1888 թ., Թիֆլիսում հրատարակվող վրացերեն «Իվերիա» լրագրում տպագրվեց Վրաց ազգաբնակության շրջանում գրագիտության տարածման ընկերության գրադարանին նվիրաբերված ձեռագրերի մի ցուցակ՝ մատենագիտական հակիրճ նկարագրությամբ հանդերձ։ Լրագրի նոյեմբերի 12-ի համարում նկարագրված 1141 գրչագիրը հետագայում պիտի հռչակվեր Շատբերդյան ժողովածու անունով եւ իր վրա հրավիրեր բազմազգի բանասերների ուշադրությունը։ Հիշյալ ժողովածուն կազմել եւ նյութերի զգալի մասն արտագրել է վրացի գրիչ Հովհան Բերան՝ 10-րդ դարի 70-ական թվերին եւ նվիրել Շատբերդի (բնակավայր պատմական Գուգարքի Կղարջք գավառում։ Շատբերդի հայոց վանքում գրվել են հայերեն, հունարեն եւ վրացերեն շատ ձեռագրեր) վանքին, որտեղ ինքը կրթվել ու գրչություն էր սովորել։ Ժողովածուն ամփոփում է 8 տարբեր հեղինակների՝ թվով 14 երկեր ու մեկնություններ, որոնք բոլորն էլ վաղ միջնադարյան գրական հուշարձաններ են եւ բացառիկ արժեք են ներկայացնում պատմաբանասիրական առումով։ Բավական է ասել, որ այն պարունակում է սբ Նինոյի (Նունե) ձեռքով Վրաց քրիստոնեություն ընդունելու ավանդությունը՝ «Վրաց դարձը»։ Ահա թե ինչու Վրաստանի ԳԱ Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտը 1979-ին ամբողջությամբ հրատարակեց այդ գրչագիր ժողովածուն՝ վրացերեն ու ռուսերեն առաջաբաններով եւ վրացերեն ընդարձակ ներածությամբ։
Ն. Մառը Շատբերդյան ժողովածուին անդրադարձավ ավելի հանգամանորեն՝ իր իսկ հիմնադրած «Тексты и разыскания по армяно-грузинской филологии» մատենաշարի երրորդ եւ վեցերորդ հատորներում, որտեղ լեզվաոճական բազմաթիվ բաղդատումներով ցույց տվեց, որ ժողովածուում ընդգրկված երկերի մի զգալի մասը վրացերեն է թարգմանվել հայերենից։ Ի շարս այլոց, ժողովածուում տեղ են գտել Հիպողիտոսին պատկանող կամ վերագրված 7 մեկնություն, որոնցից 6-րդի վերնագիրն է՝ «Խոսք սբ Հիպողիտոսի՝ հավատի մասին» կամ, եթե գրաբար թարգմանելու լինենք՝ «Բան սրբոյն Հիպողիտայ վասն հաւատոյ»։ Այս դավանաբանական երկի առաջին հանգամանալից ուսումնասիրությունը կատարել է Գյոտինգենի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր, դոկտոր Գ. Նաթանայել Բոնվեչը, որը 1907 թ. լույս ընծայեց այն՝ գերմաներեն թարգմանությամբ եւ առաջաբանով։ «Վասն հաւատոյ»-ն Բոնվեչի ուշադրությունը գրավեց նախ եւ առաջ այն պատճառով, որ, ինչպես հուշում է վերնագիրը, վրացերեն այդ երկը վերագրված էր 2-3- դդ. հույն աստվածաբան Հիպողիտոսին։ Այդ հետաքրքրությունը հասկանալի կլինի, եթե ասենք, որ մինչ այդ Բոնվեչը զբաղվել էր Հիպողիտոսի երկերի քննասիրությամբ եւ Հանս Ախելիսի աշխատասիրությամբ հրատարակել դրանք 1897 թ.։ Հիպողիտոսի երկերին լավատեղյակ Բոնվեչը հիմնովին հերքեց «Վասն հաւատոյ»-ն այդ հեղինակի գրչին պատկանելու հանգամանքը՝ հատկապես այն պատճառով, որ տրակտատը պարունակում է արիոսական հերետիկոսության վերաբերյալ բացահայտ ակնարկներ, եւ կարծիք հայտնեց, որ վրացերեն այդ երկը պատկանում է IV դ. վերջին։ «Վասն հաւատոյ»-ի նախաբնագրի որոնումները հունարեն եւ ասորերեն սրբախոսական գրականության մեջ շարունակվեցին նաեւ հետագայում, մինչեւ նրա գերմաներեն հրատարակությունից շուրջ կես դար անց՝ 1965 թ., քրիստոնյա