«Որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ՝ ուրա՛խ եղեք, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Ա Պետ. Դ 13)

Ուրախություն եւ տխրություն, վիշտ ու ցնծություն, թախիծ ու բերկրանք, արցունք եւ ժպիտ, ի վերջո` կյանք եւ մահ: Հակադիր երեւույթների մի ողջ շղթա, հակադիր եւ նույնքան ներհակ ու անբաժան, որ ուղեկցում են աստվածաստեղծ մարդուն ողջ կյանքի ընթացքում: Իրապես, մեր կյանքում թախիծն ու ուրախությունը, վիշտն ու բերկրանքը ներդաշնակ կերպով հաջորդում են միմյանց: Առանց տրտմության չկա ուրախություն, առանց ցավի` ամոքում եւ բուժում. «Ամեն բանի ժամանակը կա, եւ աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ….լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը…»,- ասում է Սողոմոն իմաստունը (տե՛ս Ժողովող Գ 4): Ուրեմն՝ մարդուս երկրավոր կյանքը լի է ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր օրերով: Որեւէ հողեղեն էակ զերծ չէ վշտից ու փորձություններից, քանզի ցավն ու տառապանքը, վիշտն ու խռովքը հետեւանք են մեղքով մթագնված մարդկային բնության անկատարության: Այս կյանքում մեզ վիճակվում է ե՛ւ վիշտ տեսնել, ե՛ւ վախ զգալ, ե՛ւ թախծել, ե՛ւ վհատվել, ե՛ւ մենակություն ապրել… Կարող է թվալ, թե մեր տառապանքներն անարդարացի են: Բայց քրիստոնեության կենարար լույսով լուսավորված եւ Քրիստոսի փրկարար պատվիրաններով առաջնորդվող մարդը գիտակցում է, որ առանց չարչարանքների ու տառապանքի չկա հաղթանակ, որ առանց խաչելության չկա հարություն, քանզի յուրաքանչյուր ոք այս կյանքում ի՛ր խաչի ճանապարհն ունի անցնելու: «Եթե մեկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա Իմ հետեւից…»,- ասում է Տերն Ավետարանում (Մատթ. ԺԶ 24-25): Քրիստոսի ճշմարիտ հետեւորդն այս կյանքում չի կարող զերծ լինել փորձություններից ու նեղություններից, որովհետեւ «նեղ է դուռը, եւ փշոտ` ճանապարհը», որ դեպի Կյանք է տանում. փրկության այլ ճանապարհ չկա: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում ոտք է դնում իր Գեթսեմանին եւ բարձրանում իր Գողգոթան: Իհարկե, մեր Գեթսեմանին եւ Գողգոթան համեմատելի չեն Տիրոջ Գեթսեմանիի եւ Գողգոթայի հետ, քանզի փորձությունները յուրաքանչյուրին ուղարկվում են ուժերի ներածին չափով: Բայց առ Աստված ունեցած հույսն ու հավատն են ուժ եւ կարողություն շնորհում մարդուն` տոկալու եւ դիմանալու կյանքի հասցրած տարատեսակ փորձություններին ու դժվարություններին, նեղություններին, որոնք քրիստոնյա մարդու «փառքն են», ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում (տե՛ս Եփես. Գ 13): Պատկերացնենք, որ մեր կյանքում միայն լուսավոր եւ ուրախ օրեր լինեին` զուրկ ամեն տեսակ հոգսերից ու դժվարություններից. մի՞թե այդ դեպքում մենք կգնահատեինք ու կարժեւորեինք այն, ինչ ունենք: Մինչդեռ կյանքում հանդիպող դժվարություններն ու տարաբնույթ փորձություններն իմաստ են հաղորդում մեր կյանքին։ Օրինակ` երկարատեւ հիվանդությունը հաղթահարելուց ու առողջությունը վերագտնելուց հետո է միայն մարդը վերարժեւորում ու գնահատում իր առողջությունը, կամ ժամանակավոր նեղությունների ու փորձությունների դեմ երկարատեւ պայքարից հետո է միայն գիտակցվում իրական հաղթանակի բերկրանքը, որն առանց պայքարի չէր կարող նվաճվել: Ինչպես անթափանց խավարին հաջորդած պայծառ լույսն է լուսավորում մարդու ողջ էությունը` պարգեւելով լույսը գնահատելու իրական բերկրանքը, այնպես էլ երկարատեւ դժվարությունների հորձանուտից դուրս գալուց հետո է միայն մարդն իրապես գնահատում ու արժեւորում խաղաղության ու անդորրի թեկուզ ժամանակավոր բերկրանքը, քանզի մարդու կյանքը երկրի վրա փորձություն է (Հոբ Է 1), պայքար` ամեն տեսակ դժվարությունների ու նեղությունների դեմ, որոնցից չի խուսափի ոչ մի հողեղեն էակ: Միայն ուժեղ մարդը կարող է տոկալ կյանքի հասցրած հարվածներին, իսկ ուժեղ մարդը քրիստոնյա մարդն է, ում հույսն ու հավատը, ուժն ու կարողությունը իր երկնավոր Հորից` Աստծուց են լոկ, Ով Իր հետեւորդներին ասում է. «Քո նեղության օրը կանչիր Ինձ, Ես կփրկեմ քեզ, ու դու կփռաբանես