ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ձեր հարցերին պատասխանում է Կոմիտաս վրդ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ։
Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Հա՛յր սուրբ, Աստվածաշունչ Մատյանն ուսուցանում է, որ կյանքն Աստծու պարգեւն է, եւ մենք պետք է Նրա առջեւ հաշվետու լինենք այն բանում, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգեւը: Ինչո՞ւ է կյանքը համարվում Աստծու պարգեւը, եւ մի՞թե մարդն ազատ չէ այն տնօրինելու՝ ըստ իր հայեցողության։
— Աստված մարդուն ստեղծեց հողից եւ նրա մեջ դրեց Իր Հոգին: Աստվածաշնչի համաձայն՝ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով եւ նմանությամբ։ Ուրեմն, եթե մարդը դառնում է աստվածապատկեր, ապա նա ամեն ինչից առաջ իր մեջ պետք է իրականացնի Աստծո կամքը, այդ պատճառով է, որ երբ Հիսուսը մեզ սովորեցնում է Տերունական աղոթքը, ասում է. «Եղիցին կամք քո»։ Ինչո՞ւ. եթե ես իմ էությամբ կրողն եմ աստվածային պատկերի, ուրեմն իմ գործը պետք է համապատասխանի Աստծո գործին, այսինքն՝ ամեն ինչի մեջ առաջնորդը պիտի լինի աստվածային ներկայությունը եւ ոչ թե կենդանական ցանկությունը, որպեսզի ես կարողանամ իրականացնել այն, ինչը հարիր է Աստծուն: Սաղմոսում կարդում ենք. «Ես ասացի՝ դուք աստվածներ եք, եւ բոլորդ Բարձրյալի զավակներն եք»: Ուրեմն, երբ մեկը համարվում է աստված, դա նշանակում է, որ ամեն բան պիտի համապատասխանեցնի Աստծո գործին եւ ոչ թե Աստծուն հակառակ չարին:
— Հա՛յր սուրբ, ո՞րն է կյանքը տնօրինելու ճշմարիտ կերպը, ինչպե՞ս պետք է ապրենք աստվածապարգեւ մեր կյանքը, որ երբ օրը գա, եւ հաշվետու լինենք Աստծո առջեւ, չամաչենք մեր ընթացքի համար։
— Այդպես ապրելու համար հրաշալի մի դարձվածք կա, որին Ծննդոց գրքի մեջ ենք հանդիպում: Երբ Ադամը մեղանչեց, Աստված ասաց. «Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին եւ չարը…» (տե՛ս Ծննդ. Գ 22 ): Այստեղ էր Ադամի մեղանչումի ողջ խորհուրդը: Ադամն Աստծո որդին էր, որովհետեւ նրան Աստված էր ստեղծել: Բայց նա չարի հետ համագործակցեց, իսկ դա նշանակում է դաշինք կնքել չարի հետ՝ ընդդեմ Աստծո: Եվ այդպես խզվեց դաշինքն Աստծու եւ մարդու միջեւ մինչեւ ջրհեղեղը, որը ջրով մաքրեց ամենայն ինչ: Բայց քանի որ մարդն առավել նախընտրում է նյութը, կենդանականը, անասնականը, այդ ամենը մարդուն առաջնորդում է դեպի մեղք եւ ամեն անգամ կորցնում է իր աստվածային պատկերը:
Մարդն այնպես պետք է ապրի, որ նրա մեջ առավել շեշտված լինեն հոգեւորը, բարոյականը, որոնք մարդուն մոտեցնում են Աստծուն: Այդ պատճառով ձեւավորվեց աստվածային պատվիրան հասկացությունը: Աստվածային պատվիրանները մարդուն պահում էին բարոյական կերպարի մեջ, եւ դրանք բազմաթիվ էին ինչպես Հին Կտակարանում, այնպես էլ Նոր Կտակարանում:
— Ծննդոց Գիրքը փաստում է, որ Արարիչ Աստված մարդու խնամքին եւ հոգածությանը հանձնեց ողջ արարչագործությունը: Մինչդեռ մարդն անընդհատ մեղանչում է բնության՝ կյանքի աղբյուրի դեմ՝ աղտոտելով, ապականելով շրջակա միջավայրը՝ խնամելու, պահպանելու փոխարեն: Հա՛յր սուրբ, ո՞ւր կարող է հասցնել, տանել մարդուն նման ապրելակերպը։
