«Լավի կարոտ» շարքից

…Կյանքի օրինաչափ ավարտ, հանգուցալուծում, ինչո՞ւ չէ, երբեմն նաեւ ելք լինելու հետ մեկտեղ՝ Մահը նաեւ ահազանգ է մնացողներին, թե՝ ուշքի՛ եկեք…գնա՛լ կա… Պատահական չէ, որ Մահ բառը գրեցի մեծատառով։ Պատահական չէ նույնպես, որ Գի դը Մոպասանն իր գործերից մեկի խորագիրն է դարձրել՝ «Մահվան պես հզոր»։ Հիրավի, հզոր է Մահը, Կյանքից հետո, անշուշտ։ Մեկն առանց մյուսի անիմաստ են՝ շաղկապված միմյանց։

Վերջերս, երբ ցավով տեղեկացա մեր գրական ամենալավերի՛ց մեկի՝ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Կարպիս Սուրենյանի մահվանը, կորստի, ափսոսանքի զգացում ապրելու հետ մեկտեղ, նաեւ մի տեսակ որբացած զգացի ինձ։ Սա այն դեպքում, երբ Սուրենյանը բոլորել էր 86 տարին, որ աստվածաշնչյան չէ, բայց մեր չափանիշներով՝ քիչ տարիք չէ… Որոշեցի ի մի բերել տարիների շփում հանդիսացող իմ՝ քիչ թե շատ հուշերը նրա մասին։

1970-ական թվականներ։ Աշխատում էի Սյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ Հենց բուն մշակութային դաշտում եղած անցուդարձը (այդ թվում նաեւ՝ գրական…) արտացոլելն էր իմ աշխատանքը, նախապատրաստելն ու կազմակերպելը (նոր գրքեր, գրողների խոսքեր, տարեդարձներ), կատարված եւ կատարվող մշակութային միջոցառումների արձագանք… Այդ առումով թերթի յուրահատուկ դիմագիծը պարտավորեցնում էր հաղորդակցվել, բառիս բարձրագույն իմաստով, ժամանակի մտավորականության ընտրանու հետ՝ նրա ձեռքով եւ մասնակցությամբ հայթայթելով նյութեր «Պատմության քառուղիներով», «Վարք մեծաց», «Ազգային հերոսներ» խորագրերի համար։ Ամեն բան չէ, որ կարելի էր Սփյուռքին հասցեագրել, եւ ամեն թերթ չէ, որ ուներ այդ հնարավորությունը։ Այդ առումով արժե այսօր հիշատակել նաեւ թերթի մշակույթի բաժնի վարիչ, տաղանդավոր բանաստեղծ Հարություն Հովնաթանի նվիրյալ աշխատանքը, որ «Հայրենիքի ձայնի» համար կարեւոր նյութեր էր բերում ոչ միայն մեր հանրապետությունից, այլեւ Վրաստանից… Մեզ համար փնտրված հեղինակ էր նաեւ Կարպիս Սուրենյանը, նաեւ՝ հայրենադարձ լինելու հանգամանքով, քանի որ իրազեկ էր թե՛ հայրենական, թե՛ սփյուռքահայ մշակութային դաշտին… Սուրենյանը միաժամանակ մեր անգերազանցելի թարգանիչներից էր՝ Վարպե՛տ։ Շատ դեպքերում նրա կարծիքն էր անհրաժեշտ թարգմանական այս կամ այն գործը տպագրելու առումով։

Ճշտապահ էր օրինակելիորե՛ն…

Թռուցկաժողովների ժամանակ, երբ նշում էինք, թե թարգմանական պատմվածք կամ սփյուռքահայ այս կամ այն գրողի խոսքն է ծրագրված, վստահ էինք, որ նյութն անպայման կհասներ ժամանակին, եթե հանձն էր առել Կարպիս Սուրենյանը։ Անկախ այն բանից, որ շատ քիչ ժամանակ էր անցել, կամ իրեն ուշ էր ասվել։ Հիվանդ էլ լիներ, ուրիշի ձեռքով կհասցներ…

Համեստ էր օրինակելիորե՛ն…

Խառնիճաղանջ վայրիվերումներով լի մեր ժամանակներում, երբ անգլերեն 2 տող կցմցողն իրեն թարգմանիչ է երեւակայում, կամ, արգահատելի մեծամտությամբ, անգլերենը թվանք դարձրած, ձեռքը գցում է այս կամ այն՝ իրեն ո՛չ հասու երկի թարգմանությանը, հիշում եմ, թե ինչպիսին էր, հիրավի, ոսկյա՛ գրչի տեր Թարգմանիչը՝ Կարպիս Սուրենյանը։ Երբ թերթի խմբագիրը, ինչ-որ նկատառումով, վիճարկում էր նրա նյութի այս կամ այն միտքը, պարբերությունը, Սուրենյանը ժպտում էր, ապա հանգիստ ու մատչելի բացատրում՝ ինչն ինչոց է։ Ի վերջո հաստատում էր իրենը, քանի որ ճիշտն ինքն էր լինում։

