Սկիզբը՝ 2012 Օգոստ. Ա

Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ 7000 վրացիների ու հայերի ազատմանը, որ գերեվարել էին պարսիկների համար։ Ի վերջո նրան հաջողվեց շատերին ազատել՝ նվերներ տալով կամ ձրի։ Մեծ մասը 15-20 տարեկան էր, քիչ չէին 6-10 տարեկան աղջիկներն ու տղաները։ Նա պատանիներից շատերին օգնեց, որ փախչեն։ Գերիների մեջ անգամ նորածիններ կային։ Ազատված գերիներին Էջմիածին վերադարձող ուղտապանների հետ ուղարկեցին Ագուլիս եւ Աստապատ՝ հանձնելով Գանձակի կաթողիկոսի խնամքին։ Շատերն էլ վերադարձան Մաղաքիայի, Սարգիս Աստապատցի եւ Եղիա Քրդստանցի վարդապետների ուղեկցությամբ։ Նրանք սկզբում գնում են Դիզակ, հետո տեղափոխվում են՝ Գանձասարի Ներսես կաթողիկոսի օգնությամբ։
Պաշարը վերջանում է, ստիպված խանձած ցորեն են ուտում, մինչեւ կերակուր են բերում։ Այդ ընթացքում կաթողիկոսին հաջողվում է էլի շատ գերիների ազատել՝ փող տալով։ Նա Մուղանից մեկնեց միայն փետրվարի 23-ին, որից ընդամենը 3 օր հետո Նադիրը թագադրվեց։ Հետեւաբար ճիշտ չէ, թե նա մարտի 1-ին հանդիսավորապես օրհնել է Նադիրի սուրը եւ կապել մեջքին։
Կաթողիկոսն Էջմիածին հասավ միայն հունիսի 12-ին, քանի որ շրջեց Հայաստանի հյուսիսային կողմերում։ Լինում է Դիզակի Հադրութ գյուղում եւ անցկացնում Բուն բերեկենդանը, հանդիպում Գանձասարի կաթողիկոս Ներսեսին, որին մինչ այդ չէր տեսել։ Տաթեւում բանադրանքից ազատում է Քարահունջ գյուղը։ Մարտի 16-ին տեսնում է լուսնի խավարումը։ Մի քանի օր մնում է Սարգիս Պարոնտերի Մեծ անապատում, ապրիլի 7-ին պատարագում է Դաշտ գյուղում, ապրիլի 25-ին Զատիկը նշում Ագուլիսում, որտեղ եւ մայիսի 2-ին եպիսկոպոս է ձեռնադրում Ագուլիսի ավագերեց Թումային։ 9 օր մնում է Ստեփանոս Նախավկայի վանքում, հետո անցնում է Երնջակ, Նախիջեւան ու Աստապատ, որտեղ Մեծահրաշի կիրակի օրը՝ հունիսի 6-ին, եպիսկոպոս է ձեռնադրում Նոր Ջուղայի միաբան Գեւորգ Ասպահանցի եւ Էջմիածնի միաբան Մելքոն Կաֆայեցի վարդապետներին, Աղբակի Սբ Բարթողիմեոսի առաջնորդին։ Եվ միայն այս ամենից հետո՝ հունիսի 12-ին, հասնում է Էջմիածին։
1736-ին Կրետացին ճամփորդեց Թավրիզ՝ կուսակալ Իբրահիմի մոտ։ Հրավերն ստացել էր դեռ Մուղանից մեկնելիս եւ հիվանդ լինելով՝ ուղարկել էր Թովմաս Ագուլեցուն։ Այդ ժամանակ էլ՝ 1736 թվի սեպտեմբերին, հաշտություն կնքվեց, եւ վերականգնվեց նախկին սահմանը։ Սեպտեմբերին նա Իբրահիմից նոր հրավեր ստացավ։ Այդ ժամանակ Հովհաննավանք էր գնացել՝ շինությունների հետ կապված։ Պատրաստվում է ճամփորդության եւ Թավրիզ մեկնում՝ անցնելով Աստապատով ու Մարանդով։ Թավրիզ հասավ հոկտեմբերի կեսերին