Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ։ Այսինքն՝ մարդու հողանյութ շինվածքին կենդանություն պարգեւեց Իր Շնչով։ Սա նշանակում է, որ մարդուն տվեց Իր Հոգու եւ հոգեւոր աշխարհի մասնիկը, տվեց ստեղծագործական ու վերլուծական միտք, արարելու, կերտելու ունակություններ։ Անսահման, անպարփակ, անըմբռնելի են Աստծո միտքն ու հոգին, իսկ արդյոք մարդո՞ւնը պարզ են ու մատչելի։ Արդյո՞ք մարդու սուբյեկտիվ աշխարհի ինքնադիտարկման երեւույթներն ամբողջովին ընկալելի են, եւ կարող ենք դրանց շոշափելի ձեւ ու կերպարանք տալ։ Մարդու հոգեւոր աշխարհի զգայությունները, ընկալումները, մտապատկերները, զգացմունքները անհնարին է փոխանցել այնպես, որ դրանք դառնան այլոց համար հասկանալի, շոշափելի, մանավանդ երբ շատ հաճախ մարդն ինքն էլ չի կարողանում ըմբռնել, հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. խոսքերը դառնում են անզոր։ Ահա այստեղ է, որ օգնության է հասնում արվեստը՝ մասնավորապես երաժշտությունն ու կերպարվեստը։ Մարդն իր գոյության ողջ ընթացքում ջանացել է ճանաչել ինչպես իրեն շրջապատող աշխարհը, այնպես էլ իր ներաշխարհը։

Եթե առաջինում գրանցել է հսկայական ձեռքբերումներ, ապա երկրորդում քայլ իսկ առաջ չի ընթացել։ Հիրավի, անքննելի են մարդկային հոգու խորխորատները, նրա տվայտանքներն ու հույզերը, նրա ողջ տիրույթը։ Անքննելի է, քանզի աստվածատուր է, քանզի այն մեծ տիեզերքի փոքր մոդելն է՝ բարդ ու անմեկնելի, խոր ու հակասական։ Ահա այս մոդելի՝ մարդու հոգեւոր աշխարհի «գույներին» ու «գծերին» է փորձում ձեւ ու կերպարանք հաղորդել Մխիթարյան միաբանության անդամ, բազում մրցանակների ու մեդալների ասպետ, ճանաչված գեղանկարիչ Հարություն վրդ. Պզտիկյանը՝ իր կոմպոզիցիոն անսպասելի հորինվածքով, գունային ինքնատիպ լուծումներով, տեխնիկական անսովոր, սոսկ իրեն պատկանող հնարներով, մի խոսքով՝ սքանչելի գեղանկարչությամբ։ Չփորձենք նրան ո՛չ ավանգարդիստ կոչել եւ ո՛չ էլ՝ աբստրակտցիոնիստ, թեպետ նրա գործերում ակնհայտ է վերացական մտածողության, աշխարհզգացողության էքսպրեսիվ գործոնը։ Հայ մեծանուն նկարիչ Ե. Քոչարն ասում էր. «Վերացական արվեստ չկա, արվեստը միշտ կոնկրետ է, ուրիշ կերպ լինել չի կարող»։ Այս միտքը, իր փիլիսոփայական ենթաշերտից զատ, ունի մեկ այլ՝ առավել ռեալ մեկնաբանում. եթե անուն ունեցող ձեւամտածողություն չկա, չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Մեր հոգու խորքերում ծվարած երեւակայական ծառն ու ծաղիկը կարող են բնության մեջ չլինել, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դրանք առհասարակ չկան. կան դրանց ընկալումը, զգացողությունը, դրանց գույնն ու բույրը, դրանց անձեւ գոյությունը մեր մտապատկերում, մեր երեւակայական աշխարհում, մեր ցնորական երազանքների առագաստներում։

