Սկիզբը՝ 2012 Սեպտ. Բ

Գրիգոր Շղթայակիր պատրիարքը եկել էր մայրաքաղաք՝ Երուսաղեմի պատրիարքության խնդիրներին վերջնական լուծում տալու համար, եւ արդեն երկու տարի գտնվում էր Կ. Պոլսում։ Սակայն Եգեն Մեհմեդ փաշայի մեծ վեզիր դառնալը գործին վնասեց։ Հույսը ֆրանսիական դեսպանի վրա էր, որի կարծիքը հայանպաստ էր։ 1738 թվի փետրվարի 19-ին նոր դիմում արվեց դեսպանին՝ միջնորդության խնդրանքով, բայց մարտի 13-ին մեծ վեզիրը գնաց Ավստրիական կայսրության դեմ պատերազմելու, ուստի գործը լուծում չստացավ։ Ժողովրդի մեջ հայ-լատինական մերձեցումը, հանուն Երուսաղեմի, խնդիրներ չէր հարուցում, բայց դրա դանդաղելը դժգոհության պատճառ դարձավ, եւ ապրիլի 2-ին՝ Զատկի նախօրեին, շշուկներ տարածվեցին, որ կաթոլիկամետները բազմությամբ գնան լատինացիների եկեղեցին։ Կոլոտն ստիպված եղավ դիմել լատին եպիսկոպոսին, անձամբ գնալ ֆրանսիական դեսպանի մոտ, որ համաձայնության պայմանները կատարվեն, եւ ժողովրդին գանգատվելու առիթներ չտան։ Սակայն դեսպանը պահանջեց դավանության թուղթ տալ՝ ըստ լատին պատմագրի։ Իրականում դեսպանը կամեցել էր հայերի իրավունքների վերաբերյալ վավերագրերը տեսնել, որ դրանց ոգով միջնորդությունը կատարի։ Դեսպանի միջնորդությունը կրքերը հանդարտեցրեց, եւ լատինամետներն սկսեցին հաճախել հայոց եկեղեցի։ Նրանց համար առանձին եկեղեցի ունենալու խնդիրը կրկին մեջտեղ եկավ, սակայն Կոլոտը կարողացավ դրա դեմն առնել։ Այնուամենայնիվ մի ամբողջ տարի անցավ անարդյունք, քանի որ Վիլնյովը թուրքերի եւ գերմանացիների միջեւ հաշտություն կայացնելու կապակցությամբ, որպես միջնորդ, ստիպված եղավ ռազմաճակատ մեկնել։ Շղթայակիրն այդ ընթացքում երեք անգամ ընդարձակեց Սկյուտարում Երուսաղեմի վանքի այգին՝ կառուցելով վանատուն եւ մատուռ, իսկ Մայր եկեղեցու համալիրում՝ վանատուն Երուսաղեմի համար։
Այս ընթացքում ցանկություն հայտնվեց հաշտություն կնքելու Ավստրիական կայսեր հետ, եւ քանի որ մեծ վեզիր Եգեն Մեհմեդը դրան հակառակ էր, պաշտոնանկ արվեց եւ աքսորվեց Հռոդոս։ Նրան հաջորդեց Հաջի Մեհմեդ փաշան՝ Այվազ կամ Էլիաս (Էլվիաս) մականունով։ Հաշտությունը կնքվեց Բելգրադում սեպտեմբերի 18-ին՝ թուրքերի համար նպաստավոր պայմաններով։ Պայմանագիր կնքվեց նաեւ Ռուսաստանի հետ։