— Մարդն արաչագործության անքակտելիությունն է՝ համարվելով արարչության գլուխգործոցը, զարդը: Այդ պատճառով վեցօրյա արարչության մեջ մարդու արարումը տեղի ունեցավ ամենավերջում: Սա նշանակում է, որ մարդն արարչագործության տնտեսվարն է: Նա Աստծո կողմից նշանակվեց տնտեսվարելու ողջ արարչագործությունը: Անցյալում մարդն իրեն բնության մասնիկն էր համարում, իսկ այսօր՝ ոչ: Այսօր մարդը, ամեն տեղ բետոններ եւ ասֆալտներ լցնելով, պատճառ է դառնում բնության ոչնչացման: Մենք այսօր կորցրել ենք չափի զգացումը եւ ամեն ինչ այլասերել: Նայենք, թե ինչպես է մարդը սնվում, ինչպես է ապրում, ինչպես է խմում, ինքն իր հետ վարվում: Եթե հույները տիեզերքը կոչում էին մակրո կոսմոս՝ մեծ տիեզերք, ապա մարդուն կոչում էին միկրոտիեզերք՝ փոքր տիեզերք: Այսօր մարդն իր նկատմամբ դաժան է վարվում, երբ չափից դուրս ալկոհոլ է օգտագործում կամ հաշիշամոլությամբ իր միկրոկոսմոսն է սպանում։ Դրանով նա ինքն իր մեջ արդեն իսկ վերացնում է մակրոկոսմոսի նկատմամբ ունեցած իր պատասխանատվությունը: Չարժեւորելով ինքդ քեզ՝ դադարում ես արժեւորել մնացյալ ամենայն ինչ, որի շուրջը դու գտնվում ես:
— Իսկ ինչպե՞ս է հնարավոր մարդու մեջ ձեւավորել պատասխանատվության զգացումը, որը, թվում է, բացակայում է մերօրյա մարդու հոգուց ու սրտից։
— Ամեն մարդ պետք է իմանա՝ ով է ինքը, ինչ է նշանակում մարդ լինել: Դժբախտաբար մարդկություն հսկացողության մեջ կան տարբեր կառույցներ. կա հավաքական կառույց՝ իր հետաքրքրություններով, կա նեղ շրջանակային կառույց՝ իր հետաքրքրություններով, անհատական կառույց՝ իր հետաքրքրություններով: Ամեն մարդ փնտրում է իր շահը: Ազգային խումբ կա, որը փնտրում է իր շահը, պետական կառույցը՝ իր շահը, անհատը նույնպես փնտրում է իր շահը: Եվ շահի փնտրտուքի ճանապարհին մարդիկ օգտագործում են այլոց՝ նրանց գործիք դարձնելով իրենց շահի իրականացման ճանապարհին: Այդ պատճառով ամեն մարդ պետք է ինքը ձեւավորվի՝ որպես կատարյալ մտածող էակ եւ ոչ թե ռոբոտ:
Հազարամյակներ շարունակ հայը դաստիարակվում էր՝ գերդաստանից ներս ձեւավորվելով: Եվ մի ընտանիքում ապրում էին մեծ հայրը, մեծ մայրը, զավակները՝ իրենց տիկինների եվ երեխաների հետ միասին: Ձեւավորվում էր հավաքական կյանքը: Ամեն մի անհատ գիտեր հավաքականության մեջ իր տեղն ու դերը, իր պարտականությունն ու պատասխանատվությունը, հետեւաբար այդպիսի մարդու մեջ թե՛ հավաքականությունն էր ձեւավորվում, թե՛ անհատական մոտեցումը: Այսօր չկա այդ բանը, եւ անհատական մոտեցումն անգամ որոշ չափով չակերտյալ հասկացողություն է դառնում, երբ ծնողը չի կարողանում երեխային ճիշտ դաստիարակել: Մեր ժամանակներում, դժբախտաբար, մարդկային մի հատված (ամուսիններ) աշխատում են, պապիկ ու տատիկ էլ չկան, որոնք զբաղվեն երեխայի դաստիարակությամբ: Երեխան անորոշությամբ է կրթվում ու դաստիարակվում: Ծնողներն էլ հոգնած տուն են գալիս ու չեն զբաղվում երեխայի դաստիարակությամբ, հետեւաբար, նրա մոտ ես-ի գաղափարը վերացած էր ձեւավորվում: Ուրեմն, երեխան մեծանում է ոչ ճիշտ մարդ՝ ուրիշներից կախյալ: Այդ պատճառով մարդու մեջ պետք է անհատականությունը ձեւավորվի, մարդը պետք է զգա, որ ինքն Աստծո պատկերը կրող էակ է եւ ոչ թե մի մեքենա, որին ուրիշներն են առաջնորդում կամ ղեկավարում:
— Հա՛յր սուրբ, ասացիք, որ մարդը տնտես է, իսկ տնտեսությունը երկիրն է: Հետեւաբար մարդը կոչված է հոգ տանելու եւ խնամելու ողջ արարչագործությունը: Կարող ենք ասել, որ երկրի մասին հոգալը մարդու կոչումն է։
