Ժամանակները տագնապալի էին։ Բոլորն սպասում էին պարսկական արշավանքին։ Ամենուրեք փախստականներ էին՝ պարսիկներից սարսափահար եղած։ Նույնիսկ նոյեմբերի 13-ին Սբ Գայանեից Աբրահամ Կրետացու հետ միասին վերադարձող միաբանները կարողացան վանք վերադառնալ՝ բազում աղաչանքով եւ հինգ ոսկի տալով։ Հարկավոր էր շտապ կատարել կաթողիկոսի ընտրությունը, եւ միաբանները միակարծիք հարմար գտան Աբրահամ Կրետացուն, չնայած նա ընդամենը երեք ամիս էր, որ գտնվում էր Մայր Աթոռում։ Կրետացին համաձայն չէր. նա չէր կամենում հայրապետական բեռի տակ մտնել։ Միաբանները, ի վերջո, կառավարության միջոցով գործը հաջողեցին։ Աբրահամ Կրետացին այլեւս չէր կարող չհնազանդվել պետական հրամանին։ Կրետացուն հինգ-վեց վարդապետներով տարան Երեւան, որտեղ նա փորձ արեց հրաժարվել կաթողիկոսությունից՝ պատճառաբանելով, թե անկարող է եւ Էջմիածնին օտար։ Սակայն Երեւանի թուրք կառավարիչը որոշեց, որ Աբրահամ Կրետացին լինելու է կաթողիկոս։ Եվ դա եղավ 1734 թ. նոյեմբերի 14-ին, այսինքն՝ Աբրահամ Խոշաբեցու մահվան չորրորդ օրը։
Սարգիս Սարաֆյանը գրում է, որ ինքն է եղել Աբրահամ Կրետացուն ընտրության համար հարմար թեկնածու առաջադրողը՝ չնայած որոշ սինոդականների դեմ լինելուն։ Թեեւ Աբրահամ Կրետացին իր գրած պատմության մեջ ո՛չ Սարաֆյանին է հիշում եւ ո՛չ էլ՝ ընդդիմադիր միաբանների։ Ուստի ճիշտ է Մ. Օրմանյանը, որ շատ էլ վստահելի չի համարում Սարգիս Սարաֆյանի տեղեկությունները։ Մայր Աթոռի միաբանները միաձայն որոշեցին Կրետացուն կաթողիկոս ընտրել, որը տեղի ունեցավ 1734 թվի նոյեմբերի 24-ին՝ Հիսնակաց կիրակի օրը։ Նոյեմբերի 25-ին արդեն Աբրահամ Կրետացին եպիսկոպոսական ձեռնադրություն է կատարում, որոնց մեջ էր Սարգիս Սարաֆյանը։ Սարգիսը վանքում մնաց մինչեւ 1735 թվի գարունը։
Ծանր էր կացությունը։ Փողի մեծ պակասություն կար, Նադիրը պաշարել էր Գանձակը, իսկ օսմանյան վեզիր Քյոփրյուլի Աբդուլլահ փաշան Ամիդից մեծ բանակով շարժվում էր դեպի Բայազետ եւ Կարս։
Նադիրն իր արշավանքը հաջողությամբ ավարետեց 1735 թվին։ Ապրիլին Գանձակից արշավեց Կարս՝ Լոռու եւ Ղազախի վրայով, սակայն պարենի եւ դարմանի պակասի պատճառով գնաց Արարատյան դաշտ։ Կաթողիկոսը որոշեց Նադիրին ընդառաջ գնալ։ Մայիսի 27-ին նա Էջմիածնից մեկնում է ընծաներով, ամենայն պատրաստությամբ եւ Հովհաննավանքում գիշերելով՝ հաջորդ օրը հասնում Նադիրի բանակատեղի՝ Ապարանի մոտ գտնվող Շիրաղալա կոչված գյուղ։ Մայիսի 29-ին նա ներկայանում է Նադիրին, որը նրան սիրով է ընդունում՝ զինվորական պատիվներով։ Երեք օր պահում է մոտը՝ դարձնելով իր սեղանակիցը, ուրբաթ օրը նրան արձակում է, իսկ մայիսի 31-ին բանակ դնում Էջմիածնի մոտ։ Կաթողիկոսն