Անցյալի տարեգրությունից

Հրազդանի կիրճի ձորամերձ տարածքում գրողների համար բնակելի շենք կառուցվեց։ Սուրենյանն էլ այստեղ էր. հարեւաններ էինք, հետո տեղափոխվեց։

Փոքր եղբորս ամուսնությունից հետո, երբ երեխա ծնվեց, իսկ տան շնիկը՝ Ջինան, ծերությունից մազ էր թողնում, Ջինային բերեցի Կիեւյանի իմ բնակարանը։ Հին՝ վելշ-կորգի տեսակի ազնվական շնիկի խնամքը պահանջում էր վաղ առավոտյան նրան իջեցնել բակ։ Այդպես, վաղ առավոտյան իջնում էինք բակ՝ Ջինայի հետ։ 90-ականներն էին, վերելակը չէր գործում։ Գեղեցիկ է ու խնամված մեր բակը, ծառ ու ծաղկունք, ցայտաղբյուր, նույնիսկ՝ փոքրիկ ջրավազան… Մեր իջած ժամանակ, ահա, երբեմն նստարաններից մեկին նստած էր լինում Սուրենյանը՝ գիրքը ձեռքին… Այդ օրերին լույս էր տեսել Ալ. Սոլժենիցինի «ԳՈՒԼԱԳ արխիպելագը»՝ Արմեն Հովհաննիսյանի հայերեն թարգմանությամբ։

Ես, որ ընթերցել էի այդ գիրքը դեռեւս Մոսկվայի Գրական բարձրագույն դասընթացներում ուսանելու տարիներին՝ ռուսերենով, համարձակվեցի մեծավաստակ թարգմանչին հաղորդ դարձնել իմ մտքերին. առավել եւս, որ մոսկովյան Գրական բարձրագույն դասընթացները պատիվ էին ունեցել տարիներ առաջ իրենց շարքերում ունենալու իրեն՝ Սուրենյանին։ Լսում էր համբերատար, կիսաժպիտ. ինչից խոսում էի, իրեն քաջածանոթ էր… Հետո, երբ խոսք եղավ Ճակատագրի մասին, ինքը՝ Դոստոեւսկու թարգմանիչը, միտքն այսպեսձեւկերպեց. «Ճակատագիրը՝ ճակատագիր, բայց միշտ չէ, որ մարդ գլխաբաց պիտի ընդառաջ գնա նրան։ Հաճախ հանդարտ մնալը, իրարանցման մեջ չընկնելը ավելի ճիշտ է»։ Հիշեցի ակադեմիկոս Լխաչովի դեպքը։ Աքսորավայրում, երբ կալանավորներին երեք-երեք տանում էին գնդակահարության, երիտասարդ Լիխաչովը հիվանդ լինելու պատրվակով ա՛յդ օրը չի ներկայանում։ Ողջամիտ մարդու հեռատեսությամբ հետաձգելով գլխին գալիքը (բոլորին հայտնի էր, որ կանչվողներին գնդակահարության են տանում)՝ այդպես էլ ա՛յդ բախտորոշ հավաքից Դմիտրին փրկվում է…

Սուրենյանը լսեց, լսեց եւ իմաստուն ժպիտով ասաց. «Ճի՛շտ է վարվել Լիխաչովը։ Ինձ հետ էլ նման բան եղել է։ Հայտնի է, որ Սովետական Հայաստանում հանգրվանած սփյուռքահայերին ստեպ-ստեպ քշում էին աքսորավայրեր… մինչեւ առաջնորդի մահը։ Ընդ որում, սեւ ցուցակի մեջ ընկածներին կանչում էին մի քանի անգամ. երբեք աչքաթող չէին անում։ Մի անգամ ահա, երբ ծանուցագիր եկավ իմ հասցեով, իմ բնակավայրից շտապեցի Սարի թաղ՝ հարազատներիցս մեկի տուն, որոշ ժամանակով… Հարեւաններիս խնդրեցի իմ մասին հարցնողներին փոխանցել, որ հանրապետությունից դուրս եմ եկել… Ա՛յդ հավաքից փրկվեցի, հետո… հետո՛ն ցույց տվեց։ Այնպես որ…»։

