Սկիզբը՝ 2012 Օգոստոս Ա-Բ

Սակայն առաջ անցնենք։ Պրոֆ. Ժ. Գարիտի կազմած համեմատական տախտակից դժվար չէ համոզվել, որ «Վասն հաւատոյ»-ի մի շարք հատվածներ, ինչպես՝ V 2, VI 3, VIII 1-3, IX 1, 3, X 10, XIII 1-2, XIV 3, XV 3, XVII 4-5, XVIII 1-4, XIX 1, մնում են դեռեւս չհայտորոշված, եւ դրանց դիմաց չկան սկզբնաղբյուրի հղումներ. ակներեւ է, որ բելգիացի արեւելագետը դրանք Ագաթանգեղոսի՝ մեզ հասած բնագրում կամ այլուր չի նշմարել, ինչպես ինքն էլ խոստովանել է («Le Musռon», էջ 123)։ Իհարկե, նշված գլխահամարներում եւս կարելի է ցույց տալ ագաթանգեղյան որոշ տեղիներ, սակայն ընդհանուր առմամբ դրանք ենթադրել են տալիս, որ թեեւ Ագաթանգեղոսի Պատմությունը «Վասն հաւատոյ»-ի հիմնական սկզբնաղբյուրն է, բայց, ըստ երեւույթին, միակը չէ։
Դեռեւս Բոնվեչը կարծիք էր հայտնել, որ «Վասն հաւատոյ»-ի XII 2 եւ XIII 1-2 հատվածներում արտահայտված հավատամքի գաղափարն առնչվում է զանազան հին հավատո հանգանակների հետ, ինչպես՝ Եպիփանի երկար բանաձեւը, Աթանաս Ալեքսանդրացուն սխալմամբ վերագրված «Մեկնություն հանգանակին», Բարսեղ Մեծին սխալմամբ վերագրված «318 սուրբ հայրերի հավատքի մեկնությունը», հին հայկական պատարագի եւ խոստովանության հավատամքները։ Չնայած այս կարեւոր դիտողությանը, Բոնվեչն ինքը սահմանափակվել է սոսկ դավանաբանական սկզբունքների ձեւակերպումների ընդհանրությունը մատնանշելով, եւ խնդիրը փաստորեն հարկ եղած չափով չի բացահայտվել ինչպես նրա կողմից, այնպես էլ հետագայում։ Շարունակելով նշված ուղղությամբ պրպտումները եվրոպական բանասիրության եւ հայ մատենագրության մեջ՝ մենք շուտով կանգնեցինք մի նոր իրողության առաջ։ Ինչպես հաջողվեց պարզել, «Վասն հաւատոյ» դավանաբանական երկը կազմող անհայտ մատենագիրն օգտվել է ոչ միայն Ագաթանգեղոսի Պատմությունից, այլեւ մի երկրորդ՝ հայերեն սկզբնաղբյուրից։ Դա IV դ. երկրորդ կեսի հույն աստվածաբան Եվագր(իոս) Պոնտացի վանականի «Հաւատք որ ի Նիկիայ» կոչված մեկնության հայերեն թարգմանությունն է։ Մեկնության հունարեն բնագիրը մեր բանասիրության մեջ կորած էր համարվում։ «Յոյն բնագիրը հիմայ մէջտեղ չկայ»,- գրում է Հ. Գաթըրճյանը հավատո հանգանակին նվիրված ուսումնասիրության մեջ, իսկ Բ. Սարգիսյանը, որ հատուկ զբաղվել է Եվագր Պոնատացու մատենագրությամբ, մատնանշում է. «Թեպետեւ Հույն բնագիրը տակավին կը մնա հետակորույս, սակայն անոր երբեմնի գոյությունն ինձ անժխտելի կ’երեւի»։ Չնայած այս պատկառելի հավաստիացումներին՝ մեզ հաջողվեց ի հայտ բերել նաեւ Եվագր Պոնտացու «Հաւատք որ ի Նիկիայ» մեկնության հունարեն բնագիրը, որ անհերքելի կռվան կարող է ծառայել «Վասն հաւատոյ»-ում օգտագործված հայերեն սկզբնաղբյուրը բացահայտելու համար։ Այն տպագրվել է 1784 թ. Բոննում, որից եւ արտատպվել է Մինյեի հրատարակած «Patrologiae graecae» մատենաշարում (հ. XXVIII, սույն 1637-1644)։
Եվագր Պոնտացու մեկնությունը, հավասարապես եւ նրա հունարեն անանուն բնագիրը, ըստ բովանդակության, բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն սկսվում է 325 թ. տիեզերական առաջին ժողովի ընդունած բուն Նիկիական հանգանակի բառացի քաղումով՝ «Հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ», որին կցված է նույն հանգանակի ավելի ընդարձակ վերաշարադրանքը՝ «Այլ զհերեսիոտութիւնն Սաբելլեայ» սկսվածքով, մեկնողական բնույթի լրացումներով եւ ժամանակին տարածված սաբեղյան, փոտինյան եւ արիոսական աղանդների դեմ ուղղված բանադրանքներով։ Ահա այս շարադրանքը, որին հունարեն եւ հայերեն ձեռագրերում նախակցված է Նիկիական հանգանակը, իբրեւ մի ամբողջություն, հայ բանասիրության մեջ ստացել է Եվագրի հանգանակ անունը, որի հունարեն մի խմբագրությունն է վերոհիշյալ «Հավատքի մեկնությունը»։ Բանն այն է, որ հունարեն՝ հայտնի գրեթե բոլոր ձեռագրերում «Հավատքի մեկնությունը» հեղինակ չունի եւ միայն Վենետիկի Մարկոսյան գրադարանում պահվող XIV դ. մի գրչագիր ժողովածուում («Codices graeci Bessarionis») վերագրված է Բարսեղ Մեծին (Կեսարացուն)։ Այն առաջին անգամ հրատարակել է Նորվեգիայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Կասպարին։ Դեռեւս 1869 թ. Կասպարին գտնում էր, թե «Հավատքի մեկնությունը» չի կարող Բարսեղ Մեծին պատկանել։ Եվ երբ 1893 թ. Վիեննայում լատիներեն թարգմանությամբ լույս տեսավ Հ. Գաթըրճյանի «Հանգանակ հաւատոյ»-ն, եւ Մխիթարյանների ձեռագրատան երկու գրչագրերի հիման վրա եվրոպական բանասերների ուշադրությանը ներկայացվեց Եվագրի հանգանակը, գերմանացի հետազոտողներ Կատենբուշը եւ ապա Ավգուստ Հանը, միանգամայն արժանահավատ համարելով հայկական աղբյուրների հաղորդումը, հակվեցին այն կարծիքին, որ իսկապես Եվագրը կարող է լինել «Հավատքի մեկնության» հեղինակը։ Ցավոք, այս կարեւոր հետեւությանը ցարդ ոչ ոք ուշադրություն չի դարձրել։
«Հաւատք որ ի Նիկիայ» մեկնության երկրորդ՝ ավելի ծավալուն մասը՝ «Եւ զնոյն կարգ հաւատացելոց՝ մանաւանդ միանձանց» սկսվածքով, հոգեշահ կանոնական հրահանգներ եւ հորդորներ են՝ ուղղված առավելապես միանձն ճգնավորներին։ Եվագրի այս մեկնությունը, ինչպես պետք է ենթադրել, հայերեն է թարգմանվել V դ. սկզբին եւ հայ դպրության սկզբնավորման շրջանի հնագույն թարգմանություններից մեկն է, որի ապացույցն է առաջին հերթին Հին Կտակարանի եբրայական որոշ անունների ասորաձեւ եւ ոչ հունաձեւ տառադարձումը, ինչպես Յեշով, փոխանակ՝ Յեսու, Շմուէլ, փոխանակ՝ Սամուէլ։ Ինչպես Հ. Գաթըրճյանն է նկատել Եվագրի ոճի մասին. «Թարգմանության լեզուն V դարու առաջին կեսին նկարագրական եղած լեզուն է՝ որն որ անկէ ետքը աննմանելի մնացած է»։
Եվագրի մեկնության մի բավական ընդարձակ հատված քաղագրված է վրացերեն «Վասն հաւատոյ»-ի XII, 1-2 եւ XIII, 1-2 գլխահամարներում։ Քանի որ «Վասն հաւատոյ»-ն դավանություն է Սուրբ Երրորդության մասին, այս պատճառով էլ նրանում անհայտ հեղինակն օգտագործել է միայն Եվագրի մեկնության առաջին մասը, այսպես կոչված Եվագրի հանգանակը։ Բնականաբար հարց է ծագում, թե ո՞ր լեզվից եւ ի՞նչ սկզբնաղբյուրից է օգտվել «Վասն հաւատոյ»-ի հեղինակը՝ Եվագրի հունարեն բնագրի՞ց, թե՞ հայերեն թարգմանությունից։ Բարեբախտաբար, հայ մատենագրության մեջ Եվագրի հանգանակն ավանդված է ոչ միայն այդ հեղինակի բուն երկերում, այլեւ մի կողմնակի, հնագույն հայերեն վավերագրում — դա այն դավանաբանական պատասխան թուղթն է, որ հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը եւ Մեսրոպ Մաշտոցը 431 թ. Եփեսոսի ժողովից հետո հղեցին Կոստանդնուպոլսի պատրիարք Պրոկղին։ Այդ պատասխան թղթի շարադրանքում, առանց վերնագրի եւ հեղինակի անունը հիշելու, մեջ է բերված Եվագրի մեկնության ամբողջ առաջին մասը՝ Նիկիական հանգանակի հետ միասին՝ «Այլ մեք հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ» սկսվածքով եւ «Այլ թե որպէ՞ս կամ զիա՞րդ, Աստուծոյ միայն է գիտել» վերջվածքով, որը, թեեւ որոշ լեզվաոճական խմբագրությամբ տարբերվում է Եվագրի «Հաւատք որ ի Նիկիայ» մեկնության հայերեն թարգմանությունից, բայց իր խմբագրական հավելում-հապավումներով ճշտիվ համապատասխանում է նրան։ Այս երկրորդ անկախ աղբյուրը միջոց է տալիս առավել համոզիչ կերպով լուծելու Եվագրի հանգանակի հայերեն եւ վրացերեն թարգմանությունների փոխհարաբերության խնդիրը։
