«Ինձ այնպես է թվում, թե այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ…»
Թուղթ հռոմեացիներին, Ը 18

Այս խոսքերը նաեւ Չարենցի համար են ասված: Այս խոսքերի մեջ Հիսուս Քրիստոսի խաչյալ կերպարն է, որ դրոշմվեց մարդկային քաղաքակրթությունն առաջ տանող ընտրյալ զավակների ճակատին:
Արվեստի յուրաքանչյուր ներկայացուցչի բնութագրման նախապայմանը նրա ստեղծագործական անհատականությունն է, եւ ինքն իրեն վերապահած ազատության չափը: Դրանք միասին են եւ պայմանավորված են մեկը մյուսով:
Այս հարցերը թե՛ ընդհանուր ձեւով, թե՛ առանձին գրողների ու արվեստի գործիչների կապակցությամբ արծարծվել են համաշխարհային տեսական մտքի կողմից՝ Պլատոնից մինչեւ Ուիլյամ Ջեմս, Զիգմունդ Ֆրոյդ, Լամբրոզո ու նրանց հետեւորդները՝ հոգեվերլուծաբաններից մինչեւ գոյավերլուծաբաններ, ստեղծելով հարուստ գրականություն: Ընդհանուր օրինաչափություններից զատ, յուրաքանչյուր դեպքում այս հարցերն ունեն անհատական սկիզբ: Ուստի, ակնհայտ եւ շրջանառված դատողություններից խուսափելու համար սկզբից եւեթ այս հարցերը որոշակիացնեք Եղիշե Չարենցի անվան շուրջ, ով թե՛ բացառիկ ու եզակի անհատականություն էր, թե՛ ստեղծագործական ազատության վիթխարի ներուժի կրող:
Պահպանվել է Սողոմոնյան գերդաստանի ընտանեկան խմբանկարը, այդտեղ ապագա բանաստեղծը հազիվ լինի տասը տարեկան: Նրա կանգնելու կեցվածքի, դիրքի, հայացքի մեջ արդեն իսկ կա սխրանքի պատրաստ տղան, ում կերպարը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում, իսկ վերջում դարձավ խելահեղ մի նկար՝ պայթող դժգոհությունը դեմքին, այրվող ծխախոտը շուրթերին: Առաջին նկարից մինչեւ վերջին նկարը, գրական առաջին քայլերից մինչեւ վերջին ընդվզումները Չարենցը եղել է շատ նույնական, միասնական եւ մշտապես ինքը:
Նա շրջապատից խիստ տարբերվող անհատականություն էր արդեն իսկ պատանեկան տարիներից, երբ գրում էր առաջին բանաստեղծությունները եւ մտածում առաջին գրքի տպագրության մասին: Ինչպես հետո «Homo sapiens» չափածո նովելում պիտի գրեր, 15-16 տարեկան հասակում արդեն կարդում էր գերմարդու մասին Ֆրիդրիխ Նիցշեի գրքերը, լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշեւսկու«Homo sapiens» («Մարդ բանական») վեպը եւ երազում դառնալ գերմարդ, բարձրանալ իրեն պաշարած գավառական շրջապատից, դառնալ տիտանային, վիթխարի, անսահման, անկրկնելի, բացառիկ ու մեծ…
Այս հատկանիշերը նրա մեջ դրսեւորվեցին շատ արագ: Անհատականության գծերն ի հայտ եկան առաջին իսկ քայլերից. առանց գրական հովանավորի ու նյութական աջակցության, մշակույթի առումով կորած համարվող Կարսի անհայտության մեջ ինքնուրույն վճռեց եւ 17 տարեկանում տպագրեց առաջին գիրքը, ինքնուրույն վճռեց եւ 18 տարեկան հասակում կամավոր մեկնեց գործող ճակատ, վերադարձավ ու մեկնեց Մոսկվա՝ համալսարանում ուսանելու, ետ եկավ հայրենիք, աշխատեց որպես ուսուցիչ, ՀՀ արվեստի եւ հանրային կրթության նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար, ՀԽՍՀ լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ:
