Սկիզբը՝ 2012 Օգոստ. Ա

Եվ իրոք, երբ համեմատում ենք այս ծրագրային հավաստումները բուն Վարդապետության ընդգրկած նյութի հետ, պարզ է դառնում, որ նրա հեղինակը լիովին կատարել է իր խոստումը՝ մեզ իբրեւ Գրիգոր Լուսավորչի Վարդապետություն ներկայացնելով խիստ հակիրճ ամբողջ Հին եւ Նոր Կտակարանները՝ սկզբից մինչեւ վերջ. «Ի սկզբանցն մինչեւ ի վախճան՝ զամենայն պատմեցաք ձեզ» (Ագաթ., ¢ 716),- ասում է ս. Գրիգորը` Վարդապետությունն ավարտելուց հետո. այլուր՝ «Կարգեցաք ի ձեր լսելիս զսուրբ հաւատս ճշմարիտս, որ յայտ յանդիման վարդապետեցին մեզ Գիրք սուրբք՝ […] եւ աւետարանեցաւ սրբովք մարգարէիւք եւ առաքելովք, եւ տուաւ մեզ հաստատութիւն հաւատոց» (¢ 361, տե՛ս նույն միտքը նաեւ ¢ 389)։ Իհարկե, շարադրման ընթացքում Ս. Գրքի տվյալ տեղին կամ այլաբանությունը բացատրելու համար հարկ է եղել օգտագործել նաեւ Եկեղեցու հեղինակավոր հայրերի մեկնություններ, այդ թվում եւ Գր. Լուսավորչի Հաճախապատում ճառերը։ Ճիշտ է` մեր ձեռքը հասած Վարդապետության մեջ (սկսած ¢ 514-ից) ի հայտ է գալիս Հռիփսիմյանց նահատակների թեման, բայց դա այլ խոսակցության առարկա է։ Վարդապետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզության նպատակով համառոտված առձեռն Աստվածաշունչ, որն սկսվում է աշխարհաստեղծումից («Արարեալ [Աստուած] զերկինս խորանարդ հաստայարկ, եւ զերկիր թանձրայատակ…», ¢ 259) եւ ավարտվում առաքելոց ընդհանրական թղթերի վկայություններով (տե՛ս ¢ 700-714) — այն ժամանակ Նոր Կտակարանի վերջին՝ «Յայտնութիւն Յովհաննու» գիրքը դեռեւս կանոնական չէր համարվում, Ագաթանգեղոսն ասում է (¢ 722), թե ս. Գրիգորը հնձանի առաջ խռնված ժողովրդին Վարդապետությունը քարոզեց 65 օրում,- ինչո՞ւ,- որովհետեւ V դ. սկզբին կանոնական ճանաչված Հին եւ Նոր Կտակարանները բաղկացած էին 65 մասից։ Սրանով էլ ակնարկվում էր, թե ս. Գրիգորի Վարդապետությունը շարադրված է Աստվածաշնչի միայն կանոնական գրքերի հիման վրա։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Վարդապետության, այն է՝ համառոտ Աստվածաշնչի հեղինակը ոչ այլ ոք է, քան Մեսրոպ Մաշտոցը։ Թվում է, թե Վարդապետության շարադրման եւ հեղինակի մասին մենք նույնիսկ որոշակի ակնարկ ունենք հենց Մովսես Խորենացու Հայոց Պատմության մեջ։ Պատմահայրը վկայում է, թե Մեսրոպն Ասորիքում հայերենի փոխադրեց եբրայական Հին Կտակարանի բոլոր՝ քսաներկու հայտնի գրքերը եւ Նոր Կտակարանը. «Եւ իսկոյն ի թարգմանութիւն ձեռն արկեալ, խորհրդաբար սկսեալ յԱռակացն, բովանդակելով զքսան եւ զերկու յայտնիսն, եւ զնոր Կտակս յեղու ի հայ բան»։
Բանասերներից Ստ. Մալխասյանցը եւ ուրիշներ մերժում են այս վկայությունը՝ իբրեւ Մ. Խորենացուն անհարազատ ընդմիջարկություն, որ բնագրի մեջ է մուծվել ձեռագրի լուսանցքից։ Բայց, ըստ երեւույթին, այլ կերպ պետք է հասկանալ այդ տեղը. Մաշտոցը, իրոք, չէր կարող իր երկու աշակերտների հետ միասին կարճ միջոցում թարգմանել ամբողջ Աստվածաշունչը, այլ համառոտել եւ ամփոփ շարադրել է աստվածային ավանդությունները, Ագաթանգեղոսի խոսքով ասած՝ հստակապատում է արել աշխարհապատում արարչագործությունից սկսած մինչեւ Աստծո պատգամախոսները (իմա՛ մարգարեները) եւ Քրիստոսի ավանդները հրահանգող այրերը (իմա՛ առաքյալները) — սա էլ հենց Հին եւ Նոր Կտակարանների ծավալն է, որ համառոտողը Հայաստանում քրիստոնեության առաջին տարածողի անունով անվանել է Գր. Լուսավորչի Վարդապետություն (ուսմունք), որը եւ հայ նորաստեղծ դպրության շրջանում պետք է ծառայեր իբրեւ քարոզչության համար նախատեսված մատչելի եւ ամփոփ ձեռնարկ։ Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Մ. Խորենացու