եւ Իբրահիմից արժանացավ մեծ պատիվների։ 20 օր մնում է, 15 հրովարտակ ստանում վանքերի ու երկրի համար եւ մեկնում Էջմիածին։ Հին Ջուղայում եւ Նախիջեւանում լինելուց հետո՝ նոյեմբերի 20-ին, մուտք է գործում Աստապատ, հետո գնում է Խորվիրապ ու միայն նոյեմբերի 27-ին հասնում Մայր Աթոռ։ Այս անգամ էլ կաթողիկոսի ուղեւորությունը եղավ ձմռան սկզբներին, ինչը ծանր էր նրա տկար առողջության համար։ Նրա հիվանդությունը Թավրիզում նկատել էր անգամ Իբրահիմը։ Նա նույնիսկ հանդիմանել էր նվիրակին, թե ինչու է բերել կաթողիկոսին։ Էջմիածին վերադառնալուց հետո կաթողիկոսն ապրեց շուրջ հինգ ամիս։
Կոստանդնուպոլսում այդ ամբողջ շրջանում պատրիարք էր Կոլոտը (20 տարի)։ Նա պաշտպանում էր Հայոց Առաքելական Եկեղեցու շահերը եւ միաժամանակ աշխատում էր համերաշխությունը պահել լատինամետների հետ։ Լատինամետները պետք է հաճախեին հայոց եկեղեցի, ինչը ոչ միայն Հայոց Եկեղեցու, այլեւ թուրքական իշխանությունների պահանջն էր, որին Հռոմը չէր կարող բացարձակ արգելք դնել։ Բայց լատին եպիսկոպոսի եւ լատին աբեղաների ախորժակն ավելի մեծ էր։ Եթե Կոլոտը խուսափում էր կտրուկ միջոցներից, ապա լատինամետները գրգռվում էին լատին եպիսկոպոսի հոխորտանքից։ Կոլոտը շարունակեց իր հաշտարար քաղաքականությունը լատինամետների հետ։ Իր հերթին լատին եպիսկոպոսը չէր ներում լատինամետներին, որ մոտեցել են Կոլոտին։ Ֆրանսիայի դեսպան Վիլնյովը մտադրվում է կառուցել հայ կաթոլիկական եկեղեցի, որ մի կողմից կաթոլիկ եւ մյուս կողմից օսմանյան հպատակ համարվի, իսկ այնտեղ կաթոլիկներն ու կաթոլիկացած հայերն արարողություն կատարեն։ Դրա համար սկսեցին լատինամետներից գումարներ հավաքել։ Ոմանք ստիպված էին տալիս, ոմանք՝ կամովի։ Այդ ամենը կատարվում էր գաղտնի։ Այս առիթով հուզումներ եղան, եւ ի վերջո դեսպանն իր ծրագրից ետ կանգնեց։ Դրան նպաստեց նաեւ օսմանա-պարսկական հաշտության կնքումը։ Հավաքված գումարը ետ չեն վերադարձնում։
Հայերը շատ հաճախ հարվածներ էին ստանում քրիստոնյա ազգերից, որ կարծես հայերի ճակատագիրը լիներ։ Կա՛մ լատինները, կա՛մ հույները անընդհատ խնդիրներ էին հարուցում։ Նրանք հատկապես ակտիվ էին գործում Երուսաղեմում, որտեղ պայքարն անվերջ սրվում էր հայոց պատրիարքության ունեցվածքի հետ կապված։ Հույները կամենում էին տիրել Սբ Հակոբյանց վանքին անգամ։ Եթե նրանք հաջողության չհասան Հեքիմզադե Ալի վեզիրի օրոք, ապա կարողացան իրենց կողմը գրավել նրա հաջորդ՝ Գյուրջի Իզմայիլ մեծ վեզիրին։ Երբ հաշտության խոսք էր լինում, հույներն անմիջապես առաջարկում էին այրել Հեքիմզադե Ալի փաշայից ստացած հրովարտակը, որով հաստատվում