Նոր կաթողիկոսի ընտրության հարցում Մայր Աթոռում ընդհանուր միաբանություն չկար։ Մեծ մասը հակված էր ընտրելու Շղթայակրին, որը վերակենդանացրել էր Երուսաղեմը եւ չնայած ծեր էր, բայց դեռ առույգ էր ու փորձառու, ուստի կարող էր կենդանություն հաղորդել Մայր Աթոռին։ Եթե ոչ Շղթայակիրը, ապա հարմար էին դիտվում Մայր Աթոռի նվիրակներ Պետրոս Հռոմկլայեցին՝ Կ. Պոլսից, եւ Ղազար Ջահկեցին՝ Զմյուռնիայից։ Թե ո՞վ է եղել տեղապահը, հայտնի չէ։ Թերեւս ճիշտ է Մ. Օրմանյանը՝ կարծելով, որ այդ պաշտոնն զբաղեցրել է Ալեքսանդր եպիսկոպոսը, որ ժամանակին Եվդոկիայի նվիրակն է եղել։ Մայր Աթոռից որպես պատվիրակներ ուղարկվեցին Թովմաս եւ Մկրտիչ վարդապետները՝ նախնական այն ծրագրով, որ կաթողիկոսության հրավիրեն Շղթայակրին, եւ միայն նրա հրաժարվելու դեպքում, Կ. Պոլսի համաձայնությամբ, որոշում կայացվի Պետրոսի կամ Ղազարի թեկնածության մասին։ Առանձին նամակներ էլ եղան՝ հօգուտ Ղազարի։

Սկզբնապես կաթողիկոսության հարմար թեկնածու դիտվեց Գրիգոր Շիրվանցի Շղթայակիրը, սակայն նա դժկամակ գտնվեց։ Շղթայակրի անունն ընտրական գործից հանվեց, որովհետեւ Կոլոտի եւ այլոց խնդրանքները չօգնեցին ձեռք բերելու նրա համաձայնությունը։ Նա նույնիսկ հայտարարեց, թե արդեն երեք անգամ կամենում են իրեն կաթողիկոս ընտրել, այլ խոսքով՝ նրա թեկնածությունը եղել է թե՛ Ուլնեցու եւ թե՛ Խոշաբեցու ընտրության ժամանակ։ Աբրահամ Կրետացին այնքան շտապ ընտրվեց, որ Շղթայակրի թեկնածությունը մեջտեղ գալ չէր կարող։ Պետրոս Քյություրը շատ ջանք թափեց, որ ընտրյալ դառնա, բայց անցյալում նրա բռնած դիրքը չէր մոռացվել, Կոլոտը նրան չպաշտպանեց, եւ Ղազար Ջահկեցին այդ պայքարում հաղթող դուրս եկավ՝ կաթողիկոս հռչակվելով 1737 թվի հուլիսին, եւ օգոստոսի 7-ին դա վավերացվեց։ Կոլոտը դիտվեց որպես Մայր Աթոռի անհամակիր, եւ նրան կաթողիկոսացնելու մասին խոսք չեղավ։

Ղազար Ջահկեցին ունիթորների կենտրոնից էր, բայց ոչ ունիթոր, այլ կատաղի հակաունիթորական։ Նա 1735 թվին Կ. Պոլսում հրատարակել էր «Դրախտ ցանկալի» գիրքը, որտեղ, մի տեսակ, հերքում էր կաթոլիկ վարդապետությունը եւ լուսաբանում հայկական դավանանքը։ Նույն ժամանակներում նա երգարան էլ հանձնեց հրատարակության, որը լույս աշխարհ եկավ 1737 թ. օգոստոսի 1-ին։ Նա հռչակված էր որպես ուսումնական անձ ու աստվածաբան, բայց վարք ու բարքով լավ համբավ չէր վայելում։ Նրան համարում էին մեծամիտ ու փառասեր, զեխ կյանքով ապրող, քանի որ հարուստ էլ էր։ Այսուհանդերձ՝ նախապատվությունը նրան տրվեց այն փաստարկով, որ կաթողիկոսությանը կարող է զորավոր նեցուկ դառնալ։ Ղազար Ջահկեցին, իր ընտրության լուրն ստանալով, չսպասեց պետական հրովարտակներին, քանի որ գիտեր, որ Կոլոտն այդ հարցը կլուծի, եւ պատրաստվեց ճամփորդության