անմիջապես դուրս չի գալիս նրան դիմավորելու, ինչն առաջ է բերում Նադիրի զայրույթը։ Կաթողիկոսը վախենում է եւ որոշում այցելել Նադիրին։ Նա փորձում է իր չգալը բացատրել տեղական սովորույթներին ծանոթ չլինելով եւ հայտնում, որ պատրաստ է պատիժը կրելու։ Նադիրը մեղմանում է, առավել եւս, որ ինքն էր հաստատել Աբրահամ Կրետացու կաթողիկոսությունը։ Մահվան սպասող կաթողիկոսին խալաթ են հագցնում։ Նադիրն առաջարկում է, որ կաթողիկոսը գնա ու գա միաբանների հետ՝ իրեն հանդեսով դիմավորելու։ Կաթողիկոսը եկեղեցական թափորով առաջնորդում է Նադիրին Մայր Աթոռ, նրան բացատրություններ տալիս եւ Նադիրի հրամանով ժամերգություն անում։ Կրետացին անգամ բանախոսում է թուրքերեն։ Նադիրը, նվեր տալով, գոհունակությամբ մեկնում է՝ խոստանալով հատուցել վանքի արտերին պատճառած վնասը։ Հաջորդ օրը Նադիրն իր ավագանուն ուղարկում է վանքը տեսնելու, ինքն էլ կրկին այցելում է վանք, մեծարվում կաթողիկոսի կողմից եւ իր հերթին քաջալերում նրան, որ նա պատերազմներից չվախենա։ Նադիրն այս անգամ հաստատվել էր Փարաքարում, ուր հունիսի 3-ի երեկոյան կաթողիկոսը գնում է նրան այցելության եւ մատուցում նվերներ։
Հունիսի 7-ին Քյոփրյուլի փաշան իջնում է Եղվարդի դաշտ, իսկ Նադիրը, կանանոցն ուղարկելով Թավրիզ, բանակ է դնում Ախիթեփեում։ Հաջորդ օրը ճակատամարտն սկսվում է, եւ Նադիրը, օգտագործելով իր հարմար դիրքը, փայլուն հաղթանակ է տանում՝ ընդամենը 18000 զինվորով կոտորելով 40000 թուրք ասկյարի, այդ թվում նաեւ՝ հրամանատար վեզիրին, Սարը Մուսթաֆա զորավարին եւ երկու այլ փաշաների։
Ոմանք, իբրեւ հաղթանակի օր, նշում են հունիսի 14-ը։ Կաթողիկոսը հունիսի 10-ին մեկնում է Եղվարդ՝ շնորհավորելու Նադիրին՝ հաղթանակի առթիվ։ Դաշտը ծածկված էր դիակներով։ Մի կիսամեռ հայի գրաստով տանում է Աշտարակ եւ մյուս օրը վերադառնում Էջմիածին ու տեսնում վանքին ապաստանած շատ վիրավորների։ Կաթողիկոսը կարգադրում է բոլոր վիրավորներին՝ հայ, թուրք թե հոռոմ, խնամք տանել։
Նադիրը պաշարում է Երեւանը, իսկ ինքը բարձրանում Գեղարդի եւ Ծաղկաձորի բարձունքները՝ հանգստանալու։ Նա Եղվարդի կողմերը վերադառնում է միայն Աստվածածնի բարեկենդանին, այլ խոսքով՝ օգոստոսի 10-ին։ Իր մոտ է հրավիրում կաթողիկոսին, դարձնում սեղանակից, սակայն կաթողիկոսը պահքի պատճառով միայն մեղր եւ քաղցրավենիք է ուտում, ինչը ստիպում է Նադիրին իր առջեւ դրված փլավից մի աման լցնել տալ ու նրա հետ դնել, երբ նա նավակատիքի շաբաթ օրը, այսինքն՝ օգոստոսի 16-ին, վանք է վերադառնում։ Երբ Նադիրը գնում է Կարսը պաշարելու, կաթողիկոսը նրա հանձնարարությամբ հիշատակի գմբեթ է կառուցում Եղվարդի բլրի վրա, որտեղ հաղթանակի օրը գտնվել էր Նադիրի վրանը։ Պարսկական արշվանքն ստիպեց թուրքերին հաշտություն խնդրել։ Հաշտությունը կնքվեց 1735 թվի սեպտեմբերին, որով կողմերի միջեւ նախկին սահմանը վերականգնվեց, եւ Երեւանն անցավ պարսիկներին։
