ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հյուրն է Կոմիտաս վրդ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ

— Հա՛յր սուրբ, Եկեղեցին հավատում է, որ Աստծո նկատմամբ հավատի եւ բարոյականության միջեւ օրգանական կապ կա. յուրաքանչյուր մարդ ունի բնածին, բնական բարոյականություն: Ի՞նչ ասել է բնածին բարոյականություն։
— Բոլոր այն ազգերը, որոնք ունեն Աստծո կողմից տրված պատվիրանները, հավատում են, որ իրենք Աստծո, Արարչի կողմից են ստեղծված, ընդունում են, որ Աստված նյութից ստեղծեց մարմինը, բայց կենդանությունը, հոգին Իրենից փոխանցեց մարմնին: Հետեւաբար որպես աստվածային Հոգու կրող՝ յուրաքանչյուր անձ ծննդյան իսկ վայրկյանից սկսյալ արդեն պիտի լինի այդ պատկերը բարձր պահողը, եւ բարոյականությունն ուղեկից պիտի լինի մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:
— Որո՞նք են ավետարանական բարոյականության չափանիշները, եւ ինչո՞ւ այսօր մի շարք առաքինություններ եւ մարդուն մարդ դարձնող հատկանիշներ ժամանակավրեպ են համարվում: Բարոյականության չափանիշները կարո՞ղ են ժամանակավրեպ համարվել։
— Մատթեւոսի Ավետարանի 24-րդ գլխում կա Քրիստոսի մի դարձվածքը, որտեղ Նա հրաշալիորեն հայտարարում է. «Զգույշ եղեք. գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան Իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն» (ԻԴ 4-5): Այս դարձվածքն ինքնին մարգարեական է նաեւ մեր օրերի համար: Ո՞վ էր Քրիստոսը. Քրիստոս նշանակում է Փրկիչ, Մեսիա, Օծյալ, ուրեմն այսօր կան մարդիկ, որոնք իրենց որպես «փրկիչ» են ներկայացնում, որովհետեւ փրկության գաղափար են բերում՝ սեռականը շեշտադրելով. ասում են, որ եթե դու ուզում ես առողջ ապրել, անպայման պիտի զբաղվես սեռական հարաբերությամբ: Ես եմ քո մարմնական «մեսիան»: Ուրեմն տեսնում ենք, որ ամեն մի ժամանակաշրջանում պիտի հայտնվեն մարդիկ, որոնք մարդուն պիտի փորձեն հեռացնել Աստծուց: Ս. Պողոս առաքյալի թղթերում մենք հանդիպում ենք հրաշալի դարձվածքների. ասվում է, որ եթե չեք ուզում Աստծո արքայությունից դուրս դրվել, մի հետեւեք այն բացասական երեւույթներին, որոնք այսօր քարոզվում են։ Կորնթացիներին ուղղված առաջին թղթում կարդում ենք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու. «Մի խաբվեք. ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իգացողներ, ոչ արվամոլներ, ոչ գողեր, ոչ ագահներ, ոչ հարբեցողներ, ոչ բամբասողներ, ոչ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. Զ 9-11): Շատ հստակ է, թե այդ մարդկանց նպատակն ինչ է. Աստծո արքայության դռները մեր առջեւ փակելը։ Հետեւաբար նրանք կարող են ամեն կերպարով ներկայանալ, որովհետեւ դա չարի մեթոդն է: Չարը մարդկանց խաբելու համար ամեն ձեւով կարող է հանդես գալ: Մենք դա տեսնում ենք անապատում Քրիստոսի փորձության ժամանակ… (տե՛ս Ղուկ. Դ 1-13): Ինչպես այսօր որոշ «բանաստեղծուհիներ» փորձում են մեզ սովորեցնել, որ բնական մարդը պետք է լինի արվամոլ, լեսբուհի…, սա խոսում է այն մասին, որ այդ կերպարների միջոցով է սատանան փորձում մեր ժողովրդին հեռացնել իր բուն հավատքից. ո՞ր ժողովրդին՝ հայ ժողովրդին, ում շումերները հայտարարում էին Աստծո ընտրած ազգ, իսկ մեր երկիրը՝ Աստծո բնակավայր:
— Հա՛յր սուրբ, փաստորեն սատանայի ձեռագիրը չի փոխվել եւ չի կարող փոխվել…
— Չի կարող փոխվել. ինչպես Աստծո կերպարը չի փոխվում հազարամյակների ընթացքում, այնպես էլ՝ չարի կերպարը:
— Հետեւաբար չեն կարող փոխվել եւ ժամանակավրեպ համարվել բարոյականության չափանիշները, այնպես չէ՞։
