ԽՈՐՀՈՒՐԴ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

Երուսաղէմ, տպարան Սբ Յակովբեանց, 1959 թ.
Մասնակի կրճատումներով եւ արեւելահայերենով (փոխադրումը՝ Ղեւոնդ քհն. Մայիլյանի) վերահրատարակումը՝ Կոտայքի թեմի, 2012 թ.)

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Քրիստոնեական սրբազան պաշտամունքում ամենագլխավորը սբ Պատարագի խորհուրդն է, որը հաստատել է Հիսուս Քրիստոսը, եւ ամեն հավատացյալ պարտավոր է ժամանակ առ ժամանակ անձամբ մասնակցել Պատարագին` ներկա գտնվելով խորհրդին, եւ ճաշակել Տիրոջ Մարմինն ու Արյունը, այն է՝ հաղորդվել: Քրիստոսը, առաքյալները եւ Ընդհանրական Եկեղեցին պահանջում են, որ յուրաքանչյուր հավատացյալ մասնակցի այդ մեծ խորհրդին` ստանալով այն շնորհները, որոնք անհրաժեշտ են իր փրկության համար:
Սբ Պատարագը քրիստոնեական սրբազան պաշտամունքի կիզակետն է` կենտրոնը, որովհետեւ լինելով քրիստոնեական ամենահին արարողությունը՝ իր մեջ ամփոփում է քրիստոնեական հավատքի ամենաէական մասը. բոլոր այլ հասարակաց աղոթքներն ընդօրինակված են նրանից, եւ բոլոր հասարակաց աղոթքների սկզբունքներն ու հիմքերն այնտեղ են գտնվում: Դրա համար էլ Եկեղեցու եւ հավատի միության կենտրոնն էլ համարվում է սբ Պատարագի խորհուրդը, որով միմյանցից հեռացած քրիստոնյաները՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից ու տարբեր լեզուների կրող լինելուց, անկախ բնակության վայրից, Հիսուս Քրիստոսի եզակի այս Պատարագի շնորհիվ միաբանվում են` Բարձրյալին երկրպագելու համար։ Այս պատճառով է սբ Պատարագի խորհուրդն այդքան կարեւոր մեր պաշտամունքի մեջ, ուստի պարտականություն ունենք Պատարագի խորհուրդը մատչելի եւ օգտակար դարձնել ժողովրդի համար:
Մեր խնդրանքն է առ Աստված, որպեսզի Տերն օրհնի այս փոքրիկ ձեռնարկը՝ զերծ պահելով վրիպակներից եւ մարդկային թերություններից, եւ տա զորություն՝ լուսաբանելու Իր այս երկնային ճշմարտությունը՝ «ի փառս մեծի Անուան Իւրոյ եւ ի շինութիւն հաւատացելոց ի Քրիստոս»:

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ՝ ՆՈՐ ՈՒԽՏԻ
ՊԱՏԱՐԱԳԻ ՍՏՎԵՐ

Մեր նախահայրերի անկումից հետո մարդկանց աստվածպաշտության ամենակարեւոր մասն էր կենդանիների, մինչեւ իսկ սարդերի զոհը, որը նվիրում էին Աստծուն` իբրեւ քավության պատարագ` Նրա ցասումը իրենցից հեռացնելու համար: Նույնիսկ իսրայելացիների համար առանց արյան զոհի անհնար էր դիտվում աստվածպաշտությունը: Սրանից հետեւում է, որ մարդը բնական միտում եւ պահանջ է ունեցել Աստծուն արյունալից զոհ մատուցելու: Այդ միտումն առաջ է եկել նրա բնության ապականացու լինելուց` սկզբնական մեղքի պատճառով: Քանի որ ամեն մարդ, երբ զոհ էր մատուցում, նախ խոստովանում էր իր մեղքերը, իր մահվան արժանի լինելը եւ իր փոխարեն մեկ այլ կենդանու արյուն էր թափում` նվիրելով այն Աստծուն՝ այդպիսով իրեն ազատելով մահվանից: Բոլոր ազգերի համար էլ Պատարագի նշանակությունն այս է եղել. եւ հրեական զոհաբերություններն էլ, որոնք տնօրինվում էին աստվածային հայտնությամբ, կատարվում էին այդ նշանակությամբ: Ուստի զոհ մատուցելու պահանջը մարդկային անկյալ բնության հետեւանքն է:
Կարելի է առարկել, թե` հասկանալի է, որ մարդ արարածը մեղքի գիտակցության հետեւանքով իր հոգեւոր շփոթությունն ամոքելու եւ իրենից մահվան պատիժը հեռացնելու հույսով է այս տեսակ միջոցների դիմում։ Սակայն Աստված ինչպե՞ս պետք է ընդունի ուրիշ` փոխանորդ կենդանու արյունը` մահապարտ մարդու փրկության փոխարեն:
Կարող ենք այստեղ ասել, թե Քրիստոսից առաջ կատարված բոլոր զոհաբերություններն Աստծու համար այնքանով էին ընդունելի եւ այնքանով մարդուն նպատակահարմար, որքանով նրանք հանդիսանում էին Քրիստոսի մահվան նախատիպ եւ նախագաղափար, եւ Աստված այս ամենը հաստատել էր, որպեսզի առաջին հանցավոր Ադամի զավակները, անմեղ անասուն մատուցելով, անմեղ Երկրորդ Ադամի պատկերը մատուցեին Բարձրյալ Աստծո գահին եւ ստվերաբար ակնարկեին Քրիստոսի` խաչի վրա կատարած ահեղ Պատարագը, որը պիտի կատարվեր Գողգոթայի վրա:

Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Ավագ Հինգշաբթի՝ երեկոյան, Քրիստոսն աշակերտների հետ հավաքվել էին Վերնատանը՝ հրեական ամենանշանավոր տոնը` Զատիկը կատարելու համար: Այդ տոնը Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսի մահվան նախատիպը եւ ստվերն էր: Այն հաստատվել էր ի հիշատակ Եգիպտոսից իսրայելացիների ազատագրման: Աստված պատվիրել էր, որ յուրաքանչյուր տանն անարատ եւ մեկ տարեկան գառնուկ մորթվեր, եւ արյունը ցողվեր տան դռան սեմին, որպեսզի իսրայելացիների անդրանիկ որդիները փրկվեին աստվածային պատուհասից, որը հասել էր եգիպտացիների անդրանիկներին:
Ավագ Հինգշաբթի օրը, մինչ հրեաները պատրաստվում էին իրենց ստվերական Պասեքը կատարելու, Հիսուս Քրիստոսը պատրաստվում էր բուն` իսկական Զատկի տոնը կատարելու: Ինքն էր ճշմարիտ Գառնուկը, որ պիտի զոհվեր հաջորդ օրը: Վերնատանը Քրիստոսն այդ տոնի նախապատրաստությունն էր կատարում, ուր եւ հաստատեց սբ Պատարագի խորհուրդը: Բուն Պատարագն այն էր, որ հաջորդ օրն Ինքը պիտի մատուցեր՝ Իր արյունը թափելով խաչի վրա՝ իբրեւ Հորը մատուցած զոհ՝ հանուն մարդկության փրկության: Եվ Նա Վերնատանը ցույց տվեց այն ճանապարհը, որով բոլոր ժամանակներում եւ ամենուրեք հավատացյալները կարողանային յուրացնել եւ վայելել այդ Պատարագի արդյունքը:
Ինչպես որ Ադամից ժառանգել էինք հոգեւոր տկարություն եւ մեղք, այնպես էլ Քրիստոսը՝ իբրեւ Երկրորդ Ադամ եւ մեր հոգեւոր Նախահայր, մեր սկզբնական մեղքը ջնջելով՝ մեզ ժառանգություն թողեց արդարություն եւ հոգեւոր զորություն: Ադամից ժառանգած տկարացյալ մարդկային բնությունը` Իր Մարմնի եւ Արյան կազդուրիչ ու զորացուցիչ կերակրով` Ադամի նախկին երանավետ վիճակին հասնելու ճանապարհ ցույց տվեց եւ Իր փառավորյալ Մարմնի կատարելության շնորհների ընդունելությանը մեզ արժանացրեց` Սբ Հաղորդության միջոցով:
Հացն ու գինին մարդու սննդի գլխավոր մասերն են, ուստի հարմար են աստվածային շնորհների խորհրդավոր ներգործության համար: Մեր Տերը, հացն ու գինին վերցնելով, օրհնեց եւ իբրեւ Իր Մարմինն ու Արյունը հռչակեց ու պատվիրեց, որ արժանավոր արարողությամբ նույնը միշտ կատարենք` ի հիշատակ Իր Մահվան եւ Իր մեծ Պատարագի: Այլ խոսքով՝ սրբագործված Հացն ու Գինին, որի մեջ անիմանալի կերպով ներկա է փառավորյալ Քրիստոսը, ճաշակում ենք, որ միանանք Քրիստոսին՝ Նրա կատարելությանը հաղորդ եւ մասնակից դառնալով: Պատարագը մատուցում ենք Հորը եւ հիշում, թե ինչպես Քրիստոսը մեռավ մեզ համար, եւ այդ անարատ, մորթված Գառի սիրո համար խնդրում ենք թողություն մեր մեղքերին։