Նադիրը եւ Աբրահամ Կրետացին խիստ մտերմացան։ Երբ Նադիրը Կարսի պաշարումը վերացրեց եւ Երեւանը գրավեց, ուղեւորվեց Տփղիս ու իր մոտ հրավիրեց կաթողիկոսին։ Կրետացին մեկնեց հոկտեմբերի 1-ին եւ 27-ին տեղ հասավ։ Նադիրը նրան հայտնեց, որ կաթողիկոսն իր յուրայինների համար կարող է ամեն խնդրով դիմել եւ շատ հրովարտակներ տվեց նրան՝ թվով 35-ից ավելի։ Նադիրը հաստատեց յոթ գյուղերի՝ Էջմիածնի, Մաստարայի, Ֆռանկանոցի, Օշականի, Ղրաղլուի, Դիպաքլուի եւ Չելեբիղշլայի (սա նաեւ Քեշիշքյանդ էր կոչվում)՝ Մայր Աթոռին պատկանելը։ Խորասան քշվելիք 300 տփղիսեցի ընդամենը կաթողիկոսի խնդրանքով մնաց իր տեղում, իսկ Խորասան փոխադրվելիք 300 արարատցի ընտանիքի նույնիսկ գոմեշներ ու դրամ տրվեցին։ Թուրքահայությունից ուխտի եկողները կամ առեւտրականները ազատ երթեւեկելու կոնդակներ ստացան, որոնք հաղորդվեցին Կարսի, Կարինի, Եվդոկիայի, Բայազետի, Վանի եւ Բաղեշի առաջնորդներին։ Հրովարտակ տրվեց կաթողիկոսին, որ տեղերի կառավարիչներն առանց նրա գիտության իրավունք չունեն ժողովրդից նոր տուրքեր հավաքելու։ Կաթողիկոսը ողջունում է Երեւանի փողերանոցի բացվելը, քանի որ փողը խիստ պակասել էր։ Կրետացին այնուհետեւ գնում է Սանահին, Հաղպատ ու Հաղարծին եւ վերադառնում Երեւան ու Էջմիածին։ Շուտով Նադիրը նրան հրամայում է գալ Մուղանի դաշտ։ Հաշվի չէր առել, որ եղանակը ձմեռային էր, եւ վրանի տակ ապրելը՝ խիստ անհարմար։
Խնդիրը նոր գահակալ օծելն էր, քանի որ Թահմազը մեռել էր կամ սպանվել աքսորում, իսկ նրա մանկահասակ որդի Աբասը նույնպես մեռել կամ սպանվել էր։ Նադիրն ընդամենը խնամակալ էր, եւ գահը թափուր էր։ Մուղանում շուրջ 100 հազար մարդ հավաքվեց։ Կրետացին Մուղան հասավ 1736 թ. հունվարի 3-ին՝ 6 վարդապետի հետ միասին, որոնց միացել էին 1 քահանա, 2 սարկավագ, 1 գրագիր եւ այլ անձինք։ Նա Էջմիածնից մեկնեց Խորվիրապի, Աստապատի, Երնջակի, Ագուլիսի եւ Ղարադաղի ճանապարհով։ Նրան էլ եղեգնյա տաղավար տվեցին։ Հունվարիի 6-ին կատարում է Ծննդյան տոնը, իսկ Երասխի վրա՝ ջրօրհնեքը։ Ձնից նեղվելով՝ կամենում է Դիզակ գնալ, բայց լուր ստանալով Նադիրի գալստյան մասին՝ կրկին վերադառնում է Մուղան։ Հունվարի 15-ին ներկայանում է Նադիրին եւ երեկոյան հրավիրվում խորհրդակցության։ Գալիս են օտար հյուրեր, հունվարի 22-ին՝ Նադիրի եղբայրը՝ Իբրահիմ խանը։ Նույն օրը Կրետացին նվերներ է ստանում Նադիրից, որ զարմացնում է շատերին, որոնք գալիս են նրան շնորհավորելու։ Փետրվարի 3-ին տեղի են