— Որեւէ բան իրականացնելու համար նախ պետք է դրա գիտակցությունը ձեւավորվի մարդու մեջ, որպեսզի նա հասկանա, որ այս ամենն իրեն տրված է հոգ տանելու, խնամելու եւ ոչ թե չարաշահելու համար: Խմիչքը մարդուն չի տրվել այն չարաշահելու, հարբեցողության համար: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ մարդն ինքն իրեն չի ճանաչում, իսկ իրեն չճանաչելով՝ հեռանում է բնությունից: Հիշենք Մնասների առակը (տե՛ս Ղուկ. ԺԸ 11-28), թե ինչպես ծառան, ում մեկ մնաս էր տրվել՝ օգտագործելու, շատացնելու համար, չշատացրեց այն, այլ նույնությամբ վերադարձրեց իր տիրոջը:
Մենք Տիրոջ տնտեսության մշակներն ենք, եւ այդ տնտեսությունը, որն այս տիեզերքն է, մեր կյանքն է, մարդկային փոխհարաբերություններն են, պետք է այնպես մշակենք, որ մեզանից ամեն մեկն իր գործերով լինի բարի պտուղ տվող կերպար, որ իր ամեն գործ լինի համը մարդկային քիմքի:
— Հա՛յր սուրբ, կարող ենք ասել, որ ամեն բան այլ կերպ կլիներ, եթե յուրաքանչյուր մարդ ամեն օր երեկոյան գլուխը բարձին դնելիս հաշվետու լիներ ինքն իր առջեւ՝ քննելով անցնող օրվա ընթացքում ունեցած իր ձեռքբերումները եւ կորուստները։
— Անշուշտ, երբ ես ասացի, որ ամեն մարդ նախ պետք է ինքն իրեն ճանաչի, սա նշանակում է, որ ամեն երեկո գլուխս բարձին դնելիս պիտի հարցնեմ ինձ՝ ինչ տվեցի կյանքին եւ ինչ վերցրի կյանքից, որքանով էին իմ գործերն արժանի, որ իմ աղոթքի մեջ Աստծուն ոչ թե Տեր ասեի՝ ես էլ լինելով Նրա ծառան, այլ Հայր ասեի՝ լինելով Նրա որդին: Որովհետեւ Նա է ինձ արարել, ես իմ մեջ աստվածայինն եմ կրում: Ուրեմն, ամեն օր մարդկային ֆիզիկականը պիտի երկխոսի մարդկային աստվածայինի հետ, որպեսզի հասկանանք, թե որ կերպարի կողքին ենք կանգնած մենք: Շատերն են խաչ հանում իրենց երեսին, միայն ճշտված չէ, թե որ խաչն է. դա ա՞յն խաչն է, որի վրա Փրկիչը խաչվեց, որ փրկի աշխարհը, թե՞ այն խաչն է, որի վրա ավազակը խաչվեց, որպեսզի պատիժ կրի իր ավազակության համար: Այստեղ է, որ ես պիտի գտնեմ պատասխանը՝ իմ գործերը քննելով, զննելով:
— Հա՛յր սուրբ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին…
— Քանի որ մենք «պատասխանատվություն» բառն օգտագործեցինք, ամեն մարդ թող մտածի պատասխանատու լինել ոչ թե դիմացինի նկատմամբ պատասխանատու լինելու համար, այլ պատասխանատու լինենք, որովհետեւ մենք մեր երկնավոր Հոր առաջ պիտի պատասխան տանք: Յուրաքանչյուրս մտածենք, թե ով ենք մենք, որքանով ենք արժանի աստվածային պատկերը կրելուն, առանց որի անհնարին է պատկերացնել մեր գոյընթացը, իսկ սա շատ կարեւոր խնդիր է: Ամեն մարդ պետք է հասկանա, որ ինքը նախ պատասխանատու է իր ներսում ապրող Աստծո առաջ, որին նաեւ խիղճ ենք կոչում, որից հետո պետք է պատասխանատու լինենք մեր երկնավոր Հոր առաջ, քանզի մեր ամեն մի գործ խոսում է այն մասին, թե վերջում երկու ճյուղ ունեցող ճանապարհներից որը պիտի լինի իմ ճանապարհը. ա՞յն, որն ինձ առաջնորդում է դեպի վեր՝ երկինք, Աստված, առ Հայրը, թե՞ այն, որն ինձ առաջնորդում է հակառակ ուղղությամբ, դեպի դժոխք, դեպի կրակ, դեպի չարը: Ուրեմն ամեն ինչում լինենք պատասխանատու այնպես, որ երբ մեր աչքերը փակենք, երբեք մեր ներսում ապրող աստվածային ձայնը, մեր խղճի ձայնը չասի. «Դու եղար սատանայի գործակիցը, դու սատանա ես, Աստծո հոգին կրելով քո մեջ՝ ընթանում ես սատանայի հետ»: Լինենք այնպիսին, որ արժանի լինենք Աստծո եւ լուսո որդիներ կոչվելու:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s