Սկիզբը՝ 2012 Սեպտեմբեր Ա

Հայոց ցեղասպանության թեման արծարծած օտարազգի գրողներից առավել հայտնի են Էռնեստ Հեմինգուեյը, Հենրի Միլերը, Ջոն Դոս Պասոսը եւ Կուրտ Վոնեգուտը: Ուստի եւ առավել հանգամանորեն անդրադառնանք նշված հեղինակների՝ հայոց եղեռնի թեմային նվիրված ստեղծագործություններին: Հիշատակված գրողներից առաջինը՝ Էռնեստ Հեմինգուեյը, իր «Զմյուռնիայի ափին» եւ «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքներում թեեւ չի անդրադառնում համիդյան ջարդերին եւ երիտթուրքերի կազմակերպած լայնամասշտաբ սպանդին, սակայն նա գրում է Մուստաֆա Քեմալի կողմից իրականացված կոտորածների մասին: Պարզվում է, որ աշխարհահռչակ գրողը 1923 թ. այցելել էր Զմյուռնիա եւ դարձել հայերի նկատմամբ իրագործված բռնարարքների ականատեսը: Հեմինգուեյը տեսել էր այն աննկարագրելի տառապանքները եւ կտտանքները, որոնց ենթարկվել էին հազարավոր հայեր (այդ ամենը պարզապես ցնցել էր մեծ գրողին): Այս առնչությամբ նա մի անգամ ասել է. «Ես հասկացա, թե պատերազմն ի՛նչ բան է միայն այստեղ՝ Մերձավոր Արեւելքում» (տե՛ս R. Hovhannisian, The Armenian Genocide in Perspective, Oxford, 1989, էջ 158):
Զմյուռնիա այցելելուց 30 տարի անց Հեմինգուեյը գրել է հետեւյալը. «Ես հիշում եմ, որ երբ տուն վերադարձա Մերձավոր Արեւելքից, կատարելապես հուզված էի: Երբ եկա Փարիզ, շարունակ երկմտում էի՝ արդյո՞ք շարունակեմ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ: Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը» (տե՛ս R. Hovhannisian, նշվ. աշխ., էջ 158):
Ինչպես կարելի է նկատել Հեմինգուեյի խոսքերից, նա հայոց եղեռնը համարում է համամարդկային խնդիր, որի լուծմանը հետամուտ լինելը յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու բարոյական պարտքն է: Ամերիկացի արձակագրի վերաբերմունքը հայոց ցեղասպանության, սրա հետ մեկտեղ՝ եղեռնի խնդրի նկատմամբ ընդհանրապես, արտացոլված է նաեւ հանրահայտ «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքում. «Քիչ հետո նա տեսավ այնպիսի բաներ, ինչի մասին ինքը չէր կարողանում նույնիսկ մտածել: Այնուհետեւ նա էլ ավելի սարսափելի տեսարաններ տեսավ: Վերադառնալով Փարիզ՝ նա չէր կարողանում ո՛չ պատմել, ո՛չ էլ ակնարկել իր տեսածի մասին» (տե՛ս E. Hemingway, The Fifth Column and the First Forty-Nine Stories, New York, 1938, էջ 164):
Հոգեբանական-բարոյական այն հարվածը, որ ստանում է հայոց եղեռնի ականատեսը դարձած հերոսը, նրան ստիպում է լռել: Խոսելը կամ գրելը դառնում են ոչ տեղին եւ նույնիսկ՝ անհնարին: Այդպիսի լռության է դատապարտվում մարդ արարածը՝ ի տես երկրային իրողությունների, նաեւ ի տես անլուր, դժոխային տանջանքների: Արտահայտվելը, խոսելը թվում են անպատշաճ ու անհարիր: Հեմինգուեյն իբրեւ զգայուն եւ մեծ սրտի տեր գրող, արձանագրել է կարեւորագույն այն պահը, որը պայմանականորեն կարելի է անվանել լռության փիլիսոփայություն: Հոգեկան այս բարդ վիճակով թերեւս կարելի է բացատրել այն, որ կոտորածներին ականատես կամ ականջալուր որոշ գրողներ (թե՛ հայ եւ թե՛ օտարազգի) զարմանալիորեն պահպանել են ակնածալից լռություն՝ դրանով իսկ կարծես հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն թե՛ Հեմինգուեյը եւ թե՛ նրա գրչընկերները հասկանում են, որ դա ժամանակավոր լռություն է: Չբարձրաձայնել հայոց եղեռնի հիմնահարցը՝ կնշանակեր անպատիժ թողնել չարագործներին, դրանով իսկ անուղղակիորեն նպաստել հետագա հնարավոր ցեղասպանություններին: Քաջ գիտակցելով այս պարզ ճշմարտությունը՝ Հեմինգուեյի հերոսն ի վերջո որոշում է ներկայացնել հայոց ջարդերի ողջ եղելությունը:
Այս նույն նպատակն է հետապնդել ամերիկացի կարկառուն վիպասան Հենրի Միլերը: Վերջինս Էռնեստ Հեմինգուեյի պես դարձել էր թուրք ազգայնամոլների՝ Զմյուռնիայում կատարած ոճրագործությունների ականատեսը: Հայոց կոտորածների ազդեցության ներքո Հենրի Միլերն ստեղծում է «Մարուսիի արձանը» վեպը: Դատելով վերջինից՝ ամերիկացի գրողը հայոց ցեղասպանությունն ակնհայտորեն դիտարկում է որպես բարոյականի եւ ամենայն մարդկայինի ոչնչացում. «…. հազարավոր անմեղ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ կենդանիների պես քշվեցին ծովը, նրանք գնդակահարվեցին, խեղանդամվեցին, ողջ-ողջ հրկիզվեցին, նրանց ձեռքերը կտրում էին, երբ նրանք փորձում էին մագլցել օտարերկրյա նավի վրա: Ես կարծում եմ, որ այս բարբարոսությունը նախազգուշացումն էր այն ամենի, ինչ ես պետք է տեսնեի ֆրանսիական քաղաքներում, ամեն անգամ երբ կինոխրոնիկայով ցուցադրում էին չինական քաղաքի ռմբակոծությունը» (տե՛ս R. Hovhannisian, նշվ. աշխ. էջ 159): Միլերը չի մոռանում նշել նաեւ այն կարեւոր իրողությունը, որ գերտերությունների զորամիավորումներն ականատես էին վերը ներկայացված վայրագություններին, սակայն անտարբեր դիտորդի դիրք էին բռնել:
Դժվար չէ նկատել, որ Միլերը կարողացել է տալ ցեղասպանության առավել ամբողջական գնահատականը: Ի տարբերություն Էռնեստ Հեմինգուեյի, նրան հաջողվել է ուղղակիորեն ցույց տալ հայոց եղեռնի եւ XX դ. մյուս լայնամասշտաբ ոճրագործությունների փոխադարձ պատմական կապը: Ուշագրավ են նաեւ Միլերի վեպի այն տողերը, որոնցով հեղինակը գերտերություններին մեղադրում է նրանց անտարբերության համար: Սրանով գրողը փորձում է առավել համակողմանիորեն վեր հանել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արմատները: Լրացնելով Միլերի միտքը՝ կարող ենք ասել, որ ազգասպանության ոճիրը բխում է ոչ թե մեկ պատճառից կամ գործոնից, այլ մի խումբ պատճառներից ու գործոններից: Մարդկության մի մասը մեղավոր է ցեղասպանություն կազմակերպելու ու սադրելու, մյուս մասը՝ այն իրագործելու մեջ: Սակայն պակաս վտանգավոր չեն այն մարդիկ, ովքեր կարող են խոչընդոտել ոճրագործությանը, բայց չեն անում դա: Նրանք պարզապես անտարբեր են կողքինի վշտի ու ցավի, նրա ճակատագրի հանդեպ: Բազմաթիվ մտավորականներ համակարծիք են այն հարցում, որ մարդկային անտարբերությունն ավելի վատ է, քան չարությունն ու ատելությունը: Նման պարագաներում, երբ մարդկանց մի հատվածն անմիջականորեն մեղսակից էր ազգասպանության ոճրին, իսկ մյուս հատվածը դիտորդի կարգավիճակում էր, ի՞նչ էր մնում անել Միլերին ու նրա առաջադեմ գրչընկերներին. անկասկած ակտիվորել ներազդել մարդկության գիտակցության վրա, մարդկանց մեջ սերմանել բարձր բարոյական արժեքներ եւ հումանիստական իդեալներ: Ահա հենց այս հույժ կարեւոր եւ պատասխանատու առաքելությունն են ստանձնել այն գրողները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Օսմանյան կայսրությունում, Երիտթուրքական Հանրապետությունում, իսկ այնուհետեւ՝ Քեմալական Թուրքիայում իրականացված ոճրագործությունների դեմ:
Վերադառնալով Հենրի Միլերին՝ նշենք, որ նա հայոց եղեռնին է անդրադարձել նաեւ իր «Կարմիր խաչելություն» երկում: Վերջինիս մեջ ամերիկացի գրողը մի հետաքրքիր միտք է արտահայտում. «Միայն վշտի եւ տառապանքի պահին են մարդիկ մեկ բռունցք դառնում» (տե՛ս R. Hovhannisian, նշվ. աշխ., էջ 159): Անկասկած՝ ամերիկացի գրողի խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն կա: Հիշենք թեկուզ այն, որ հայոց ցեղասպանության օրերին եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետները եւ ճանապարհորդները տագնապով հետեւում էին ջարդերին եւ իրենց հնարավորությունների սահմաններում փորձում էին օգնել սպանդի ենթարկվող հայերին: Այս առումով գնահատելի է նաեւ ռուս մտավորականների եւ հասարակական գործիչների մարդասիրական գործունեությունը: Սակայն ակնհայտ է, որ մի քանի տասնյակ առաջադեմ մարդիկ ի զորու չէին լիովին խաթարելու երիտթուրքերի հանցավոր ծրագրերը: Դրա համար անհրաժեշտ էր գերտերությունների լուրջ միջամտությունը, ինչն անհնար էր 1914-1918 թթ. պատերազմական խառնաշփոթի եւ գերտերությունների ու հայ ժողովրդի շահերի անհամատեղելիության պատճառով: Համաշխարհային պատմության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ պետությունների քաղաքական շահերը, շատ հաճախ, գերակա են բարոյական արժեքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արեւելքի վերջին շրջանի արյունալի իրադարձությունները վկայում են, որ մարդկությունն իր ամբողջության մեջ դեռեւս զգալի ճանապարհ պիտի անցնի իրոք քաղաքակիրթ դառնալու համար:
Էռնեստ Հեմինգուեյից եւ Հենրի Միլերից բացի, հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել հանրահռչակ ամերիկացի գրող Ջոն Դոս Պասոսը: Վերջինս հայոց եղեռնին է նվիրել իր «Արեւելյան ճեպընթաց» վեպը: Այս երկում ամերիկացի հեղինակը ներկայացնում է թուրքահայերի եւ ռուսահայերի ոգորումները հետպատերազմյան շրջանում: Դոս Պասոսը ճանապարհորդում է մի հայի հետ, որն ականատես է եղել, թե ինչպես են իր հորը, մորը եւ երեք քույրերին մորթազերծ արել Տրապիզոն քաղաքում: Լսելով այդ հայի պատմությունը՝ Դոս Պասոսը խորին վշտով եւ կարեկցանքով է համակվում կոտորածներին զոհ գնացած հայության նկատմամբ: Գրողը ծանր մեղադրանքներ է հղում թուրք ժողովրդին՝ նրա իրագործած հանցագործության համար: Ի պատասխան օտարազգի գրողի ներկայացրած մեղադրանքի՝ ազգությամբ թուրք մի բժիշկ հակադարձում է. «Երբ թուրք զինվորականները կորցնում են իրենց համբերությունը եւ սպանում են մի քանի դավաճան հայերի, դուք կոկորդով մեկ ազգասպանություն եք գոռում, բայց երբ դուք՝ հույներդ, վառում եք անպաշտպան թուրքական գյուղերը եւ սպանում անօգնական ու խեղճ ձկնորսներին, դուք աշխարհում «դեմոկրատիա» եք տարածում» (տե՛ս J. Dos Passos, Orient Express, New York, 1930, էջ 36):
Դոս Պասոսն անպատասխան չի թողնում թուրք բժշկի խոսքերը. «1920 թ. դուք՝ թուրքերդ, հարձակվեցիք Ալեքսանդրապոլսին մերձակա գյուղերի վրա, ոչնչացրեցիք դրանք, փչացրեցիք դաշտերում եղած բերքը, իսկ այն, ինչ հնարավոր էր տանել, տարվեց ձեր կողմից: Անգամ Չինգիզ խանը եւ նրա հետնորդները չէին կարող նման ավերածություններ գործել» (տե՛ս J. Dos Passos, նույն տեղում, էջ 65):
«Արեւելյան ճեպընթաց» վեպից մեջբերված այս երկու հատվածներում եւս եղեռնագործության երեւույթը բարոյական ճշմարիտ գնահատականի է արժանացել: Դոս Պասոսը Հենրի Միլերի պես ցույց է տալիս, որ տարբեր ժողովուրդների դեմ կազմակերպված ցեղասպանությունները մեկ միասնական շղթա են կազմում. այսօր թուրքն սպանում է հային, վաղը գերմանացի նացիստները ոչնչացնում են հրեաներին, արդյունքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հոսքը չի դադարում՝ տառապանք եւ մահ բերելով միլիոնավոր անմեղ ու անպաշտպան մարդկանց:
Պետք է նշել, որ Դոս Պասոսը փոքր-ինչ գերագնահատում է մեր դարաշրջանում իրականացված ոճիրների մասշտաբը: Ճիշտ է, բազմաթիվ գրողներ «Արեւելյան ճեպընթաց» վեպի հեղինակի նման հայտնել են այն համոզմունքը, որ XX դ. կատարված չարագործություններն առավել հրեշավոր են, քան նախորդ դարերինը, սակայն նախորդ ժամանակաշրջաններում էլ եղեռնին զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ: Այլ հարց է, որ մինչեւ XX դ. ոչ ոք չի տվել ցեղասպանության իրավական եւ պատմաքաղաքական գնահատականը: Ինչ վերաբերում է ցեղասպանության իրականացման նախկին մեթոդներին, ապա դրանք դժվար է նվազ բարբարոսական անվանել: Այդ դեպքում ինչո՞ւ է Դոս Պասոսը պնդում, որ «նույնիսկ Չինգիզ խանն ու նրա հետնորդները չէին կարող նման ավերածություններ գործել»: Բանն այն, որ XX դ. օբյեկտիվ պատճառներով փոխվել էր «ցեղասպանություն» երեւույթի ընկալումը: Արդի շրջանի պատմական իրավիճակի առանձնահատկությունները դրդել են ամերիկացի գրողներին, այդ թվում՝ Դոս Պասոսին, հանդես գալու նոր դարաշրջանին հատուկ գնահատականներով:
Շարունակելի
Տիգրան ՄԱԼՈՒՄՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s