Մինոտավրոսի քարանձավը

1980-ականներից սկսած՝ «Գրական թերթում» աշխատելուս տարիներին նույնպես շա՜տ շփումներ եղան Սուրենյանի հետ։ Սեփական ստեղծագործություններն էր բերում, էսսե, թարգմանություն… Մի օր էլ մի նյութ բերեց՝ «Մինոտավրոսի քարանձավը» խորագրով։ Վերնագրից իսկ ամեն ինչ պարզ էր. Մինոտավրոսի քարանձավը Խորհրդային Միությունն էր, ուր հունական դիցաբանությունից բերվող պատումի համաձայն՝ մտնել կար, դուրս գալ՝ ոչ… Հիմա էլ, տարինե՜ր անց, տպավորվել է իմ մեջ այն դրվագը, երբ արդեն հայրենիք ուղեւորվող նավի վրա՝ Բաթումի նավահանգստում, սովետական զինվորը, տեսնելով, որ երիտասարդը (նավի ուղեւոր Կարպիս Սուրենյանը…) օտար լեզվով (հայերեն) ինչ-որ բան է ընթերցում, միանգամից խլո՛ւմ է այն ձեռքից եւ ոտեքերի տակ նետելով՝ սապոգներով տրորո՜ւմ… Երիտասարդ Կարպիսի ձեռագրերն էին… Դժվար չէ պատկերացնել, թե ինչպե՜ս անդարձորեն փշրվել է հայրենասեր երիտասարդի սիրտը, այնքա՜ն երազած հայրենի հողին ոտք դնելուց առաջ…

Վերջին հանդիպումը

Առհասարակ, Սուրենյանի հետ խոսելիս այնպիսի տպավորություն էիր ունենում, ասես զրուցում ես հին հունական կամ հռոմեական մտածողների ժամանակներում ապրող մեկի հետ…

2004-ից ի վեր աշխատում էի ՀԳՄ հրատարակչությունում՝ իբրեւ խմբագիր։ Պարոն Սուրենյանը, բնականաբար, տպագրության խնդիրներով ստեպ-ստեպ երեւում էր խմբագրությունում։ Վիրահատվել էի, որի հետեւանքով բավական ժամանակ չէի տեսել նրան. նկատելիորեն ծերացել էր, տեսողությունը՝ վատացել… «Անահի՞տն է»,- ձայնիցս ճանաչեց՝ նախանձելի՛ խաղաղությամբ տեսողության վատթարացումը փաստելով։

«Ես եմ,- ասացի,- պարո՛ն Սուրենյան»,- եւ չշարունակեցի. ձայնս կմատներ հուզումս…

Ձեռքիս տակ է Սուրենյանի «Աբսուրդը» կոչվող վերջին ժողովածուն, որը 2010-ին ՀԳՄ հրատարակչությունն է լույս ընծայել։ Պատմվածքներ են եւ էսսեներ։ Մի մասը նախապես ծանոթ է ինձ՝ մամուլի հրատարակություններից։ Ներածականում հեղինակը հայտնում է, թե դրանք դասավորել է ժամանակագրական կարգով։ Ճիշտ էլ վարվել է, որովհետեւ գրքի ընթերցանությունից հետո այնպիսի տպավորություն ես ստանում, ասես, մի ամբողջական վեպ ես կարդացել։

…Առավե՛լ դժվար ժամանակների խոչ ու խութերի միջով անցած, ըստ էության, հաղթանակա՛ծ գրողի հավատո հանգանակն է մեզ «Գործդ արա, ինչքան էլ…» էսսեն, որ այսօրվա՛ համար շա՛տ ուսանելի եւ ուղղորդող խորհուրդ ունի. «Թող չթառամի ներքին բնածին ժպիտդ, ու ժպիտը պակաս չլինի նաեւ դեմքիդ՝ գոնե թոռներիդ սիրույն, բակի երեխաների էլ սիրույն, որոնք ամեն անգամ քեզ տեսնելիս անպայման բարեւում են ժպտալով ու անունդ տալով, երեւի հենց որովհետեւ քո սրտի ժպիտն են զգում իրենց մանկական անմիջականությամբ։

Այո՛, այո՛, գործդ արա, ինչքան էլ…

Գործդ արա, մինչեւ…»։

Պատգամ, որ Կարպիս Սուրենյանը լավագույնս հաստատեց, հիրավի, մեծին վայել օրինակով եւ իմաստնությամբ։

Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s