ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ

Սկիզբը՝ 2012 Հուլիս Բ-Օգոստոս Բ

ԶՈՒՅԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԳԱՆՔԸ

Աստված ամեն ինչ իմաստությամբ է ստեղծել: Այլ շնորհներով է օժտել տղամարդուն, այլ շնորհներով՝ կնոջը: Տղամարդուն տվել է առնականություն, քաջություն, որպեսզի դժվար խնդիրների ժամանակ լուծում գտնի, եւ կինն էլ նրան ենթարկվի: Որովհետեւ, եթե կնոջն էլ տար նույն քաջությունը, ընտանիքը չէր կարող կանգուն մնալ:

Իպիրոյում խոսում էին մի սարսափելի կնոջ մասին։ Նա հագնում էր մինչեւ ոտքերը հասնող սպիտակ շապիկ եւ միշտ իր հետ սուր ուներ: Ավազակները նրան իրենց մոտ վերցրին: Պատկերացրեք՝ կինը հրոսակախմբի մեջ: Մի անգամ, իր երեխաների հետ, մեկ ժամ ճանապարհ էր կտրել դեպի հեռու մի գյուղ, որ ոմն տղայի իր աղջկա փեսացուն դարձնի: Բայց քանի որ այդ տղան ընդդիմանում էր, նրան բռնեց, դրեց իր մեջքին եւ գյուղ բերեց: Այսպիսի դեպքերը բացառություններ են: Եթե կանանց զորակոչես եւ կանանցից բաղկացած մի գումարտակ ստեղծես եւ այնպես անես, որ տասը սկաուտ շարժվեն նրանց ուղղությամբ, ապա բոլո՜րը կփախչեն՝ կարծելով, թե թշնամին է:

«Տղամարդը կնոջ գլուխն է»,- ասում է Սուրբ Գիրքը (Եփես. Ե 23): Այսինքն՝ Աստված այնպես ստեղծեց, որ տղամարդն իշխի կնոջը: Այն հանգամանքը, որ կինն է իշխում տղամարդուն, դա աստվածհայհոյություն է: Աստված սկզբում ստեղծեց Ադամին, եւ Ադամը կնոջ առիթով ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից» (Ծննդ. Բ 23): Կինը, ինչպես ասում է Ավետարանը, պետք է վախենա իր տղամարդուց, այսինքն՝ նրան հարգի, իսկ տղամարդը պետք է սիրի իր կնոջը (տե՛ս Եփես. Ե 33): Սիրո մեջ հարգանք կա, հարգանքի մեջ՝ սեր: Նրան, ում սիրում եմ, նաեւ հարգում եմ: Եվ նրան, ում հարգում եմ, նաեւ սիրում եմ: Այսինքն՝ երկուսն էլ նույն իրողություններն են:

Մարդիկ, սակայն, հեռանում են աստվածադիր այդ ներդաշնակությունից եւ չեն հասկանում այն, ինչ ասում է Ավետարանը. տղամարդը, սխալ ըմբռնելով Ավետարանը, կնոջն ասում է. «Պետք է վախենաս ինձանից»: Բայց եթե կինը տղամարդուց վախենար, չէր ամուսնանա նրա հետ: Կան որոշ կանայք, որ ասում են. «Ինչո՞ւ կինը պետք է վախենա տղամարդուց: Չեմ ընդունում: Ի՞նչ կրոն է սա: Հավասարություն չկա»: Սակայն Սուրբ Գիրքն ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. Ա 7): Աստծու հանդեպ երկյուղն Աստծու հանդեպ հարգանքն է, պատկառանքը, հոգեւոր երկչոտությունը: Այդ երկյուղն Աստծով հիանալու զգացողություն է արթնացնում: Աստծու հանդեպ երկյուղը սուրբ է:

Այն հավասարությունը, որ կանայք պահանջում են տղամարդկանցից, մինչեւ ինչ-որ մի կետ կարելի է ընդունել: Այսօր կանայք, քանի որ աշխատում են եւ ընտրությունների են մասնակցում, հիվանդագին վիճակում են եւ կարծում են, որ տղամարդկանց հավասար են: Բնականաբար, ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հոգիները նույնն են: Սակայն երբ տղամարդը չի սիրում կնոջը, եւ կինը չի հարգում ամուսնուն, ընտանիքում խնդիրներ են առաջանում: Հին ժամանակներում կնոջ՝ ամուսնուն հակառակվելը շատ վատ էին դիտում: Այժմ այլ վիճակ է տիրում: Այն ժամանակները ի՜նչ գեղեցիկ էին: Ամուսինների եմ ճանաչում՝ տղամարդը շատ կարճահասակ է, իսկ կինը՝ բարձրահասակ եւ օժտված տղամարդկային հատկություններով: Այնքան տղամարդ-կին էր, որ մի օր սայլից միայնակ մեծ քանակությամբ ցորեն դատարկեց: Մի անգամ աշխատողներից մեկը, որը նույնպես բարձրահասակ էր, խանգարեց նրան, եւ այդ կինը բռնեց եւ մի կողմ նետեց նրան: Սակայն պետք է տեսնեիք, թե ի՜նչ հնազանդ էր իր ամուսնուն, ինչպե՜ս էր նրան հարգում: Ընտանիքն այդպես է կանգուն մնում, այլ կերպ չի լինում:

ԶՈՒՅԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐԸ

— Մայրապե՛տ, բարեմաղթանքներ գրեցի՞ր ամուսնացող Դիմիտրիին:

— Գրեցի, հա՛յր:

— Բեր բացիկը՝ մի քանի տող էլ ես ավելացնեմ. «Քրիստոսը եւ Աստվածածինը թող ձեզ հետ լինեն: Դիմի՛տրի, թույլ եմ տալիս, որ վիճես ողջ աշխարհի հետ, բացի Մարիայից, նույնը թույլ եմ տալիս նաեւ Մարիային»: Այսպես գրեցի, որպեսզի տեսնեմ կհասկանա՞ն, թե ինչ նկատի ունեմ: Մեկն ինձ մի օր հարցրեց. «Հա՛յր, ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը»: Իսկ ես պատասխանեցի. «Երախտագիտության զգացումը»: Կինը տղամարդուն տալիս է վստահություն, հավատարմություն, հնազանդություն: Տղամարդը կնոջը տալիս է այն հավաստիացումը, որ կարող է նրան պաշտպանել: Կինը տան իշխանն է, ինչպես նաեւ՝ մեծ աղախինը: Տղամարդը տան ղեկավարն է, ինչպես նաեւ՝ ընտանիքի բեռը կրողը:

Տղամարդն ու կինը միմյանց հանդեպ մաքրագործված սեր պետք է ունենան, որպեսզի կարողանան իրար մխիթարել եւ կատարել իրենց հոգեւոր պարտականությունները: Որպեսզի զույգերը ներդաշնակ ապրեն, անհրաժեշտ է, որպես իրենց կյանքի հիմք, ունենան սերը, ճշմարիտ սերը, որը գտնվում է հոգեւոր իշխանության, զոհաբերության մեջ եւ ոչ թե ստի, աշխարհիկի եւ մարմնականի մեջ: Եթե կա սեր, զոհաբերություն, ապա զույգերից ամեն մեկն իր հերթին միշտ իրեն դնում է մյուսի տեղը, նրան հասկանում է եւ ցավ զգում նրա համար: Երբ որեւէ մեկն իր մերձավորին ընդունում է իր ցաված սրտի մեջ, այդ ժամանակ իր մեջ է ընդունում Քրիստոսին, Որը կրկին նրան ուրախացնում է Իր աննկարագրելի ողջագուրումով:

Երբ կա սեր, ինչքան էլ զանազան հանգամանքների պատճառով զույգերից ամեն մեկը մյուսից հեռու գտնվի, կրկին իրար մոտ կգտնվեն, որովհետեւ Քրիստոսի սերը հեռավորություն չի ճանաչում եւ բաժանման պատճառ չի հանդիսանում: Բայց երբ, Աստված մի արասցե, զույգերն իրար հանդեպ սեր չեն տածում, կարող են իրար մոտ գտնվել, սակայն իրականում իրարից հեռու լինել: Այդ պատճառով պետք է փորձեն իրենց ամբողջ կյանքում պահպանել սերը, այսինքն՝ այն, որ մեկը մյուսի համար կարող է զոհաբերվել:

Մարմնական սերն աշխարհիկ մարդկանց միացնում է արտաքնապես միայն, եւ այնքան ժամանակ, քանի դեռ այն, ինչ-որ աշխարհիկ է, կա եւ նրանց բաժանում է, երբ այդ ամենն անհետանում է, նրանք կորստյան են մատնվում: Մինչդեռ, երբ կա հոգեւոր, ճշմարիտ սեր, եւ եթե հանկարծ այնպես պատահի, որ զույգերից մեկը կորցնի աշխարհիկ հարստությունները, այդ հանգամանքը ոչ միայն նրանց չի բաժանում, այլեւ նրանց ավելի շատ է միացնում: Եթե զույգերի միջեւ միայն մարմնական սերն է, ապա այն ժամանակ, երբ կինն իմանում է, որ իր ամուսինը նայել է մեկ ուրիշ կնոջ, նրա վրա ծծումբ է լցնում եւ կուրացնում: Մինչդեռ, երբ զույգերի միջեւ անարատ սեր կա, ավելի շատ ցավ է զգում նրա համար եւ մտածում, թե ինչպես անի, որ նրան կրկին բերի ճիշտ ճանապարհի վրա: Ահա այս կերպ է Աստծու շնորհը բնակվում մարդու մեջ:

Հունարենից թարգմանեց

Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s