Արեւելքի մատենագրական հուշարձանների նշանավոր հետազոտող, բելգիացի պրոֆեսոր Ժերար Գարիտը հանդես եկավ բանասերների համար միանգամայն անակնկալ հայտնությամբ։Նա մանրակրկիտ բաղդատումներով ցույց տվեց, որ վրացերեն «Վասն հաւատոյ»-ն քաղագրված եւ թարգմանված է հայերեն Ագաթանգեղոսի Պատմության տարբեր մասերից, հիմնականում Վարդապետությունից։ Ընդ որում, Ժ. Գարիտը ճշգրիտ մատնանշեց «Վասն հաւատոյ»-ի բնագրում Ագաթանգեղոսի համապատասխան պարբերությունները, որոնք անհայտ մատենագիրն ընտրել է ոչ թե հայերեն բնագրի հերթականությամբ, այլ միանգամայն խառն, ետեւառաջ դասավորությամբ կցել է իրար եւ դրանց բառացի թարգմանությամբ կազմել իր դավանաբանական երկը։ Մի հանգամանք, որ ակնհայտ դժվարացրել է «Վասն հաւատոյ»-ի նախաբնագրի հայտնաբերման խնդիրը։ «Le Muse*on» հանդեսում Ժ. Գարիտը զուգահեռ հրատարակեց «Վասն հաւատոյ» երկի վրացերեն բնագիրը՝ իր կատարած լատիներեն թարգմանության հետ, ինչպես եւ Ագաթանգեղոսի համապատասխան պարբերությունների լատիներեն թարգմանությունը եւ երկու բնագրերի համեմատական տախտակը, որն ընթերցողի համար ակնբախ է դարձնում համադրվող հատվածների նույնությունը։ Այդպիսով՝ «Հիպողիտոսին վերագրված «Վասն հաւատոյ» վրացերեն տրակտատը» մեծարժեք հոդվածում Ժ. Գարիտը եկավ հետեւյալ եզրակացության. «Վրացերեն տրակտատը թարգմանություն է ոչ թե նույնանման մի նախօրինակից, այլ մի ավելի ծավալուն երկից կազմված քաղվածաշարից։ Պարզվում է, որ աղբյուրը ոչ այլ ինչ է, քան Ագաթանգեղոսի մատյանը՝ հայ հին գրականության այդ պատկառելի հուշարձանը, որը պատմում է Գրիգոր Լուսավորչի ձեռքով Մեծ Հայքի հավատափոխման մասին։ Վրացերեն «De fide»-ն այդ հայերեն մատյանից փոխառյալ վկայությունների մի իսկական centon (լատ.՝ քաղվածաշար, քաղվածարան) է։ Հատվածների մեծ մասը վերցված է, բնականաբար, այն մեծ կատեխիզիսից, որ Ագաթանգեղոսը վերագրում է սուրբ Գրիգորին (Տփղիս, 1909 թ., պարագրաֆ 259-715, էջ 134-372)։ «Այս երկարաշունչ Վարդապետությունը պահպանվել է միայն հայերեն բնագրում, չի վերարտադրվել հետագա խմբագրություններից եւ ոչ մեկում եւ դեռեւս երբեք չի թարգմանվել ոչ մի ժամանակակից լեզվով»։ «Վասն հաւատոյ»-ն համեմատելով հայերեն սկզբնաղբյուրի հետ՝ պրոֆ. Ժ. Գարիտը ցույց տվեց, որ «Վրացերեն տրակտատում քաղվածները ներկայացված են խառնիխուռն, որոշ հաջորդականություն է նկատվում միայն վերջում (XV, 6-ից մինչեւ XVII, 3), որտեղ վրացերենը հետեւում է հայերենի 704-714-ի հերթակարգին (այն էլ կրճատումներով ու հավելումներով)»։
Բելգիացի արեւելագետի կատարած ուշագրավ բնագրաքննության արդյունքները չէին կարող բանասիրության մեջ մնալ անարձագանք։ Դրանք այն աստիճան համոզիչ էին, որ 1979 թ. Շատբերդյան ժողովածուն հրատարակելիս վրացի մասնագետները գրքին կցված ռուսերեն ցանկում անհրաժեշտ նկատեցին հանել Հիպողիտոսի անունը, իսկ գրքի ռուսերեն առաջաբանում վրաց հին գրականության մասնագետ Մզեքալա Շանիձեն մատնանշեց. «Հիպողիտոսին վերագրվող յոթ երկերից երկուսն իրականում նրան չեն պատկանում — դրանք են՝ «Հավատի մասին» տրակտատը, որ զանազան քաղվածների հավաքածու է, եւ «Ուխտի կարգի մասին», որի հեղինակն է Ափրաատը» (ընդգծումը մերն է — Ա. Մ.)