Ցեղասպանության թեման հանդիսանում է XX-XXI դդ. համաշխարհային գրականության առավել ուշագրավ եւ արդիական թեմաներից: Այս իրողությունն անկասկած ունի իր օբյեկտիվ պատճառները: Դրանք ոչ հեռավոր անցյալում եւ այժմ էլ աշխարհի տարբեր երկրներում արձանագրված եւ արձանագրվող ցեղասպանությունների դեպքերն են, որոշ եղեռնագործությունների, այդ թվում՝ հայոց Մեծ եղեռնի վերջնականապես չճանաչված լինելու մտահոգիչ փաստը, համաշխարհային հանրության գիտակցության զգալի բարձրացումը, համամարդկային արժեքների ու բարոյաէթիկական նորմերի վերահաստատման անհրաժեշտությունը: Թերեւս վերը նշվածով կարելի է բացատրել, թե ինչու տարբեր ազգությունների հարյուրավոր առաջադեմ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ գրողներ շարունակ բարձրաձայնում են ցեղասպանության, մասնավորապես հայոց եղեռնի հիմնախնդիրը:
XIX դ. վերջից սկսած՝ ԱՄՆ-ում հանդես են եկել հայագիր գրողներ Հայկակ Էկինյանը («Վահան Հայկանուշ», 1899, վեպ), Նազարեթ Մանկունին («Հացի համար», 1914, պատմվածքների ժողովածու) եւ ուրիշներ: Եղեռնից հետո Ամերիկայում ստվարացած գաղթական հայությանը բնորոշ կարոտի, հայրենի եզերքի վերհուշի եւ ազգային վշտի թեմաներն են արծարծել բանաստեղծներ Լութվի Մինասը, Վահրամ Սոֆյանը, Կարապետ Սիտալը, Հակոբ Գույումճյանը եւ ուրիշներ, արձակագիր Համաստեղը՝ իր «Գյուղը» (1924), «Անձրեւ» (1929) պատմվածքների ժողովածուներով, «Սպիտակ ձիավորը» (1930-ական թվականներ) վիպասքով եւ այլն, Բենիամին Նուրիկյանը, Վահե Հայկը, Արամ Հայկազը, Հակոբ Ասատուրյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Հակոբ Կարապենցը եւ այլք: Նրանք վերհիշում, ոգեկոչում էին հայրենի գավառների կյանքն ու բնապատկերները, հայրենական կորուսյալ եզերքների բանաստեղծականությունը, կերտում հայ գաղթականի կերպարն ամերիկյան միջավայրում, նկարագրում հայ մարդու հոգեւոր եւ մարմնավոր ոգորումները նոր աշխարհի խաչմերուկներում, արծարծում աշխարհասփյուռ հայության ճակատագրի թեման՝ ամերիկյան իրականության անդրադարձներում: Այդ գրողները փորձում էին բարոյահոգեբանական տեսակետից նաեւ քննարկել ազգայինի ու համազգայինի, հայկականի եւ ամերիկյանի խաչաձեւումները, դնում էին հայապետության խնդիրը, միաժամանակ ուղիներ որոնում ներգրավվելու ամերիկյան եւ համաշխարհային մշակութային կյանքի լայն ոլորտում, մասնակցելու հոգեւոր նորացմանն ու վերածնմանը: Նրանք իրենց ստեղծագործություններով ամերիկյան իրականություն են բերում հայկական թեման, օտարներին ծանոթացնում հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու ոչ վաղ անցյալին եւ ի վերջո իրենց գործունեությամբ ու երկերով նպաստում էին ընդհանուր հայաճանաչությանը:
Ամերիկյան իրականության մեջ՝ սկսած 1920-ական թվականներից, հայագիր գրականությանը զուգընթաց զարգացել է նաեւ անգլիագիր գրականությունը: Դա բնականոն գործընթաց էր՝ թելադրված հասարակական նոր կենսապայմաններով ու կեցությամբ: Առաջինը լեզվամտածողության, լեզվական պատնեշի խնդիրն էր, որի հաղթահարման համար հարկավոր էր համահասկանալի լեզու, հիմնականում, իհարկե, անգլերեն: Օտարագիր գրողները, պահպանելով հանդերձ ազգային պատկանելության գիտակցությունը եւ խոր մտահոգությունը հայ ժողովրդի պատմության ու ճակատագրի հանդեպ, իրենց ստեղծագործություններով մեծապես նպաստել են հայաճանաչությանը, օտարների մոտ հետաքրքրություն արթնացրել հայության նկատմամբ, համաշխարհային հանրությանը տեղյակ պահել եղեռնի ենթարկված մի հին, քրիստոնյա ժողովրդի գերխնդիրներին: Նաեւ շատ կարեւոր եւ կենսական մի գործառույթ էլ են կատարել. օտար լեզվամտածողությամբ կրթված եւ հայությունից որոշակիորեն խորթացած հայկական մի ստվար զանգվածի, թեկուզ եւ օտար լեզվով, փորձել են հիշեցնել իրենց ծագումն ու ազգային պատկանելությունը եւ հոգեպես զգոն ու զգայուն պահել համազգային կենսական խնդիրների նկատմամբ:
Այս առումով հատկապես գնահատելի են օտարագիր այնպիսի գրողներ, ինչպիսիք են Խաչատուր Ոսկանյանը, Լեւոն Սրապյանը, Էմանուել Վարանդյանը, Մայքլ Արլենը՝ Տիգրան Գույումճյանը, նրա որդին՝ Մայքլ Արլեն Կրտսերը, Վիլյամ Սարոյանը, Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, Փիթեր Սուրյանը, Ռիչարդ Հակոբյանը, Փիթեր Նաջարյանը, Ջեք Հաշյանը, Փիթեր Բալաքյանը եւ այլք: Թեեւ նշված գրողները նշանակալից ավանդ են ներդրել հայկական թեմաները լուսաբանելու գործում, սակայն այս հոդվածում մենք առավելապես ցանկանում ենք անդրադառնալ օտարազգի հեղինակների, քանի որ վերջիններիս տեսակետները հավանաբար ավելի անաչառ ու օբյեկտիվ կթվան ընթերցողներին: Հայոց եղեռնի թեման են լուսաբանել Էլջին Գրոսքլոուսը «Արարատ», Էռնեստ Հեմինգուեյը «Զմյուռնիայի ափին» եւ «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքներում, Հենրի Միլերը «Մարուսիի արձանը» վեպում, Էլիա Կազանը «Ամերիկա, Ամերիկա» եւ «Անատոլիացին» վեպերում, Ջոն Դոս Պասոսը «Արեւելյան ճեպընթաց» գրքում, Կուրտ Վոնեգուտը «Կապտամորուքը» վեպում եւ այլն: Թեեւ նշված հեղինակները բավականին մեծ ճանաչում ունեն գրական ասպարեզում, սակայն նրանց գերակշռող մասը, ի տարբերություն ամերիկահայ անգլիագիր գրողների, մասնավորապես՝ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի, Մայքլ Արլեն Կրտսերի եւ Փիթեր Բալաքյանի, հանգամանորեն եւ բազմակողմանիորեն չեն պատկերում հայոց ցեղասպանությունը ու որպես կանոն՝ սահմանափակվում են կոտորածների զոհերի հոգեբանական ապրումների, նրանց տվայտանքների, ինչպես նաեւ եղեռնից մազապուրծ փրկվածների ու նրանց ժառանգների ճակատագրերի պատկերմամբ: Կասկածից վեր է, որ գրողի առաջնային խնդիրը ցեղասպանության էթիկական եւ բարոյահոգեբանական ասպեկտների լուսաբանումն է, սակայն եղեռնի թեման իր բնույթով պատմական է, ուստի պատմական ասպեկտի անտեսումն այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն է, որ գրականությունը, գեղարվեստական ու գեղագիտական գործառույթներից բացի, ունի նաեւ ճանաչողական նշանակություն: Ի վերջո, գրականությունը կարող է ծառաել որպես քարոզչության հզոր գործիք: Մի՞թե օտարազգի գրողներն այլ տեսակետ ունեն՝ կապված գրականության գործառույթների հետ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Հավանաբար օտարազգի գրողներից շատերը մանրամասն պատկերացում չեն ունեցել 1894-96 թթ. եւ 1915 թ. ողբերգական իրադարձությունների մասին եւ ըստ երեւույթին՝ այդ պատճառով են սոսկ հպանցիկ խոսել բուն ջարդերի մասին: Սակայն այս իրողությունը կարող է ունենալ նաեւ մեկ այլ բացատրություն. կոտորածների մանրակրկիտ, նատուրալիստական պատկերումը հակասում է գեղարվեստական էթիկայի սկզբունքներին, հետեւաբար եղեռնի առավել զազրելի դրվագները պարզապես չեն կարող տեղ գտնել գեղարվեստական երկում: Հարկ ենք համարում նշել, որ վերջին դրույթը փոքր-ինչ վիճահարույց է, քանզի տարբեր հեղինակներ կարող են ունենալ միանգամայն տարբեր պատկերացումներ գեղարվեստական էթիկայի մասին: Ի վերջո պետք չէ շփոթել ցեղասպանության ռեալիստական եւ նատուրալիստական պատկերումները: Օրինակ՝ վերը հիշատակված երեք ամերիկահայ գրողները ռեալիստորեն են ներկայացնում կոտորածները, սակայն փորձում են խուսափել այնպիսի նողկալի եւ սահմռկեցուցիչ մանրամասներից, որոնք կարող են նսեմացուցիչ լինել հենց հայ ժողովրդի