Մայր Աթոռի երկարամյա ճարտարապետ Արծրուն Գալիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, երբ ցանկանում էի խոսք գրել նրա մասին, բնականաբար, սկսեցի ուսումնասիրել նրա անձնական արխիվը։ Հայտնաբերեցի ձեռագիր մի շարադրանք, որում նա անդրադառնում էր Սբ Էջմիածնում աշխատած իր առաջին տարիներին կատարած ու կատարվելիք գործերին։ Մտածեցի՝ ճիշտ եւ տեղին կլինի, որ հենց ինքը ներկայացնի Մայր Աթոռում իր գործունեության այն շրջանը, որի մասին խնամքով հանձնել է թղթին.
«Արդեն մի քանի տարի է, ինչ Էջմիածնի Մայր տաճարն իր շրջափակով կառուցվել ու բարեկարգվել է, եւ այնքան լավ ու հիմնավոր, որ դարձել է մեր չքնաղ հայրենիքի լավագույն անկյուններից մեկը: Գրեթե ամեն օր, իսկ շաբաթ ու կիրակի օրերին՝ անընդմեջ, այստեղ են ուղեւորվում հավատացյալների եւ զբոսաշրջիկների անվերջ շարաններ…
Հիշում եմ 1957 թվականը, երբ ես Հայաստան տեղափոխվեցի եւ նշանակվեցի Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ. դեռեւս շինարարական աշխատանքները նոր էին սկսվել: Մայր տաճարի շուրջ շինարարական աշխատանքներից հսկայական հողակույտեր էին գոյացել, վեհարանը դեռեւս գտնվում էր պատմական հին՝ խարխլված շենքում, որը զուրկ էր տարրական հարմարություններից:
Մյուս եկեղեցիներում եւ վանքերում վիճակն ավելի անմխիթար էր։ Մայր Աթոռը նույնպես, մեր ողջ հայրենիքի նման, լայնածավալ շինարարական աշխատանքներ էր սկսել… ամենուրեք տիրում էր մի վառ տենդ՝ աշխատանքի, կառուցապատման…
Այո՛, նորընտիր Կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ իր անսպառ եռանդով, ձեռնամուխ էր եղել ոչ միայն կրոնական, եկեղեցական, ազգային, այլեւ շինարարական բուռն գործունեության: Որպես խորհրդատու՝ նա իր շուրջն ուներ ճարտարապետական- շինարարական հանձնախումբ՝ բաղկացած մեր երկրի նշանավոր ճարտարապետներից, հնագետներից եւ արվեստագետներից:
Այդ օրից անցել են տարիներ: Այդ ընթացքում բազմաթիվ եւ բազմապիսի շինարարական աշխատանքներ են կատարվել Մայր Աթոռում, Էջմիածնի եւ Հայաստանի մյուս եկեղեցիներում ու վանքերում: Այժմ դճվար է թվարկել կատարված աշխատանքները, որոնք սկսվեցին Մայր տաճարի մույթերի ամրացման, սալապատման եւ ներքին նկարազարդման աշխատանքներով:
Այնուհետեւ ամբողջական վերակառուցման ենթարկվեց Մայր տաճարի շրջափակը, որի մեջ մտնում էին նոր վեհարանի, տպարանի, Երեմյան խցերի, հին վեհարանի, ճեմարանի շենքերը՝ ժամանակակից հարմարություններով, կենտրոնական ջեռուցմամբ, ջրամատակարարմամբ, կոյուղով, էլեկտրականությամբ եւ շրջափակի բարեկարգմամբ:
Վերականգնման են ենթարկվել Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե եւ Սբ Շողակաթ վանքերը, Մեսրոպ Մաշտոցի տապանը կրող եկեղեցին Օշականում, Գեղարդավանքը, Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցին, Սիսավանի տաճարը, Գնդեվանքը եւ էլի շատ ուրիշ եկեղեցիներ ու վանքեր… Վերջին տարիներին շահագործման հանձնվեցին Գեղարդավանքի բնակելի նոր կացարանը, հին վեհարանի վերակառուցված շենքը՝ որպես կաթողիկոսների թանգարան, եւ «Ղազարապատ» կոչվող ընդարձակ շինությունը Մայր Աթոռում: Իրենց ավարտին են մոտենում Բյուրականում կառուցվող «Հայկաշեն» կաթողիկոսական նստավայրը եւ հիմնավոր վերակառուցվող Սբ Սարգիս եկեղեցին Երեւանում:
«Հայկաշենը» նախագծվել եւ կառուցվել է Բյուրականի բարձրավանդակի գեղատեսիլ մի հողամասի վրա, որի դիմաց իր անզուգական գեղեցկությամբ բացվում է Արարատյան դաշտավայրը՝ պսակված Մասիս սարով: Այն նախագծել է Խորհրդային Միության վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, նախագծել՝ որպես Մայր Աթոռի հանգստավայր:
Սբ Սարգիս եկեղեցին հին Երեւանից պահպանված սակավաթիվ կառուցվածքներից է:
Գրավելով շատ կարեւոր տեղ Երեւանի կենտրոնում՝ Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայի վերջում՝ Զանգվի հովտի արեւելյան ափին, այն դիտվում է արեւմուտքից՝ հատկապես Էջմիածին տանող խճուղուց եւ Հաղթանակի կամրջից: Կրոնական իմաստով Սբ Սարգիս եկեղեցին Արարատյան թեմի գլխավոր եկեղեցին է, որը, սակայն, զուրկ էր օժանդակ կառույցներից: Նրա հարավային եւ հյուսիսային կողմերից կառուցված 4-5 հարկանի բնակելի շենքերն այնքան էին մոտեցված եկեղեցուն եւ այնքան բարձր նրանից, որ եկեղեցին նրանց մեջ շատ խղճուկ տեսք ուներ: Իր հերթին, հարավային կողմից կառուցված բնակելի շենքը ժամանակին կատարված սխալ կառուցապատումներից է, քանի որ բակ չունի եւ բակի կողմից գրեթե կպած է եկեղեցու պատերին:
Վերակառուցման նախագծով (հեղինակներ՝ ճարտարապետներ Ռ. Իսրայելյան, Ա. Գալիկյան) նախատեսված էր վերնատուն, եւ հարկավոր էր եկեղեցու ծավալն այնքան բարձրացնել, որ այն հավասարվի կից բնակելի շենքերին, իսկ նոր վեր բարձրացող գմբեթով ներդաշնակ լինի շրջակայքի ճարտարապետական կառույցների հետ՝ կազմելով նրա կենտրոնական ծավալը: Ի տարբերություն հայկական՝ յուրահատուկ եկեղեցիների՝ Սբ Սարգիսը կառուցված չէր սրբատաշ տուֆ քարերով՝ ո՛չ ներսից եւ ո՛չ էլ՝ դրսից: Նրա պատերը կառուցված էին տուֆի եւ բազալտի անձեւ բուտ քարերից՝ կրաշաղախով: Գմբեթը ինչ-ինչ պատճառով կառուցված էր հում աղյուսով եւ ուներ շատ նվազ բարձրություն: Դեռեւս 1905 թ. կազմվել էր նախագիծ քաղաքացիական ինժեներ Իոանեսյանի կողմից՝ Սբ Սարգիս եկեղեցու վերակառուցման համար, որտեղ նախատեսվում էր նաեւ հին գմբեթի քանդում եւ ամբողջ եկեղեցու երեսապատում՝ Անիի Մայր տաճարի ոճով։ Սակայն այդ նախագիծը ինչ-ինչ պատճառով չի իրականացվել: Սույն նախագծով նախատեսվել է արմատական վերակառուցման ենթարկել եկեղեցին արտաքինով եւ ներքին բովանդակությամբ: Այդ նպատակով եկեղեցու պարագծով նախագծվել եւ կառուցվել են արտաքինից նոր պատեր՝ նոր հիմքերի վրա: Նոր պատերը քարաշեն են, երկաթբետոնե ներքին սյուներով հեռացված են եկեղեցու պատերից 40-70 սմ: Պատերն արտաքինից շարվել են Անիի մեծածավալ տուֆե սրբատաշ քարերով: Հին գմբեթն ամբողջությամբ քանդվել է, եւ փոխարենը կառուցվել նորը՝ ավելի մեծ տրամագծով եւ անհամեմատ շատ ավելի բարձր՝ 12 նիստանի գմբեթով:
«Ղազարապատը» Մայր Աթոռի պատմական շենքերից է: Նա հին վեհարանի հետ մեկտեղ գրավում է Մայրավանքի հարավային հատվածը եւ իր տուֆակերտ յուրահատուկ գլխավոր ճակատով, Մայր տաճարի հետ մեկտեղ, կազմում է ճարտարապետական ամբողջական մի ներդաշնակություն:
«Ղազարապատը» սկսել է կառուցվել 17-րդ դարի կեսերից, սակայն նրա այլաձեւ կոնստրուկտիվ լուծումները, տեղ-տեղ կրկնակի պատերը ցույց էին տալիս, որ նա կառուցվել է ընդմիջումներով:
«Ղազարապատի» ներքին պատերը, հին վեհարանի նման, հիմնականում կառուցվել են հում աղյուսով, որոնց հաստությունն առանձին հատվածներում հասնում է 260 սմ: Ծածկերը թաղակապ են` հիմնականում թրծված աղյուսից, իսկ մի հատվածում՝ մեծածավալ տուֆի սրբատաշ քարերից: Տանիքը՝ իր ժամանակին համապատասխան, արված է հարթ կամարների վրա, ուր հողի շերտը տեղ-տեղ հասնում է 2 մետրի: Տարիների ընթացքում տանիքի հողի ու ծածկերի, կամարների ու թաղերի հսկա զանգվածների ճնշման տակ շենքի արտաքին պատերը թեքվել, անջատվել էին իրարից: Թաղերում առաջացել էին բազմաթիվ ճեղքվածքներ: «Ղազարապատը» այնքան էր քայքայվել, որ նրան սպառնում էր մոտակա անխուսափելի փլուզում:
Ա. Գալիկյանի նախագծով նախատեսվում էր շենքի առաջին հարկում վերականգնել նրա պատմական բովանդակությունը՝ այն վերածելով խոհանոցի եւ սեղանատան՝ ուսանողների եւ միաբանության համար: Որոշեցինք, ընդլայնելով շենքը եւ մեկ հարկանի մասերի վրա հարկ ավելացնելով, հանրակացարան ստեղծել ուսանողների համար այդ հատվածում:
Այսպիսով՝ շենքի 2-րդ հարկը ծառայեցվեց 50 ուսանողի համար՝ որպես հանրակացարան:
Ա. Գալիկյանի հեղինակությամբ 1986-87 թթ. վերականգնվեց Արտաշատի շրջանի Մրգավան գյուղի Սբ Հակոբ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1907-1913 թթ. ընթացքում՝ տեղական սեւ տուֆ քարով, տանիքը թիթեղապատ է: Զանգակատունը, ինչ-ինչ պատճառներով, 5.0 մ նիշից վեր մնացել էր անավարտ, վերականգնման նախագծային առաջադրանքը կազմվել էր դեռեւս 1974 թ., որի հիման վրա եկեղեցու ներսը մաքրվել էր ծեփից, սակայն զանգակատան վերակառուցումը կատարվել է 1986-1987 թթ.: Վերականգնման ընթացքում, նախագծի համաձայն, եկեղեցու վեղարը վերակառուցվեց տեղական տուֆե մեծածավալ ամբողջական քարերով. կերպար ստացավ զանգակատունը:1986-1987 թթ. ընթացքում նախագծվել եւ կառուցվել է Շողակաթ վանքային համալիրի տարածքում աղբյուր հուշարձանը՝ նվիրված Կեսարիայի Պունյան գյուղի նահատակներին:
1983-1987 թթ. ընթացքում նախագծվել եւ կառուցվել է աղբյուր հուշարձան՝ նվիրված Կարնո նահատակների հիշատակին։ 1980-1987 թթ. ընթացքում արմատական վերակառուցման է ենթարկվել Էջմիածին քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցին։ Քանդվել են տանիքի թիթեղյա ծածկերը, եւ դրանք փոխարինվել են մեծածավալ տուֆ քարերով, կառուցվել է նոր սբ Սեղան, կանաչապատվել եւ բարեկարգվել է բակը, ճարտարապետ Թելման Գեւոգյանի հեղինակությամբ կառուցվել է նոր զանգակատուն՝ անավարտ թողնված հնի փոխարեն»։
Դժվար թե իրենից լավ կարողանայինք ներկայացնել նրան:
Արծրուն Գալիկյանին ճանաչում էի դեռեւս 1970-ականներից, երբ աշխատում էի Հուշարձանների վերականգնման գիտաարտադրական արվեստանոցում: Նա հաճախ էր այնտեղ նախագծեր բերում՝ քննարկման համար:
Բնավորությամբ համառ էր, կոնկրետ եւ իր մտահղացումերում՝ հաստատակամ: Սակայն, երբ 2003-ին հանգամանքների բերումով տեղափոխվեցի Մայր Աթոռի ճարտարապետական բաժին, տեսա արդեն ծերացած, սակայն առույգ, գլուխը գծագրի վրա խոնարհած նույն Գալիկյանին: Տարիները փոխել էին նրան. ծերացել էր, չէ՞ որ արդեն բոլորել էր իններորդ տասնամյակը: Խաղաղ էր բնավորությամբ, համբերատար։ Ընդմիջման ժամերին հաճախ կարելի էր նրան տեսնել Մայր Աթոռի տարածքի՝ իր սիրած հատվածում՝ այգու նստարանին նստած:
Ծերացել էր, սակայն հիշողությունը վառ էր, եւ հաճախ պատմում էր հուշեր Մայր Աթոռ այցելած հայ մեծանուն արվեստագետներից` Ավետիք Իսահակյանից, Մարտիրոս Սարյանից … Սիրում էր բանաստեղծություններ արտասանել Չարենցից:
Գալիկյանի մասին խոսքը լիարժեք չէր լինի, եթե չփորձեի լսել նաեւ մարդկանց, ովքեր նրա ժամանակակիցներն են եղել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրա հետ աշխատել են երկար տարիներ, ավելի ստույգ՝ 47 տարի՝ նվիրումով եւ սիրով լեցուն:
Հարցերս ուղղեցի Եղիշե ավագ քահանա Սարգսյանին։
Պարզեցի, որ Արծրուն Գալիկյանը ծնվել էր 1912 թվականին, բարձրագույն մասնագիտական կրթությունն ստացել Երեւանում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գերի էր ընկել, որի պատճառով էլ գերությունից ազատվելուց հետո աքսորվել էր հեռավոր Նարիլսկ քաղաք:
1957 թվականին, Վազգեն Առաջինի հեռագրի համաձայն, տեղափոխվել էր Մայր Աթոռ Սբ Էջմիածին՝ որպես Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ:
Իմ այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա 47 տարի Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի պաշտոնում մնալը, տեր Եղիշեն պատասխանեց. «Արտակարգ տաղանդով, աշխատասիրությամբ, նաեւ պարզապես լավ ղեկավար էր՝ ճարտարապետական եւ շինարարական աշխատանքներում։ Վազգեն Առաջին Կաթողիկոսը նրա մեջ առաջին հերթին գնահատում էր նրա ազնվությունը, մաքրությունը եւ այդ իսկ պատճառով շատ վստահում էր նրան»:
Երբ տեր հայրը պատմում էր Գալիկյանի մասին, ես ակամայից հիշեցի Վիլյամ Շեքսպիրի այն խոսքերը, թե մեր օրերում ազնիվ լինելը նշանակում է տասը հազարից մեկը լինել: Իհարկե, ազնվությունը եւ մաքրությունը, որոնք մարդու էության մեծագույն հատկանիշներ են, ոչ բոլորին են տրված: Հասկացա, որ Վազգեն Կաթողիկոսը, Գալիկյանի մասնագիտական որակավորումից զատ, առաջնահերթ գնահատել է նաեւ նրա մարդակային հատկանիշները:
Ինչպես ասվեց, Արծրուն Գալիկյան ճարտարապետն իր աշխատանքային տարիների ընթացքում եղել է ճարտարապետական բազմաթիվ կառույցների հեղինակ, որոնք բազմաբնույթ էին։
Նրա նախագծով է կառուցվել նաեւ Մայրավանքի Վազգենյան մուտքը, որն ի սկզբանե կառուցվել էր Մայր Աթոռի արեւելյան հատվածում, սակայն վերջին տարիներին, տարածքի ընդարձակման հետ կապված, տեղափոխվեց եւ այժմ Մայրավանքի հյուսիսային մուտքն է:
Կատարել է Մայր Աթոռի տպարանի շենքի վրա երկրորդ հարկի ավելացման նախագիծը, որի արդյունքում այժմ տպարանի շենքն ունի ներկա կերպարը: Փաստորեն, նման լուծումով տպարանի շենքը եւ Երեմյան երկհարկանի խցերն այժմ իրենց բարձրություններով ներդաշնակության մեջ են գտնվում եւ առավել հստակորեն շեշտում Մայր տաճարի գլխավոր՝ արեւմուտք-արեւելք առանցքը եւ արեւելյան ճակատը:
Գարեգին Առաջին Կաթողիկոսի օրոք Գալիկյանի նախագծով իրագործվեց ճեմարանի նոր՝ երկհարկանի հանրակացարանի շենքի կառուցումը՝ Երեմյան խցերի հյուսիսային կողմում:
2001-ին ավարտվեց եւ օծվեց նրա նախագծով կառուցված Վայքի Սբ Տրդատ եկեղեցին:
Արծրուն Գալիկյանի ճարտարապետական ժառանգությունն աչքի է ընկնում նրան հատուկ ոճականությամբ: Իմ կարծիքով՝ Նարիլսկ քաղաքում աշխատած տարիներին ձեռք բերված նրա փորձառությունն իր վրա կրում էր ռուսական ճարտարապետության կլասիցիզմի ազդեցությունը:
Արծրուն Գալիկյանն արժանացել էր մի շարք պարգեւների՝ ինչպես Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, այնպես էլ պետության կողմից։
92-ամյա Արծրուն Գալիկյանը մինչեւ իր կյանքի վերջը հավատարմորեն ու նվիրումով աշխատեց Մայր Աթոռում։ Նա վախճանվեց 2004-ի օգոստոսին՝ աշխատանքային հերթական արձակուրդի ժամանակ։
Մերի ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ճարտարապետ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s