ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ
Սկիզբը՝ 2012 Հուլիս Ա

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ չմնա խաչմերուկի վրա: Համապատասխան իր կոչմանն ու պատվախնդրությանը՝ ընտրի մի խաչ՝ Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից, եւ Քրիստոսի հանդեպ վստահությամբ՝ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետեւի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույն կա, սակայն, երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուսն այդ թույնը քաղցրացնում է:
Երբ մարդը դառնում է երեսուն տարեկան, որոշման հարցում սկսում է դժվարանալ: Եվ որքան անցնում են տարիները, այնքան ավելի է դժվարանում: Երիտասարդն ինչ ճանապարհ էլ ընտրի, հեշտությամբ է հարմարվում: Մեծահասակն ամեն ինչ բանականությամբ է քննում. ձեւավորվել է նրա բնավորությունը եւ դժվարությամբ է փոխվում: Եվ տեսնում ես, որ նրանք, ովքեր կարգավորում են իրենց կյանքն ավելի փոքր տարիքում՝ ընտրելով կա՛մ ամուսնական, կա՛մ վանական կյանքը, մինչեւ ծերություն պահպանում են երեխայի պարզությունն ու հեշտությամբ են միավորում: Մի զույգի եմ ճանաչում, որ ամուսնացել էին փոքր տարիքում: Ինչպես որ խոսում էր ամուսինը, այդպես խոսում էր նաեւ կինը, ինչ որ անում էր ամուսինը, անում էր նաեւ կինը: Քանի որ ամուսնացել էին փոքր տարիքում, մեկը մյուսի բոլոր սովորությունները վերցրել էին՝ թե՛ խոսքում եւ թե՛ վերաբերմունքում:
Առածն ասում է. «Քանի դեռ փոքր ես, կա՛մ ամուսնացիր, կա՛մ վանական դարձիր»: Մասնավորաբար աղջիկը լավ կլինի, որ մինչեւ քսանհինգ տարեկանը որոշի, թե ինչ ուղի է ընտրելու: Քսանհինգ տարեկանից հետո սկսում է մի քիչ դժվարանալ նրա կյանքի կազմակերպումը, որովհետեւ մտածում է, թե ինչպես պետք է ենթարկվի: Ի միջի այլոց, ինչքան որ մեծանում է, այնքան տարօրինակություններ է ձեռք բերում, եւ ո՞վ նրան արդեն կնության կառնի: Բացի դրանից, պսակի մեջ նա գլխավորաբար պաշտպանություն է փնտրում եւ ոչ թե ընտանիք ստեղծելը:
Նկատելի է, որ ով շարունակ ուշացնում է ամուսնությունը, տարիներն անցնում են եւ փնտրում ու չի գտնում համապատասխան մարդուն: Երիտասարդ ժամանակ ինքն է ընտրում, իսկ երբ մեծանում է, ուրիշներն են իրեն ընտրում: Դրա համար ամուսնության հետ կապված երբեմն խենթություն է անհրաժեշտ, այսինքն՝ որոշ բաներ անտեսվեն, որոնք էական չեն, որովհետեւ երբեք հնարավոր չէ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես սպասում ենք:
Մի անգամ անձրեւ է գալիս, հետո ուժգին հեղեղ է սկսվում: Մի խենթ եւ մի իմաստուն ցանկանում են մյուս կողմն անցնել: Իմաստունն ասում է. «Երբ անձրեւը դադարի, ջուրը նվազի, նոր կանցնեմ»: Խենթը չի սպսում եւ անմիջապես մյուս կողմն է անցնում: Հագուստները մի փոքր թրջվում են, սակայն անցնում է ուզած տեղը: Իսկ անձրեւը, փոխանակ դադարելու, ավելի է ուժեղանում: Անձրեւը սաստկացավ, եւ իմաստունը չկարողացավ մյուս կողմն անցնել, որովհետեւ անցնելու համար այլեւս վտանգավոր էր:
Կան մարդիկ, որոնք հպարտ են եւ եսասեր, այդ պատճառով էլ Աստված նրանց չի օգնում: Որոշ մարդիկ էլ տարիներ շարունակ գալիս եւ ինձ հարցնում են. «Հա՛յր, Աստված ինձանից ի՞նչ է ուզում»: Այնպես է ստացվում, որ ասես Աստված նրանց կարիքն ունի: Ո՛չ վանական դարձան, ո՛չ էլ ամուսնացան: Կարծես ոսկուց պատրաստված լինեն: Ուրիշները հարցնում են. «Հա՛յր, ի՞նչ անեմ, դառնամ վանակա՞ն, թե՞ ամուսնանամ, ասա՛ ինձ, ո՞ր ճանապարհն ընտրեմ»։ Նրանց հարցնում եմ. «Դու ի՞նչ ես ուզում»: Ասում են՝ «Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը»: Երկուսն էլ ցանկանում են: Եթե նրանց ասեմ իմ կարծիքը, օրինակ, որ այսինչ մարդը ամուսնական կյանքի համար է, եւ նա էլ ամուսնանա, ապա կարող է այդ կյանքի մեջ հանգիստ չգտնի եւ հետո գա ու ասի. «Դո՛ւ ասացիր, որ այս ճանապարհն ընտրեմ, եւ այժմ տանջվում եմ»:
Հա՛յր, ինչպե՞ս կարող է դա պատահել:
Ենթադրենք՝ մի երիտասարդ ամուսնական կյանքի կոչում ունի, բայց մտածում է նաեւ վանական կյանքի մասին: Եթե ուշադիր չլինի՝ գեղեցիկ ընտանիք ստեղծելու համար, եւ հետագայում խնդիրներ ի հայտ գան, եւ այդ խնդիրներն Աստծու հանդեպ հավատքով չդիմագրավի, ապա այդ դեպքում չարը զանազան մտքերի միջոցով կպայքարի նրա դեմ: Նրան կասի. «Դու վանական կյանքի համար էիր, սակայն, քանի որ ամուսնացել ես, տեղին է, որ այդ ամենը կատարվում է քեզ հետ», եւ նրան օր ու գիշեր հանգիստ չի թողնի:
Կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչ են խնդրում: Տարիներ առաջ այստեղ եկել էր մի աղջիկ եւ ինձ ասում էր. «Հա՛յր, չեմ կարողանում որոշել, թե որ ճանապարհն ընտրեմ: Ուզում եմ ամուսնանալ, սակայն մտածում եմ նաեւ վանական կյանքի մասին: Ի՞նչ անեմ»: Ես պատասխանեցի. «Տես, թե ինչում ես քեզ ավելի հարմար զգում, այն էլ արա»: Աղջիկն ասաց. «Չգիտեմ, սակայն երբեմն ինձ թվում է, որ ավելի շատ հակված եմ դեպի ամուսնությունը: Հա՛յր, խնդրում եմ, դու ասա, թե ինչ անեմ»: Պատասխանեցի. «Քանի որ տեսնում ես, որ ավելի շատ հակված ես դեպի ամուսնությունը, ավելի լավ է, որ ամուսնանաս, եւ Աստված քեզ կխնայի»: Ասաց. «Հա՛յր, քո օրհնությամբ այդպես կանեմ»: Այսօր եկել եւ ինձ ասում է. «Հա՛յր, ամուսնացա մի նավաստու հետ, փա՜ռք Աստծու, լավ մարդ է, սակայն շատ եմ տանջվում: Տառապում եմ, որովհետեւ վեց ամիս է, ինչ միասին ենք ապրում եւ վեց ամիսն էլ իրարից հեռու ենք: Տարվա կեսը ճամփորդում է»: Ես էլ ասացի. «Դու ինձ չէ՞իր ասում, որ սիրում էիր ե՛ւ ամուսնական, ե՛ւ վանական կյանքը: Ահա, այժմ երկուսն էլ ունես: Ինչո՞ւ չես փառաբանում Աստծուն, որ այդպես տնօրինեց»:
Հա՛յր, սակայն այսօր ապրում ենք դժվար ժամանակներում, դրա համար որոշ երիտասարդներ ընտանիք կազմելու գործում վարանում են:
Ո՛չ, այդ տեսակ դիմագրավումը ճիշտ չէ: Եթե գոյություն ունի Քրիստոսի հանդեպ վստահություն, վախենալու ոչինչ չունենք: Հալածանքների ժամանակները դժվար չէի՞ն: Այդ ժամանակ քրիստոնյաները գուցե դադարե՞լ էին ընտանիք կազմելուց: Ինչքա՜ն սրբեր ունենք, որ նահատակվեցին իրենց կանանց եւ երեխաների հետ:
ՈՒՍՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը եւ ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:
Երբ որեւէ երիտասարդ նման խնդիրներ ունի, ես ասում եմ. «Գիտե՞ս, որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչեւ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում են, այլ պահպանես սառնարանում, մինչեւ վերջացնես ուսումդ: Եթե այժմ ուշադրություն չդարձնես քո ուսմանը, քո ընկերները կկարգավորեն իրենց կյանքը, կխաղաղվեն եւ հետո կաղոթեն քեզ համար, որպեսզի դու էլ կանոնավորես քո կյանքը»: Անհրաժեշտ է, որ երիտասարդները շատ ուշադիր լինեն, որովհետեւ դա մարդու թշնամու՝ սատանայի նենգությունն է, որպեսզի երիտասարդների համար ստեղծի փորձություններ:
Հա՛յր, մի աղջկա ասացի.«Եթե մտածում ես ամուսնության մասին, մի՛ սովորիր»:
Իսկ մինչեւ ամուսնանալն ի՞նչ անի: Ավելի լավ է, որ մի համալսարան ավարտի կամ մի արհեստ սովորի, որովհետեւ նրա կյանքում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իր ստացած ուսման կարիքն ունենա: Մի անգամ ինձ մի աղջիկ ասաց. «Մտածում եմ միանձնուհի դառնալ, սակայն շարունակ փոխում եմ միտքս»: Նրան հարցրեցի. «Ո՞ր դասարանում ես»: Պատասխանեց. «Տասնմեկերորդ դասարանում, սակայն չեմ ցանկանում սովորել»: Ասացի նրան.«Չե՞ս ցանկանում սովորել: Այդ դեպքում եկ ասեմ քո հորը, որ քեզ համար այծեր գնի, տա մի հովվաշուն, մի սրինգ, որպեսզի նվագես եւ արածեցնես նրանց: Դա քեզ դո՞ւր է գալիս: Հետեւաբար, մի արհեստ սովորիր»: Պատասխանեց. «Հա՛յր, այդ դեպքում, մինչեւ միանձնուհի դառնալու կամ ամուսնանալու որոշում կայացնելը, մնամ վանքում եւ սովորեմ խոնարհության արվեստը»: Ասացի նրան. «Այդ արվեստը կարող ես սովորել նաեւ քո տանը, եթե ուրախությամբ ես ընդունում այն ամենը, ինչ որ ծնողներդ ասում են: Սկզբում վերջացրու դպրոցը, համալսարան ընդունվելու համար քննությունները տուր եւ երբ վերջացնես, կտեսնենք, թե ինչ կանես»: Պատասխանում է. «Հա՛յր, սակայն հինգ տարին շատ չէ՞ որոշում կայացնելու համար»: Ասացի. «Շատ է, սակայն ի՞նչ անենք, քանի որ դեռ ոչինչ չես որոշել»: Աղջիկն ասաց. «Դրա համար ե՞ս եմ մեղավոր, քանի որ անկայուն եմ»: Պատասխանեցի. «Ո՛չ, սակայն կշեռքը մինչեւ հիմա չի թեքվում ո՛չ մի կողմը, ո՛չ էլ՝ մյուսը»:
Նման դեպքերում պետք է ասենք երեխաներին, որ ուշադիր լինեն եւ ժամանակն աննպատակ չանցկացնեն: Ուսման ընթացքում ինչքան հնարավոր է ապրեն հոգեւոր կյանքով, վերցնեն դիպլոմը, որը պարտադիր է, իսկ հետո… Աստված մեծ է: Այդ ժամանակահատվածում գտնեն մի լավ խոստովանահայր, որպեսզի իրենց օգնի, որ հեշտությամբ մի ճանապարհով կամ մյուսով չոգեւորվեն, բայց նաեւ չհուսահատվեն: Լցվեն համբերությամբ, որպեսզի ավարտեն ուսումը եւ այդ ժամանակ այլեւս հասուն կերպով կարողանան որոշում կայացնել։ Այդ դեպքում ավելի շատ նախապայմաններ կունենան այս կամ այն ճանապարհի համար եւ կանեն այն, ինչ որ կարծում են, որ լավ է Աստծու փառքի համար:
— Հա՛յր, կան երեխաներ, որ իրենց դասերը չեն սովորում, որովհետեւ նախընտրում են հոգեւոր ուսումնասիրություններն ու աղոթքը:
Ո՛չ, չպետք է թողնեն դասերը: Թող իրենց դասերին զուգահեռ հայրաբանական գրքերից որեւէ զորավոր գործ կարդան, աղոթեն, խոնարհվեն, որպեսզի հոգեւոր կյանքի մեջ էլ հաստատուն մնան: Երբ շատ դասեր ունեն, կարող են ընդմիջումներ անել եւ աղոթել կամ սաղմոսներ կարդալ: Եթե ուզում են որեւէ բան անել հետագայի համար, ապա դա էլ չեն կարող ճիշտ անել, որովհետեւ կմտածեն ընթերցանության մասին, իրենց ուսման մեջ առաջ չեն գնա եւ արդյունքում ոչինչ չեն անի: Մինչդեռ, եթե սովորում են, շուտ կվերցնեն իրենց դիպլոմը եւ հետո կանեն այն, ինչ ուզում են: Ես, երբ առողջարանում էի, ո՛չ աղոթում էի, ո՛չ էլ պահք էի պահում, ուտում էի այն, ինչ ինձ տալիս էին, որովհետեւ մտածում էի, որ ավելի լավ է այժմ օգնել բժիշկներին, որպեսզի նրանք էլ ինձ օգնեն, որ առողջանամ, իսկ հետո անեմ այն, ինչ ուզում եմ: Ինձ մոտ գալիս են երեխաներ եւ գանգատվում, որ իրենց