— Քրիստոսն ասում է. «Չեկա վերացնելու, այլ լրացնելու, կատարյալ դարձնելու» (տե՛ս Մատթ. Ե 17): Սա խոսում է այն մասին, որ եթե ժամանակի ընթացքում որոշ ընկալումներ իրենց մեջ բարոյականության ծիրից ներս պարունակում էին նաեւ այսօրվա քրիստոնեական արժեքներին չհամապատասխանող երեւույթներ, քրիստոնեությունը եկավ այդ բոլորը բարձրացնելու այնպիսի մի աստիճանի, որտեղ անբարոյականությունը ոչ մի տեղ չունի, իսկ անբարոյականությունն սկսվում է, երբ բացակայում են ներողամտությունը, դիմացինի նկատմամբ հարգանքը, սերը:
Մարդն այն է, ինչով իրեն ձեւավորում ես: Եթե նրան ձեւավորում ես բարոյական կերպարով, նա դառնում է բարոյական կերպար եւ՝ հակառակը: Բավական է ամենահրաշալի կերպարին դնես անբարո միջավայրի մեջ, ապա 1-2 տարում նա կդառնա այնպիսին, ինչպիսին իր կողքիններն են: Այդ պատճառով ժողովուրդն ասում է. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»:
— Հա՛յր սուրբ, գաղտնիք չէ, որ զանգվածային լրատվության միջոցներն այսօր հրամցնում են բացառապես հոռի, ապականված բարքեր, խրախուսում են ամեն տեսակի շեղումները, անբարոյականությունը: Ի՞նչ ավեր կարող Է գործել նման քարոզչությունը մարդկային հոգու վրա, որն Աստծո կնիքն է կրում….
— Նայած թե այդ այդ ԶԼՄ կոչվածներից որինն է ամենաակտիվ ներկայությունը մարդկային կյանքում: Անշուշտ, ամենաակտիվը հեռուստացույցն է: Դժբախտաբար կան որոշ հեռուստաընկերություններ, որոնք չարի, սատանայի սերմնացանները լինելուն են լծված, որոնց պատրաստած հաղորդումներն անբարոյականություն են քարոզում: Ավետարանի մեջ նշվում է, որ մարմինը ոչ թե պոռնկության, այլ Աստծո համար է, եւ Տերը՝ մարմնի համար: «Ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մի մարմին է դառնում… Եվ ով մերձենում է Տիրոջը, մեկ հոգի է դառնում Նրա հետ» (Ա Կորնթ. Զ 16 — 17): Դժբախտաբար այսօր մեր որոշ ԶԼՄ-ներ այնպիսի այլասերությամբ են կրթում մեր նոր սերնդին, որ սարսափել կարելի է: Մենք ինքներս մեր ձեռքով անում ենք ամեն ինչ՝ մեր ժողովրդի բարոյական, հոգեւոր արժեքները զրոյականի իջեցնելու համար, իսկ երբ ժողովուրդը չունի հոգեւոր արժեք, նա որեւէ սրբություն չունի, իսկ առանց սրբության չի կարող ո՛չ երկիր գոյություն ունենալ, որը գերագույն սրբություն է, ո՛չ ընտանիք, հետեւաբար չի կարող եւ ազգ գոյություն ունենալ: Այսինքն՝ մենք, լինելով այլոց սադայելական ծրագրերի խամաճկները, մեր ձեռքերով իրականացնում ենք նրանց չարաբույր ծրագրերը:
— Մեր օրերում հնարավո՞ր է հարադրել քրիստոնեական բարոյականության սկզբունքներն այն ազատության չափանիշներին, որն Աստված շնորհել է յուրաքանչյուր մարդու։
— Ազատությունն ամենաթողություն չէ. եթե ես ազատամիտ եմ, դա չի նշանակում, որ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Ազատամտությունը պիտի ունենա իր սահմանները: Ես հաճախ կրկնում եմ Ցիցերոնի խոսքերը. «Ազատ ապրելու համար պետք է լինել ստրուկը օրենքի», այսինքն՝ լինել կատարյալ օրինապահ: Եթե իմ ազատությունը ֆիզիկապես խանգարում է դիմացինին, ապա դա ոչ թե ազատություն, այլ այդ անվան տակ այլասերում է:
— Ի՞նչ կերպերով կարող է մերօրյա մարդը պաշտպանվել, խուսափել այդ հարձակումներից՝ հնարավորինս պահելով իր քրիստոնեական կերպարը։
— Մեր օրերում քրիստոնեական կերպարը պահելու համար մենք ոչ միայն պետք է կրկնենք Առակաց գրքից հայերեն թարգմանված առաջին նախադասությունը, որն է ՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այլեւ պետք է կարդանք դրա շարունակությունը. «…պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար…» (Առակ. Ա 2-5), որովհետեւ եթե մարդը Քրիստոսի ասածի նման աղավնու նման բարի եւ օձի նման խորագետ չէ, չի կարող իրական մարդ լինել. նա համարժեք է առանց բանականության անասունի կամ կենդանու, որի կյանքի նպատակն ուտելն է եւ հարաբերվելն իր նմանի հետ: Այսինքն՝ եթե քրիստոնեությունը եւ մեր ողջ պատմությունը մեզ առաջնորդում են դեպի կատարելություն, այսօրվա որոշ «հայեր» (որովհետեւ այն հայը, որն իր ժողովրդի դեմ է գործում, դադարում է ինձ համար հայ լինելուց. այդպիսին սադայելի եւ ոչ թե Հայկի ծնունդն է) առաջնորդում են դեպի կործանում՝ իրականացնելով այն, ինչ հակառակ է մեր հավաքական կյանքին եւ մեր Տիրոջ կամքին:
— Ցավոք, լինելով քրիստոնյա ազգ, մեր ընթացքով ու կենցաղով այնքան հեռու ենք քրիստոնեական կյանքից ու առօրյայից…
— Ես չէի ընդհանրացնի: Մեր հասարակության մեջ ունենք տարբեր խավեր, ունենք իրոք քրիստոնեական կերպար ունեցող շատ բարի, մաքուր մարդիկ, բայց, ցավոք, այն 70 տարիները, որոնք նյութական իմաստով որոշ առաջխաղացում գրանցեցին, հոգեւոր դաշտում մի ամբողջ ցունամի առաջացրին, որովհետեւ երբ մարդու միջից վերացնում են հավատը եւ Աստծո գաղափարը, նա դառնում է ամենաանազնիվ մարդը, վերածվում այնպիսի մի կերպարի, ում համար այն, ինչ ամոթ է, ընդունելի է, իսկ այն, ինչ ամոթ չէ, սովորական երեւույթ է: Այսինքն՝ ամոթ է ամաչելը, եւ կզարմանամ, եթե սկսես դու զարմանալ: Նրանց համար գոյություն չունի բարոյականության որեւէ սահման: Քրիստոնեությունը հստակություն է, որտեղ ամեն մի դարձվածք արժեւորում է մարդուն: Ասվում է, որ մարդն իր հոգով նման է Բարձրյալին, Կատարյալին, ուրեմն մենք երկրի վրա պիտի Աստծո կամքը եւ ոչ թե մեր անասնական ցանկությունների կատարողները լինենք: Առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի բացառիկ հատվածը հիշենք. «Եթե Հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք, որովհետեւ մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ սրանց նման ուրիշ բաներ»: Նշված մեղքերին ես կավելացնեի նաեւ թմրամոլությունը: «Նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Գաղ. Ե 18-22): Ուրեմն, հստակ թող լինի մեզ համար, թե այս ամենը մեզ ուր է տանում:
— Հա՛յր սուրբ, ուրեմն որն է լուծումը, այս իրավիճակից ելքի ճանապարհը: Դուք լավատե՞ս եք այն առումով, որ մի օր մեր հասարակությունը կվերադառնա իր բարոյական, ավանդական արժեքներին…
— Ես լավատես կլինեի այն ժամանակ, երբ մեր ժողովրդի որոշ կարեւոր մի խավ դադարեր մտածել, որ եթե հանկարծ այս երկիրը մի օր կործանվի, ինքը կփախչի Եվրոպա՝ վայելելով այնտեղ նախապես տեղափոխած իր ունեցվածքը, առոք-փառոք կապրի իր կյանքի մնացած տարիները: Այդպիսիներն արժանանալու են Մանթաշովի, Գյուլբենկյանի վախճանին: Ուր են հիմա նրանց սերունդները: Մեզ պետք է սթափ դատողություն, առաջին հերթին ազգային գիտակցություն, նվիրվածություն, որպեսզի ամեն մարդ հասկանա, թե ով է ինքը: Եթե ես պատկանում եմ աստվածընտիր հայ ժողովրդին, եթե սա իմ սրբազան երկիրն է, որի անունը Բիբլիական Հայաստան է, ուրեմն ես կատարյալ նվիրվածությամբ պիտի մոտենամ հարցին: Հրեաներն ամեն հրեայի մեջ տեսնում էին իրենց եղբորը, որովհետեւ Աբրահամը հայտարարված էր նրանց հայրը: Նույնպես եւ մենք ամեն մի հայի մեջ պիտի տեսնենք մեր եղբորը: Ըստ Աստվածաշնչի՝ Աստծո դրախտն այստեղ է, որտեղ Աստված արարեց առաջին մարդուն: Իսկ մենք այսօր այդ դրախտավայրը վեր ենք ածում պոռնկատան եւ ոչ Աստծո բնակավայրի: Լավատեսությունը կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը մտածի ոչ թե իրար խաբելու, անիծելու, այլ օգնելու, նեցուկ լինելու, միասին առաջ գնալու մասին, եւ ոչ թե անկախություն հայտարարենք, բայց ճորտատիրական հասարակարգը վերականգնվի Հայաստանում:
Հյուրընկալեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s