Սկիզբը՝ 2012 Հոկտեմբեր Ա

Որպես անհատականություն՝ Չարենցը շատ բազմանիստ էր: Օգտվելով Ուիլյամ Ջեմսի հոգեբանական վերլուծության սկզբունքներից՝ կարող ենք ասել, որ Չարենցի մեջ կար ե՛ւ բնական անհատը, ե՛ւ հանրային անհատը, ե՛ւ հոգեւոր անհատը, ով մշտապես տրվել է ինքնագնահատության (տե՛ս У. Джемс, Психология, М., Педагогика, 1991, 1991, էջ 80-88):
Այս ամենի հիմքը նրա կենսասիրությունն էր, անսպառ ընդգրկունությունը:
Չարենցի բացառիկության առեղծվածը շրջանակված է նրա մարդկային նկարագրով, հոգեբանական կերտվածքով եւ մտածողության բնույթով: Երեք դեպքում էլ կա արտաքուստ անհասկանալի, անբացատրելի մի վիճակ, ինչն էլ նրա անունն ու գործը պարուրում է արտասովորությամբ:
Չարենցի առեղծվածը պայմանավորված է նրա ներքին ու արտաքին ազատությամբ: Այդ ազատությունն է, որ ի սկզբանե շրջապատի համար նրան դարձրել է պարականոն: Այդպիսին էր նա ե՛ւ մարդկային հարաբերությունների մեջ, ե՛ւ գրական-աշխատանքային առօրյայում, ե՛ւ ստեղծագործելիս: Նրա հոգեբանական ազատությունը կանխորոշված է ազատության այն չափով, ինչը ներքին պահանջներով մոտենում է անսահմանությանը, այսինքն՝ ա՛յն, ինչ ունի կյանքն իր երեւացող ու չերեւացող կողմերով: Իսկ Չարենցի ամբողջ ստեղծագործությունն իր կյանքի վեպն է՝ ժամանակի հանրային-քաղաքական իրադարձությունների հարուստ խորանկարով:
Չարենցը ոչ միայն իր տեղն էր որոնում աշխարհում, այլեւ աշխարհի տեղը՝ իր մեջ: Աշխարհը նրա համար սկզբում Կարսն էր, հետո՝ Հայաստանը, ապա՝ Ռուսաստանը, այնուհետեւ՝ Համաշխարհը: Նույն կերպ հոգեւոր աշխարհը նրա համար սկզբում Տերյանն էր, հետո իր ժամանակակից ռուս եւ եվրոպացի գրողներն էին, այնուհետեւ ամբողջ համամարդկային մշակույթը՝ Աստվածաշնչից մինչեւ XX դար: Չարենցն իրեն սկզբից եւեթ զգում էր ամենամեծ չափումներից գոյացած հարաբերությունների մեջ՝ բանաստեղծ ու աշխարհ, աշխարհ եւ բանաստեղծ: Աշխարհը նրա համար բնակեցված էր կենդանի, իրական մարդկանցով, հագեցած՝ մարդկային կյանքը կազմող զգացմունքների ամբողջությամբ: Առաջին իսկ երկերից մինչեւ վերջինները՝ իրական-առարկայական կյանքը՝ որոշակի անուն ունեցող որոշակի մարդկանցով ու հարաբերություններով, Չարենցը տեղափոխում է գրականություն: Այդպես նրա ստեղծագործությունը բնակեցված է սիրելի ու թշնամի գոյություններով, գրական ու քաղաքական դեմքերով եւ բաբախում է անցյալ դարձող օրերի կենդանի թրթիռով:
Չարենցը շատ հստակ զգում էր պահի ու հավերժության հարաբերությունը: Ինքն անընդհատ պահի մեջ էր, ժամանակի իրական շարժման մեջ, բայց եւ պահի ու ժամանակի շարժման մեջ լինելով՝ մշտապես հավիտենության հետ էր: Պահը դարձնում էր հավիտենություն, խոսում էր հավիտենության հետ: Իրեն տեսնում էր իր գրական անմիջական միջավայրի մեջ, բայց եւ զգում Հոմերոսի, Նարեկացու, Դանտեի, Գյոթեի, Պուշկինի, Աբովյանի, Թումանյանի, Տերյանի, մյուսների կողքին: Նույնը նաեւ կենցաղում. գրասեղանի առջեւ ինքն էր, գրասեղանի դիմաց՝ Բուդդայի արձանը:
