ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ

Սկիզբը՝ 2012 Օգոստ. Ա


ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

— Հա՛յր, մարդը, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ էլ ասաց, որ իր համադասարանցիներից մեկը նրան հարցրել է, թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը եւ չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ նա հարց տվողին:
— Պետք է նրան ասեր. «Նման հարց ինձ նույնիսկ իմ եղբայրը երբեք չի տվել, իսկ դո՞ւ ես հարցնում»:
— Օրեր անց դպրոցից դուրս նա հանդիպեց այդ աղջկան եւ բռնեց նրա ուսից: Աղջիկը միայն բարեւեց եւ անմիջապես ներս մտավ:
— Ո՛չ, ճիշտ չի արել: Այս պարագայում պետք էր պատասխանել, որովհետեւ կարող էր տպավորություն թողնել, որ ընդունել է նրա վերաբերմունքի դրսեւորումը, եւ նա այդ քայլը նորից կանի: Նրա տարիքը դժվար տարիք է, եւ օգտակար չէ, որ նա տղաների հետ ընկերություն անի: Ոչ էլ անհրաժեշտ է, որ խոսի նրանց հետ, իբր թե նրանց օգնում է: Եվ երբ որոշի ընտանիք ստեղծել եւ ծանոթանա մի լավ տղայի, պետք է ասի իր ծնողներին: Նրանք կքննեն, թե նախապայմաններ կա՞ն գեղեցիկ ընտանիք ստեղծելու համար: Սակայն այժմ, երբ դեռ չի որոշել, թե ինչ ճանապարհ պետք է ընտրի, տղաների հետ խոսելն օգտակար չի լինի, որովհետեւ առանց պատճառի կնեղվի եւ կկորցնի իր անդորրը: Ինչքա՜ն երեխաներ են ընկնում նման իրավիճակների մեջ. նրանք շատ շփոթված են եւ շարունակ հուզված, անդորր չունեն: Նրանց դեմքն ու աչքերն այլայլված են:
Արական սեռի՝ իգականի հանդեպ ունեցած հրապուրանքը եւ՝ հակառակը, մարդու բնության մեջ է: Սակայն նրան ասա, որ այժմ դրա ժամանակը չէ: Թող հետեւի իր դասերին: Այն երեխաները, որ փոքր տարիքից տրվում են այդ հրապուրանքին, պատշաճ ժամանակից շուտ են ցանկանում ամուսնանալ, իսկ հետո, երբ գալիս է անհրաժեշտ պահը, արդեն ամուսնացած են լինում եւ չեն կարողանում ուրախանալ, որովհետեւ ապրել են այդ ուրախությունն այն ժամանակ, երբ դեռ պատշաճ ժամանակը չէր: Մինչդեռ ուշադիր երեխաներն ավելի շատ են ուրախանում, երբ գալիս է պատշաճ ժամանակը, իսկ մինչ այդ ժամանակի գալը խաղաղ են լինում: Տեսնո՞ւմ ես՝ որոշ մայրեր, որ մաքուր են ապրել, որքա՜ն խաղաղ են՝ չնայած հոգսեր ունեն:
Ես միշտ շեշտում եմ, որ երիտասարդը մինչեւ ամուսանանալը որքան կարող է, պետք է փորձի ապրել հոգեւոր կյանքով եւ պահպանի իր մաքրությունը. այն ապահովում է կրկնակի առողջություն: Յուրաքանչյուր ճանապարհի համար, ինչ էլ որ մարդն ընտրի, հոգեւոր կյանքը կարեւոր նախապայման է: Աշխարհը կարծես դարձել է մի ցորենի արտ, որտեղ, երբ սկսում են հասունանալ հասկերը, խոզերը մտնում են արտ եւ այն ոտնակոխ անում: Դրանից հետո արտում երեւում են տրորված խոտեր, տիղմ եւ երբեմն-երբեմն միայն ուղիղ մնացած հասկեր:
Որքան մեկը երիտասարդ տարիներին շատ ուշադրություն դարձնի իր հոգեւոր կյանքին, այնքան հետագա ճանապարհի ընտրությունը հեշտ կլինի: Մարտից առաջ որքան լավ սպառազինվի եւ նախապատրաստվի, այնքան պատերազմի ժամանակ ավելի հեշտ կլինի, երբ նրա վրա փորձեն կրակել կամ գնդակոծել: Մինչեւ որոշելը՝ միանձնուհի՞ պետք է դառնա, թե՞ լավ մայր, աղջկա մաքուր կյանքը պարտադիր է: Դրա համար պետք է փորձի որքան կարող է իր ուսման մեջ առաջընթաց ապահովել: Երբ ուշադրություն դարձնի իր աչքերին, ականջներին եւ վանի կեղտոտ մտքերը, հետագայում պարզապես կճախրի: Կամ մի երիտասարդ, երբ հանդիպում է որեւէ առաքինի աղջկա, պետք է նրա մասին գեղեցիկ մտածումներ ունենա, նրան համարի որեւէ սրբուհու կենդանի պատկեր: Կամ՝ եթե հանդիպում է մի մոլորված աղջկա, նրան պետք է որպես քրոջ նայի եւ նրա համար ցավ զգա, ինչպես ցավ կզգար իր քրոջ համար, որովհետեւ բոլորս Ադամի որդիներն ենք:
— Հա՛յր, բայց այսօր բուհերում երիտասարդների համար շատ փորձություններ կան:
— Թող շփվի հոգեւոր կյանքով ապրող երիտասարդների հետ, որպեսզի նրանցից անհրաժեշտ օգնություն ստանա եւ հոգեւոր անդաստանում առաջ ընթանա: Եկեք ամեն բան չդժվարացնենք: Ճանաչում եմ շատ երիտասարդների, որոնք համալսարան են գնում եւ իրենց փոքր ջանքով ու Աստծու մեծ օգնությամբ առաքինի կյանքով են ապրում:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԼԱՎ ՍԿԻԶԲԸ
— Հա՛յր, մի երիտասարդ, որ ամուսնանալու որոշում էր կայացրել, ինձ հարցրեց, թե ամուսնական կյանքը ինչպես պետք է ճիշտ սկսել:
— Նախ պետք է գտնի մի լավ աղջկա, որի հետ իրեն հանգիստ զգա, որովհետեւ յուրաքանչյուր ոք իրեն յուրովի է հանգիստ զգում: Չնայի աղջկա հարուստ եւ գեղեցիկ լինելուն, այլ՝ որ ամեն ինչից առավել լինի պարզ ու խոնարհ: Այսինքն՝ պետք է խիստ ուշադրություն դարձնի աղջկա ներքին գեղեցկությանը եւ ոչ թե արտաքին: Այն հանգամանքը, որ աղջիկը դրական մարդ է եւ օժտված է գեղեցիկ սեռին հատուկ քաջությամբ, շատ է օգնում, որ տղամարդն անմիջապես նրան հասկանա եւ հետագայում գլխացավանք չունենա: Եթե ունի նաեւ Աստծու հանդեպ վախ, խոնարհություն, ապա այդ դեպքում կարող են ձեռք ձեռքի տալ եւ անցնել այս աշխարհի չար հոսանքների միջով:
Եթե երիտասարդն աղջկա նկատմամբ լուրջ մտադրություններ ունի, կարծում եմ, որ ավելի լավ է սկզբից նրան ծանոթացնի իր ծնողների հետ եւ նոր միայն ծնողների եւ աղջկա հետ քննարկի այդ հարցը: Հետո, երբ խոսք են առնում եւ նշանվում (լավ կլինի, որ նշանված վիճակը երկար չտեւի) տղամարդը պետք է մինչեւ պսակն ընկած ժամանակահատվածը աղջկան դիտի որպես քրոջ եւ հարգի նրան: Եթե երկուսն էլ պատվախնդրորեն պայքարեն պահպանելու համար իրենց կուսությունը, այդ դեպքում՝ Պսակի խորհրդի ժամանակ, երբ քահանան նրանց պսակադրի, առատորեն կընդունեն Աստծու շնորհը, որովհետեւ, ինչպես ասում է սբ Հովհ. Ոսկեբերանը, պսակվողների գլուխներին դրվող թագերը հաճույքի դեմ հաղթանակի խորհրդանիշներն են:
Իսկ հետագայում, որքան կարող են, թող կատարելագործեն սիրո առաքինությունը, որպեսզի երկուսն էլ միշտ հաստատուն մնան, այդ դեպքում նրանց հետ կմնա Երրորդը՝ մեր քաղցր Քրիստոսը: Բնականաբար, մինչեւ իրար լավ ճանաչելու ընթացքի կարգավորվելը, կարող է որոշ դժվարություններ ունենան: Սկզբում այդպես է լինում: Երկու օր առաջ տեսա մի թռչուն: Դուրս էր եկել բնից, որ կերակուր գտներ. գետնից մի թիզ բարձրությամբ թռչում էր եւ չգիտեր, թե ինչպես հեշտությամբ բռնի միջատը. մեկ ժամ չարչարվեց, որ բռնի եւ ուտի: Երբ նայում էի, մտածում էի, թե որքան դժվար է ամեն բանի սկիզբը: Ուսանողը, երբ վերցնում է իր դիպլոմը եւ սկսում է աշխատել, սկզբում դժվարանում է: Մարդը, որ վանք է մտնում, սկզբում նա էլ է ունենում դժվարություններ: Երիտասարդը նույնպես, երբ ամուսնանում է, սկզբում դժվարությունների է հանդիպում:
— Հա՛յր, խանգարո՞ղ է այն հանգամանքը, որ աղջիկը մեծ է տղայից:
— Եկեղեցում չկա այդպիսի կանոն, որ եթե աղջիկը երկու, երեք եւ կամ հինգ տարով մեծ է տղայից, չի կարող ամուսնանալ:

ԶՈՒՅԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ Է ԱՍՏԾՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մի օր մեկն ինձ մոտ եկավ եւ ասաց, որ շատ տխուր է, որովհետեւ համաձայնության չի գալիս իր կնոջ հետ: Տեսա՝ որեւէ լուրջ բան չկա նրանց միջեւ: Մի խնդիր ուներ ամուսինը, մեկ այլ խնդիր՝ կինը, եւ չէին կարողանում հաշտվել: Երկուսն էլ մի փոքր հղկման կարիք ունեին: Օրինակ՝ վերցնենք երկու անհարթ տախտակներ: Մեկը մի տեղում կորություն ունի, մյուսը՝ մեկ ուրիշ տեղում, եւ երբ ուզում ես իրար փակցնել, չի հաջողվում: Սակայն, եթե ռանդայով երկու տախտակների կոր տեղերը մի փոքր հղկես, անմիջապես կկպչեն:
Որոշ տղամարդիկ ինձ ասում են. «Համաձայնության չեմ գալիս կնոջս հետ. տարբեր բնավորություններ ունենք: Ինչպե՞ս է Աստված այդպիսի տարօրինակ բաներ անում: Չէ՞ր կարող այնպես տնօրինել, որ տղամարդն ու կինն իրար համապատասխանեին, որ կարողանային ապրել հոգեւոր կյանքով»: Իսկ ես պատասխանում եմ. «Չե՞ք հասկանում, որ բնավորությունների տարբերության մեջ թաքնված է Աստծու ներդաշնակությունը: Տարբեր բնավորությունները ներդաշնակություն են ստեղծում: Պատկերացնում եք՝ ինչ կլիներ, եթե նույն բնավորությունն ունենայիք: Ասենք օրինակ՝ երկուսդ էլ հեշտությամբ բարկանայիք: Կկործանեիք ընտանիքը: Կամ եթե երկուսդ էլ մեղմ բնավորություն ունենայիք: Կանգնած կքնեիք: Եթե երկուսդ էլ գծուծ լինեիք, մի կողմից իրար կհամապատասխանեիք, սակայն երկուսդ էլ դժոխք կգնայիք: Եթե երկուսդ էլ առատաձեռն լինեիք, կարո՞ղ էիք պահպանել ընտանիքը. այն կկործանեիք, իսկ ձեր երեխաները դրսում կթափառեին: Եթե խենթ մեկն ամուսնանա խենթ կնոջ հետ, ճիշտ է՝ կհամապատասխանեն, սակայն մեկ օրում կմեռնեն: Դրա համար էլ ահա թե ինչ է կատարվում: Աստված այնպես է տնօրինում, որ լավ մարդն ամուսնանա ծուռ մեկի հետ, որպեսզի «փոխօգնություն ստանա»:
Զույգերի բնավորությունների չնչին տարբերություններն օգնում են, որ ստեղծվի մի ներդաշնակ ընտանիք, որովհետեւ մեկը մյուսին լրացնում են: Ավտոմեքենայի համար պարտադիր է գազը, որ առաջ գնա, բայց նաեւ՝ արգելակիչը, որ կանգնի: Եթե ավտոմեքենան միայն արգելակիչ ունենար, չէր շարժվի, իսկ եթե միայն գազ ունենար, չէր կարող կանգնել: Մի անգամ մի զույգի ասացի. «Քանի որ իրար նման եք, դրա համար էլ իրար չեք համապատասխանում»: Ենթադրենք՝ զույգերից երկուսն էլ զգայուն են, եւ եթե մի բան պատահի տան մեջ, երկուսն էլ իրենց կկորցնեն: Այսինքն՝ մեկը մյուսին օգնում է, որ ավելի շատ ընկնեն հուսահատության մեջ, այսինքն՝ չեն կարողանում իրար քաջալերել եւ ասել. «Սպասի՛ր, այնքան էլ լուրջ չի այն, ինչ որ կատարվում է մեզ հետ»: Դա տեսել եմ շատ զույգերի մոտ:
Երեխաների դաստիարակության գործում էլ, երբ զույգերը տարբեր բնավորություններ ունեն, կարող են ավելի շատ օգտակար լինել իրենց երեխաներին: Օրինակ՝ զույգերից մեկը ոտքը դնում է արգելակիչին եւ երեխաներին ազատ չի թողնում, իսկ զույգերից մյուսն ասում է. «Երեխաներին ազատ թող»: Եթե երկուսն էլ երեխաներին ճնշեն, կկորցնեն նրանց: Եվ եթե երկուսն էլ երեխաներին ազատ թողնեն, կրկին կկորցնեն նրանց: Մինչդեռ բնավորությունների տարբերությամբ ծնողները երեխաներին պահում են հավասարակշռված վիճակում:
Ուզում եմ ասել, որ ամեն ինչ անհրաժեշտ է: Բնականաբար, զույգերից ոչ մեկը չպետք է սահմանն անցնի, այլ յուրաքանչյուրն իր ձեւով պետք է օգնի մյուսին: Օրինակ՝ ուտում ես մի բան, որը շատ քաղցր է, ցանկանում ես ուտել նաեւ որեւէ աղի բան: Ենթադրենք շատ խաղող ես ուտում, հետո անմիջապես ցանկանում ես ուտել մի քիչ էլ պանիր, որպեսզի քաղցրությունն անցնի: Եթե բանջարեղենները շատ դառն են, չեն ուտվում: Սակայն մի փոքր դառը, ինչպես նաեւ մի փոքր թթուն օգնում են: Սակայն, ցավոք, ով որ թթու է, ասում է. «Թող բոլորն ինձ նման թթու լինեն», ով որ դառն է, ասում է. «Թող բոլորն ինձ նման դառը լինեն», եւ մեկ ուրիշը, որ աղի է, ասում է. «Թող բոլորն ինձ նման աղի լինեն»:
Շարունակելի
Հունարենից թարգ.՝ Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s