էին հայերի բոլոր իրավունքները, սեփական սրբավայրերը, լուսահանության արարողությունը եւ ասորիների, ղպտիների ու հաբեշների՝ հայերին հետեւորդ լինելը։ Գյուրջի Իսմայիլ փաշան, փաստորեն, քաջալերեց հույներին, եւ 2 հույն պատրիարք, 18 մետրոպոլիտ ու բազմաթիվ իշխանավորներ դիմեցին մեծ վեզիրին, թե սուրբ վայրերի ժառանգությունն ավանդված է հույներին, թե հայերը եկվոր են, Սբ Հակոբի վանքը հույներինն է, եւ հայերը խաբեությամբ են տիրացել դրան, եւ որ Երուսաղեմի բոլոր քրիստոնյաները պարտավոր են ենթարկվել հույներին։ Այս նամակն ընդունվեց, եւ իբրեւ հայոց խաբեության կազմակերպող՝ Սեղբոս եւ Մելիտոն ամիրաները ձերբակալվեցին։ Հայերը բողոքեցին, սակայն հույներն ավելի ջանադրորեն բողոքեցին մեծ վեզիրին։ Ի վերջո արքունիքը հայերին տրված հրովարտակը ետ վերցրեց եւ մարդ ուղարկեց Երուսաղեմ՝ այն վերադարձնելու համար, իսկ հույների պահանջները գործադրվեցին։ Հայերն էլ ոչ մի բանի առաջ կանգ չառան, զոհողությունների գնացին, սակայն երեւի չհաջողեին, եթե Գյուրջի Իսմայիլ փաշան վեց շաբաթ հետո պաշտոնանկ չարվեր, չաքսորվեր, եւ նրան փոխարինած Էսսեիդ Մեհեմեդ փաշան 16 օր անց մեծ վեզիր չդառնար։ Սա մարդ ուղարկեց Երուսաղեմ, որ առաջին բանագնացին ետ կանչեն եւ հայերին թողնեն իրենց հրովարտակը։ Ամիրաներն ազատ արձակվեցին։ Եվ քանի դեռ պաշտոնական կարգադրություն չկար, դրությունը մնում էր լարված։
Շղթայակիրը Երուսաղեմում եւ Կոլոտը Կ. Պոլսում ամեն ջանք գործադրում էին՝ հայերի իրավունքները պաշտպանելու համար։ Շղթայակիրը շուտով պատրաստեց անհրաժեշտ նյութերը եւ հաստատել տվեց տեղական իշխանությունների կողմից՝ բնիկների վկայությունները վերածելով վավերագրերի եւ անգամ կամեցավ Կ. Պոլիս գնալ, որին միաբանությունը չհամաձայնեց։ Ուստի Կոլոտին հանձնարարեց պարտքեր վերցնել որչափ պետք է, որոնք վճարելու համար նա պատրաստ էր կրկին շղթան պարանոցին հագցնել։ Թերեւս Հակոբ Նալյանն այդ առիթով վերադարձած պիտի լինի Կ. Պոլիս, որ գործակցի Կոլոտի հետ։ Սակայն վիճակն անսպասելի փոխվեց, քանի որ հույների պահանջը շոշափում էր լատինների շահերը, չնայած նրանց անունը պաշտոնապես չէր տրվել։ Լատիններն զգացին վտանգը. հասկանում էին, որ հայերին ճզմելուց հետո հերթն իրենց է հասնելու, եւ որոշեցին միանալ հայերին ու օգնել։ Նրանք իրենց հետնորդներին կարգադրեցին, որ նրանք երբեմն հաճախեն նաեւ հայոց եկեղեցիներ։ Մերձեցումը տեղի ունեցավ 1736 թվի սկզբներին։
