ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՃՇՄԱՐԻՏ ԿԵՐՊԻ, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ձեր հարցերին պատասխանում է Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆԸ։
Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Տե՛ր հայր, Եկեղեցու հայրերի ուսուցման համաձան՝ ամուսնության կոչված յուրաքանչյուր ադամորդի ճշմարիտ ամուսնության մեջ գտնում է երջանկության լրությունը: Եվ, սակայն, բարեպաշտ, երջանիկ ընտանիք կազմելու համար նախ պետք է ճիշտ ընտրություն կատարել: Ինչպե՞ս հասկանալ Աստծու կամքը՝ կյանքի ընկեր ընտրելու հարցում։
— Ճիշտ ընտրություն կատարելու համար երկու կողմերի՝ տղայի եւ աղջկա հավանությունն է պետք: Այդ մասին մենք կարդում ենք նաեւ պսակի արարողությանը վերաբերող կանոններում, ուր ասվում է, որ տղան եւ աղջիկը միմյանց նախապես պիտի տեսնեն եւ հավանեն: Եվ հնում քահանան ծնողների հետ միասին գնում էր հարսնացուի տուն, որտեղ տեղի էր ունենում փեսացուի եւ հարսնացուի հանդիպումը: Հավանության դեպքում նաեւ ընտանիքներն էին իրենց հավանությունը տալիս, իսկ հետագայում կատարվում էր Պսակի խորհուրդը: Առաջին պայմանը միմյանց հանդեպ հավանության եւ համակրանքի պայմանն է: Բայց այսօր երիտասարդները հատկապես շատ են շեշտը դնում սիրահարվածության կամ սիրո վրա, որը մենք, կարծեք թե, չենք տեսնում եկեղեցական գրականության եւ հատկապես Աստվածաշնչի մեջ: Այստեղ մենք ավելի շատ տեսնում ենք փոխադարձ համաձայնության եւ հավանության շեշտադրումը, որը ցույց է տալիս, որ մարդու գիտակցականը ինչ-որ տեղ առավել է զգացականից, որովհետեւ երբ մարդն ունի ընտանիք կազմելու եւ այն ամուր պահելու վճռականություն, ապա այդ վճռականությամբ ու գիտակցությամբ ավելի շատ բան կհաղթահարի, քան զգացմունքներով, որոնք երբեմն շատ հեղհեղուկ են լինում եւ առաջին իսկ փորձանքի քարին դիպչելով՝ կարող են փշրվել ու անհետանալ:
Քրիստոնեության մեջ խոսվում է սիրո մասին, սեր դեպի աշխարհը, դեպի մարդը, որի հիմնական օրինակը մեզ ցույց տվեց Աստված, որ Իր անսահման սիրով նույնիսկ Իր Միածին Որդուն տվեց աշխարհի փրկության համար: Բայց քանի որ քրիստոնեական կրոնի հիմքը սերն է, ապա ճշմարիտ ընտանիքը պիտի հիմնված լինի սիրո վրա: Իհարկե, սերը, լինելով զգացմունք, ավելի շատ զգացական ոլորտի հետ կապ ունի: Բայց ես ցանկացա շեշտել, որ այդ ընտանիքն ամուր պահելու համար անհրաժեշտ է նաեւ գիտակցություն ու վճռականություն, որովհետեւ ինչպես որ նույնիսկ մեծ հավատի դեպքում գալիս են թերահավատության, կասկածամտության փորձություններ, որոնք երբեմն մարդուն ստիպում են կասկածել հավատին, Աստծո գոյությանը եւ այլն, որ բոլոր քրիստոնյաների եւ նույնիսկ մեծ սրբերի կյանքում եւ վարքում տեսնում ենք, այնպես էլ ճշմարիտ սիրո մեջ կարող են գալ տարբեր փորձություններ, եւ այստեղ առաջին զորավոր ուժը զգացմունքի հետ պիտի լինի գիտակցությունը: Երբ սբ Պողոս առաքյալը խոսում է ընտանիքի՝ կնոջ եւ ամուսնու փոխհարաբերությունների մասին, ասում է, որ «այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի եւ Եկեղեցու վերաբերյալ» (տե՛ս Եփես. Ե 32), ինչը նշանակում է, որ ինչպես Քրիստոսն Իր անձը տվեց Եկեղեցու համար, եւ այդտեղ կային Աստծո կամքը եւ վճռականությունը, այնպես էլ սիրո մեջ պետք է լինեն կամքը եւ վճռականությունը: Եվ շատ կարեւոր է, որ երիտասարդները կարողանան իրենց զգացմունքների մեջ տարբերակել, վեր հանել այն մեծագույն զգացմունքը, որը սերն է, որովհետեւ կան հրապուրանքներ, կան կրքեր, կան տարբեր տեսակի ընկալումներ, եւ երիտասարդը պիտի կարողանա տեսնել, թե որն է իր կյանքի հանգրվանին ամենակարեւորը. արդյոք ինքն ունի՞ այդ սերը դիմացի մարդու նկատմամբ:
— Սբ Հովհ. Ոսկեբերանը խորհուրդ է տալիս կյանքի ընկեր ընտրելիս նախապատվությունը տալ հոգու գեղեցկությանը, հոգեւոր առաքինություններին ու շնորհներին, քանի որ, ասում է, «մարմնավոր գեղեցկությունը տարիների ընթացքում կարող է թոշնել, մինչդեռ հոգեւոր գեղեցկությունն անանց է եւ մնայուն»: Ինչ կասեք այս մասին։
— Բոլոր ժամանակներում էլ կարեւոր է եղել տեսքի գեղեցկությունը: Պետք չէ այստեղից ավելի վերացական գաղափարների գնալ… Ամեն դեպքում արական սեռի համար առաջին աչքի ընկնող բանը միշտ էլ արտաքինն է եղել, քանի որ մարդն առաջին իսկ հանդիպումից չի կարող որոշել դիմացինի հոգեւոր հատկանիշների մասին։ Իսկ եթե այդ արտաքին գեղեցկության մեջ կա հոգեւոր ներքին գեղեցկությունը, ապա այդտեղից է հիմնավորվում եկեղեցական կանոնի մեջ ասված՝ «միմյանց հավանելը»: Տեսե՛ք, մենք տոնում ենք սուրբ Հռիփսիմեի հիշատակության տոնը եւ միշտ նշում ենք, որ նա ողջ Հռոմեական կայսրության մեջ ամենագեղեցիկ կինն է եղել: Եկեղեցին նրան սրբացրեց ոչ թե նրա արտաքին, այլ հոգեւոր գեղեցկության համար: Հետեւաբար երիտասարդներն էլ, թեեւ միշտ ուշադրություն դարձնում են արտաքինին, բայց պիտի տեսնեն՝ արդյո՞ք այդ աղջիկը, այդ երիտասարդուհին կարող է իրականում լինել ընտանիքի կին, մայր, արդյո՞ք ունի այդ կարեւոր հատկանիշները, հատկությունները:
— Տե՛ր հայր, այսպիսի մի արտահայտություն կա՝ «հոգիների նմանություն»: Կարծում եմ՝ հոգիների նմանության, ներդաշնակության հանգամանքը եւս կարեւոր է, այնպես չէ՞։
— Իհարկե՛, միշտ էլ նման մարդիկ են իրար գտնում: Այսպիսի ասույթ կա. «Նմանն զնմանին գտանէ»: Մեկ այլ խառնվածքի, բնավորության տեր մարդը բոլորովին այլ մտածելակերպի տեր մարդու հետ կարող է ճիշտ միություն չկազմել: Բայց լինում է նաեւ, որ բնավորությունները միմյանց լրացնող են լինում։ Եվ քանի որ արտաքինի մասին խոսեցինք, ուզում եմ Հոբի խոսքերից մեջբերել. «Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կույսի» (Հոբ Լ 31): Նաեւ Ոսկեբերանն ասում է, թե նա, ով սիրում է գեղեցիկ դեմքերի նայել, նա ինքն է իր մեջ կրքի կրակ բորբոքում եւ ընկնում մեղքի մեջ: Բայց, իհարկե, առանց նայելու երիտասարդները չեն կարող իրենց համար կին, կամ աղջիկները՝ տղամարդ ընտրել: Այդ պատճառով իրենց այդ մտադրության մեջ պետք է գերիշխի բարոյականը, բարի նպատակը, որով առաջնորդվելով՝ իրենք կարող են նաեւ Աստծու օգնությամբ գտնել իրենց կյանքի ընկերոջը:
— Խրիմյան Հայրիկն իր «Դրախտի ընտանիք» գրքում ամուսնությունը սուրբ եւ նվիրական կոչում է անվանում՝ ասելով, որ աշխարհում չկան այլ անուններ կամ վայելուչ ու փառավոր տիտղոսներ, որ կարողանան հավասարվել եւ համեմատվել «հայր» եւ «մայր» սքանչելի անունների հետ: Փաստորեն, ամուսնությունը կոչում է… Ինչպե՞ս մարդը կարող է հասկանալ՝ կոչվա՞ծ է ամուսնության, թե՞ ոչ։
— Մենք ավելի շատ կուսակրոնների պարագայում ենք խոսում այս մասին, որ նրանք կոչված են բոլորանվեր ծառայելու Աստծուն, բայց նաեւ համաձայն եմ այդ մտքի հետ եւ կիսում եմ այդ կարծիքը, որ կա ամուսնական ընտանիքով ապրելու կոչումը, որովհետեւ եթե մարդն այդ կոչումը չունի, չի կարող լինել ընտանիքի հայր, մայր եւ երջանկություն բերել իր կյանքի ընկերոջը: Ինչպես կարող է մարդն իմանալ՝ կոչվա՞ծ է ամուսնության. հավանաբար իր զգացմունքներով, դիրքորոշումներով եւ առ Աստված ուղղված աղոթքներով, որպեսզի Աստված իրեն ուղղորդի: Մենք այդպիսի դաս կարող ենք տեսնել Աբրահամի Որդու՝ Իսահակի օրինակով: Երբ Աբրահամն իր ծառային ուղարկում է Իսահակի համար կին բերելու, ծառան աղոթում է, որ Աստված իրեն ցույց տա այն աղջկան, ով պիտի լիներ Իսահակի կինը: Եվ Աստված պատասխանում է նրա աղոթքին (տե՛ս Ծննդ. ԻԴ 1-67): Սա ցույց է տալիս, որ ընտանիք կազմել կամեցող մարդիկ պետք է անպայման աղոթք անեն, որպեսզի Աստված Իր նախախնամությամբ իրենց ցույց տա այն անձին, ում հետ իրենք կարող են ընտանիք կազմել: Իհարկե պետք չէ միայն աղոթքի վրա հիմնվել, որովհետեւ տեսնում ենք, որ Աբրահամի ծառան նաեւ գործեց՝ գնաց, փնտրեց, գտավ: Այստեղից մենք կարող ենք դաս վերցնել: Իսահակը, ինչպես մեր հին ավանդական հասարակության մեջ էր ընդունված, նախապես չգնաց, չտեսավ, ընկերության շրջան չունեցավ, ինչպես այսօրվա երիտասարդներն ունեն այդ հնարավորությունը, այլ երբ տեսավ, հավանեց, նաեւ շփումից հետո էլ իր ներքին հատկանիշներին հաղորդ եղավ՝ ունենալով այն հաստատ վճռականությունը, որ այդ կնոջ հետ ինքը կարող է ընտանիք կազմել, եւ այդ գիտակցությամբ էլ ամուր պահեց իր ընտանիքը: Հետեւաբար նորից ցանկանում եմ կրկնել, որ զգացմունքից առավել կամ զգացմունքի չափ կարեւոր է գիտակցությունը եւ այդ ընտանիքը ամուր պահելու վճռականությունը, որովհետեւ այսօր տեսնում ենք, որ շատ երիտասարդներ, ովքեր սիրել են, ընկերության մեծ շրջան են անցկացրել եւ շատ ռոմանտիկ պահեր, տարիներ են ունեցել, ամուսնությունից անմիջապես հետո բաժանվում են ու դժբախտանում:
— Ինչո՞վ է դա պայմանավորված։
— Դա պայմանավորված է նրանով, որ իրենց մեջ կար զգացմունքը, բայց վճռականությունը չկար: Իսկ եթե չկա վճռականություն, ապա հանդիպող փորձություններին դիմակայելը դժվար է լինում: Իսկ ամուր ընտանիքը պետք է միշտ կյանքի գնով պահպանել, ինչպես սբ Պողոս առաքյալը Քրիստոսի օրինակը բերեց…