։ Կրկնում ենք՝ Ժ. Գարիտն ապացուցեց, որ «Վասն հաւատոյ»-ն քաղագրություն է եւ քաղագրված՝ կոնկրետ Ագաթանգեղոսի Պատմությունից։ Ցավոք, մեզանում կան գիտնականներ, որ օգտագործելով Ժ. Գարիտի սույն հայտնագործումն ընդդեմ իր իսկ Գարիտի եւ հեշտությամբ ի չիք դարձնելով նրա դժվարինս ձեռք բերած արժեքավոր եզրակացությունները՝ առաջ են անցնում եւ թյուրելով փաստերը՝ հանգում միանգամայն հակառակ հետեւության՝ եզրակացնելով, որ ոչ թե «Վասն հաւատոյ»-ն է համառոտված Վարդապետությունից, ինչպես «կարծել» է Ժ. Գարիտը, այլ ընդհակառակը, Վարդապետությունն է ստեղծվել «Վասն հաւատոյ»-ի հիմքի վրա։ Նրանք նույնիսկ հավասարության նշան են դնում այդ երկու դավանաբանական երկերի միջեւ, որոնք ծավալով իրար հարաբերում են այնպես, ինչպես մեկը՝ քսանին։
Ագաթանգեղոսի վերջնական, կանոնական խմբագրության ժամանակի վերաբերյալ բանասիրության մեջ այժմ տիրող կարծիքը պարզ եւ մեկին ձեւակերպել է Ա. Տեր-Ղեւոնդյանը, որի վաստակն արդի ագաթանգեղագիտության մեջ անուրանալի է. «V դարում գոյություն է ունեցել Ագաթանգեղոսի երկու խմբագրություն։ Դարի առաջին կեսում կազմավորվել է այն հին խմբագրությունը, որն ինչ-ինչ պատճառներով դուրս է մղվել ասպարեզից։ Հաղթել է դարի կեսերին կազմավորվածը, որը Ն. Մառի եւ Ն. Ադոնցի արտահայտությամբ՝ կարելի է իրոք համարել ազգային եկեղեցու խմբագրություն»։
Բայց ինչպե՞ս կարող է ընդամենը 12 էջ ծավալ ունեցող «Վասն հաւատոյ»-ն նույնացվել այսօրվա մեր ունեցած Գր. Լուսավորչի Վարդապետության հետ, որը 232 տպագիր էջ ծավալ ունի եւ կազմում է Ագաթանգեղոսի Պատմության կեսից ավելին։ Պարզվում է, որ այդ մի քանի էջանոց Վարդապետություն կոչվածը ժամանակի ընթացքում աճել-ընդարձակվել է հայրախոսական գրականությունից քաղումներ ու վերաշարադրումներ անելու հաշվին։ Նման բացատրությունը չի կարող բանավոր համարվել, որովհետեւ ազգային եկեղեցու կանոնական խմբագրություն ասելով՝ բանասիրության մեջ հասկանում են Ագաթանգեղոսի հենց այն վերջնական խմբագրությունը, որն այլեւս անձեռնմխելի է մնացել V դ. կեսերից ի վեր եւ հետագա դարերում չի ենթարկվել փոփոխության — այլապես չէր կոչվի կանոնական, էլ ո՜ւր մնաց, թե աճեր քսանապատիկ ծավալով։ Մեզ համար պարզից էլ պարզ է, որ Վարդապետությունից առաջ ոչ մի «Վասն հաւատոյ» էլ չի եղել, եւ որ Գր. Լուսավորչի Վարդապետությունն իր այսօրվա ծավալով գոյություն ուներ V դ. կեսերին եւ դրանից էլ առաջ։
Իսկ վրացի անհայտ թարգմանիչը, ավելի ճիշտ՝ «Վասն հաւատոյ» երկը կազմող անհայտ մատենագիրը, միեւնույն է՝ հայ թե վրացի, օգտվել է Ագաթանգեղոսի ամբողջական Պատմությունից եւ ոչ թե սոսկ միայն ս. Գրիգորի Վարդապետությունից։ Ժ. Գարիտի կազմած համեմատական տախտակից ցայտուն երեւում է, որ «Վասն հաւատոյ»-ում քաղագրություններ կան ոչ միայն Վարդապետությունից, որն Ագաթանգեղոսի Պատմության երկրորդ գիրքն է, այլեւ Պատմության առաջին գրքի 81-85 (IV, 1), 254 (III, 2) պարբերություններից, ինչպես եւ Ագաթանգեղոսի երրորդ գրքի 756 պարբերությունից (II, 3)։ Ի լրումն սրա՝ մենք պարզեցինք (տե՛ս ստորեւ), որ «Վասն հաւատոյ»-ի II, 3, X, 4 եւ 11 հատվածներում քաղումներ կան նաեւ Ագաթանգեղոսի