ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՎԱՏ

Սկիզբը՝ 2012 Հունիս Բ-Հուլիս Ա
Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Ըստ սբ վարդապետների` հավատը, որքան էլ զորեղ, հաստատուն, որքան էլ աներեր, վսեմ ու անսասան, ոչ մի արժեք չունի, եթե մնում է սոսկ իբրեւ դավանություն եւ չի զարդարվում աղոթքով, բարի գործերով, սիրով, ողորմությամբ եւ մյուս առաքինություններով:
— Հավատքը եւ գործերը հոգեւոր կյանքի երկու ոտքերն են, որոնցով անշեղորեն պետք է ընթանա մարդու հոգեւոր կյանքը: Այսպիսով` ուղղափառ դավանություն եւ բարի գործեր. երկուսից որեւէ մեկի վնասվելու պարագայում մարդը կկաղա: Եթե մարդն ունի հավատք, սակայն նրա հավատքը գործեր չունի, ապա այդպիսի հավատքը, ինչպես առաքյալն է ասում (Հակ. Բ 26), մեռած է, այսինքն` ոչ ոքի եւ ոչ մի բանի պետք չէ: Ավելին` Հակոբոս առաքյալը խտացնում է գույները` ասելով. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դեւերն էլ են հավատում եւ դողում…»: Այսինքն` լավ է, որ հավատում ես, բայց դա քիչ է. չէ՞ որ դեւերն էլ են հավատում, որ կա Աստված, բայց ի՞նչ օգուտ, որ ոչ մի բարի գործ չունեն: Հետեւաբար` հավատալ եւ բարին չգործել կնշանակի նմանվել դեւերին: Մյուս կողմից` չհավատալ եւ բարին գործել — մեծ հաշվով կեղծավորություն է. անհնար է, որ մարդն ի սրտե առաքինագործի, երբ որ սրտով Աստծու հետ կապված չէ, երբ որ իր մեջ չունի հավերժական Էակին: Նման մեկն ուղղակի չի կարող Հույս ունենալ. իսկ Հույսը պետք է անսահման լինի, որպեսզի իր երկրավոր կյանքի ողջ ընթացքում առաքինություններ արարի: Ուրեմն` հենց մեր ուղղափառ հավատքից են մեր մեջ ծնվում բարի գործերը: Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ կա Աստված, Աստծուն իր մեջ ունենալ, սիրել ամեն բանից ավելի, պաշտել, հասկանալ, որ Աստված այս-այս բաները պահանջեց մարդուց եւ… այդ բոլոր պահանջները անտեսել:
— Տե՛ր հայր, շատերին հետաքրքրում է, թե այդ դեպքում ինչո՞ւ, ինչպե՞ս «Աբրահամը հավատաց Աստծուն, եւ այդ նրան որպես արդարություն համարվեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչվեց» (Ծննդոց ԺԵ 6):
— Սուրբ Գրքում շատ են այնպիսի դրվագները, որտեղ շեշտադրվում է հավատքի մեծության, հավատքի կարեւորության հանգամանքը: Ծննդոց գրքի այդ նախադասությունը, որը տարբեր առիթներով հիշատակում են թե՛ Հակոբոս եւ թե՛ Պողոս առաքյալները, առավելաբար Աբրահամի հավատքի մեծությունն ընդգծելու նպատակ ունի: Չէ՞ որ Աբրահամին, հավատքի հայր կոչեցին հետագա բոլոր սերունդները: Եվ այսօր էլ Աբրահամի հավատքը մի տեսակ հավատքի չափորոշիչ է բոլորիս համար: Բայց դա չի նշանակում, որ Աբրահամի հավատը գործեր չուներ: Դրանցից միայն մեկն էլ, որի մասին հիշատակում է նույն առաքյալը, բավական է` համոզվելու համար, թե միայն հավատով չէ, որ արդարացավ Աբրահամը: Ասում է. «Աբրահամը` մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ` սեղանի վրա հանելով իր որդուն` Իսահակին, որպես զոհ: Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, եւ գործերով էլ հավատը կատարյալ դարձավ» (Հակ. Բ 21-22): Այո՛, խիստ «առարկայացնելով» սուրբգրային