վկայությունը։ Խոսքն այստեղ Աստվածաշնչի ուղղակի թարգմանությանը չի կարող վերաբերել նաեւ այն պատճառով, որ Պատմության հետագա շարադրանքում պատմահայրը երկու անգամ անդրադարձել է Աստվածաշնչի բուն հայերեն թարգմանության խնդրին։ Նա վկայում է, որ երբ Մեսրոպը Աղվանքում նշանագրեր ստեղծելուց հետո վերադարձավ Հայաստան, մեծն Սահակին գտավ զբաղված (Սուրբ Գրքի) թարգմանությամբ՝ ասորականից, հունարեն չլինելու պատճառով (Խոր. Գ. ԾԴ, էջ 329), իսկ Եփեսոսի ժողովից հետո (431 թ.) մեծն Սահակն ու Մեսրոպը նորից թարգմանեցին մի անգամ արդեն փութանակի թարգմանվածը՝ նորոգելով Սուրբ Գրքի ստույգ օրինակների հիման վրա (Խոր. Գ. ԿԱ., էջ 343)։ Ուշագրավ է, որ վերջին երկու դեպքում Խորենացին գործածում է թարգմանութիւն, թարգմանել, իսկ համառոտման դեպքերում՝ յեղուլ (փոխադրել)։ Այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ այսօր փաստացի առկա է Վարդապետությունը՝ իբրեւ Աստվածաշնչի համառոտում, միանգամայն վավերական եւ անձեռնմխելի է դարձնում Մովսես Խորենացու հիշյալ վկայությունը, որ V դ. սկզբին՝ Աստվածաշնչի լիակատար թարգմանությունից առաջ, Մեսրոպ Մաշտոցը, իրոք, ամփոփ շարադրել է Հին եւ Նոր Կտակարանները, եւ Լուսավորչի անունով նվիրագործված այդ համառոտ Կտակարանն է, որ մեր մատենագրության մեջ ավանդված է որպես ս. Գրիգորի Վարդապետություն։ V դ. մեր մատենագիրներն ու պատմիչները քաջատեղյակ էին այս իրողությանը, ահա թե ինչու Ղազար Փարպեցին Գրիգոր Լուսավորչի Վարդապետությունն անվանում է կտակ, այսինքն՝ կտակարան. «Զյորդորումն յայնմհետէ վարդապետութեան կենաց աշխարհիս Հայոց. զկտակս մկրտութեան լուսոյ, զոր փրկիչն Քրիստոս ի ձեռն մեծի նահատակին Գրիգորի, բարեխօսութեամբ եւ սուրբ կուսանացն, ծաւալեցոյց յաշխարհիս մերում»։ Այսքանից հետո լուրջ չի կարող համարվել այն միտքը, թե Վարդապետությունն ստեղծված է «Վասն հաւատոյ»-ի հիմքի վրա։ Այս հարցերին մանրամասն անդրադարձել եմ նաեւ «Սուրբ Գիրքը հայերեն թարգմանելու հանգամանքները եւ Մեսրոպ Մաշտոցի «Համառոտ Աստվածաշունչը» ուսումնասիրության մեջ («Պատմա-բանասիրական հանդես», 2001, N 3(158), էջ 12-30, նաեւ՝ «Աստվածաշնչական Հայաստան», հրատ. «Նոյյան տապան», Երեւան, 2005, էջ 406-420)։ Կրկնում ենք՝ Վարդապետության աղբյուրը Հին եւ Նոր Կտակարաններն են, հանգամանք, որ բխում է հեղինակի հղացած ու ծրագրած նպատակից՝ հեթանոս ժողովրդին հաղորդել աստվածային ավանդությունները՝ աշխարհի ստեղծումից մինչեւ նրա վախճանը, Մովսես մարգարեից մինչեւ Քրիստոսի առաքյալների գործերը, մինչդեռ «Վասն հաւատոյ»-ն քաղագրություն է Ագաթանգեղոսի Պատմության այլեւայլ մասերից՝ որոշակի կարգով ընտրված դավանաբանական հիմունքների մի հավաքածու։ Ընդ որում՝ Ագաթանգեղոսից քաղած պարբերությունների ու հատվածների վերադասավորումը անհայտ մատենագիրը կատարել է ուրույն սկզբունքով. դրա համար նա ելակետ եւ ուղեցույց է ունեցել Ագաթանգեղոսի Պատմության եզրափակիչ հավատո հանգանակի թվով քսան կանոնները կամ հավատամքները Սուրբ Երրորդության միասնության եւ Նրա առանձին անձերի (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) աստվածային բնության մասին եւ ըստ այսմ էլ խմբավորել է Ագաթանգեղոսից քաղած ամբողջ նյութը։ Ուշագրավ է այս առումով, որ «Վասն հաւատոյ»-ի հենց սկզբում բառացի քաղագրված են Ագաթանգեղոսի N 1, 2 եւ 3 հավատամքները։ Մինչեւ իսկ կարելի է կարծել, որ «այս են հաւատոք ճշմարիտ» արտահայտությունը, որով սկսվում է ագաթանգեղյան հավատո հանգանակը, հիմք է ծառայել «Վասն հաւատոյ» վերտառության համար.