այնպիսի ճոխությամբ, որի նմանը հայոց կաթողիկոսությունում երբեք չէր եղել։ Նա, դուրս գալով Զմյուռնիայից, 1737 թ. վերջերին հասավ Կարին։ Տեղի փաշան կամեցավ տեղեկություններ քաղել նրա մասին, քանի որ նա մեկնում էր Պարսկահայաստան, սակայն անհամաձայնություն առաջացավ փաշայի եւ Ջահկեցու միջեւ։ Փաշան ուզեց նրա ցեղական նժույգը, իսկ Ղազարն ընդդիմացավ, ինչը դրդեց փաշային նրանից վրեժ լուծելու։ Իմանալով, որ նա արքունի հրովարտակ չունի, նրան խաբեբա համարեց եւ մի տեսակ պատվավոր բանտարկության ենթարկեց։ Եվ Կ. Պոլիս նամակ ուղարկեց՝ նրան ամբաստանելով։ Ղազարն ստիպված եղավ ձին տալ՝ հետն էլ ադամանդյա մի մատանի։ Հրովարտակ չունենալու լուրը փաշային հայտնել էին լատինամետները։ Ղազարը, իմանալով այդ, որոշեց ինքն էլ նրանցից վրեժ լուծել։ Նա նրանց մեղադրեց փաշայի առաջ՝ պետությանը վնասելու մեջ, որի արդյունքում շատերը ձերբակալվեցին եւ տուգանվեցին։ Այդ ժամանակ Ղազարի հետ էին Սահակ Ահագին վարդապետը, որ Կարնո առաջնորդն էր, եւ Անանիա վարդապետը՝ Քելլեջի կոչվածը։

Զարմանալիորեն այդ ժամանակ մահացավ Կարնո կամ Էրզրումի փաշան, որ տեղի թուրքերը չարագուշակ նշան համարեցին։ Նրանք դուրս եկան Ղազարի դեմ՝ փաշայի մահվան մեջ նրան մեղադրելով։ Վերջինս կարողացավ իրեն պաշտպանել, թե ինքը տեղական գործերին անտեղյակ էր, եւ առաջնորդն է իրեն տեղեկությունները հաղորդել։ Այդ փաստերին ավելացրեց հնչուն դրամը եւ փետրվարի սկզբին Կարսի ճանապարհով հատեց պարսկա-օսմանյան սահմանագիծը։ Ղազարի բախտը բերեց, որովհետեւ շատ չանցած՝ արքունական սուրհանդակ եկավ Կարին՝ մեծ վեզիրի հրամանով, որ փաշայի մահվան պատճառով ամբաստանված Ջահկեցին հսկողությամբ ուղարկվի Կ. Պոլիս։ Զայրույթը թափվեց առաջնորդ Սահակ վարդապետի վրա, որին ձերբակալեցին ու բանտարկեցին։ Սա էլ կարողացավ զանազան փաստերով ու մանավանդ նյութական միջոցներով իրեն պաշտպանել ու ազատվել։ Իմանալով, սակայն, իր բանտարկության պատճառը՝ նա եկեղեցու բեմից խոսեց Ղազարի դեմ, նզովեց նրան եւ պահանջեց, որ նրա անունն իր թեմում չհիշեն։ Իսկ այդ ընթացքում Ղազարն Էջմիածնում բարձրացավ հայրապետական աթոռին։ 1738 թվի Զատկի մոտ օրերին նրա առաջին գործերից մեկը եղավ իր եղբորը՝ Մկրտիչ այրի քահանային, եպիսկոպոս օծելը։ Նա շահաբեր գործերի պաշտոններ հանձնեց իր եղբայրներին՝ Անդրեաս ու Հովսեփ քահանաներին։ Առատ ընծաներով Սպահան գնաց եւ Նադիր շահից իր հաստատման հրովարտակն ստացավ։ Նրա կողմից պատվով ընդունվեց եւ Էջմիածին վերադարձավ 1738 թվի ամռանը։ Էջմիածին էր եկել Պետրոս Քյություրը, որը փորձեց մեղմել Ղազարի զայրույթը Սահակ Ահագինի նկատմամբ եւ հաշտություն կայացնել։ Նա կարողացավ Ղազարից, ի նպաստ Սահակի, վճարում ստանալ՝ կապված Սահակի բանտարկությունից ազատվելու համար կատարած ծախսերի հետ։

