Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ:
1512 թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնում՝ Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվանմամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայներ, դեպի Վիեննա իրենց ճանապարհին, այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա մի հրաշալի տեսիլք տեսան՝ երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ ուխտակատար մի սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլեւ ռումինացիների համար` հռչակվելով որպես Եվրոպայի հայության մուրազակատար Սբ Կարապետ:
«Հաճկատար» նշանակում է հաճոյից կատար, այսինքն՝ ցանկությունները, խնդրանքները կատարող՝ խնդրակատար: Մեր ժողովուրդը Հաճկատար անունն է տվել Տիրամորը նվիրված մի շարք նշանավոր սրբավայրերի՝ ապավինելով Տիրամոր բարեխոսությանը:
Ուխտավորների առջեւ առաջինը գծագրվում է բլրի վրա բարձրացող վանքի խաչը, որի համար ժողովուրդը Հաճկատարն անվանում է նաեւ Խաչկատար՝ խնդրանքների կատարումը խաչին ապավինելով:
Պատահական չէ եւ մեծ խորհուրդ ունի Հաճկատարի հենց Սուչավայում հիմնվելը: Սուչավան Եվրոպայի հայկական հնագույն թեմական կենտրոններից է, որն առանձին թեմ է հռչակվել դեռեւս 1401 թ.՝ Ալեքսանդր Բարի իշխանի հատուկ հրովարտակով` մի քանի հարյուրամյակ մնալով Արեւելյան Եվրոպայի հայությանը համախմբող կարեւորագույն կենտրոններից մեկը: 15-16-րդ դարերում Սուչավայում կառուցվել են վեց հայկական եկեղեցի ու երկու վանք: Ողջ Եվրոպայում դժվար է գտնել մեկ այլ քաղաք, ուր այսքան հայկական վանք ու եկեղեցի կառուցված լինեն եւ այն էլ՝ այս դարերում:
Այս զարմանահրաշ երեւույթը հոգեւոր մի խորին խորհուրդ ունի: Սուչավայի հայերի նախնիներն այստեղ են հասել՝ Անի-Ղրիմ-Ուկրաինա-Ռումինիա երկար ճանապարհն անցնելով, եւ շառավիղներն են Բագրատունյաց փառքի պսակը եղող Անիի: Այս պատճառով է, որ ճանաչված պատմաբան Սուրեն Քոլանջյանն իր մեծարժեք ուսումնասիրությունը վերնագրել է «Սուչավան՝ ռումինահայոց Անին»:
Սուչավայի հայությունը ոչ միայն Անիից սերված լինելու հիշողությունն ու գիտակցությունն է պահել, այլեւ եկեղեցաշինության ոգին` Անիի հազար ու մեկ եկեղեցիների «մանրակերտը» ստեղծելով:
Համայն հայությունը վերջերս տոնեց Անիի Բագրատունյաց մայրաքաղաք հռչակվելու 1500-ամյակը: Սուչավայի Հաճկատարի 500-ամյակն անիական փառքի եւս մեկ ղողանջումն է, որը գալիս է հավաստելու, որ Անին շարունակվեց անիականությամբ, Անիից սերված լինելու հպարտ գիտակցությամբ:
Հաճկատարն այնքան հռչակված է եղել, որ ռումինացիներն այն կոչել են պարզապես Միտոկուլ Արմենեսկ՝ Հայոց վանք: Սուչավայի պատմության կարեւոր հիշատակներից է եւ այն, որ աբեղայական ձեռնադրությունից հետո մինչեւ հոգեւորականի՝ իր գործունեությունն սկսելը, քառասնօրյա առանձնացման շրջանը Վազգեն Վեհափառը 1943 թ. անցկացրել է այս վանքում:
Քանի որ Հաճկատարը նվիրված է Տիրամորը, գլխավոր ուխտագնացությունը թե՛ հայերի եւ թե՛ ռումինացիների կողմից կատարվում է Տիրամոր Վերափոխման տոնին:
Հաճկատարն ունի նաեւ անչափ թանկ ու նվիրական մի մասունք՝ Տաթեւի վանքի զանգը, որի վրայի արձանագրությունում ասվում է, որ այն պատրաստվել է 1244 թ.: Այս զանգով անիական վերհուշին միախառնվում են հայոց լեռնաշխարհի վանքերի ղողանջները:
Ռումինահայ եւ այժմ ամերիկաբնակ Հակոբ Գույումճյանի մեծազնիվ նվիրատվության եւ ռումինական իշխանությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ լիովին նորոգվել է Հաճկատարը եւ այս տարի՝ Տիրամոր Վերափոխման տոնին՝ օգոստոսի 12-ին, այստեղ մատուցվելիք հայրապետական Պատարագի ելեւէջներն ու Տաթեւի վանքի զանգի ղողանջները ոչ միայն ազդարարելու են Հաճկատարի պատմության առաջին հինգհարյուրամյակի ավարտը, այլեւ երկրորդ հինգհարյուրամյակի սկսվելը:
Հաճկատարի 500-ամյակի առիթով օգոստոսի 10-12-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ կիրականացվի ուխտագնացություն եւ կմատուցվի Պատարագ: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի զավակներին մասնակցություն բերելու կատարվելիք ուխտագնացությանը եւ հանդիսություններին` կրկնելով ուխտավորների սրտից բխած եւ հարյուրամյակների վաղեմություն ունեցող հետեւյալ խոսքերը.
Սո՛ւրբ Հաճկատար, փոքրի՛կ տաճար,
Ամենեցուն դու տա՛ս մեզ ճար,
Սո՛ւրբ Հաճկատար, փոքրի՛կ բլուր,
Ամենեցուն խնդիրքը տո՛ւր:
Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s