Չարենցը դուրս էր թույլ ձգողականությունից, ինչի դաշտը հոգեբանական նեղ շրջանակն է՝ հարաբերությունների նույնքան նեղ տարածքով: Նա բոլորի հետ էր եւ բոլորին տեսնում էր հանրային կյանքի մեջ: Անգամ ամենամտերմիկ զգացումը եւ կենսական նշանակություն ունեցող գաղտնիքը նա թաքուն չէր պահում: Աշխարհը պիտի իմանար, որ սիրում է Աստղիկ Ղոնդախչյանին, Կարինե Քոթանջյանին եւ նրանց նմաններին, որ ատում է Ա. Վշտունուն, Ն. Զարյանին, Լեւոն Արիսյանին եւ նրանց նմաններին, որ դաշինքի մեջ է Բակունցի, Մահարու եւ Արմենի հետ, որ այդ դաշինքը ճեղք է տվել, եւ նեղացած է նրանցից: Նույն բացվածությամբ նա խոսում էր ժամանակի քաղաքական դեմքերի հետ, որոնց մեջ էին Լենինը, Ստալինը, Տրոցկին, Մյասնիկյանը, Խանջյանը, Ամատունին, մեծ ու փոքր կենտկոմների մեծ ու փոքր պաշտոնյաները: Չարենցը մինչեւ վերջ բաց ու անկեղծ էր ժամանակի առջեւ եւ այդպես էլ իր կյանքն ապրում էր գրականության մեջ: Չասելը, գաղտնի պահելը նրա համար չապրել էր, որ համարժեք էր չստեղծագործելուն: Սա նշանակում է, որ նա նույն մարդն էր ինչպես կյանքում, այնպես էլ գրականության մեջ, որ նա երբեք չզրահավորվեց, ինչը նշանակում է կա՛մ դիմակավորվել, կա՛մ երկտակվել, երկփեղկվել, երկուանալ: Նա մեկ ու նույնն էր ե՛ւ կամավոր ճակատ մեկնելիս, ե՛ւ սիրո ու հրաժեշտի ծանր ու ցավոտ ապրումների, ե՛ւ հանրային ու քաղաքական կյանքի ահավոր բարդ ու ոլործուն հարաբերությունների մեջ, ե՛ւ այդ հոգեվիճակների մասին գրելիս:
Այս հայացքով նայելիս ակնհայտ է դառնում մի բնութագրական կողմ՝ այն, որ Չարենցի ամբողջ ստեղծագործությունը խոստովանության բնույթ է կրում: Նա մշտապես պատմում է, թե ինչ է եղել: Այդ պատմելու ժամանակ նա հասնում է զգացմունքների ահավոր լարման, ներքին այրման ամենահզոր շիկացման: Ի՞նչ է եղել տխրադալուկ աղջկա հետ, թափառական ասպետի հետ, Խաչատուր Աբովյանի հետ, ժամանակի հետ, հայրենիքի հետ, ընկերների հետ եւ այդ ամենի միասնությամբ՝ իր հետ: Ամբողջ ստեղծագործության մեջ փաստական հավաստիությամբ Չարենցը պատմում է իր կյանքը, ինչը թե՛ անձնական-ներանձնական կյանք է, թե՛ հանրային-քաղաքացիական: Նա ե՛ւ ներկայացնում-նկարագրում է, ե՛ւ բացատրում-պարզաբանում, ե՛ւ քննում ու վերլուծում, ե՛ւ զղջում ու ապաշխարում, ե՛ւ զոհաբերում ու ողջակիզում… Միեւնույն պահին նա ե՛ւ հերոս է, ե՛ւ նահատակ, ե՛ւ հաղթող է, ե՛ւ պարտվող, ե՛ւ ինքն իր հետ է ու իր խորքի անսահման հեռուներում, ե՛ւ աշխարհի հետ ու աշխարհի մեջ:
Չարենցը ծայրահեղությունների մարդ էր, ինչը պայմանավորված էր ամբողջի վերջնական սահմաններն ի՛ր մեջ զգալու ոչ միայն գիտակցությամբ, այլեւ հանճարեղ բնազդով: Դա նաեւ նրա կենսաբանական վիճակն էր՝ որպես ազդակ հոգեբանական բռնկումների: Այս տեսակետից առանձին քննության նյութ է նրա վերաբերմունքը Ստալինի, Ամատունու հանդեպ: Չարենցն ատելով ատում էր երկուսին էլ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ գրել ու արտահայտվել է, բայց Չարենցը նրանց հետ նաեւ հույս էր կապում, որովհետեւ նրանց ձեռքին էին իր ու իր երկրի բախտի սանձնահանգույցները: Ատելությունը չթաքցնելով, բայց նաեւ որոշ դեպքերում, ասես, ներքին համերաշխության ձգտելով՝ նա նաեւ մոտեցել է նրանց: Ինքն ընդհանուր դժգոհությունից սերված եւ 1937-ի դիմաց կանգնած ատելության բանաստեղծն էր, բայց դրա հետ մեկտեղ ոչ թե ուրիշների նման քծնանքից սերված, այլ արժանապատիվ բարձր պահվածքից եկող հաշտության բանաստեղծը, որովհետեւ նա իրեն երկրի երգիչ էր համարում, երկրի տիրոջ աչքերով էր նայում ժամանակին, իսկ նրանք երկրի ղեկավարներն էին:
Ահա՛, մի կողմից երկրի ղեկավարներին հաճոյանալու, գովաբանելու ձեւով պաշտոնական ամենաբարձր աստիճանի հասցված անարժանապատվությունն ու պարզամտությունը, ինչի կրողը գրեթե բոլորն էին, եւ մյուս կողմից հավասարը հավասարի հետ խոսելու Հանճարի պահվածքը բախվում են կոպիտ բարքերի գաղափարական ապառաժին՝ առաջիններին սահուն թռիչքով բարձրացնելով վերեւ, երկրորդին ու նրա համախոհներին ծեփելով պատին: Այնպես որ, եթե անգամ Չարենցի արտաքին պահվածքի մեջ դույզն-ինչ նկատելի է քաղաքացիական դիրքորոշման երկվություն, ապա իր իսկ վաղ բանաստեղծություններից մեկի անդրադարձով՝ «եղերական երկվություն» էր (ԵԺ, հ. 1, էջ 106):
1935 թվական, Մոսկվա, Կրեմլ, հայ աշխատավորների պատվիրակության ընդունելություն Ստալինի կողմից:
Ն. Զարյան — Ընկե՛ր Ստալին, ասում են՝ վատ է այն զինվորը, ով չի ձգտում մարշալ դառնալ: Իսկ ես, ընկեր Ստալին, կաշխատեմ դառնալ խորհրդային գրականության մարշալ (ծափահարություններ):
Վ. Անանյան (կոլտնտեսային թերթի խմբագիր) — Դե՛, ի՞նչ ասեմ, ընկերնե՛ր: Մի քանի տարի առաջ ես հովիվ էի լեռներում: Հետո ես գյուղացիական թերթի խմբագիր դարձա եւ այժմ գտնվում եմ Կրեմլում՝ մեր առաջնորդի մոտ, ինչ կարող եմ ասել (ծափերի պոռթկում):
Չարենցն այսպես իրեն չէր դրսեւորի, այլ միայն երկիր, պետություն հասկացության մեջ կփորձեր պատկերացնել Ստալինի եւ նրա դրածո Ամատունու կերպարները:
Ահա սրանով պետք է բացատրել նրա վերաբերմունքը. ոչ թե պաշտամունք, այլ առաջնորդի հանդեպ վերաբերմունք՝ որպես երկրի գլխավոր խորհրդանշան: Անգամ այս պայմաններում ներքին ու արտաքին մարդը ճակատագրական բախման մեջ էին: ԳԱԹ-ում պահվող՝ Բակունցին նվիրված «Էպիքական լուսաբացի» վերջին մաքուր էջին գրել է «Թուղթ» պոեմի վերնագիրը՝ «Թուղթ Իոսիֆ Ստալինին (հատված անավարտ պոեմից) ընդլուսնյա համայն աշխարհում ժողովուրդների միակ առաջնորդ-բարեկամին իմ հազարամյա ժողովրդին նրա ամենադժնի չարչարանաց փորձության պահին վերածնության առաջին համբավը ավետողին, Լենինյան…», մյուս կողմից՝ «Դոֆինը նաիրական» շարքի «Իմաստություն» սոնետի տակ նյարդային լարված ձեռագրով եւ ընդգծումներով ավելացրել. «Так кончается А. Ханджян и начинается իսկական ստալինյան հայ ղեկավարություն»: Սա ոչ թե երկվություն է, այլ հակադիր բեւեռների համատեղության անիրականանալի հոգեբանական փորձ, ինչը պիտի ավարտվեր մահացու պայթյունով:
Չարենցի գրադարանի զարդերից է Վալենտին Պարնախի «Հավատաքննության զոհ իսպանացի եւ պորտուգալացի բանաստեղծներ» (Մ.- Լ., 1934, ռուսերեն) գիրքը, ինչի տպագրությունը զուգադիպում է Չարենցի դեմ արգելանքներին ու հալածանքների սաստկացմանը: Իհարկե, հստակ տեսնում էր, որ նոր ժամանակների հավատաքննության առաջին զոհերից մեկն ինքն է: Իհարկե, նա շատ լավ գիտեր, թե ովքեր են դահճապետ Ստալինը, հայատյաց Բերիան, ազգային կերպարը կորցրած Ամատունին եւ սրանց բազմաթիվ կատարածուները, ովքեր միասին նրա աչքին երեւում էին միմիայն ծաղրածուի տեսքով, բայց նաեւ նա շատ լավ գիտակցում էր, որ իր նման բանաստեղծը՝ որպես հայոց նորօրյա ոգու խորհրդանշան, նրանց շուրջկալի մեջ է: Իրեն արժանի ձեւով փրկագնելու եւ դրանով իսկ հայոց ոգին փրկելու նպատակով նա նաեւ փորձեց հաղթահարել իր ներքին ատելությունը, բայց արյունոտ սահմանագիծն արդեն գծված էր…
Շարունակելի
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s