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՄԱՍՏԸ

Սբ Պատարագի խորհուրդը հասկանալու համար անհրաժեշտ է հստակորեն պատասխանել երկու հարցադրումների։ Նախ՝ ինչպե՞ս ենք ըմբռնում մեր Եկեղեցում մատուցված սբ Պատարագի խորհուրդը եւ երկրորդ` թե ինչպե՞ս ենք հասկանում Քրիստոսի Մարմնի եւ Արյան ճաշակումը սբ Հաղորդության մեջ:
Արդեն նշել ենք, որ Հին Կտակարանի բոլոր զոհերն ու պատարագները իրականության հետ կապ չունեին, այլ միայն ստվերն ու նախատիպ օրինակն էին Խաչի պատարագի, եւ միայն նման լինելով եւ ակնարկելով Քրիստոսի զոհաբերությանը՝ հաճելի էին Աստծուն: Քրիստոսի կատարած փրկագործության մեծ Պատարագից հետո մնացած բոլոր զոհերն ու պատարագները՝ լինեն թե՛ մովսիսական եւ թե՛ հեթանոսական, անզոր ու ապարդյուն են, քանի որ «ստուերն ի լոյս ճշմարտեցաւ»:
Ապա հարց է ծագում՝ ի՞նչ է դա, որին քրիստոնեական Եկեղեցիները Պատարագ են անվանում: Քրիստոնյաների Պատարագն ուրիշ բան չէ, եթե ոչ խաչի Պատարագի ընծայումն ու հիշատակությունը, Քրիստոսի փրկագործության արդյունքների յուրացումը, որն Ինքը` Քրիստոսը հաստատեց Իր չարչարանքներից առաջ՝ ասելով. «Այս արեք Իմ հիշատակի համար», որ նշանակում է` «Այս (այսինքն՝ հացն ու գինին օրհնելն ու նվիրելը) մատուցեք իբրեւ պատարագ եւ դրանով Իմ չարչարանքների ու մահվան հիշատակը կատարեք Աստծու առաջ»: Այսինքն՝ եթե ուղղակիորեն կրկնենք Քրիստոսի արտասանած խոսքերը, որոնք Նա ասաց այս Խորհուրդը հաստատելու ժամանակ («Առե՛ք, կերե՛ք… Խմեցե՛ք դրանից…»), այդժամ հրաշալի եւ գերբնական, հետեւաբար եւ անբացատրելի կերպով հացն ու գինին փոխակերպվում են Քրիստոսի փառավորյալ Մարմնին ու Արյանը, այսինքն` այն Մարմինը, որը Քրիստոսը մեկընդմիշտ մատուցեց խաչի վրա։ Եվ այժմ՝ երկնքի մեջ, իբրեւ մշտնջենավոր Քահանայապետ, շարունակաբար մատուցում է մինչեւ հավիտենական ժամանակներ:
Եվ հետո այդ սրբագործված Մարմնի ու Արյան փոխակերպված Հացն ու Գինին մատուցելով առ Աստված՝ մենք եւս միանում ենք մեր աստվածային Քահանայապետին, Իր մշտնջենական Պատարագի մատուցմանը, որպեսզի մենք եւս գործով եւ մասնակցությամբ ցույց տանք, որ իրոք փափագում ենք Քրիստոսի փրկագործության արդյունքը վայելելու՝ գոհանալով այն մեծ Պատարագով, որով փրկվեցինք: Այս է պատճառը, որ մեզանում եւ հույների մեջ երբեմն այս սբ Խորհուրդը կոչվում է Գոհություն (Եվխարիստիա):
Պատմության ընթացքում Տիրոջ Մարմնի եւ Արյան փոխակերպումը հացի ու գինու բավականին մեծ վեճերի տեղիք է տվել գրեթե բոլոր Եկեղեցիներում: Կաթոլիկ Եկեղեցուց Բողոքականության անջատման պատճառներից մեկն էլ այս խնդիրն էր, որի վրա կանգ չենք առնի:
Մեզ համար սբ Հաղորդության հիմքը Քրիստոսի խոսքերն են. «Այս է Մարմինն Իմ. Այս է Արիւնն Իմ», եւ մենք այլեւս իրավունք չունենք ասելու, թե հացն ու գինին ինչպես կարող են գոյապես փոխակերպվել Մարմնի եւ Արյան:
Հայ Առաքելական Սբ Եկեղեցին՝ ո՛չ պաշտոնապես եւ ո՛չ անպաշտոն, երբեւէ չի փորձել Տիրոջ խոսքերի սահմաններից դուրս գալ՝ զանազան բացատրություններ տալով խորհրդին: Խորհուրդը խորհուրդ լինելուց կդադարի, երբ ենթարկվի փիլիսոփայական բացատրության: Հավատանք, որ սրբագործությունից հետո Հացն ու Գինին Տիրոջ խոսքերի գերբնական զորությամբ եւ աննկարագրելի կերպով, Տիրոջ խոստումի համաձայն, փոխակերպվում են Մարմնի եւ Արյան, եւ դրանք արժանավորաբար ճաշակողները ճաշակում են Տիրոջ Մարմինն ու Արյունը, իսկ անարժանաբար ճաշակողները մեծ մեղքի եւ դատապարտության տակ են ընկնում: Առայժմ բավարար է ընթերցողներին հանձնարարել ուշադրությամբ կարդալ Կորնթացիներին ուղղված Ա թղթի ԺԱ գլխի 23-29 համարները, ուր հնարավորինս բացատրություններ կգտնեն այս աստվածային Խորհրդի մասին:

Շարունակելի

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s