Լինելով նախ եւ առաջ հոգեւորական՝ նկարիչ Պզտիկյանը չի կարող կյանքին նայել միայն սպառողի հոգեբանությամբ, չի կարող աշխարհը տեսնել լոկ տեսանելի կերպ ու ձեւի, գույն ու գծի մեջ, չի կարող նյութից, մարմնավորից վեր չզգալ տիեզերականի խորհուրդը եւ չխորհել մարդկային հոգեւոր աշխարհի մասին։ Խնդիրն այն է, որ շատերը կարող են խորհել ու երեւակայել, սակայն քչերին է տրված այդ խոհական զգացողություններն արտահայտել այնպիսի ինքնապատկան ձեւերի ու գույների միջոցով, որոնց մասին խոսելը նույնն է, թե խոսել մեղեդայնության մասին, համ ու հոտի, հույզ ու ապրումի մասին եւ դրանց տալ աչքի համար տեսանելի հնչերանգ ու գունավորում։ Եթե քննելու լինենք նրա նկարչական գործերը, ապա պարզորոշ կտեսնենք, որ նա որոնում, փնտրում է սեփական հոգու՝ իրեն հասու դրսեւորումները, փորձում է երեւակայությամբ ճանաչել դրանց «պատկերը»՝ հնարավորինս ամբողջության եւ ի մասնավորի՝ առանձին կերպերի մեջ։ Այո՛, նրա գործերն անուններ չունեն, չունեն կատարման տարեթվեր, եւ դա ամենեւին էլ պատահական չէ. ինչ անուն ու ժամանակ կարող են ունենալ մարդու՝ տիեզերականի ընկալումները, Գերբանականի ու Գերզգայականի հետ ունեցած իր հոգեւոր կապի արտահայտությունները, իր ներքին թախիծն ու հրճվանքը, ցավն ու ճիչը, թռչող, անորսալի ժամանակի մեջ ակնթարթի, պահի զգացողությունը։ Դրանք ծնունդ են առնում միայն արարչական, ստեղծագործական ոգուն հարազատ գույներից, այդ ոգուց հնչող մեղեդայնության մեջ։ Դրանք ծնվում են տեսանելի ձեւերի, կառույցների մասնատված կերպերի ու դրվագների խառնաշփոթում՝ դիտողին պարտադրելով ոչ թե տեսնել, այլ զգալ դրանք, զգալ որպես ցավի ու հրճվանքի, տառապանքի ու երանության հոգեկան արտահայտություններ՝ մե՛կ ձգվող դեպի վեր եւ կամ՝ մխրճված ընդերքում, մե՛կ թաքնված գույնի ու երկրաչափական աղճատված ձեւերի արանքում, որոնք գույն հագած՝ ընդվզում են, մոլեգնում, գալարվում ցավից, ժպտում են խորամանկորեն, մտորում-փիլիսոփայում ալեհեր ծերունու պես…

Նրա պատկերների աշխարհում միտքն ու հոգին միասին ու միասնական թռիչքներ են գործում, ընկնում տիեզերքի հորձանուտը, մխրճվում սեփական աշխարհի տվայտանքների մեջ ու… ծորում, ծորում՝ իբրեւ անձրեւակերպ թախիծ, իբրեւ երկնաքերային հրճվանք, իբրեւ արտասվող մոլորակ, ուղղաձիգ ծիածան, երգող փողեր, ծխացող ցավ, արհավիրք, պայթյուն, նավաբեկում, կիրք, սեր։ Փորձիր հասկանալ, թե ինչու է դեղինը ինքնագոհ պառկել հեղհեղուկ սեւի մեջ, որին կամաց-կամաց փորձում է խժռել կարմիրը։ Սա այլաբանություն է. մեռնող արե՞ւ, բարուրում նիրհող կարո՞տ, թե՞ երկունքի արթնացող, մոտալուտ ժպիտ է, որից բուրում է լինելության երրորդությունը։ Որքան ուզում է, թող մշուշն անձրեւի, միեւնույն է, լույսը ելք կգտնի, կցրի հոգու խավարը, կգա հեռավոր ժամանակը, եւ ներկան կդառնա անցյալ, մասնիկը կձուլվի ամբողջի մեջ՝ կմեռնի, որ ծնվի ամբողջը, եւ հավիտենական ժամանակը նոր պտույտ կգործի։ Հիրավի անքննելի են մարդկային հոգու, մարդկային մտքի երեւակայական անձավները։ Այսպես ու այս մտորումներով է Պզտիկյանը խոսում մեծ աշխարհի հետ՝ մեր առջեւ բացելով մարդու ներաշխարհի՝ դեռեւս անծանոթ կույսերը։ Գույներն ու ձեւերը կտավից խոսում են մարդու գտած ու կորցրած հեքիաթների, նրա հոգու նվիրական մրմունջների ու երազների մասին, որոնք երբեմն-երբեմն կանացի մարմին են առնում, կանգնում են ձիերի արժանապատիվ վեհությամբ, հմայում տերեւի նրբագեղ պատկերով, կաղկանձում են վազող շների ճերմակ կերպարներով կամ վախվորած շան պես թաքնվում ստվերում։ Նրանք գալիս են հեռավոր ժամանակներից, գալիս են ասպետների արիությամբ կամ անապատականների իմաստությամբ, գալիս են, որ տնավորվեն-բնավորվեն մեր հոգիներում, դառնան մեր հույզերի ու ապրումների փնտրված հայելին, որում պիտի փորձենք ճանաչել մեր մասնատված ամբողջությունը, մեր կորցրած հավիտենականի զգացողությունը։ Հայր Հարություն Պզտիկյանի գործերը պարզորոշ հոգեվերլուծումներ են՝ մարդաճանաչություն, հոգեւոր ու հոգեկան աշխարհի լաբիրինթոսներից դուրս բերված գույն ու երանգներ, որոնց կերպավորումները, մարմնավորումները պահանջում են որոշակի պատրաստվածություն։ Եթե չփորձես տեսնել քո հոգու գույները, քո հոգու երաժշտությունը չլսես, չես առնչվի նկարչի գունեղ, նկարչի զարմանալի հագեցած աշխարհին, ուստի չես տեսնի նրա փոքր տիեզերքից մեծ տիեզերքին նայող պատուհանների լույսը, որն արարչագործ մարդու երեւակայական աշխարհն է՝ իրականի անտեսանելի մոտիվներով։
Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s