Որ Եվագրի մեկնության հայերեն թարգմանությունն է օգտագործվել հին վրացերեն «Վասն հաւատոյ»-ում, հաստատվում է հայ թարգմանչի՝ հենց այդ հավելում-հապավումներով, որոնք անմիջապես ի հայտ են գալիս հայերեն եւ հին վրացերեն շարադրանքները հունարեն բնագրի հետ բաղդատելիս։ Այսպես, Եվագրի մոտ հանդիպող «Զի միշտ Հայր, եւ միշտ Որդի եւ միշտ Հոգի աստուածեղէն. Հոգի Սուրբ կատարեալ, բարեխօս- առանց առնելոյ» խոսքի առաջին մասը հայ թարգմանչի բանաձեւումն է, որ առկա է նաեւ Սահակի եւ Մաշտոցի առ Պրոկղ պատասխան թղթում եւ զգալապես տարբեր է հունարեն բնագրից (Միշտ Հայր, միշտ Որդի, այսպես ենք հաստատում […] Հոգի Աստծո, Հոգի Սուրբ, Հոգի կատարյալ, բարեխոս, անստեղծ (թարգմանությունը մերն է — Ա. Մ.)։ Բացի այդ, Եվագրի վերը բերված հատվածում «Հոգի աստուածեղէն» բառերից առաջ հայ թարգմանիչը չորս տող զեղչել է (տե՛ս հունարեն բնագիրը սույն ուսումնասիրության 77 էջում). մինչդեռ վրացերենը բառացի հետեւում է հայերեն թարգմանությանը՝ XII, 2. «Հավիտյանս Հայր, հավիտյանս Որդի, հավիտյանս Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին՝ կատարյալ միջնորդ, անստեղծ»։ Սահակի եւ Մաշտոցի առ Պրոկղ պատասխան թղթում բերված հանգանակն ունի նույն ձեւակերպումը եւ բնագրի հապավումը. «Զի միշտ Հայր, միշտ Որդի, միշտ Սուրբ Հոգի, Հոգի Աստուծոյ, Հոգի Սուրբ, կատարեալ, բարեխաւս, անստեղծ, անեղծ»։
Մի այլ ապացույց եւս. Եվագրի հայերեն թարգմանության մեջ «Զգեցաւ […] մարմին եւ շունչ ճշմարիտ եւ ոչ առ աչօք» (Սեբեոսի Պատմության մեջ բերված հանգանակը (էջ 157) համապատասխան տեղում ունի՝ «ճշմարտապէս եւ ոչ կարծեաւք») արտահայտության մեջ «առ աչօք» (առ երեւույթ) վրացի թարգմանիչն ընկալել է իբրեւ «առակօք» եւ ըստ այսմ՝ վրացերեն թարգմանել՝ «առակով», որ նույնպես հաստատում է հայերենից թարգմանված լինելը։ Գրիգոր Լուսավորչի Վարդապետության մեջ եւս Եվագրի մեկնությանը հար եւ նման ասված է. «Եւ արդ՝ դու տե՛ս զճշմարիտ կերպարանս բերեալ ի սուրբ Կուսէն, եւ ոչ առ աչօք ինչ տեսիլ» (¢ 402)։
Եվագրի հանգանակի հայերեն թարգմանությունից է քաղված նաեւ Ագաթանգեղոսի Պատմության վերջում զետեղված եւ Գրիգոր Լուսավորչին վերագրվող Հավատո հանգանակի 17-րդ կանոնը. «Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին աստուածեղէն, Հոգի Սուրբ, Աստուած կատարեալ, առանց առնելոյ. բղխումն մշտնջենաւոր առ ի Հօրէ. որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէսն եւ յառաքեալսն, եւ էջ Յորդանան գետ» (էջ 473-474, հմմտ. աստ, էջ 77)։
Եվագրի հանգանակը լայն ճանաչում էր գտել Հայ Եկեղեցում՝ սկսած V դ. առաջին կեսից։ Եվագր Պոնտացուն հույն եւ հայ մատենագրության մեջ հորջորջել են «այր իմաստուն եւ ճարտար», «այր վարժ ամենայնիւ ըստ նմանութեան առաքելոցն եւ մարգարէիցն»։ Այն հանգամանքը, որ Եվագրի մեկնությունը հունարեն որոշ գրչագրերում վերագրված է նրա ուսուցիչ Բարսեղ Մեծին, վկայում է, թե իր ուղղափառ դավանանքով նա ինչպիսի հեղինակություն եւ վստահություն էր վայելում հունադավան Եկեղեցու շրջանում։
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s