Սկիզբը՝ 2012 Օգոստոս Ա-Սեպտեմբեր Ա

Եվագրի ամբողջական հանգանակի մուծումը Սահակի եւ Մաշտոցի «Առ Պրոկղ» թղթում, ինչպես եւ նույնի հատվածների առկայությունը Գր. Լուսավորչի Վարդապետության մեջ, Գր. Լուսավորչին վերագրված Հավատո հանգանակում եւ Սահակ Պարթեւի «Ընդդէմ երկաբնակաց նեստորականացն» դավանաբանական թղթում, մի միասնական նպատակ էին հետապնդում՝ 430-ական թվերին հույն աստվածաբանի Սուրբ Երրորդության դավանանքով արտահայտել Հայ Եկեղեցու հավանությունը Եփեսոսի ժողովի ընդունած կանոններին՝ ուղղված Կոստանդնուպոլսի բանադրված պատրիարք Նեստորի դեմ, որը Քրիստոսին երկու Որդի կամ երկու բնություն էր հայտարարում, եւ այդպիսով՝ Երրորդությունը դառնում էր չորրորդություն, ինչպես գրում է Մովսես Խորենացին. «Ա՛յլ Որդի ասէր շնորհօք ի Մարիամայ, եւ այլ Որդի ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս. որպէս զի լինել երկուս որդիս, որով Երրորդութիւն չորրորդութիւն լինի» («Պատմութիւն հայոց», Գ, ԿԱ, էջ 342)։ Ամբարիշտ Նեստորի հենց այդ դավանանքի դեմ էր ուղղված ագաթանգեղյան եզրափակիչ՝ Հավատո հանգանակի 11-րդ կանոնը, որ ասում է. «Եւ զբանն Աստուած Որդի՝ ծնունդ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս, […] եւ նոյն ծնունդ՝ ի Կուսէն մարմնով ծնեալ ի վախճանի»։ Այս է պատճառը, որ Եփեսոսի ժողովի անմիջական արձագանքը եւ հականեստորական պայքարի դրույթները թափանցել են նաեւ բուն Վարդապետության մեջ. օրինակ, Եփեսոսի ժողովից հետո Կոստանդնուպոլսի Պրոկղ եպիսկոպոսը Սահակին եւ Մաշտոցին ուղղած թղթում գրում է. «Զի ոչ եթէ յորմէհետէ ծնունդն Մարեմայ՝ է յայնմհետէ սկիզբն անսկզբնականին գոյութեան, […] ըստ մարմնոյն յայտնութեան, այլ ոչ եթէ ըստ աստուածութեանն ծնունդն», որին հար եւ մնան Վարդապետության մեջ ասված է. «Զի ոչ եթէ յորմէ հետէ ծնունդն ի Կուսէն իցէ՝ յայնմ հետէ է սկիզբն անսկզբանն Բանին գոյացութեան. այլ յառաջ քան զամենայն յաւիտեանս ծնաւ ի Հօրէ, իսկ արդ վասն մեր էջ եւ մարմնով ծնաւ ի Կուսէն» (Ագաթ. ¢ 391, ընդգծումը մերն է — Ա. Մ.)։
Վերոհիշյալ հատվածները, ինչպես եւ մի քանի այլ վկայություններ թույլ են տալիս հաստատել, որ արդեն գոյություն ունեցող Վարդապետությունը վերջնական խմբագրման է ենթարկվել 431 թվի Եփեսոսի ժողովից անմիջապես հետո։
Եվագրի «Հաւատք որ ի Նիկիայ» մեկնության հետ եւս անանուն մատենագիրը նույն կերպ է վարվել, ինչ որ Ագաթանգեղոսի բանգրի հետ — սաբեղիոսի, փոտինոսի եւ արիոսի աղանդներին վերաբերող հատվածներից նա թողել է միայն III դ. կեսերին հանդես եկած հերձվածող Սաբելիոս Լիբեացուն ուղղված նզովքը։ Հարկ է նշել, որ անանուն մատենագիրն այստեղ էլ չի թերացել իր կողմից լրացումներ անել եւ Եվագրի տեքստը, ինչպես Ագաթանգեղոսի դեպքում էր, ընդմիջարկել է Մատթեոսի Ավետարանի եւ դարձյալ Գրիգոր Լուսավորչի Վարդապետության վկայություններով։

ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ
ՀԱՒԱՏՔ ՈՐ Ի ՆԻԿԻԱՅ

Հաւատամք ի մի Աստուած, յամենակալ յարարիչն երկնի եւ երկրի՝ աներեւոյթ եւ երեւելի արարածոց։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս՝ Որդի Աստուծոյ միածին, այսինքն՝ է ի զօրութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ։ Աստուած որ յԱստուծոյ, լոյսն որ ի լուսոյ անտի է ծնեալ, ոչ եղեալ։ Միազօր Հօր. որ վասն մարդկան է՛ջ եւ մարմին զգեցաւ. չարչարեցաւ, յերկիր յաւուր յարեաւ եւ ել յերկինս, եւ գայ միւս անգամ դատել զմեռեալս եւ զկենդանիս։ Եւ յՈգին Սուրբ կենդանի։ Այլ որ ասեն, թէ էր երբեմն՝ զի չէր իսկ, եւ յառաջ քան զծնունդն, զի չէր իսկ, եւ ի չէութենէ իսկ եղեւ, եւ յայլմէ զօրութենէ կամ ի գոյութենէ, կամ անցանելով է կամ եղծանելով է, զայնպիսին նզովեմք։

Այլ զհերեսիոտութիւնն Սաբէլլեայ՝ որ ասէ եթէ նոյն իցէ Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ. այլ զՀայր գիտեմք մեք Հայր, եւ զՈրդի՝ Որդի, եւ զՀոգին Սուրբ՝ Հոգի, մի Թագաւորութիւն, մի տէրութիւն, մի զօրութիւն, մի աստուածութիւն։ Դարձեալ նզովեմք զՓոտինեայ հաւատսն, որ ասեն՝ եթէ ի Մարիամայ է ծնեալ Յիսուս։ Եւ ոչ էր երբեմն, զի չէր Որդի. զի միշտ Հայր, եւ միշտ Որդի, եւ միշտ Հոգի աստուածեղէն. Հոգի Սուրբ կատարեալ բարեխօս, առանց առնելոյ, այլ էր իսկ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յառաքեալս, եւ էջ ի Յորդանան գետ։ Այլ վասն մարդկախառն աստուածութեան Որդւոյ այսպէս հաւատամք. եթէ զգեցաւ զմարդն կատարեալ յաստուածածինն Մարիամայ՝ Հոգւովն Սրբով, մարմին եւ շունչ ճշմարիտ եւ ոչ առ աչօք. զի այնպէս եկն կատարեալ փրկել զմարդն. եւ ճշմարտին չարչարեցաւ, եւ թաղեցաւ, եւ յարեաւ յաւուր երրորդի, եւ յերկինս վերացաւ եւ նստաւ ընդ աջմէ Հօր, եւ գալոց է դատել զմեռեալս եւ զկենդանիս։

Դարձեալ նզովեմք զԱրիոս, եւ զամենայն հերեսիութիւն նոցա, որ ասեն արարած զՈրդի Աստուծոյ։

Այլ վասն կատարման հաւատոցն՝ հաւատամք ի մի մկրտութիւն ապաշխարութեան, ի մի եկեղեցի, յարութիւն մարմնոյ, յարքայութիւն երկնից, եւ ի յաւիտենական դատաստանսն։ Այլ վասն Աստուծոյ խոստովանիմք ի Հայր եւ յՈրդի եւ ի Հոգին Սուրբ՝ մի աստուածութիւն Սրբոյ Երրորդութեանն։ Զի Ոգի՝ Աստուած է, բայց ի կամաց նորա երեւեցավ եւ խօսեցաւ ընդ արդարսն իւր՝ ընդ Ադամայ եւ ընդ Նոյի, ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ, ընդ Յակոբա, ընդ Մովսէսի, ընդ Յեսուայ, …. ընդ Դավթայ, ընդ Սամուէլի, …. ընդ Եղիայի, ընդ Եսաեայ եւ ընդ այլ սուրբսն ամենայն։ Այլ որ միանգամ գիրք ասեն՝ կամ աչս Տեառն կամ ականջս կամ այնպիսի ինչ, մեք ի ճշմարտութիւնն հաւատացեալ եմք՝ զի անհաս է եւ անիմաստ, եւ զամենայն մարդ ըստ պատկերի կերպարանաց Աստուծոյ ստեղծեալ է։ …. Այլ որպէս ինչ զինչ իցէ, ի Տէր թողցուք գիտել.

