ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ

Ծնողները, որ ծնում եւ մարմին են տալիս երեխաներին, պետք է իրենց նպաստն ունենան երեխաների հոգեւոր վերածննդի գործում (այս եւ հետագա բոլոր ընդգծումները պատկանում են թարգմանչին): Հետագայում ծնողներն այն, ինչ չեն կարողանա անել իրենց երեխաների համար, պետք է վստահեն ուսուցիչներին: Սակայն կան նաեւ հոգեւոր հայրեր, որոնք տքնում են մարդկանց հոգեւոր վերածննդի համար եւ ավելի դրական զարգացում են ապահովում երեխաների դասիարակության հարցում:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ.

Ե՛Վ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ Ե՛Վ ՈՉ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ Է

— Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե արդյոք վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից:

— Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը, եւ ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետեւ երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք՝ երկու մարդ ճանապարհ են ընկնում եւ գնում որեւէ ուխտավայր: Մեկն ավտոբուսով է գնում, մյուսը՝ ոտքով, սակայն երկուսն էլ ունեն նույն նպատակը: Աստված ուրախանում է ե՛ւ այն մարդով, որ ավտոբուսով է գնում, ե՛ւ այն մարդով, որ ոտքով է գնում: Վատն այն է, որ այն մարդը, որ ոտքով է գնում, մեղադրում է ավտոբուսով գնացողին եւ հակառակը:

Լավ կլինի, որ վանական դառնալու մասին մտածող երիտասարդներն իմանան, որ շատ մեծ է վանականի առաքելությունը, այսինքն՝ նա պետք է դառնա հրեշտակ: Քրիստոսը սադուկեցիներին ասաց, որ երկնքում հրեշտակների նման պետք է ապրենք (Մատթ. ԻԲ 30): Այդ պատճառով շատ պատվախնդիր երիտասարդներ դառնում են վանականներ եւ այս կյանքից սկսած՝ ապրում են հրեշտակակերպ կյանքով:

Բայց թող որեւէ մեկը չկարծի, որ նրանք, ովքեր վանական են դառնում, կփրկվեն նրա համար, որ պարզապես վանականներ դարձան: Յուրաքանչյուր մարդ պետք է Աստծուն պատասխան տա, թե այն ճանապարհը, որ ընտրել է, սրբացրե՞լ է, թե՞ ոչ: Ամեն տեղ պատվախնդրություն է անհրաժեշտ: Աստված չի ստեղծում աշխատասեր եւ անհաջող մարդիկ, այլ՝ ով չունի պատվախնդրություն, ինչ ճանապարհ էլ ընտրի, անհաջող կլինի, մինչդեռ պատվախնդիր մարդն ուր էլ որ գտնվի, աճում եւ զարգանում է, որովհետեւ աստվածային շնորհն իր հետ է: Կան ամուսնացածներ, որ շատ առաքինի կյանքով են ապրում եւ սրբանում են: Որեւէ ընտանիքի հայր, եթե սիրում է Աստծուն եւ հմայվում աստվածային սիրով, կարող է հոգեւոր մեծ աճ ունենալ, ինչպես նաեւ օժտել իր երեխաներին առաքինություններով, ստեղծել գեղեցիկ մի ընտանիք եւ դրա համար Աստծուց կրկնակի վարձ ստանալ:

Դրա համար ամեն մի երիտասարդ իր առջեւ պետք է նպատակ դնի պատվախնդրորեն պայքարել, որպեսզի սրբացնի այն ճանապարհը, որ պետք է ընտրի: Ուզո՞ւմ է ամուսնանալ, թող ամուսնանա, սակայն պայքարի՝ դառնալու համար ընտանիքի լավ հայր եւ ապրի սրբորեն: Ուզո՞ւմ է վանական կյանքով ապրել, թող դառնա վանական, սակայն պայքարի, որ դառնա լավ վանական: Թող չափի իր ուժերը եւ տեսնի, թե ինչ կարող է անել եւ առաջ ընթանա երկու ճանապարհներից որեւէ մեկով: Օրինակ՝ եթե մի աղջիկ տեսնում է, որ միանձնուհի դառնալու ուժ չունի, այդ դեպքում խոնարհաբար թող Աստծուն ասի. «Աստվա՛ծ իմ, տկար եմ, որպես միանձնուհի ապրել չեմ կարող, ինձ մեկին ուղարկիր, որ ինձ օգնի՝ գեղեցիկ ընտանիք ստեղծելու եւ հոգեւոր կյանքով ապրելու համար»: Եվ Աստված այդ ժամանակ նրան չի թողնի: Եթե ամուսնանա, ստեղծի մի լավ ընտանիք, ապրի Ավետարանի համաձայն, Աստված նրանից ավելին չի էլ պահանջի:

Իհարկե, կան երիտասարդներ, որոնցից Աստված չնայած որ քիչ է ուզում, սակայն նրանք, պատվախնդրությունից մղվելով, շատ են պայքարում եւ, ընտրելով վանական կյանքը, Աստծուն ավելին են տալիս: Նրանք Աստծուց կրկնակի պսակներ կընդունեն: Այսինքն՝ եթե մեկը կոչված է ամուսնական կյանքի եւ, պատվախնդրությունից մղված, ցանկանում է ամեն ինչ զոհաբերել եւ ապրել վանական կյանքով, սա շատ կհուզի Աստծուն: Միայն թե ուշադիր պետք է լինի, որ իր դրդապատճառը շատ անկեղծ լինի եւ չշարժվի հպարտությունից մղված: Ճիշտ որոշումից հետո Աստված կվերացնի բոլոր դժվարությունները:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

— Հա՛յր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է:

— Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաեւ Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի եւ չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, որ տվյալ երիտասարդն անտարբեր է եւ հետեւանքն այն է, որ անտարբեր երիտասարդը դառնում է ծույլ եւ դժբախտ: Անհրաժեշտ է, որ երիտասարդներն ուշադիր լինեն, որ այդ անհանգստությունը չանցնի սահմանը, որովհետեւ սատանան փորձում է այդ անհանգստությունը խեղաթյուրել, դարձնել պայքար եւ նրանց միտքը պահել տեւական շփոթության մեջ:

Երիտասարդները պետք է Աստծուն վստահեն իրենց անձը, որպեսզի խաղաղվեն, որովհետեւ բարի Աստված՝ որպես գուրգուրող Հայր, գործում է այնտեղ, որտեղ մենք, որպես տկար մարդիկ, չենք կարողանում գործել: Երիտասարդները չպետք է շտապեն եւ սխալ որոշումներ կայացնեն մի ճանապարհի համար, որին պետք է հետեւեն: Գիտեմ՝ երիտասարդները շատ են վրդովվում եւ փորձում են միաժամանակ բոլոր խնդիրները լուծել: Արդյունքում շփոթության մեջ են ընկնում եւ թողնում են ուսումը: Օրինակ՝ չնայած որ պետք է ավարտեն համալսարանը, չափից շատ են անհանգստանում իրենց կյանքը կարգավորելու համար, հետեւաբար իրենց ուսումից ետ են ընկնում, իսկ հետագայում ամեն ինչ իրար են խառնում: Ոչինչ միանգամից չի լինում, ոչ էլ բոլոր խնդիրներն են միանգամից լուծվում: Երիտասարդներն իրենք իրենց օգնելու համար պետք է իրենց մեջ հստակություն մտցնեն եւ ամեն ինչ դասավորեն հերթականությամբ: Սկզբից հոգ տանեն, որ ավարտեն ուսումը, հետո մտածեն աշխատանքի մասին (տղաները վերջացնեն նաեւ ծառայությունը բանակում), հետագայում այլեւս հասունացած եւ Աստծու օգնությամբ, եթե որոշել են ամուսնական կյանքով ապրել, մի լավ ընտանիք ստեղծեն, կամ եթե ընտրել են վանական կյանքը, ապրեն վանականի կյանքով:

Ուստի, այն երիտասարդներին, որոնք ուսանում են եւ ունեն նման անհանգստություններ, ասում եմ՝ քանի դեռ իրենց մեջ չի հասունացել այն, թե ինչ պիտի անեն հետագա կյանքում, թող շարունակեն իրենց ուսումը, եւ ապագայում ինչը կհասունանա իրենց մեջ, դա էլ անեն: Եթե որեւէ ճանապարհի ընտրության հարցում ունեն տրամադրվածություն, Աստված սկսում է օգնել, եւ կամաց-կամաց իրենք հստակեցնում են, թե որ կյանքն է իրենց համար, եւ հանգիստ են զգում այն ճանապարհին, որն ընտրել են:

ՕԳՆԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՀԵՏԵՎԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ

Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, սակայն հարգում է մարդու ազատությունը եւ յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը նրան հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա՝ զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձն ազատ թողնեն աստվածապարգեւ ազատության հոգեւոր ոլորտում: Երիտասարդները չեն կարողանա կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են՝ ինչ ճանապարհ է ընտրել կամ պետք է ընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցով ոչ ոքից չպետք է ազդվեն:

Ծնողները, հոգեւոր հայրերը, դաստիարակները երիտասարդներին պետք է օգնեն՝ ընտրելու այն ճանապարհը, որը նրանց հնարավորությունների սահմաններում է եւ օգնեն նրանց՝ հետեւելու իրենց իրական կոչմանը՝ առանց պարտադրելու կամ խեղաթյուրելու այդ կոչումը: Ճանապարհի ընտրությունը պետք է կայացնեն սեփական որոշմամբ: Ուրիշները միայն կարծիք կարող են հայտնել: Մեր միակ իրավունքը հոգիներին օգնելն է, որպեսզի գտնեն իրենց ճիշտ ուղին:

Երբ զրուցում եմ երիտասարդների հետ, որոնք տվյալ հարցի շուրջ խնդիրներ ունեն, եւ չնայած որ տեսնում եմ, թե նժարը որ կողմն է թեքվում, նրանց ոչինչ չեմ ասում, որպեսզի նրանց վրա ազդեցություն չունենամ: Այն, ինչ փորձում եմ անել իմ կարողության սահմաններում, նրանց օգնելն է, որ գտնեն ճիշտ ուղին եւ ներքին խաղաղությունը, որ դուրս վանեմ գոյություն ունեցող բոլոր վնասակար երեւույթները եւ թողնեմ լավը, մաքուրը, որպեսզի Աստծու ներկայության մեջ ե՛ւ այս կյանքն ուրախ ապրեն, ե՛ւ հանդերձյալ կյանքում էլ առավել ուրախ լինեն: Յուրաքանչյուր երիտասարդ, ինչ ճանապարհ էլ որ ընտրի, անկեղծորեն կուրախանամ եւ միշտ նրա հոգու փրկության համար կունենամ նույն մտահոգությունը. բավական է միայն, որ Քրիստոսին մոտ լինի՝ Եկեղեցու մեջ: Կընդունեմ նրան որպես իմ եղբայր, քանի որ կլինի մեր մայր Եկեղեցու զավակը:

Բնականաբար, ուրախանում եմ այն երիտասարդների համար, որոնք ընտրում են վանական կյանքը, որովհետեւ իսկապես իմաստուն է նա, ով հետեւում է այդ հրեշտակային կյանքին, որովհետեւ խույս է տալիս սատանայի ճանկից, ով, որպես խայծ, մարդու առջեւ աշխարհն է դրել: Սակայն բոլոր մարդկանց չես կարող նույն կաղապարի մեջ դնել: Չնայած վանականությունը կատարելության ճանապարհն է, սակայն Քրիստոսը վանական կյանքը որպես պատվիրան չտվեց, որովհետեւ չցանկացավ բոլորին պարտադրել այդ ծանր լուծը: Դրա համար՝ երբ երիտասարդը Նրան հարցրեց, թե ինչպես պիտի փրկվի (տե՛ս Մատթ. ԺԹ 16, Մարկ. Ժ 17 եւ Ղուկ. ԺԸ 18), Քրիստոսը նրան պատասխանեց՝ «պահիր պատվիրանները»: Եվ երբ նա ասաց, որ պահում է (տե՛ս Մատթ. ԺԹ 20, Մարկ. Ժ 20. եւ Ղուկ. ԺԸ 21) եւ հարցրեց. «էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ», Քրիստոսը նրան ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛ վաճառի՛ր քո ունեցվածքը ու տուր աղքատներին. եւ երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի Իմ հետեւից»: Այսինքն՝ եթե գտնում էր պատվախնդիր մեկին, նրա հետ խոսում էր կատարելության մասին: Քրիստոսը չէր կաշկանդում, չէր սովորեցնում վանական կյանքը, որովհետեւ գուցե շատերը դառնային վանականներ, եւ այդ քայլը վատ ավարտ ունենար մարդկանց համար: Միայն ակնարկեց, եւ երբ եկավ պատշաճ պահը, առաջացավ վանականությունը:

Շարունակելի

Հունարենից թարգմանեց

Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s