Վասն հաւատոյ

1, 1. Հավատում ենք՝ որպես եւ մկրտվեցինք, փառավորում՝ որպես եւ լույս առանք կնքավազանի մկրտությամբ։ Հավատում ենք հանուն հոր եւ որդու եւ սուրբ հոգու, ինչպես Ավետարանում Փրկիչն ասաց աշակերտներին, թե «Գնացէ՛ք այսուհետեւ եւ աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս, եւ մկրտեցէ՛ք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ», որովհետեւ մեկ է էությունը հրաշալի երրորդության։
1, 2. Հավատում ենք ու խոստովանում հորն անծին, աստված կատարյալ, եւ որդուն՝ ծնված լուսո հորից, աստված կատարյալ, եւ սուրբ հոգուն՝ շնորհատու, աստված կատարյալ. մի աստվածություն, մի բնություն, մի կամք, երեք անուն՝ կատարյալ երրորդության։

Ագաթ. հավատո կանոններ

1. Այս են հաւատք ճշմարիտ, հաւատամք՝ որպէս եւ մկրտեցաք, եւ փառաւորեմք՝ որպէս եւ տեսաք զլոյս աւազանին։
2. Հաւատամք յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, որպէս ասաց Փրկիչն յԱւետարանին առ աշակերտսն, թէ «Գնացէ՛ք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէ՛ք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ»։
3. Հաւատամք ի Հայր՝ Աստուած կատարեալ, եւ յՈրդի՝ Աստուած բովանդակ, եւ ի Հոգի Սուրբ՝ Աստուած բաւական. մի աստուածութիւն սրբոյ Երրորդութեանն, մի էութիւն, մի կամք, երեք անձինք կատարեալք։