Վասն հաւատոյ

XII, 1. Եվ [նզովյալ են], ՈՐՈՆՔ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ ՆՐԱՆ [հողակեր օձին՝ սատանային] ու ասում են, իբրեւ «երբեմնի ոչ էր Որդի եւ ոչ իսկ եղեւ մինչ ի ծնունդն, եւ եղեւ յոչնչէ եւ յայլ ինչ զօրութենէ, կամ՝ յընթացս եւ խառնակութեամբ»։
XII, 2. Այսպիսիներին նզովում է ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՆ, եւ Սաբեղի աղանդին, որ ասում է. «Նա եւս մեկ է»։ Այլեւ մենք Հորը ճանաչում ենք Հայր, Որդուն՝ Որդի, եւ Հոգուն՝ Սուրբ Հոգի, մեկ տերություն, մեկ աստվածություն, ԵՐԵՔ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆՁԻՆՔ հավիտյանս Հայր, հավիտյանս Որդի, հավիտյանս Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին՝ կատարյալ միջնորդ, անստեղծ, որը ի սկզբանե կար եւ արտահայտվում էր կրոնի մեջ մարգարեների ու առաքյալների մեջ, եւ Հորդանանն այս կողմ անցավ ՈՒ ՎԿԱՅԵՑ ԱՍՏԾՈՒ ՈՐԴՈՒ ՄԱՐԴԵՂԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՁԱՅՆ ԵԿԱՎ, ԹԵ «ԱՅԴ Է ՈՐԴԻ ԻՄ ՍԻՐԵԼԻ»։

XIII, 1. Որը զգեցավ [իբրեւ] մարդ կատարյալ աստվածածին Մարիամից՝ Սուրբ Հոգով, եւ մարմնավոր ու շնչավոր, ճշմարիտ եւ ոչ առակով. ուստի այսպես եկավ կատարելապես ազատելու մարդուս։

Եւագր, Հաւատք որ ի Նիկիայ, էջ 135-136
……………………………………………………………..

Այլ որ ասեն, թէ էր երբեմն՝ զի չէր իսկ, եւ յառաջ քան զծնունդն զի չէր իսկ, եւ ի չէութենեէ իսկ եղեւ, եւ յայլմէ իմեմնէ զօրութենէ կամ ի գոյութենէ, կամ անցանելով է կամ եղծանելով է, զայնպիսիսն նզովեմք։ Այլ զհերեսիոտութիւնն Սաբէլլեայ՝ որ ասէ եթէ նոյն իցէ Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ. այլ զՀայր գիտեմք մեք Հայր, եւ զՈրդի՝ Որդի, եւ զՀոգին Սուրբ՝ Հոգի մի թագաւորութիւն, մի տէրութիւն, մի զօրութիւն, մի աստվածութիւն։ Դարձյալ նզովեմք զՓոտինեայ հաւատսն, որ ասեն՝ եթէ ի Մարիամայ է ծնեալ Յիսուս։ Եւ ոչ էր երբեմն, զի չէր Որդի. զի միշտ Հայր, եւ միշտ Որդի, եւ միշտ Հոգի աստուածեղէն. Հոգի Սուրբ կատարեալ, բարեխօս. առանց առնելոյ, այլ էր իսկ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յառաքեալս, եւ է՛ջ ի Յորդանան գետ։
Այլ վասն մարդկախառն աստուածութեան Որդւոյ այսպէս հաւատամք. եթէ զգեցաւ զմարդն կատարեալ յաստուածածինն Մարիամայ՝ Հոգւովն Սրբով, մարմին եւ շունչ ճշմարիտ եւ ոչ առ աչօք. զի այնպէս եկն կատարեալ փրկել զմարդն։