Կ. Պոլսում հայերը նպատակահարմար գտան, որ Շղթայակիրը գա մայրաքաղաք եւ իր հեղինակությամբ նպաստի գործի դրական լուծմանը։ Նրան նամակ ուղարկվեց, եւ նա՝ թեկուզեւ արդեն ծեր, սիրով ուղեւորվեց Կ. Պոլիս։ Շղթայակրին կանչող նամակն ստորագրեց 36 մարդ՝ պատրիարքի գլխավորությամբ։ Նամակը 1736 թվի ապրիլի 26-ին կարդացվեց Երուսաղեմում, ինչը հավաստում է, որ այն գրվել է տարվա սկզբներին։
Շղթայակիրն իրեն փոխանորդ թողեց, գանձապահ ու թարգման՝ Գաբրիել, Թեոդորոս, Հովհաննես եւ Պողոս վարդապետներին, եւ մայիսի 6-ին մեկնեց Կ. Պոլիս։ Մայիսի 15-ին Յոպպեում նավ նստեց, եղավ Կիպրոսում, բայց հետո փոթորկի պատճառով հունիսի 5-ին ցամաք դուրս եկավ Ֆինիկե նավահանգստում (Անթալիայի արեւմտակողմում) եւ ճանապարհը շարունակեց ցամաքով։ Բունդարբաշի վայրում նա հիվանդացավ եւ մեծ դժվարությամբ հասավ Կուտինա, որտեղ մնաց 21 օր։ Այստեղ նրան դիմավորեցին Կոլոտի չորս աշակերտները՝ Հարություն Հեզահոգի, Հակոբ Նալյան, Սահակ Ահագին եւ Հակոբ Բալաթցի վարդապետները։ Նա Կուտինայում կազդուրվեց, Պրուսայում նրան հյուրընկալեց առաջնորդ Ներսես Բալաթցին, որը ժամանակին պատրիարք էր եղել, եւ ողջ ու առողջ Կ. Պոլիս հասավ 1736 թվի հուլիսի 23-ին՝ Վարդավառի բարեկենդանի նախընթաց ուրբաթ օրը։ Կոլոտը նրան ջերմորեն ողջունեց։ Նրանք միմյանց չէին տեսել 21 տարի։ Շղթայակրի գալը գնահատեցին նաեւ լատինները, եւ դեսպան Վիլնյովը երկու լատին կրոնավոր ուղարկեց՝ նրան բարի գալուստ մաղթելու։ Նա էլ խնդրեց դեսպանի աջակցությունը։ Կոլոտն իր հերթին նամակներ է գրում Ֆրանսիայի Լյուդովիկոս ԺԵ թագավորին եւ Հռոմի Կղեմես ԺԲ պապին, որոնց պատճենները, սակայն, չեն պահպանվել։ Զինակիցն իջեւանեց Սկյուտարի երուսաղեմապատկան վանատանը։ Վիճակը, կարծես, փոխված էր։ Հույները ցնցված էին մեծ վեզիրի բռնած դիրքից, բայց հարցը կարող էր լուծվել միայն քննությունից հետո։ Սակայն այդ ժամանակ կրկին բորբոքվեցին հայ-լատինական վեճերը։ Նույնիսկ դեսպանին լուր տվեցին, թե Շղթայակիրը Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում Աստվածահայտնության տոնին իբր հայհոյել է լատինների պատարագը։ Սակայն Վիլնյովը բավական խելոք էր, որ այդ քսություններին ականջ դներ։ Նա, ընդհակառակը, 1737 թ. փետրվարի 3-ին՝ կիրակի օրը, հացկերույթ տվեց դեսպանատանը եւ հրավիրեց Շղթայակիր ու Կոլոտ պատրիարքներին, Էջմիածնի նվիրակ Պետրոս Հռոմկլայեցուն եւ մի շարք հայ մեծամեծների։ Հաշտության երկուստեք խոսքեր եղան, հայերն առաջարկեցին վերացնել հայոց եկեղեցի գնալու արգելքը, դեսպանն իր հերթին առաջարկեց նզովքի շարականի վերջին տները չերգել, եւ կողմերը բաժանվեցին փոխադարձ հավանությամբ։ Ըստ էության, շարականի խնդիրը մինչ այդ էլ լուծված էր։

Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s