— Ի՞նչ ասել է՝ «կյանքի գնով». ինչպե՞ս։
— Կյանքի գնով պահպանել՝ պատրաստ կյանքը տալու ընտանիքի, ամուսնու, կնոջ, երեխաների համար:
Դժվարություններն սկսվում են հատկապես ամուսնությունից հետո, որովհետեւ բոլոր հեքիաթներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է ամուսնությունը, երբ արքայազնը կամ թագավորը ամուսնանում է իր ընտրյալի հետ, եւ նրանք ապրում են երջանիկ ու բախտավոր: Այդպես էլ՝ սովորական կյանքում. հեքիաթն ավարտվում է, եւ սկսվում է իրականությունը, երբ մարդիկ իրար հետ պիտի ապրեն եւ միմյանց կամքը միմյանց զոհաբերեն, որովհետեւ եթե տղամարդը կամ կինը մինչ այդ ազատ էին գործելու, ապա այժմ ազատ չեն։ Տղամարդը կամ կինը իր կամքը պիտի համապատասխանեցնի իր կողակցի կամքին։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է միմյանց հետ ապրելու այդ կոչումն ունենալը: Նաեւ պիտի ասեմ, որ Քրիստոսը, հիշեցնելով Հին Կտակարանի պատվիրանը, ասում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (տե՛ս. Մատթ. ԻԲ 39): Այստեղ պետք է նշել, որ երբեմն վաղ երիտասարդ շրջանում դժբախտ սիրո պարագայում մարդիկ ինքնասպանություն են գործում՝ ընկնելով ծայրահեղության մեջ: Եվ այստեղ Աստվածաշնչի այս պատգամը դնում է այն սահմանը, որից այն կողմ մարդը չպիտի անցնի: Ե՛վ ընկերոջը, ե՛ւ կողակցին չի կարելի սիրել Աստծուց առավել, որովհետեւ անձից ավելի մենք սիրում ենք միայն Աստծուն եւ Աստծո համար ենք զոհաբերում մեր անձը: Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկին սկսում ենք սիրել, փոխաբերական իմաստով ասած, «անձից ավելի», աստվածացնում ենք նրան, ինչը կարող է բերել շատ ողբերգական հետեւանքների, որովհետեւ եթե սրտի մեջ Աստծու տեղը բազմում է այլ արարած, ապա դա մարդուն կարող է գցել չար ուժերի ազդեցության տակ:
— Տե՛ր հայր, իսկ կարեւո՞ր է ամուսնական կյանքում զոհողութունների գնալու հանգամանքը։
— Իհարկե՛, կարեւոր է: Ընտանեկան կյանքը նման է ծովի. այն կարող է լինել շատ հանգիստ, խաղաղ, գեղատեսիլ, երբեմն կարող են լինել քամիներ, նույնիսկ փոթորիկներ, որոնք մարդը պիտի հաղթահարի: Պիտի մտաբերի այն համակրանքը, սերը, զգացումը, հավանությունը, որի վրա ինքը կառուցել է այդ կյանքը՝ հիշելով, որ եթե եկել են փոթորիկներ, փորձություններ իր ընտանեկան կյանքում, ապա ինքն անպայման վճռականություն պիտի ունենա այդ փորձություններից այն կողմ անցնելու՝ նորից խաղաղ նավահանգիստ դարձնելով իր ընտանեկան կյանքը: Որովհետեւ հատկապես այսօր, այս խառն իրականության մեջ, չարը միշտ փորձում է ընտանեկան խաղաղությունը, երջանկությունը խաթարել: Եվ մարդիկ պիտի իմանան, որ եթե կինը չափից ավելի նյարդային է դառնում՝ խախտելով ընտանեկան կյանքի անդորրը, կամ տղամարդը, եթե չափից ավելի զայրանում է՝ իր վերաբերմունքով անհանգստություն բերելով երեխաներին եւ ընտանիքին, ապա այդտեղ նաեւ չարի ազդեցությունն է: Ամուսինները պետք է միասին պայքարեն, հաղթահարեն չարի ազդեցությունը՝ վերականգնելով ընտանեկան խաղաղությունը: Քրիստոսն ասում է. «Երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. Ե 9): Սա վերաբերում է հատկապես նաեւ ընտանեկան զույգին, ամուսիններին, որովհետեւ եթե մեկն այդ խաղաղությունը խախտեց, մյուսը պիտի լինի խաղաղարար: Այսպես կվերականգնվի ընտանեկան անդորրը, եւ խաղաղարարը, Քրիստոսի խոստման համաձայն, Աստծո Որդի պիտի կոչվի:
— Տե՛ր հայր, ցավոք, լինում են դեպքեր, երբ ամուսնությունից հետո զույգերը զգում են, որ սխալվել են ընտրության հարցում, ի՞նչ անել: Աստված թույլ տալի՞ս է, որ մարդը սխալվի։
— Այս հարցը մենք կարող ենք գլոբալ դարձնել՝ ասելով. «Աստված կարո՞ղ է թույլ տալ, որ պատերազմներ լինեն, ինչ-որ դժբախտ պատահար կամ աղետ լինի եւ այլն»: Այստեղ մենք մեղքը չենք կարող Աստծու վրա գցել, որովհետեւ Աստված մարդուն ազատ կամքով է ստեղծել, հետեւաբար չի բռնանում մարդու ազատ կամքին, դրա համար յուրաքանչյուր արարք մարդը պետք է անձնական պատասխանատվության գիտակցումով անի, իր արարքների պատասխանատուն լինի: Ընտանեկան կյանքում էլ եթե ամուսինները հասկանում են, որ սխալվել են, չեն համապատասխանում իրար եւ այլն, ասեմ, որ եկեղեցին նման դեպքերում չի արտոնում ամուսնալուծությունը, այլ միայն բացառիկ դեպքերում, որոնք նշված են եկեղեցական կանոններում… Հետեւաբար նման ընտանիքները պիտի խորհրդակցեն հոգեւորականի հետ՝ Աստծու կամքը իմանալու համար: Եվ եթե նրանց պսակը Աստծու սուրբ օրհնությամբ է եղել, նրանք շատ բաներ կարող են իրենց համար բացահայտել: Եվ Աստված, տեսնելով նրանց՝ դեպի Եկեղեցի գնալու ընթացքը, Իր օրհնությունը կտա, իսկ Աստծու օրհնությունը հեռացնում է բոլոր չար ազդեցությունները, անհանգստությունները, վշտերը՝ բերելով սեր, խաղաղություն, ներդաշնակություն:
— Տե՛ր հայր, ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդ ընթերցողներին, ովքեր փնտրում են իրենց «երկրորդ կեսին»՝ կամենալով բարեպաշտ ընտանիք ստեղծել։
— «Ով փնտրում է, նա կգտնի»,- ասում է Ավետարանը: Եվ աղոթքներով պիտի փնտրել. իմ խորհուրդը սա է: Պետք է աղոթով խնդրել Աստծուն, որ Իր նախախնամությամբ իրենց առաջնորդի բարի ընտանիք ստեղծելու գաղափարն իրականացնելու ճանապարհին: Մաղթում եմ հաջողություններ այդ փնտրտուքների մեջ եւ երջանկություն նրանց, ովքեր պիտի ընտանիք կազմեն եւ պսակի արարողությամբ Աստծո օրհնություններին արժանանան:
Եվ համբերություն, վճռականություն եւ գիտակցություն բոլոր նրանց, ովքեր այդ ընտանիքն արդեն կազմել են, որպեսզի կարողանան պահպանել իրենց ընտանեկան երջանկությունը, կարողանան միասին հավատքով հաղթահարել ընտանեկան հարկում երբեմն հանդիպող խժդժությունները, վիճաբանությունները, որոնք հաճախ նաեւ չարի ազդեցությամբ են լինում: Այս կերպ նրանք երջանկություն ու խաղաղություն կպարգեւեն ոչ միայն իրենց մանուկներին, իրենց ընտանիքին, այլեւ շրջապատի մարդկանց:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s