Ինձ» (Սղմ. ԽԹ 15), նաեւ՝ «Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված` պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած` պիտի ասեմ, թե՝ ի՞նչ եք ուզում» (Եսայի ԿԵ 24): Քրիստոնյա մարդուն զորացնում եւ ուժ է տալիս նաեւ մահվանից հետո կյանքի գոյության հանդեպ հավատը, հավիտենության գոյության անժխտելի փաստը: Նա գիտի, որ համբերությամբ ու Տիրոջ կամքին որդիական հնազանդությամբ, դժվարությունների ու վշտերի մեջ անկոտրում կամքի, աներեր հավատի, առ Աստված ունեցած վստահության շնորհիվ ինքը կարժանանա Աստծո ողորմածությանն ու բարեհաճությանը, քանզի Տերն Ինքն ասաց. «Ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. ԻԴ 13): Միեւնույն է` եթե տրտնջանք ու դժգոհենք մեզ բաժին հասած խաչի ծանրությունից, ոչ մի օգուտ չենք ունենա` վնասից բացի: Տերը մեր ուժերից վեր փորձություն մեզ չի տալիս, այլ «փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս» (տե՛ս Ա Կորնթ. Ժ 13), այնպես որ պատվով ու արժանապատվությամբ կրենք մեր խաչը: Մեկի համար այն կարող է լինել ծանր հիվանդությունը, ֆիզիկական արատը կամ թերությունը, մյուսի համար` զավակի անժամանակ մահը, երրորդի համար` գուցե ծնողի ծանր հիվանդությունը եւ այլն (ամեն մարդ ինքը գիտի իր խաչի ծանրությունը): Մենք մեր Տիրոջ օրինակով պիտի կրենք մեր խաչը: Մեր Տերը մարդկության փրկության համար խաչի անարգ մահը հանձն առավ. Նա Իր խաչելությամբ եւ հրաշափառ հարությամբ մարդկային ազգին ազատագրեց մեղքի ու մահվան կապանքներից` մարդկության առջեւ վերստին բացելով երկնքի արքայության ճանապարհը: Աստվածորդին, լինելով անմեղ ու անարատ, հանուն մեղավոր մարդկության փրկության, խոնարհաբար կրեց Իր խաչը` մեզ օրինակ լինելով: Իսկ մենք ոչ միայն մաքուր չենք մեղքից, այլեւ հաճախ ամենափոքր նեղությունն իսկ չենք կամենում անտրտունջ կրել` հայացք չձգելով մեր ընթացքին ու հետեւություններ չանելով մեզ պատահած փորձություններից: Տիրոջ օրինակը խիստ մխիթարական կարող է լինել մեզ համար, եթե միայն այն միշտ մեր աչքի առջեւ ունենանք: Ուրեմն դժվարությունների եւ նեղությունների մեջ մեր մարդկային բնության թուլությունները կկարողանանք հաղթահարել միայն Տիրոջ օրինակին հետեւելով, Ով Գեթսեմանիի պարտեզում Իրեն հանձնեց երկնային Հոր ողորմածությանը եւ Աստծո փրկարար նախախնամությանը` հեզորեն ասելով. «Բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ՝ ինչպես Դու» (Մատթ. ԻԶ 39): Մենք պիտի փորձենք մեր կյանքի ամենադժվարին պահերին որդիական խոնարհությամբ հնազանդվել աստվածային սուրբ կամքին` չկորցնելու համար մեր հոգու խաղաղությունն ու ներքին ներդաշնակությունը: Այդժամ միայն հոգեպես կզորանանք Աստծուց` պատրաստ անցնելու խաչի մե՛ր ճանապարհը` միշտ հիշելով, որ խաչելության խավար ուրբաթին միշտ հաջորդում է պայծառ ու լուսավոր Հարության կիրակին: Ուրեմն՝ առանց խաչելության չկան հարություն եւ կյանք: Նաեւ՝ առավել հեշտությամբ կկրենք մեր խաչը, եթե մեր կյանքի ամնեաողբերգական պահերին մեծ ճիգերի գնով անգամ փորձենք ժպտալ՝ հանդերձյալի անխախտ հույսն ունենալով մեր սրտում: Ժպիտը շատ է մխիթարական եւ օգնում է հույժ:
Կյանքը հավերժական է, այն չի սպառվում ժամանակավոր՝ երկրային գոյությամբ: Մարդկային գոյության ճշմարիտ եւ վերջնական նպատակը Աստծո հետ միավորությունն է հավիտենության մեջ: Ու թող ներկայիս փոքրիկ նեղությունները պատճառ չլինեն, որ մենք զրկվենք երանավետ հավիտենական կյանքից, որին թող բոլորս էլ արժանանանք Տիրոջ ողորմությամբ ու շնորհով՝ միշտ հիշելով, որ փոքր վշտերի ու նեղությունների դիմաց Նա հարյուրապատիկ վարձատրում է մարդուն հանդերձյալում: Փոքր է նեղությունների ու փորձությունների ժամանակը, բայց մեծ է հանգիստը հավիտենության մեջ, ժամանակավոր է նեղությունների չարչարանքը, եւ հավիտյանս հավիտենից է հանգիստը փափուկ դրախտում: Ուրեմն համարձակորեն մինչեւ վերջ անտրտունջ անցնենք խաչի մեր ճանապարհը. խաչվենք Քրիստոսի հետ, որպեսզի Նրա հետ էլ վայելենք հաղթական փառքը երկնքում…
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s