ծնողները շատ են ստիպում, որ կարդան: Եթե ես էլ նրանց ստիպեմ, չեմ օգնի: Որպեսզի հասկանան, որ չպետք է թողնեն իրենց ընթերցանությունը, նրանց այնպիսի երեխաների օրինակներ եմ բերում, որոնք չէին կարդում եւ հետագայում տանջվեցին, նաեւ այնպիսի երեխաների օրինակներ, որոնք կարդալու շնորհիվ հաջողության հասան: Մի դեպք պատմեմ: Մի քաղաքում երկու հարեւան տղաներ կային: Մեկը շատ խելացի էր: Սակավ ընթերցանությամբ առաջին դասարանից մինչեւ վերջին դասարանը շարունակ բարձր գնահատականներ էր ստանում: Մյուսը, որն այնքան էլ խելացի չէր, ջանասիրությամբ խելացի ընկերոջն էր հետեւում: Այն աշակերտը, որ խելացի էր, հենց վերջացնում է տասներորդ դասարանը, մտնում է շրջապատ, թողնում դպրոցը, իսկ հետագայում ստիպված է լինում աշխատել մի ձեռնարկությունում՝ որպես հավաքարար: Ամուսնանում է, ունենում երկու երեխա, սակայն ամեն ինչ դժվարությամբ է ձեռք բերում: Մյուսը վերջացնում է իրավաբանության ֆակուլտետը, բարձրագույն կրթություն ստանալու համար գնում է նաեւ Եվրոպա: Մի օր այն ձեռնարկությունում, ուր աշխատում էր այն խելացի երիտասարդը, սպասում էին նոր տնօրենի: Բոլորն ասում էին, որ նոր տնօրենը բարձրագույն կրթություն ունի: Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ այդ նոր տնօրենը իր համադասարանցին էր: Հենց որ հավաքարարը տեսավ նրան, ճանաչեց: Նրան այնպիսի հուսահատություն համակեց, որ ինքնասպանության երկու-երեք փորձ արեց: Մեկը նրան խորհուրդ էր տվել, որ ինձ մոտ գա: Նա խոսեց ու ասաց.
Իմ համադասարանցին իմ տնօրենն է:
Դու նրանից ավելի բարձր պաշտոն կարող էիր ունենալ: Դու եւ քո երեխաները լավ կյանք կունենայիք եւ բարիքներ կգործեիք: Բավական չէ, որ պատճառ դարձար ընտանիքիդ տանջվելուն, այժմ էլ ուզում ես ինքնասպա՞ն լինել, որ մահացու հարված հասցնես նրանց, եւ երեխներդ ո՞րբ մնան: Քեզ համար չեմ ցավում, որովհետեւ քո խելքից է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Քո երեխաների համար եմ ցավում: Հասկանո՞ւմ ես: Այժմ համբերությամբ լցվի՛ր: Ես հավատում եմ, որ Աստծու օգնությամբ նոր տնօրենն էլ քեզ լավ կվերաբերվի: Կարող է քեզ լավ պաշտոնի էլ դնել, եւ եթե հանկարծ չհանգստանաս, մի ուրիշ աշխատանք գտիր: Քո երեխաներին մի՛ լքիր: Այդպես շտկվեց:
Դրա համար ասում եմ, որ այն երեխաները, որոնք սովորում են, կարդում եւ չարչարվում են իրենց ուսման ընթացքում, առարկաների պարտք չեն ունենա, շուտ կավարտեն եւ հետագայում չեն տխրի: Ինչքա՜ն երեխաներ կան, որ ուսման ընթացքում առարկաների պարտքեր են ունենում եւ երբ վերջացնում են եւ որեւէ գործի նշանակվում, կրկին գիտելիքների պարտք են ունենում եւ խնդիրներ:
— Հա՛յր, եթե որեւէ երիտասարդ իր ուսման ընթացքում ծանոթացել է մի լավ անձնավորության հետ, ճի՞շտ է, որ ուսման ժամանակ ընտանիք ստեղծի:
— Կարծում եմ, որ ինչքան էլ լավ մարդ լինի, դա կկատարվի ուսման հաշվին: Եթե նույնիսկ գտնի ամենալավ կողակցին եւ ամուսնանա, կլինի տառապանք ե՛ւ կնոջ, ե՛ւ երեխաների համար: Ավելի լավ է, որ իր ամբողջ հոգեւոր ու մարմնական ուժերը կենտրոնացնի ուսման վրա, որպեսզի հանգիստ ավարտի ուսումը եւ հետո միայն կարգավորի այդ հարցը: Որովհետեւ, եթե իր ուժերը ցրված են, շարունակ ե՛ւ հոգեպես, ե՛ւ մարմնապես կոտրված կլինի:
Շարունակելի
Հունարենից թարգմ.՝ Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s