Հաշտության պայմաններով՝ թուրքերը տիրում էին Բելգրադին եւ Օրշովային, ստանում էին Ուլահը եւ Բուղդան։ Ազախի ամրոցը պետք է քանդվեր, Սեւ ծովի ռուսական նավատորմը պետք է վերացվեր, եւ ռուսներն իրենց գրաված վայրերը պետք է վերադարձնեին։ Վիլնյովի կշիռը՝ որպես միջնորդի, թուրքերի աչքում խիստ մեծացավ։ Մեծացավ նրա ազդեցությունը։ Կոլոտն ու Շղթայակիրն ապավինեցին նրա միջնորդությանը, քանի որ հայերի եւ լատինների շահերը համընկնում էին հույների ոտնձգությունների խնդրում։ Հույներն էլ հասկացան, որ վիճակը փոխվել է, ուստի փորձեցին հայերին մոտենալ՝ վախենալով, որ դեսպանի հզոր ազդեցությունն իրենց դեմ կուղղվի, եւ իրենք շահելու փոխարեն կորուստներ կունենան։ Եվ ահա 1739 թվի ապրիլի 7-ին ֆրանսիական դեսպանատանը փոխադարձ համաձայնություն կայացվեց՝ հաստատվելով երկու պատրիարքների ու երկու ազգերի մեծավորների կողմից՝ իտալերեն լեզվով, որն այդ ժամանակ միջազգային կիրառում ուներ։ Այդ համաձայնությամբ կողմերը ճանաչում էին միմյանց իրավունքները, որ մինչ այդ կային։ Ասորիները, հաբեշները եւ եգիպտական ղպտիները ճանաչվում էին հայերի հետեւորդ։ Ընդհանուր իրավունքներում հայերը եւ հույները հավասար էին ճանաչվում, բայց՝ հույների նախապատվությամբ։ Դեսպանի խորհրդով Կոլոտը 1739 թվի հունվարի 1-ին նամակ գրեց Ֆրանսիայի վարչապետ կարդինալ Անդրեաս Ֆլյորին եւ պատասխան ստացավ օգոստոսի 31-ին՝ հավաստիացումներով, որ Վիլնյովի միջոցով կգործեն ի նպաստ հայերի եւ դավանական խնդիրներ չեն բարձրացնի։ Հայերը դրանից հետո նոր «հաթթըշերիֆ» կամ հրովարտակ ստացան Մահմուդ Ա սուլթանից, որով խնդիրը վերջնականապես հարթվեց։ Նույնատիպ հրովարտակ տրվեց նաեւ լատիններին՝ հայերի հետ հարաբերությունների առնչությամբ։ Լատինների հետ հարաբերությունները կարգավորելու համար հույները նույնպես դիմեցին դեսպանին, եւ նրանց խնդրանքը հարգվեց։ Դրանով երեք ազգերը, ավելի ճիշտ՝ դավանական երեք ուղղությունների ներկայացուցիչները հավասար իրավունքներով վավերացված հրովարտակներ ստացան։ Երուսաղեմյան կնճիռը հարթվեց, սակայն հաբեշների՝ հույների կողմից հափշտակված վիճակը մնաց նրանց ձեռքում։ Հրովրատակը տրվեց 1740 թվին։
Կարծես ամեն ինչ լավ էր, սակայն Երուսաղեմում խնդիր ծագեց հայերի եւ լատինների միջեւ՝ Յուղաբերից սեղանի եւ Բեթղեհեմի եկեղեցու հետ կապված։ Պատճառը, անշուշտ, հաշտության կայացման լուրի ուշ տեղ հասնելն էր։ Դեսպանին տեղյակ պահեցին, եւ նա յուրայիններին կարգադրեց վեճեր չհարուցել։ Նա նամակ տվեց Շղթայակրին՝ 1740 թվի մայիսի 6-ի թվականով, եւ վերջինս այն իր տեղապահ Գաբրիել վարդապետին ուղարկեց։ Իր նամակում Շղթայակիրը գովում էր դեսպանին եւ յուրայիններին կոչ էր անում հաշտվել լատինների հետ եւ ատելության տեղիք չտալ։ Շղթայակիրը նաեւ մեծ ուշադրություն դարձրեց պարտքերի մարմանը, որոնք գոյացել էին այդ չորս