XIII, 2. ՄԵՐ ԿԵՆԱՑ ՀԱՄԱՐ ՄԱՐԴ ԴԱՐՁԱՎ, ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՎԵՐՈՎ ԷՐ ԳՈՐԾՈՒՄ, ԿԵՐ ՈՒ ԽՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ, ԵՎ ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՏԱՆՋՎԵՑ ու չարչարվեց եւ խաչվեց Պիղատոս Պոնտացու ժամանակ, ԳԱՄՎԵՑ ԽԱՉԻՆ, ՄԱՀԱՑԱՎ ու թաղվեց, ԿԵՆԴԱՆԱՑԱՎ, հարյավ երրորդ օրը, երկինք համբարձավ, ԵԼԱՎ ՈՒ ՆՍՏԵՑ ԻՐԵՆ ԾՆՈՂ ԱՍՏԾՈ ԱՋ ԿՈՂՄՈՒՄ, ելավ՝ եւ հետո գալու է դատաստանելու ողջերին ու հանգուցյալներին։

Ագաթ. ¢ 390
ՈՐ ՎԱՍՆ ՄԵՐՈՅ ԿԵՆԱՑ ՄԱՐԴԱՑԱՒ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՊ ՇՐՋԵՑԱՒ, ԵԿԵՐ ԻԲՐԵՎ ԶՄԵԶ ԵՎ ԱՐԲ. ՏԱՆՋԵՑԱՒ, չարչարեցաւ, խաչեցաւ, ԲԵՎԵՌԵՑԱՒ, ՍՊԱՆԱՒ, թաղեց, ԿԵՆԴԱՆԱՑԱՒ, յարեաւ, վերացաւ եւ ԵԼ ՆՍՏԱՒ ԸՆԴ ԱՋՄԷ ԾՆՈՂԻՆ ԻՒՐՈՅ ԱՍՏՈՒԾՈՅ…

Եւագր.
Եվ ճշմարտիւ չարչարեցաւ, եւ թաղեցաւ, եւ յարեաւ յաւուր երրորդի, եւ յերկինս վերացաւ եւ նստաւ ընդ աջմէ Հօր, եւ գալոց է դատել զմեռեալս եւ զկենդանիս։ ……………………………………………..

«Վասն հաւատոյ»-ն իսկապես էլ դավանություն է, ավելի ճիշտ՝ հավատո հանգանակ Սուրբ Երրորդության մասին — հանգանակ, այսինքն՝ հավատամքի եւ խոստովանության հիմունքների ժողովումն, հավաքմունք։ Այդպիսի հավաքման լավագույն օրինակ է հայ դպրության սկզբնավորման շրջանից Ագաթանգեղոսի եզրափակիչ հավատո հանգանակի կանոնների մեծ մասը։ Ագաթանգեղյան հավատո հանգանակի նմանողությամբ եւ հիման վրա էլ հայ-վրացական եկեղեցական միասնության շրջանում, ամենայն հավանականությամբ, հենց V դարում ստեղծվել է «Վասն հաւատոյ» հին վրացերեն հանգանակը՝ շարադրված ոչ միայն Ագաթանգեղոսի Պատմության մեջ եղած սբ Գրիգորի Վարդապետության եւ մյուս քարոզների հավաքման միջոցով, այլեւ որպես երկրորդ սկզբնաղբյուր նրանում քաղագրված է Եվագր Պոնտացու «Հաւատք որ ի Նիկիայ» մեկնության հայերեն թարգմանությունը, թերեւս նաեւ այլ հայերեն ջատագովական կամ մեկնողական բնույթի երկեր։
Այսպիսով, բանասիրական իր բացառիկ արժեքի հետ միասին, հին վրացերեն «Վասն հաւատոյ»-ն հայ-վրացական, բառիս ավանդական եւ արդիական իմաստով, հոգեւոր միասնության հնագույն գրական հուշարձաններից մեկն է։
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s