Այս ընթացքում մեծ շփոթներ եղան Կ. Պոլսում։ 1737 թվի կաթողիկոսական ընտրությունից հետո Պետրոս Քյություրը կրկին լարվեց Կոլոտի դեմ, որովհետեւ գտնում էր, որ նրա պատճառով է, որ կաթողիկոս չի դարձել։ Ուստի նա սկսում է հուզումներ առաջ բերել Կոլոտի դեմ՝ հատկապես կապված շարականի վերջին երեք տների հետ, քանի որ Կոլոտը կրկին խոստացել էր դեսպանին, որ դրանք չեն երգվի։ Իսկ Քյություրը դա ներկայացնում է որպես զիջում կաթոլիկությանը։ Եվ նա կողմնակիցներ գտավ հատկապես կեսարացիների մեջ։ Վերջիններս, գրգռված Քյություրի կողմից, Եփեսոսի ժողովի տոնի օրը՝ օգոստոսի 6-ին, Մայր եկեղեցում հարձակվեցին պատրիարքի վրա՝ ծեծելու նպատակով։ Կոլոտը մի կերպ փրկվեց՝ փախչելով կատաղած ամբոխից։ Հակոբ Նալյանն ու Սարգիս Սարաֆյանն աշխատեցին վիճակը հանդարտեցնել։ Նրանք կոչ արեցին իրենց կողմնակիցներին բարձրաձայն գոռալ, թե ո՞ւր է պատրիարքը, եւ որ իրենք պատրաստ են նրա համար հալածել Քյություրին։ Դա օգնեց, որ Կոլոտն ի հարկի հանդիսավորությամբ վերադառնա՝ գոհ այդ ընթացքից։ Կատարվածն առիթ տվեց Վիլնյովին, որ կառավարությանը բողոքի, թե Հայոց Եկեղեցում նզովք են կարդում իրենց մեծին։ Իշխանություններն էլ 40 բարապանով մի պաշտոնյա ուղարկեցին Կոլոտի մոտ, որ իբր նզովքն արգելի։ Կոլոտը նրանց պատասխանեց, որ նզովքը վաղուց է դադարեցվել։ Պաշտոնյայի ուղարկվելը, ըստ Մ. Օրմանյանի, դրվում է Վերափոխման տոնից երկու օր առաջ, այսինքն՝ օգոստոսի 12-ին՝ պահքի ուրբաթին։ Կարծես կրքերը հանդարտվել էին, սակայն վտանգ կար, որ սեպտեմբերի 3-ին՝ Նիկիայի ժողովի տոնի օրը, հուզումներ կլինեն։ Եվ, իրոք, Սկյուտարում եւ մի շարք այլ վայրերում շարականի վերջին երեք տները երգողներ եղան, որոնցից վեցը ձերբակալվեցին՝ թիապարտության դատավճռով։ Ճիշտ է՝ միջնորդությամբ նրանց մի քանի ամիս անց ազատ արձակեցին։ Այս իրադարձություններն ստիպեցին Քյություրին հեռանալ մայրաքաղաքից եւ վերադառնալ Էջմիածին։ Այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել Կարնո փաշայի ամբաստանությունը Ղազար Ջահկեցու դեմ, եւ չնայած Կոլոտն ու Շղթայակիրը շատ չարչարվեցին, մեծ վեզիրի հրամանը փոխել չկարողացան։ Կրքերը հանդարտվեցին, երբ իմացվեց, որ Ղազարն արդեն Սբ Էջմիածնում է։ Այդ ժամանակ մեծ վզիրի պաշտոնն զբաղեցնում էր տեղապահ Եգեն Մեհմեդ փաշան, քանի որ մեծ վեզիր Մուհտինզադե Աբդուլլահ փաշան պատերազմում էր Գերմանական (= Ավստրիական) կայսության դեմ։ Նա հաղթանակով վերադարձավ, սակայն պալատական բանսարկության զոհ դարձավ եւ պաշտոնանկ եղավ։ Նա աքսորվեց Թեսալոնիկե, եւ նրա տեղը գրավեց տեղապահը, որը քրիստոնյաների նկատմամբ լավ չէր տրամադրված։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s