համար: Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր օտարազգի գրողներն են խուսափում ցեղասպանության պատմական հայեցակերպի լուսաբանումից: Որպես ցայտուն օրինակներ՝ կարելի է նշել Ֆրանց Վերֆելին, իսկ ամերիկացի գրողներից՝ Էլջին Գրոսքլոուսին: Վերջինս առաջին ամերիկացի գրողն է, որը համակողմանիորեն լուսաբանեց հայոց եղեռնի թեման իր «Արարատ» վեպում (1939): Ավելի կոնկրետ՝ Գրոսքլոուսը պատկերում է համիդյան ջարդերը՝ Թուրքահայաստանի արեւելյան շրջաններից մեկում գտնվող Դիլիջան քաղաքում: Ուշագրավ է, որ նա Փիթեր Բալաքյանի նման հայոց ցեղասպանությունը ներկայացնում է օտարազգի ականատեսների հիշողությունների, նրանց վկայությունների հիման վրա: Այս հանգամանքն ակներեւաբար ունի որոշակի միտում. մի բան է, եթե եղեռնը ներկայացնում է հայը, միանգամայն այլ բան, եթե կոտորածները պատկերում է ամերիկացին, եվրոպացին, ռուսը կամ թուրքը: Ասվածից թող չստեղծվի այն թյուր կարծիքը, թե հայերը, լինեն դրանք ցեղասպանության զոհեր, ականատեսներ եւ թե գրողներ, որոնք ջարդերը պատկերել են իրենց տատերի ու պապերի հուշերի հիման վրա, խեղաթյուրել են պատմական փաստերը կամ չափազանցված ներկայացրել Թուրքահայաստանում կատարված իրադարձությունները: Բնավ՝ ո՛չ: Դրա մասին է վկայում Լեւոն-Զավեն Սյուրմելյանի, Փիթեր Նաջարյանի, Մայքլ Արլեն Կրտսերի, Ջեք Հաշյանի եւ Փիթեր Բալաքյանի գրական երկերի առավել մանրակրկիտ վերլուծությունը: Ասենք ավելին՝ հայազգի գրողներից շատերն աչքի են ընկնում օբյեկտիվությամբ եւ անաչառությամբ: Դրա մասին է փաստում թեկուզ այն իրողությունը, որ սփյուռքահայ հեղինակներից շատերը չեն ձգտում կուրորեն վատաբանել ողջ թուրք ազգին, թեեւ լավ գիտեն, որ թուրքերի զգալի մասն ակտիվորեն մասնակցել է հայոց կոտորածներին: Այստեղ ակնհայտ երեւում է հայ մտավորականի հումանիստական էությունը, նրա հավատարմությունը քրիստոնեության վեհ գաղափարներին: Այս առումով հատկապես աչքի են ընկնում Վիլյամ Սարոյանը եւ Լեւոն-Զավեն Սյուրմելյանը: Նշված հեղինակներն ակնհայտորեն առաջնորդվում են «չպատասխանել չարով չարին, չչարանալ աշխարհի ու մարդկության դեմ» քրիստոնեական սկզբունքներով: Վերադառնալով Էլջին Գրոսքլոուսին՝ նշենք, որ նա էլ հումանիստական վսեմ իդեալների կրող է: Դրանում համոզվում ենք նրա «Արարատ» վեպն ընթերցելիս: Գրոսքլոուսը, ի տարբերություն իր գրչընկերներից շատերի, ակներեւաբար բավական լավ է տիրապետել պատմական նյութին եւ համոզիչ փաստերով է ներկայացրել հայոց կոտորածները, ինչն անկասկած շատ կարեւոր է, քանզի շատ հաճախ հենց գեղարվեստական գրականության միջոցով են միլիոնավոր մարդիկ պատկերացում կազմում պատմական իրողությունների մասին:
Էլջին Գրոսքլոուսը կարողանում է անաչառորեն ներկայացնել հայ եւ թուրք ժողովուրդներին, նրանց միջեւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը եւ հայոց կոտորածների դրդապատճառները: Ավելորդ չեր լինի նշել, որ «Արարատ» վեպում չկա ցեղասպանության պատկերման այն լայն մասշտաբը, որն առկա է Լեւոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնա՛յք եւ պարոնա՛յք», Մայքլ Արլեն Կրտսերի «Ուղեւորություն դեպի Արարատ» եւ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» վեպերում: Ինչեւէ, Գրոսքլոուսի «Արարատը» կարելի է համարել հայոց եղեռնի թեմային նվիրված առավել հաջողված ստեղծագործություններից, որի գլխավոր արժանիքը թերեւս այն է, որ դրանում ցեղասպանությունը ներկայացվում է մի շարք օտարազգի հերոսների կողմից, ինչը թերեւս առավել ճշմարտանման ու համոզիչ է դարձնում վեպի շարադրանքը:
Շարունակելի
Տիգրան ՄԱԼՈՒՄՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s