տարիների ընթացքում։ Նա գտավ բարերարների, շարժեց նրանց զգացումները եւ հայթայթեց պետք եղած գումարը։ Պարտքերի պատճառով նա Կ. Պոլսում մնաց եւս մի քանի ամիս եւ ծովով Երուսաղեմ մեկնեց օգոստոսի 25-ին։ Ռոդոսթոյում նա հանդիպեց տեղի առաջնորդ Հովհաննես վարդապետի հետ, հյուրընկալվեց նրա կողմից եւ նվերներ հավաքեց։ Դարդանելի ելքի մոտ՝ Բողազհիսարում, նրա նավը խրվեց ծանծաղուտում, եւ ուղեւորները հազիվ փրկվեցին։ Հռոդոսից հեռանալուց հետո նրանց նավն սկսեց ջուր լցվել, եւ ուղեւորներն ստիպված եղան չորս օր ու գիշեր ջուրը դուրս թափել։ Վերջապես սեպտեմբերի 6-ին՝ Խաչի բարեկենդանի կիրակնամուտին, նա հասավ Յոպպե եւ Խաչվերացի օրը՝ սեպտեմբերի 14-ին, մուտք գործեց Երուսաղեմ՝ ուղեկից ուխտավորներով հանդերձ՝ բացակայելով չորս տարի եւ չորս ամիս։ Նրա բացակայության օրոք Երուսաղեմում էլ խնդիրներ էին ծագել, բայց Գաբրիել տեղապահը կարողացել էր հաջողոթյամբ հաղթատարել դրանք։ Վերջինս գործերը կանոնավոր վիճակում հանձնեց պատրիարքին։ Շղթայակիրը շարունակեց վարել գործերը, սակայն իրեն հաջորդ նշանակեց Թեոդորոս եպիսկոպոս Խորենացուն, որը Տարոնից էր։ Ուստի ճիշտ չէ, թե նա գործերը փոխանցել է Հարություն վարդապետին, իսկ ինքը վարել է մենացյալ կյանք։
Երբ Շղթայակիրը հեռացավ Կ. Պոլսից, Կոլոտը տկար էր եւ կարիք ուներ հանգստի։ Նա իրեն փոխանորդ ընտրեց իր լավագույն աշակերտներից Հակոբ Նալյանին, որն արդեն նրա օգնականն էր։ Դրանով Հակոբ եպիսկոպոսը, փաստորեն, վերածվեց Կոլոտի տեղակալի։ Կոլոտը մտքին դրել էր ուխտի գնալ այլ եւ այլ վայրեր, այդ թվում՝ Հռոմ։ Սակայն նա մահացավ Շղթայակրի մեկնելուց հազիվ վեց ամիս հետո՝ ոչ շատ առաջացած տարիքում՝ 26 տարի զբաղեցնելով պատրիարքության պաշտոնը՝ սկսած 37 տարեկանից։ Այլ խոսքով՝ նա մահացավ 63 տարեկանում։ Նա իր համար որպես հանգստարան ընտրել էր, հավանաբար, Սկյուտարի հովասուն բարձունքները՝ երուսաղեմական վանատունը։ Նա դրա իրավունքը վաստակել էր՝ մեծապես չարչարվելով Երուսաղեմի վանքի համար։ Նա մահացավ 1741 թվի փետրվարի 13-ին։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ հաջորդ շաբաթ օրը՝ Տյառնընդառաջի տոնին, Ղալաթիայի Սբ Լուսավորիչ եկեղեցում, որի գավթում էլ հողին հանձնվեց։ Հուղարկավորությունը կատարեց Հակոբ Նալյան եպիսկոպոսը, որն արդեն վարում էր պատրիարքության գործերը։ Նա շուտով, բոլորի համաձայնությամբ, պատրիարք հռչակվեց։ Դա տեղի ունեցավ փետրվարի 15-ին։
Կոլոտը, իրավամբ, Հայոց Եկեղեցու առավել նշանավոր դեմքերից է։ Մ. Օրմանյանի խոսքերով՝ նա Սահակ Պարթեւի եւ Շնորհալու պես մեծ հռչակ ձեռք կբերեր, եթե ապրեր ավելի հին ժամանակներում։ Նրա մասին գրված գովեստներն առանձին հատորով հրապարակեց Բաբկեն Կյուլեսերյան վարդապետը, որը վեր է հանում Կոլոտի ձիրքերը՝ թե՛ որպես վարդապետի եւ թե՛ որպես պատրիարքի։ Նա աշխատում էր համերաշխություն հաստատել Լատին Եկեղեցու հետ, սակայն ինքը բնավ կաթոլիկամետ չի եղել, այլ՝ հայոց դավանանքի ջերմ պաշտպան։ Ոմանք փորձել են նրան ներկայացնել կաթոլիկների հալածիչ, սակայն նրա գործունեությունն այդ ցույց չի տալիս։ Նա իր ժամանակին պատվով ընդունել էր Մխիթար Սեբաստացու հրապարակած գրքերը, բայց ոչ անխտիր բոլորը։ Խարբերդցի Ղուկաս Աբրահամյան Գասպարյանց վարդապետի օգնությամբ, որը հմուտ էր լատիներենի ու իտալերենի մեջ, 10 հատոր մեծ ծավալի եւ այդքան էլ փոքր ծավալի գիրք թարգմանել տվեց հայերենի։ Սակայն նա այդ բոլորի պարունակությանը համաձայն չէր։
Կոլոտը հատուկ երկասիրություն չի թողել, չնայած՝ հետամուտ էր ուսմանց ու գիտությունների։ Պատճառը, անշուշտ, վարչական զբաղվածությունն էր։ Նրա ընտրելանգույն աշակերտ Հակոբ Նալյանը նրա հորդորներով բազմաթիվ երկասիրություններ է գրել։ Կոլոտի ջանքերով Կ. Պոլսում հրատարակվել է շուրջ 90 գիրք։ Ավելին. դրանից հետո տպագրվածներն էլ պետք է վերագրել Կոլոտի եռանդին ու ջանքին։ Նա իր վարդապետության հենց սկզբում հատուկ դպրատուն հաստատեց թե՛ Գլակավանքում եւ թե՛ Կ. Պոլսում՝ աշխատելով որպես ուսուցիչ։ Նրա աշակերտներից 27-ը եկեղեցականներ էին, որոնց ցուցակը պահպանվել է Սարգիս դպիր Սարաֆ-Հովհաննիսյանի ձեռագիր հիշատակարանում։ Սակայն այդ ցուցակից բացի, այլ անուններ էլ են հանդիպում, որոնք եկեղեցական աստիճանի չեն հասել։ Հիշատակության արժանի է նրա ստեղծած մատենադարանը Գում-Գափուի Մայր եկեղեցուն կից սենյակներում, ուր հավաքել տվեց իր հրատարակությունները, ինչպես նաեւ ձեռք ձգած ձեռագրերը։ Թե որքան գիրք է եղել մատենադարանում Կոլոտի օրոք, հայտնի չէ, բայց այն մեծապես ճոխացավ եւ հետագայում ազգային Մատենադարանի գլխավոր մասը կազմեց։ Ըստ Նշանյան Մեսրոպ վարդապետի 1717 թվի երուսաղեմյան ձեռագրերից քաղած հիշատակագրության՝ Կոլոտը միջահասակ, կլոր դեմքով, կարճ մորուքով ու վառվռուն հայացքով անձնավորություն էր։ Մ. Օրմանյանը շատ նմանություններ է տեսնում նրա եւ իր միջեւ՝ նշելով, որ ուղիղ 100-ամյակ է անցել նրա մահվանից, որը տեղի ունեցավ 1741 թվի փետրվարի 13-ին, մինչեւ իր ծնունդը, որ ընկնում է 1841 թվի փետրվարի 11-ին։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s