճ», ուրեմն շատ ճիշտ բանաձեւում է, որովհետեւ քրիստոնեական Աստծո ընկալումն է մարդու մեջ խղճի գաղափարը ձեւավորում: Այսօր մարդիկ դարձել են չար, որովհետեւ կորցրել են իրենց հավատը, եւ Աստծուն պաշտելու փոխարեն պաշտում են դրամը, մամոնան: Եթե մարդու միջից վերանում է խիղճը, վերանում է ամեն ինչ, ինչպես «Անիրավ դատավորի» առակում ենք տեսնում. ասվում է` «Ոչ Աստծուց էր վախենում, ոչ մարդկանցից` ամաչում», այսինքն` Աստծուց վախենալն ինքնին ձեւավորում է ամոթի, մարդկանցից ամաչելու գիտակցությունը, որը մարդուն սահմանների մեջ է դնում` չանել այն, ինչի պատճառով կարող էր մարդկանց լուտանքին ու անպատվությանն արժանանալ: Ինչո՞ւ են այսօր մեզ ամեն կերպ քարոզում պաշտամունքի առարկա դարձնել ֆիզիկականը, մարմնականը: Այդ նպատակով որոշ «բանաստեղծներ» առավոտից մինչ գիշեր շնության եւ անբարոյականության քարոզներ են անում՝ այդ կերպ մարդուն կործանման տանելով, որպեսզի մարդու մեջ չլինի ո՛չ խղճի, ո՛չ ինքնաքննության ու զղջումի, ո՛չ ներողամտության գիտակցությունը:
— Շատոբրիանն իր «Քրիստոնեության հանճարը» գրքում գրում է. «…Վագրը պատառոտում է իր որսը եւ հանգիստ քնում: Մարդը դառնում է մարդասպան եւ մնում անքուն»: Հա՛յր սուրբ, որքան էլ մարդասպանը փորձի իր խղճի ձայնը լռեցնել ու հանգիստ «խղճով» շարունակել ապրել, այնուամենայնիվ, երբ ինքն իր հետ մենակ է մնում, մի՞թե կարող է խուսափել խղճի խայթոցներից…
— Նայած, թե այդ մարդը կյանքին ինչպես է նայում, նայած, թե նրա համար կյանքում որքան կարեւոր է բարոյական կերպարը, եւ թե իր նման մարդն ինչ արժեք ունի իր համար: Բայց կա մի ուրիշ խնդիր. երբ մարդն առաջին, երկրորդ անգամ մարդ է սպանում, երրորդ անգամ արդեն նրա համար սպանությունը սովորական երեւույթ է դառնում, այդ պատճառով մարդու միջից պիտի վերացնել այդ ահավոր երեւույթը. աշխարհի ոչ մեկ գազան ի վիճակի չէ անելու այնպիսի գազանություն, ինչպես անխիղճ եւ անաստված մարդը:
— Հա՛յր սուրբ, հայրերն իրենց գրվածքներում հորդորում են «խղճի հետ խոհեմությամբ վարվել», որովհետեւ ճափազանց զգայուն խիղճը, եթե բանականության կողմից ճիշտ չկառավարվի, մարդուն կարող է հուսահատության տանել: Ինչպե՞ս են որոշվում խղճի «չափն ու կերպը»…
— Ամեն ինչի ոսկե միջինն է լուծումը: Բնությունը ցույց է տվել, որ ամեն ինչն իր սահմանի մեջ է գեղեցիկ: Երբ գետն իր սահմաններից դուրս է գալիս, դադարում է գեղեցիկ գետ լինելուց, որովհետեւ ամեն ինչ կործանում է: Կյանքում ամեն ինչը գեղեցիկ է իր ներդաշնակության մեջ: Աղը որքան էլ օգտակար է եւ համի իմաստով կարեւոր, սակայն չափից ավելին անհամացնում է:
— Ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է փոխել հասարակության մեր ներկայիս վիճակը, երբ խղճի բացակայության պայմաններում գործվում են տարբեր անարդարություններ, սպանություններ, ահավոր ոճրագործություններ… Մերօրյա բարոյազրկված մարդն ինչպե՞ս կարող է վերագտնել իր մարդկային դիմագիծը, կերպարը։
— Ես կարծում եմ, որ այսօր այդ խղճի բացակայությունն ամենուր է. չգիտես ինչու պարզ ժողովուրդն ամեն հարցում մեղադրում է իշխանություններին: Բայց Երեւանի փողոցներում հանդիպող պարզ մարդիկ , նայելով դեմքիդ, խաբում են քեզ՝ առանց խղճի խայթ զգալու։ Այսօր աշխարհը լեցուն է չարությամբ: Մարդկանց հոգիներում անհանդուրժողականությունն է իշխում: Մենք մոռանում ենք մի բան, որ կյանքը նման է բումերանգի. ինչը մենք մեզանից դուրս ենք նետում, պտտվում, գալիս է մեզ, որովհետեւ՝ «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»: Այսօր պարզ ժողովուրդն անիծում է ղեկավարությանը, ղեկավարությունն անիծում է իշխանությանը, իշխանությունն անիծում է ժողովրդին եւ այլն… Ինչո՞ւ. որովհետեւ խիղճ չկա մեր մեջ, որովհետեւ մեր խղճի ձայնն անտեսում ենք: Մարդիկ չեն անհանգստանում, որ ատում են դիմացինին, որ ատելությունն իրենց սրտի մեջ մի գանձ են դարձրել: Ինչպե՞ս կարող են նրանք գլուխները հանգիստ բարձին դնել` առանց անդրադառնալու, որ ոչ ոք չգիտի, թե Տիրոջ դատաստանի օրը երբ պիտի գա: Մեզնից ամեն մեկը կարծում է, որ իր կյանքն այս երկրի վրա հավերժական է: Մենք պիտի սթափվենք, քանի դեռ ազգովի չենք կործանվել: Այն, ինչ կատարվում է այսօր մեզանում, խոսում է այն մասին, որ խղճի ներկայությունն ինքնին դարձել է բացակայություն մեր մեջ: Մարդիկ այսօր կարող են անխիղճ գազանի նման իրենց հայ եղբորը, հայ սպային բզկտել, գազանաբար հոշոտել, սպանել, ինչպես թուրքն է ժամանակին վարվել հայի նկատմամբ: Այդպիսիք ինձ համար հայ չեն, նրանց երակներում հայի արյուն չի կարող հոսել: Ավետարանն Անառակ որդու օրինակով ցույց տվեց, որ մինչեւ մարդը խորապես իր ապրված ողբերգությանը չանդրադառնա, երբեք չպիտի մտածի վերադարձի մասին: Մենք այսօր դժբախտաբար կորցրել ենք արթուն եւ զգաստ դատելու, ինքներս մեզ քննադատելու զգացողությունը: Ես միշտ մտածել եմ, որ երբ մարդն իր դիմացինին խաբում է, մեղք է, բայց ոչ ողբերգական, բայց երբ մարդն ինքն իրեն է խաբում, դա է մեծագույն ողբերգական մեղքը, որովհետեւ ինքն իրեն խաբելով` մարդը մատնվում է կորստյան: Ուրեմն ամենակարեւորն այն է, որ մարդն ունենա սթափության ոգի` իրական աչքով նայելու եւ դատելու համար, եւ քաջություն` իր կատարած սխալները խոստովանելու եւ ետ դառնալու: Հիշենք, թե ինչ էր ասում Քրիստոսը հիվանդներին բժշկելուց հետո. «Գնա, եւ այլեւս մի՛ մեղանչիր»:
— Երբեմն մարդը, չդիմանալով խղճի խայթոցներին, զղջում է ապրում իր գործած սխալի համար, հայտնվում անհանգիստ ու տագնապային վիճակներում, ընկնում «հոգեւոր հիվանդության» մեջ: Ինչպե՞ս է բուժվում խղճմտանքի արդյունքում առաջացած հիվանդությունը…
— Եթե մարդն արդեն զղջացել է, ապա մնում է մեկ բան` աղոթել, աղոթքով մոտենալ Աստծուն, աստվածային խոսքով վերալիցքավորվել, որովհետեւ աղոթքը մարդու մեջ զորացնում է տկարացած հոգեվիճակը, մարդուն միավորում է Աստծո հետ, եթե ճիշտ է կատարվում եւ ոչ էգոցենտրիկ կերպով` այս տուր, այն տուր ասելով: Ո՛չ, այդպես չի կարելի աղոթել. Աստված «Կարմիր խաչի» տնօրենը չէ… Աստծո հետ մեր կապը պիտի ամրագրենք, որպեսզի Նրա ներկայությունը, որ մեր հոգին է, միշտ լինի արթուն եւ զգոն վիճակում: Մեր ժողովուրդը միշտ եղել է աստվածավախ, նույնիսկ քրիստոնեությունից առաջ ենք ունեցել այդ սրբության գաղափարը:
— Եկեղեցու սուրբ հայրերը հորդորում են «խիղճը միշտ արթուն պահել` չարիքների խորխորատները չգահավիժելու համար»: Մեր օրերում որքանո՞վ է հնարավոր այս պատգամի իրագործումը։
— Այնքանով, որքանով Աստծուն ենք արթուն պահում մեր մեջ, որովհետեւ խիղճն Աստծու ներկայությունն է մեր մեջ: Խիղճն այն հարցադրում է, թե որտե՞ղ եմ ես. Քրիստոսի կողքի՞ն, թե՞ Քրիստոսից հեռու, ո՞ր խաչի դիմաց եմ կանգնած ես. Քրիստոսի՞, թե՞ ավազակի խաչի: Բոլոր նրանք, ովքեր թալանչական արժեքների կրողներ են, որոնց համար գողանալը, մարդասպանությունը, մարդկանց խաբելն ու դժբախտության մատնելը կենսակերպ է, կանգնած են ավազակի խաչի առաջ: Նույնիսկ եկեղեցի մտնելով` նրանք խաչակնքվում են ավազակի խաչին եւ ոչ Քրիստոսի փրկչական խաչին:
— Հայր սուրբ, այդպիսիք ի՞նչ պատիժ են ստանալու Աստծուց՝ այս կյանքում չապաշխարելու եւ դարձի չգալու դեպքում։
— Քրիստոսն ասաց, որ այդպիսիները պիտի հավաքվեն ու նետվեն կրակի մեջ, որպեսզի նրանցից ոչինչ չմնա` մոխրից բացի, որն անկենդանության խորհրդանիշն է:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s