առաջին գրքի համապատասխանաբար 253-254, 80 եւ 79 պարբերություններից։ Ավելին՝ վրացերեն բառացի թարգմանված եւ օգտագործված է Ագաթանգեղոսի Պատմության վերջում զետեղված հավատո հանգանակի թվով քսան կանոնների մեծ մասը՝ N 1-11 եւ N 18 (Տփղիս, 1909 թ. էջ 472-474)։ Այլեւս տարակույս չի մնում, որ անհայտ մատենագիր-թարգմանչի ձեռքի տակ եղել է ոչ թե սոսկ ս. Գրիգորի Վարդապետությունը, այլ հենց մեր այսօրվա Ագաթանգեղոսի ամբողջական Պատմությունը՝ եզրափակիչ հավատո հանգանակի հետ միասին։ Այնպես որ՝ տվյալ դեպքում որեւէ խնդիր չկա Վարդապետությունն Ագաթանգեղոսից անջատելու եւ վրացերեն «Վասն հաւատոյ»-ի հետ առանձին հարաբերելու համար։ Այս պարագան ինքնին լիուլի բավական է՝ հիմնովին հերքելու «Վասն հաւատոյ»-ն Վարդապետության նախաբնագիր եւ սկզբնաղբյուր հռչակելու փորձերը։
Եթե մի վայրկյան եւ միայն մի վայրկյան ընդունենք, որ Վարդապետությունից առաջ գոյություն է ունեցել ինչ-որ «Վասն հաւատոյ», ապա դրանից չի՞ հետեւում արդյոք, որ խառնիխուռն եւ կամայական կերպով քաղագրելու պատիվն այս անգամ ստիպված պետք է վերագրենք ս. Գրիգորի Վարդապետության հեղինակին, որը, իբր, ենթադրյալ «Վասն հաւատոյ»-ից բազմաթիվ պարբերություններ ու հատվածներ քաղել եւ միտումնավոր կերպով ետ ու առաջ դասավորելով՝ կցմցել է իրար։ Եվ իսկապես, երկուսից մեկը՝ եթե «Վասն հաւատոյ»-ի անհայտ մատենագիրը չի խառնել քաղագրած հատվածները, ապա այդ դեպքում խառնաքաղ անողը Վարդապետության հեղինակն է։
Այնինչ Գրիգոր Լուսավորիչը, տվյալ դեպքում ինքը՝ Վարդապետության հեղինակը, Աստվածաշնչից համառոտել է Վարդապետությունը, եւ այն էլ ոչ թե դեսից-դենից ծայրաքաղ է արել, այլ պարզեցրած վերապատմել՝ «հստակապատում» է արել. «Ոչ եթէ ծայրաքաղ ինչ արարեալ օդաբանս կամ սրավարս խօսեցաւ (ս. Գրիգոր — Ա. Մ.), այլ յստակապատում արարեալ ուսուցանէր ամենեցուն. ի սկզբանց անտի սկիզբն արարեալ, յաշխարհահամար յաշխարհապատում արարչութենէ անտի, մինչեւ ի բուն սրբոցն պատգամախօսացն Աստուծոյ, […] Եւ զարանցն աստուածասիրաց ըստ քրիստոսաւանդ հրահանգելոցն ի ճշմարտութեան, զայր իւրաքանչիւր աստուածամուխ կենօք եւ վաստակասէր հոգեւոր վարուք իւրովք, հանդերձ վկայութեամբ զմի մի ոք ի նոցանէ առանձինն յականէ յանուանէ ծանուցանէր» (պարագրաֆ 723-724)։ Ավելի վաղ՝ Առաջին գրքի վերջավորության մեջ եւս (պարագրաֆ 252), ս. Գրիգորն իր շուրջը խռնված հայ բազմությանը խոստանում է պատմել աշխարհի արարչագործությունից մինչեւ Աստծո Որդու երկրորդ փառավոր գալուստն ու ահեղ դատաստանը, եւ դրանով իսկ ընթերցողը դյուրավ պատկերացում է կազմում նրա առաջիկա Վարդապետության թե՛ նյութի ու ծավալի եւ թե՛ բուն աղբյուրի մասին. «Սկզբն արասցուք ձեզ պատմելոյ վասն արարչութեանց, թէ զիա՛րդ բարի աշխարհս ստեղծաւ ի բարերարէ անտի, թէ զիա՛րդ վարեցան կարգք աշխարհիս. […] թէ զիա՛րդ եկն Որդին Աստուծոյ մարմնով յաշխարհ անարգութեամբ. թէ զիա՛րդ գալոց է ի վախճանի նովին մարմնով եւ փառօք Հօր, եւ վասն լինելոց բարեացն եւ հանդերձեալ դատաստանին. […] Զայս ամենայն կարգաւ մի ըստ միոջէ ոճով պատմեցից» (հմմտ. նույն միտքը նաեւ պարագրաֆ 257)։
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s