1922 թվականից սկսած՝ Չարենցի կյանքն ու գրական գործունեությունը դառնում են միաձույլ: Աշխատում է խմբագրություններում ու հրատարակչությունում: Գործը գիրն էր ու գիրքը: Նրա անհատականությունը խորապես ընդգծվեց հատկապես «Երեքի» դեկլարացիան հրատարակելուց հետո: Ամեն գրող չէր դիմի այդպիսի քայլի, քանի որ պահանջվում էր մեծ հանդգնություն: Չարենցը դիմեց, որովհետեւ զգաց, որ կարող է միայնակ կանգնել հանրության առջեւ եւ կռվել միշտ անցյալին կառչած նրա պատկերացումների դեմ: Չարենցի դեպքում ավելանում է նաեւ արտահայտված ներքին ինքնավստահությունը, որովհետեւ հստակ գիտակցում էր, որ ինքը ոչ թե պատահական մարդ է, այլ կոչված է ժամանակի կողմից, որ ինքը պատմական առաքելություն է կատարում, եւ որ իր յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր տողին պատմությունն է նայում: Այսինքն՝ լինելով խորապես անհատական նկարագիր՝ Չարենցն իր մեջ կրում էր նաեւ պատմություն կերտողի պատասխանատվությունը: Սակայն այդ պատասխանատվության բարձր գիտակցությունը չսահմանափակեց նրան, չազդեց նրա անհատական նկարագրի վրա: Իսկ անհատական նկարագիրը շատ հեռու էր սովորականից. ազատ ու անկաշկանդ էր վարքի բոլոր դրսեւորումների մեջ եւ միշտ հասնում էր ծայրահեղությունների՝ թե՛ կենցաղում, թե՛ գրական կյանքում: Կնոջ հուղարկավորության ժամանակ չի կարողացել զսպել իրեն, անընդհատ լաց է եղել ու բղավել, իսկ վերջում ուշակորույս ընկել է նրա հողաթմբին: Թաղումից վեց ամիս անց, կնոջ դագաղը տեղափոխելու կապակցությամբ, գերեզմանափորին ստիպել է բաց անել կափարիչը: 1930 թ. փորձել է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին եւ կտրել է զարկերակը:
1937-ի ամռանը, երբ Ծաղկաձորից ետ էր բերում ընտանիքը, վարձել է զուռնաչիներ, ովքեր շարժվող սայլին համընթաց տխուր մեղեդիներ են նվագել, իսկ ինքը զայրալից խոսքեր է նետել իր ընտանիքին հատկացրած սենյակը զավթած Կենտկոմի անդամի հասցեին: Կնոջ սաստումին պատասխանել է. «Թող ժողովուրդը տեսնի, թե ինչպես է հայոց բանաստեղծն անցնում իր վերջին ճանապարհը»:
Ընկերները ձերբակալված էին, իսկ ինքը դրսում էր. քաղաքից չբացակայելու ստորագրություն էին վերցրել, եւ գտնվում էր հսկողության ներքո: Այս վիճակում անգամ ամեն տեսակի ծայրահեղ արարքներ է կատարել, որպեսզի ուշադրություն գրավի, եւ իրեն եւս ձերբակալեն: Ասել է՝ որտեղ իմ գրական ընկերները, անգամ՝ հակառակորդները, այնտեղ էլ՝ ես: Իր տեղը տեսնում էր թիարան քշված հայոց երգասանների շարքում:
Չարենցին ծանոթ էր հանճարի ու խելագարության վարքը: Բժիշկ-հոգեբույժ Չեզարե Լամբրոզոյի (1835-1909) «Հանճարեղություն եւ խելագարություն» գիրքը (1863, ռուսերեն թարգմանությունը՝ 1885) ծանոթ էր նրան: Իսկ Արփիկը ժամանակին գնել էր Սյոլլի Ջեյմսի (1843-1923) նույնանուն՝ «թպվՌՈսՖվՏրՑՖ Ռ տՏՎպՔՈՑպսՖրՑՉՏ» («Հանճարեղություն եւ խելագարություն») (հ-կ-ոչ, 1895) գիրքը: Նրա գրադարանը լի էր այս եւ հոգեվերլուծության տարբեր հարցերի նվիրված գրքերով: Բայց նա ոչ թե գալիս էր գրքից, այլ իր վարքով մի նոր գիրք էր գրում, որի հերոսն էլ էր ինքը, արձանագրողն էլ՝ որպես բանաստեղծություն ու խոսք:
Վարքի այս դրսեւորումները, ինչի օրինակները կարելի է շատացնել, խորապես անհատական, մարդկային նկարագիր են եւ սովորական աչքի համար, ըստ ամենայնի, անընդունելի: Շատերն են փորձել Չարենցին «խրատել», դարձի բերել, անգամ նրան «Ուղղիչ տուն» տարան, բայց իզուր: Ինքը՝ Չարենցը եւս, երբեմն զղջացել է ծայրահեղ լարման ժամանակ իր կատարած արարքների համար, բայց դարձյալ իզուր: Որովհետեւ լուրջ մի պահի ինքն իր մեջ վերջնականապես փակեց այդ հարցը եւ գրեց. «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ»: Վերջացա՛վ: Սա է Չարենցը, եւ մենք եւս նրան պիտի ընդունենք այնպես, ինչպես նա կա, եւ ոչ թե խմբագրենք, շրջանցենք, համահարթենք եւ ենթարկենք մեր պատկերացումներին: Պետք չէ քաղքենիական «կիրթ» ըմբռնումներին հարմարեցնել այն հրաբուխ կյանքը, որի յուրաքանչյուր օրը լի է եղել պայթյուններով ու փոթորիկներով: Դրա փոխարեն պետք է հասկանալ այդ կյանքը, որովհետեւ դա նրա ստեղծագործական ներքին ազատության համարժեք արտահայտությունն է: Չարենցը չէր կարող շիկացած տարերքի մեջ «Ամբոխները խելագարված» գրել, եւ ինքը չլինել խելագար տարերքի մարմնացում: Նույնը վերաբերում է բացարձակապես բոլոր գործերին:
Ստեղծագործական վիճակն ինքնին դուրս է սովորականից, անսովոր է, ծայրահեղ է եւ հեռու չէ խելագարությունից: Այդ մասին դեռեւս Պլատոնն է գրել: Չարենցը չէր կարող «Ասպետական» ռապսոդիան գրել եւ հանգիստ զբոսնել փողոցում: «Ասպետական»-ը գրելիս մեկ ուրիշ աշխարհից եկածի պես է եղել, իր սենյակից դուրս է եկել, մտել կողքի սենյակում ապրող մի կնոջ մոտ եւ զրույցի բռնվել նրա հետ: Մի աղմկալի պատմություն էլ կապված է այդ պահի հետ: Չէր կարող գրական բուռն բանավեճերի մեջ լինել պրոլետարական գրողների ասոցիացիայի մի ամբողջ խմբի հետ եւ վերաբերմունքը, հոդվածներից բացի, չարտահայտել մարդկային հարաբերությունների մեջ ու էպիգրամներում: Սա ոչ թե անզսպություն է, այլ անչափ բնական վիճակ, որովհետեւ Չարենցն ապրում էր այնպես, ինչպես գրում էր, գրում էր այնպես, ինչպես ապրում էր: Ընդունո՞ւմ ենք Չարենցին՝ որպես հանճարեղ գրողի, ուրեմն պետք է ընդունենք նաեւ նրա վարքի ազատ դրսեւորումը: Այս ազատությունը երբեմն նույնիսկ գրական երկերում անցել է թվացյալ «պատշաճության» սահմանը եւ թափանցել կյանք առնող խոսքի կամ խոսք դարձող կյանքի մեջ: Օրինակ՝ Մագդային, Արմիկին, Արուսին նվիրված շարքերը: Մագդային հասցեագրված շատ բաց նկարագրություններով, առայժմ անտիպ, մի սոնետի վրա գրել է. «Ապագա Ֆրոյդին»:
Հանճարը հուշում է եւ իրեն հասկանալու ուղի է ցույց տալիս, իսկ Չարենցի մասին գրողներն այսօր էլ շարունակում են նրան սեղմել-շրջապատել մտավոր կաղապարների մեջ, ինչի դեմ նա կռվեց ամբողջ կյանքում:
Չարենցի համար ամենամեծ բարոյականությունն ազատությունն էր, իր կամքի ու ներաշխարհի լիակատար դրսեւորումը: Դա է պատաճառը, որ նա օրգանապես չէր հանդուրժում շինծու բարեկրթության դիմակով քողարկվածներին: Իր օրագրերի մեջ նա շատ խիստ խոսքեր է ասել մի քանի գրական անձանց հասցեին. ինչո՞ւ, որովհետեւ տեսակներով տարբեր էին, եւ չէր կարողանում եռուն հանրային ու մշակութային կյանքի մեջ հաշտվել նրանց սառն ու մեռյալ մարդկային-ստեղծագործական խառնվածքի հետ:
Ինքը՝ Չարենցը, երբեք դիմակ չդրեց, մշտապես այն էր, ինչ կար: Դրա համար չէր հանդուրժում երկդիմությունը, ներքին ու արտաքին պահվածքի տարբերությունը: Իսկ նրա շուրջ դիմակավորված մարդիկ էին. դա պայմանավորված էր ոչ միայն ժամանակի թելադրանքով, այլեւ նրա բուն մարդկային բնույթով: Չարենցն իր կյանքը վերածեց լեգենդի, դարձավ առեղծված թե՛ իր ժամանակակիցների, թե՛ հետնորդների համար, եւ դա՝ գիտակցական կյանքի առաջին իսկ օրերից:
Այդ առեղծվածն ու լեգենդը պայմանավորված են նրանով, որ Չարենցը կատարեց իր ներքին ցանկությունը եւ, իր ասածի պես, դարձավ Գերմարդ, ինչը նույնն է, թե՝ Հանճար: Գերմարդ՝ Երեւանի պես ետամնաց քաղաքում, ինչը ոչ թե մայրաքաղաք էր, այլ «մայրագյուղ» (Գ. Մահարի): Գերմարդ՝ մարդկային ու հանրային հարաբերությունների բարբարոս բարքերի պայմաններում: Գեր-
մարդ՝ ավերված երկրում եւ ավերված հոգու տեր ժողովրդի մեջ, ուր բարձր արվեստի պահանջները հասցված էին նվազագույնի, եւ ուր Չարենցի պես անհատականություն չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում էլ՝ պիտի վերանար (ինչը եւ եղավ): Դա այդպե՛ս է, որովհետեւ դրության տերը միշտ էլ միջակությունն է: Միշտ էլ ճաշակներն ու չափանիշները հարմարեցվում են միջակին: Միջակը միշտ ընդունելի է, դրության տեր, որոշող, կարգադրող: Իսկ հանճարը, էլ ո՜ւր մնաց Գերմարդը, պիտի ծաղրվի, հալածվի, պիտի ստիպեն, որ նա կախում ունենա դրության տերերից, այսպես նրան ամեն կերպ պիտի
փորձեն կոտրել, խեղել եւ, ի վերջո, ոչնչացնել: Չարենցն զգում էր իր Գերմարդ լինելը: Իր ինքնագնահատությունները դրա ճիշտ վկայություններն են.
«ԻՆՁ»
Քո անունի, Չարե՛նց,
Ասոնանսն է՝ «Արեւ» —
Եվ բառն — հանճարե՛ղ…

Չարենցն իր արժեքն զգում էր թե՛ ազգային մշակույթի, թե՛ համամարդկային քաղաքակրթության մեջ եւ իր մեջ իրենով գնահատում հայոց հանճարը:
Շարունակելի
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s