Ապա սրան հաջորդում են մի շարք պարբերություններ, որոնց նյութը Սուրբ Երրորդության առաջին անձի՝ Հայր Աստծո էության բացահայտումն է։ Այնուհետեւ, «Վասն հաւատոյ»-ի IV, 1-3 հատվածները պարունակում են Ագաթանգեղոսի եզրափակիչ՝ N 4-8 հավատամքները Սուրբ Երրորդության միասնության վերաբերյալ, որոնք գրեթե ամբողջությամբ քաղված են Վարդապետության 362 եւ 366 պարբերություններից։ «Վասն հաւատոյ»-ի V, 1, VI, 1-2 եւ VII հատվածները ներկայացնում են Ագաթանգեղոսի եզրափակիչ՝ N 9, 10, 11 եւ 18 հավատամքները՝ նվիրված Սուրբ Երրորդության առանձին անձերի բնորոշմանը։ Ճիշտ է, VI, 2 հատվածում բացակայում են 11-րդ հավատամքի սկիզբն ու վերջը՝ «Եւ զԲանն Աստուած Որդի՝ ծնունդ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս, […] եւ նոյն ծնունդ՝ ի կուսէն մարմնով ծնեալ ի վախճանի» (Ագաթ., էջ 473), բայց անհայտ մատենագիրը դրանք օգտագործել է IX, 2 հատվածում՝ «եւ Բան, Աստված՝ ծնյալ Հորից, նա՝ առաջնական ամենայն հավիտենականաց, […] ու ժամավարտին ծնվեց սուրբ Կույսից մարմնով»։ Այս հավատամքներին հաջորդող մնացյալ ամբողջ նյութը բովանդակում է Աստծո Որդու ծնունդը, Սուրբ Հոգու գալուստը եւ քարոզչական հորդորներ։ Այսպիսով, տեսնում ենք, որ «Վասն հաւատոյ»-ն ամբողջովին կառուցված է Ագաթանգեղոսի Պատմության եզրափակիչ համատամքների վրա՝ ուղեցույց ունենալով այդ կանոն-սահմանումները, որոնք ծառայում են մի տեսակ կանխադրույթ՝ հետագա շարադրանքի համար, իսկ մնացած նյութն ընտրված է այդ հավատամքների բովանդակության համապատասխան եւ հավաքված, ինչպես ս. Գրիգորի բուն Վարդապետությունից, այնպես էլ Ագաթանգեղոսի առաջին եւ երրորդ գրքերում եղած ս. Գրիգորի քարոզներից։
Ինչպես ասվեց, Ժ. Գարիտը մեծ մասամբ ճշգրիտ հայտորոշել է Ագաթանգեղոսի զուգահեռ պարբերությունները «Վասն հաւատոյ»-ի բնագրում։ Այսուամենայնիվ, կարելի է որոշ լրացումներ եւ ուղղումներ կատարել նրա կազմած համեմատական տախտակում։ Այսպես, «Վասն հաւատոյ»-ի II, 3 հատվածը, ըստ Գարիտի, քաղված է Ագաթանգեղոսի ¢ 355-ից, բայց դա միայն մասամբ է ճիշտ. իրականում այստեղ անհայտ մատենագիրն իրար է կցել քաղվածներ Ագաթանգեղոսի Ա գրքի 253-254 պարբերություններից։ Ընթերցողն ինքը կարող է համոզվել դրանում.

Վասն հաւատոյ

II, 3. [¢ 253]. Սակայն այսքանը գոնե հավատում ենք ու գիտենք, որ Նա է ճշմարիտ Աստված + [¢ 254] եւ ոչ թե՝ ինչպես կկարողանա մե՛կը պատմել Աստծու [մասի]ն, + [¢ 309], որ ամենայնիվ լույս է, ամենայնի լսող, ամենայնի տեսնող, ամենայնի՝ ինչքան ինքն[ություն] կա. ամենայն զորություն է, ամենայն իմաստություն, հոգի կենդանի, հուր կիզիչ, + [¢ 355] անչափելի ու անփոփոխ, փառք անպատմելի, անբավ զորություն, հարստություն, գեղեցկություն, [ան]նման, զարմանալի, անհասանելի մտքերին ու խորհուրդներին, դուրս ամենայն խոսքից։ Ո՛չ աչքերի տեսողությունը, ո՛չ ականջների լսողությունը, ո՛չ էլ սրտի դատումները կարող են հասնել՝ […][եւ այլն, մինչեւ ¢ 355-ի վերջը]։

Ագաթ.

¢ 253. Քանզի գիտեմք, թէ Նա է ճշմարիտ Աստուած։
¢ 254. Այլ ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել, եւ որպէս էն՝ զայն կարիցէ ոք պատմել.
¢ 309. Աստուած, որ ամենայնիւ լոյս է, ամենայնիւ լուր է, ամենայնիւ տես է, ամենայնիւ բան է, ամենայնիւ զօրութիւն է, ամենայնիւ իմաստութիւն է, հոգի կենդանի, հուր կիզելոյ,
¢ 355. Անթիւ եւ անփոփոխ է, փառք անպատում, զօրութիւն անբաւ, գեղ աննման զարմանալի, անհաս մտաց եւ խորհրդոց, անխօս լեզուաց, անամփոփ խորհրդոց, արտաքոյ քան զամենայն ճառս. ոչ ականատես եւ ոչ ունկան լուեալ, եւ ոչ կարծիք սրտի կարեն հասանել […]։

III, 2 հատվածը Ժ. Գարիտը նույնացրել է միայն Ագաթանգեղոսի 254 եւ 358 պարբերությունների հետ. մինչդեռ այստեղ քաղվածներ կան նաեւ Ագաթանգեղոսի 355, 330, 326 եւ 309 պարբերություններից։

Համեմատենք՝

Վասն հաւատոյ

III, 2. [¢ 355] [Աստված] անտեսանելի է սրտմտություններին եւ [¢ 330] անորոնելի՝ նրա տիրության էությունը, + [¢ 326] ամենայն անկարելիների հանդեպ կարելություն կա նրա մոտ։ + [¢ 309] Այլ ինքն է ցույց տալիս այնքան, որքան ոք կարող են տեսնել։

Ագաթ.