ունենում բայրամի հանդեսները։ Նադիրի կողմից պատգամավորներ են գալիս եւ ասում, որ Նադիրը ծերացել է, կամենում է գնալ Խորասան եւ աղոթքների մեջ անցկացնել կյանքը, եւ հարցնում, թե հրավիրյալներն ո՞ւմ են ուզում տեսնել երկրի կառավարիչ։ Իհարկե, բոլորը կամենում են Նադիրին։ Վերջինս երեք պայման է դնում. եթե հին շահերի ցեղից որեւէ մեկը հայտնվի, նրա կողմը չանցնեն, իր մահից հետո իր ընտանիքի եւ զավակի հետ չթշնամանան եւ սյուննիների հետ կրոնական հակառակություն չանեն։ Փետրվարի 6-ին նա ձեւ արեց, թե չի ուզում երկրին թագավորել եւ ի վերջո տվեց իր համաձայնությունը։
Մուղանում Աբրահամ Կրետացին արժանացավ բազմաթիվ պատիվների եւս։ Փետրվարի 10-ին Նադիրը հայտարարեց, որ իր եղբայր Իբրահիմը նշանակված է Ատրպատականի, Հայաստանի ու Վրաստանի ընդհանուր կուսակալ, Մահմուդ խանը, որ մինչ այդ Հերաթում էր, Երեւանի կուսակալ, եւ կաթողիկոսին հայտնվեց, որ նրանց հրաման է տրված նրա բոլոր առաջարկներն անխափան կատարել։ Այդ հանդիսությունը ոմանք դնում են Նովրուզի տոնին, մինչդեռ Կրետացին պարզ գրում է, որ հանդիսությունները եղել են Ռամազան բայրամին։ Իրոք, Նովրուզը գարնան գիշերահավասարի օրն է եւ չէր կարող տեղի ունենալ փետրվարի 3-ին։
Փետրվարի 10-ից սկսում են նվերներ տալ, իսկ դրանց հետ էլ՝ գերիներ։ Դրանցից 7000-ը վրացի ու հայ էին՝ խառը։ Ոմանց կին էին տալիս, ոմանց՝ աղջիկ կամ տղա։ Փետրվարի 21-ին կաթողիկոսին զգեստներ ու գոտի նվիրեցին եւ նաեւ՝ ազնիվ մանտիլ, որն ըստ պարսից ծեսի՝ փաթաթեցին նրա վեղարին։ Մյուս հայերին էլ են նվերներ տալիս, բայց քրիստոնյաներին գերիներ չեն տրվում։ Փետրվարի 15-ին նվեր ստացածները ներկայանում են Նադիրին ու մաղթանքներ անում։ Կաթողիկոսն ասում է «Հայր մեր»-ը։ Նույն օրը Կրետացին Նադիրից 7 ռաղամ է ստանում, որոնք փետրվարի 16-ին բերում է Ստեփան վարդապետը, եւ նույն օրը՝ երեկոյան, կաթողիկոսը դարձյալ հրավիրվում է հանդիպման՝ ողջերթի հրաման եւ ողջույն ստանալու համար։ Նադիրը նոր խոստումներ է տալիս՝ ասելով, թե վանքն էլ է իրենը, կաթողիկոսն էլ, ուստի կաթողիկոսը թող ոչ մի հոգս չունենա։
Փետրվարի 26-ին թագադրության օր էր նշանակվել, չնայած թագադրությունը մարտի 10-ին դնողներ էլ կան՝ որպես պարսիկների տարեգլուխ, այսինքն՝ Նովրուզ։ Սակայն պետք է հավատալ Կրետացուն, որն ականատես էր։ Նադիրը հատկապես օտարազգիներին ճանապարհեց եւ թագադրությանն ընտանեկան ձեւ տվեց։ Գուցե թե նաեւ այն պատճառով, որ պարենի մեծ պակասություն էր առաջացել ոչ միայն Մուղանում, այլեւ մինչեւ Թավրիզ ընկած հողերում։ Կաթողիկոսը պետք է մեկներ փետրվարի 16-ին, սակայն չկարողացավ։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s