հայտնի դրվագի խորհուրդը, ոմանք ասում են, թե Աստված խոստացել էր Աբրահամին, որ երկնքի աստղերի չափ պիտի բազմացնի նրա սերունդը, եւ նա հավատում էր, որ Աստված մեռելներից անգամ կարող է հարություն տալ իր որդուն, դրա համար էլ տարավ նրան զոհաբերության… Բայց անգամ այսպես` պարզունակ մտածելու պարագայում ակնհայտ է մի կողմից անսասան հավատքի առկայությունը, մյուս կողմից այն, որ այդ հավատքն ուղղակի շաղախված է գործի հետ: Եվ Պողոս առաքյալն էլ այդ դրվագը ներկայացնելիս առավելաբար նպատակ ունի շեշտելու հավատքի կարեւորությունը, բայց ոչ` հակառակ գործերի, այլ մաքուր հավատքի մեծությունը: Հասկանալի է` այստեղ առաջնահերթությունը տրվում է հավատքին, սակայն, կրկնում եմ, ոչ ոք չի կարող ասել, որ Աբրահամի հավատքը մեռած էր. այդ հավատքը գործնական հավատք էր: Եվ սա միայն մեծ անհատներին չի վերաբերում, այլեւ լայն առումով` մարդկային հավաքականությանը` ազգերին: Օրինակ` եթե մենք հայոց ազգի Մեծ դարձը, որպես գործ, «մեջտեղից հանենք», ինչպե՞ս կարող ենք հասկանալ սբ Գրիգոր Լուսավորչի հավատքը: Չէ՞ որ նրա անսահման զորեղ հավատքն էր, որ Գործ դարձավ մի ամբողջ ազգի համար:
— Այդ դեպքում փորձենք պարզել` որո՞նք են հավատքի գործերը:
— Նախ պետք է փնտրել եւ գտնել Աստծուն: Եթե մի մարդ Աստծուն չի գտել իր մեջ, իր հոգու խորքում, իր սրտի ամենանվիրական ծալքերում, ուրեմն ոչ մի տեղ չի կարող հայտնաբերել, ինչպես Քրիստոսն ասաց. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե` ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է»: Այսինքն` նախ եւ առաջ պետք է փնտրենք մեր մեջ: Երբ որ մենք անկեղծ ու մաքուր հավատքով դառնում ենք առ Աստված, մեզանում աստիճանաբար արգելակվում է մեղքը, քայքայվում են չար սովորությունները, եւ առաքինությունն է հիմնավորվում ու պտղաբերում: Մասնավորաբար, հենց որ մարդն Աստծուն պաշտեց, հոգով-սրտով հավատաց, նա պիտի սկսի այլեւս խուսափել մեղքից: Հետեւաբար մեղքը վերացնելը շարունակական ջանք է պահանջում, եւ այդ ջանքը հենց հավատքով պետք է զորանա ու արդյունք տա: Մենք հիմա խոսում ենք հավատքի գործերի «այբուբենի» մասին: Բայց, հավատացեք, ամեն ինչ հենց այդ այբուբենից է սկսվում. մարդը չէր աղոթում, նման բաներից անտեղյակ էր` հիմա մանկան պես պետք է ձեռքը վերցնի «Հայր մեր»-ի տեքստը եւ ամեն օր ընթերցի, «Հայր մեր»-ով սկսի ու ավարտի Աստծու ամեն մի օրը: Աստվածաշունչը երբեւէ ձեռքը չէր վերցրել` հիմա ամեն օր պիտի կարդա: Երբեւէ մտքով չէր անցել ողորմություն անել` հիմա առիթը չպետք է բաց թողնի, երբեւէ պաս չէր պահել, մտքով էլ չէր անցել` պիտի սկսի պաս պահել… եւ այսպիսով պիտի աստիճանաբար հաստատվի առաքինությունների մեջ, առաքինագործելը նրա բուն կենսակերպը պիտի դառնա…
— Եվ այդ ամենը, տե՛ր հայր, անշուշտ, պիտի լինի անկեղծ մղումով, այլ ոչ թե ի ցույց… Նոր Կտակարանում բազմաթիվ օրինակներ կան, երբ որ Քրիստոսն Իր բժշկումներն իրականացնում է անկեղծ հավատքի առկայությամբ պայմանավորված` «Ըստ քո հավատքի թող քեզ լինի»:
— Անկեղծությունը հենց ճշմարիտ հավատքից է բխում: Իսկ կեղծավորությամբ, եթե անգամ այն երկար ժամանակ «ջրի երես» դուրս չգա, միայն մարդկանց կարող ես խաբել, բայց ոչ Աստծուն: Մարդու ճակատին կարող են նրան գովել, ասել, որ բարեպաշտ է, սուրբ է: Բայց իրականում այդ պահին իսկ մարդը գահավիժել է մեղքի անդունդը: Եվ եթե նա հավատք չունենա ու իր մեղավոր վիճակը չճանաչի, սկսելու է կեղծավոր ընթացքով ընթանալ: Ինչո՞ւ. որպեսզի իր երկրավոր դրությունը «բարելավի», հեղինակությունը բարձր պահի, բարեպաշտ ու սուրբ երեւա մարդկանց: Մարդկանց, բայց ոչ Աստծու առաջ: Նմաններին ասում են մարդահաճո, որը նույն կեղծավորությունն է: Եվ ահա սրանց կողքին` Մաշտոց, Նարեկացի, Շնորհալի… սրբակենցաղ, աստվածային շնորհներով առատորեն լեցուն այլ անձինք, որ Եկեղեցու մանուկներին սնել են եւ դարեր շարունակ սնում են հոգեւոր կերակուրով, այսպիսի մարդիկ ինչպե՜ս են իրենք իրենց խարազանում, եւ սա ի ցույց չէ, այլ իրապես անկեղծ սրտի զղջում: Եթե նրանք անկեղծ հավատավոր չլինեին, պիտի գոհանային իրենց հեղինակությամբ: Ոչ թե մեղայականով պիտի ներկայանային Աստծու առաջ, այլ առակի փարիսեցու պես պիտի ասեին` շնորհակալ եմ Քեզնից, Տե՛ր, որ ինձ այսքան շնորհքներ ես տվել… Բայց ճիշտ հակառակն ենք տեսնում. որքան հավատքը մեծ է, գործը՝ արդար, կյանքը՝ առաքինի, սիրտը՝ անկեղծ ու մաքուր, այնքան մեղայականով են ներկայանում այս մարդիկ։ Ինչո՞ւ. որովհետեւ անկեղծ հավատացյալներ էին Աստծո առաջ:
— Տե՛ր հայր, գաղտնիք չէ, որ կա զորեղ հավատք եւ կա թույլ կամ ոչ այնքան զորեղ հավատք: Հավատն ունի՞ հասունանալու հատկություն:
— Եթե կուզեք` ամենահասուն ու զորեղ հավատքը «պարզունակ» հավատքն է` մանկան հավատքը, եւ Քրիստոսը հենց այդպիսի հավատք պահանջեց` մաքուր, ջինջ, անխառն, միամիտ ու բոլորանվեր… Սակայն հավատքի դրսեւորման ասպարեզում, իհարկե, չափազանց կարեւոր է հավատքի գիտությունը: Եթե մարդը հավատքի գործադրման ճանապարհների մասին գիտելիք չունի, եթե չի սովորել Աստվածաշնչից ու սբ վարդապետներից, նրա հավատքի ընթացքի մեջ բազում խոչընդոտներ մեջտեղ կգան, եւ հնարավոր է, որ մարդը վհատվի: Վհատվեց` հավատքը կորավ: Ուրեմն` չափազանց կարեւոր է հավատքի ուղղափառ գիտությունը, որը մեզ շրջահայաց է դարձնում, դարձնում է համբերող, կյանքի դժվարին պահերին մեզ ուժ է տալիս չվհատվելու, հասկանալ է տալիս, թե որ դեպքում ինչպես պետք է մտածել ու գործել: Սա շատ կարեւոր է: Ես կասեի` գիտակցված հավատքն է հասուն հավատքը: Սա կարելի է անվանել նաեւ հավատքի փորձառություն:
— Անհավատ մարդը ինչի՞ց է զրկվում:
— Սբ Գրիգոր Տաթեւացին ասում է` «Հավատքը մտքի լույսն է»: Ուստի հավատ չունեցող մարդը զրկված է նախ մտքի լույսից: Հավատը հոգու այն աչքն է, որով մենք տեսնում ենք Աստծուն: Եթե հավատ չունենք, ուրիշ որեւէ ձեւով չենք կարող տեսնել Աստծուն: Դրանից մեծ զրկանք կարո՞ղ է լինել մարդու համար: Բացի ամեն ինչից` անհավատությունը նաեւ չափազանց վտանգավոր մոլություն է, որովհետեւ անհավատությունից կարող է ծնվել ցանկացած մեղք ու պղծություն, որովհետեւ բոլոր մեղքերն արգելողն Աստված է: Եվ եթե մարդն անհավատ է, ուրեմն զրկված է Աստծո երկյուղի մեծ շնորհից, ուստի անդադար մեղանչող է:
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s