¢ 355. Եւ ոչ կարծիք սրտի կարեն հասանել։
¢ 330. անչափակալ (է) բնութիւնն Աստուծոյ։
+ ¢ 326. որում ամենայն դժուարինքն դիւրականք են, եւ անհնարինքն հնարաւորք.
+ ¢ 309. Աստուած […] երեւէր նոցա՝ որչափ զի նոքա կարասցեն հանդարտել նորա տեսլեանն մեծութեան։

Նշենք եւս ագաթանգեղյան մի քանի տեղիներ, որ ցույց չեն տրված Ժ. Գարիտի զուգանշած հատվածներում (տե՛ս նրա համեմատական տախտակը).

Վասն հաւատոյ

X, 5. Եվ ոչ թե [աստվածությունը] տեղից տեղ է փոխվում, որով ամեն ինչ է լեցուն եւ հատուկ է բոլորին։
X, 9. Ուստի Սաղմոսարանը ներբողյան է ձոնում նրա [Աստծու Որդու] բնությանը, թե «Առաջ քան զարուսեակն եղեւ անուն նորայ եւ օրհնեսցին ի նա ամենայն ազգք երկրի»։ Այս խոսքերով նրա մարմնավոր ծնունդն է մեզ պատմում եւ միաժամանակ՝ նրա աստվածությունը ցույց տալիս, որ ասաց. «յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ»։
X, 11. Եթե Եվայի պատճառով անիծվեց կանանց ամբողջ ցեղը, ապա Մարիամի կողմից վերուստ օրհնություն ստացավ։

Ագաթ.

¢ 330. Եւ երբեք երբեք [Աստուած] յիւրակայան սահմանացն յայլ սահմանս երեւեալ գայցէ, որով լին է ամենյան։
¢ 388. Եւ սաղմոսարանն երգեաց «յառաջ քան զարեւ զանուն նորա»։ Մին զմարմնածին ծնունդն պատմէ, եւ միւսն զԱստուածութիւնն ցուցանէ՝ զյառաջ քան զարուսեակ ի Հօրէ ծնեալ։

¢ 79. Զի զոր օրինակ ի ձեռն կուսին առաջնոյ Եւայի մահ եմուտ յաշխարհ՝ սոյն օրինակ եւ ի ձեռն այսր կուսի (Մարիամի) կեանք մտցեն յաշխարհ։ Տե՛ս նաեւ ¢ 684. Զի եւ կանայք օրհնեցան վասն կուսանին ծննդեանն որ ի նոցանէն։

XVI, 7 հատվածում նշված է ¢ 708-ը, իրականում դրանից օգտագործված է միայն հետեւյալ նախադասությունը. «Վասն այսր ամենայնի աստուածախօսեալ եւ վարդապետեալ [Քրիստոս] աշակերտացն իւրոց»։ Մնացյալն ընդհանուր շարադրանք է այլ պարբերություններից, ինչպես՝ ¢ 713։

Վասն հաւատոյ

XVI, 7. Ուստի նվազ պատճառով՝ այսուստ երկինք մատուցեցին իրենց հավատը՝ սուրբ գործով հանդերձ։

Ագաթ.

¢ 713. Զի վասն փոքր պատճառանաց աստի ի վեր ընծայելոց՝ անչափ բարեաց պատրաստական հատուցանող գտանիցի։

Նման լրացումներն ու ճշգրտումները կարելի է շարունակել, բայց դրանք ամենեւին չեն նսեմացնում պրոֆ. Ժ. Գարիտի ուսումնասիրության արժեքը, այլ գալիս են ավելի եւս հաստատելու նրա կարեւոր եզրակացությունը, որ վրացերեն «Վասն հաւատոյ»-ի սկզբնաղբյուրը միայն եւ միայն Ագաթանգեղոսի ամբողջական Պատմությունն է՝ Գրիգոր Լուսավորչի
Վարդապետությամբ եւ եզրափակիչ քսան հավատամքներով հանդերձ, այլ ոչ թե հակառակը։

Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s