1893 թվականի փետրվարին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագիրն ու կովկասյան մի շարք հայալեզու եւ ռուսալեզու թերթեր ազդարարում էին Թիֆլիսում հայկական նոր` Մետեխի բանտում հիմնված Սբ Վարդան եկեղեցու օծման մասին։ Խորհրդային տարիներին քանդված այդ եկեղեցին ժամանակակիցներիս կողմից գրեթե մոռացության է մատնված, իսկ պատմաբան Պարույր Մուրադյանն իր «Հին Թիֆլիսի հայկական եկեղեցիները» աշխատության մեջ Թիֆլիսում գործած այդ եկեղեցու մասին հիշում է միայն տողատակում՝ նշելով, որ իր նպատակը «թվարկումը մեծացնելը չէ, այլ գիտական հետաքրքրություն ներկայացնողների ուսումնասիրությունը»:
Անշուշտ, Մետեխի այդ եկեղեցին հարուստ չէ իր պատմությամբ եւ ոչ էլ աչքի է ընկել իր ճարտարապետությամբ։ Սակայն եկեղեցու կարճատեւ գործունեությունը հետաքրքիր մանրամասն է ավելացնում հայ եկեղեցական պատմությանը։ Խոսքը Հայ Եկեղեցում 1800-ականներին ստեղծված բանտային ծառայության եւ բանտային եկեղեցու մասին է, ինչպիսին էր Մետեխի բանտի Սբ Վարդան եկեղեցին։
Դեռեւս 19-րդ դարի սկզբներին Եվրոպայում եւ, մասնավորապես, Ռուսաստանում ընդունված բանտային բարեփոխումներն արեւմտյան եկեղեցիներում առիթ դարձան բանտային հոգեւորականության ստեղծմանը։ Այս շրջանում ի հայտ եկան նաեւ առաջին բանտային եկեղեցիները, որոնցով 19-րդ դարի վերջերին հատկապես հարուստ էր Ռուս Ուղղափառ Եկեղեցին։ Հայ Առաքելական Եկեղեցին եւս անմասն չմնաց ժամանակի այդ հրամայականից։
Եկեղեցական վավերագրերը մեզ են փոխանցում 19-րդ դարի բանտային հայ հոգեւորականների անուններ։ Մասնավորապես, 1869 թվականին Կովկասի փոխարքայի գրասենյակի պետ բարոն Նիկոնովի կողմից Գեւորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մի գրություն վերաբերում է կայսեր կողմից հաստատված բանտային ընկերության հոգաբարձության՝ Թիֆլիսի կոմիտեի արված միջնորդությանը՝ Թիֆլիսի Սբ Սարգիս եկեղեցու ավագերեց Սիմոն քահանա Տեր-Սիմոնյանին պարգեւատրելու վերաբերյալ։ Ըստ այս նամակի՝ հիշյալ քահանան, իր պարտականություններից զատ, 1849 թվականից պաշտոն է կատարել նաեւ Թիֆլիսի բանտում՝ «ճշմարիտ հովուական բարեխղճութեամբ, կատարելով հոգեւորականի եւ դաստիարակի պարտականութիւններ, կրթելու բերդում եղած բանտարկեալներին»։
Այս ընթացքում է, որ Հայ Եկեղեցին եւս հիմնում է բանտային եկեղեցիներ։ Առաջին այդպիսի եկեղեցին հիմնվել էր Թիֆլիսի նահանգային բանտում։ Այդ մասին կարդում ենք «Արարատ»-ի՝ Մետեխի բանտի Սբ Վարդան եկեղեցու օծմանը նվիրված հոդվածում. «Կովկասի եւ Անդր Կովկասի քաղաքների մէջ գտնուած բանտերը զուրկ են հայ բանտարկելոց համար աղօթատուն անգամ ունենալուց, միայն Թիֆլիզն է, որ 40 տարուց ի վեր «Թիֆլիզի նահանգի կենդրոնական» կոչուած բանտումն մի փոքրիկ, թէեւ անշուք, եկեղեցի է պահում, եւ ահա այժմ մի լավ եկեղեցի եւս ունեցաւ Մետեխ անուանուած բանտումն»։
Ըստ նույն հրապարակման՝ Մետեխի բանտի ընդարձակ սենյակներից մեկում հայ բանտարկյալների համար եկեղեցի կառուցելու որոշումը կայացվել էր դեռեւս 1889 թվականին՝ Թիֆլիսի բանտային հանձնաժողովի եւ վիրահայոց առաջնորդ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի նախաձեռնությամբ։ Գործի կազմակերպումը հանձնվել էր «Թիֆլիզի տոհմական պատուաւոր քաղաքացի պ. Նիկողայոս Սպիրիդոնեան Փրիդոնեանցին, աջակցութեամբ երկու բանտերի հայ բանտարկելոց համար յատկապէս ձեռնադրուած Գրիգորիս քահանայ Մատինեանի, որի արիաջան աշխատութիւնն Կայսերական պարգեւաբաշխութեան է արժանացել եւ հայ հասարակութեան յարգանքը վաստակել»։
1892 թվականին թիֆլիսահայ «Նոր դար»-ը ընթացիկ աշխատանքների մասին տեղեկացնում էր. «Ներկայումս պ. Ն. Փրիդոնեանը ինքն անձամբ նուիրատւութիւններ է հաւաքում բանտի հայոց եկեղեցին սարքելու եւ զարդարելու։ Քաղաքի վաճառականներն ուրախութեամբ մասնակցում են այդ նուիրատւութեանը»։
Եվ ահա 1893 թվականի փետրվարի 14-ին՝ Տյառնընդառաջի տոնին, կատարվում է Մետեխի բանտի Ս. Վարդան եկեղեցու օծումը։ Պատահական չէր նաեւ եկեղեցու անվան ընտրությունը։ Մետեխը, ըստ ավանդության, սբ Վարդան զորավարի դստեր՝ Շուշանիկի նահատակության վայրն է եղել։ Այստեղ է գտնվում սրբուհու գերեզմանը՝ ամփոփված վրացական եկեղեցու ներսում։ Մետեխի հայկական եկեղեցին կոչելով սբ Վարդանի անունով՝ հայոց մեծ զորավարի անհայտ գերեզմանի բացը լրացնելու խորհուրդն է տեսնում Հայ Եկեղեցին՝ հետագա տարիներին եկեղեցու օր նշանակելով նաեւ Սբ Վարդանանաց տոնը։
Սբ Վարդան եկեղեցու օծման նախօրեին, ինչպես նշում է «Արարատ»-ը, Թիֆլիսի հոգեւորականները «փառաւոր հանդէսով նորակառոյց եկեղեցուն մօտիկ գտնուած Ձորաբաշի ս. Գէորգ եկեղեցուց տարան սրբալոյս Միւռոնը, որին հետեւում էր ժողովրդեան խուռն բազմութիւնը»։ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սինոդի կարգադրությամբ՝ օծման արարողությունը կատարում է Գանձակից հատուկ այդ նպատակով Թիֆլիս ժամանած Պողոս վարդապետ Տեր-Մարգարյանը։ Օծման արարողությանն առանձնակի նշանակություն է հաղորդում մեծապատիվ հյուրերի ներկայությունը, որոնց թվում՝ Թիֆլիսի նահանգապետը, փոխնահանգապետը, քաղաքագլուխ Իշխան Ն. Երկայնաբազուկ-Արղությանը, Թիֆլիսի ոստիկանապետը, բանտային հանձնաժողովի հայ եւ օտարազգի պատվավոր անդամներ։
Եկեղեցու օծման առիթով երկու օր շարունակ եկեղեցու դռները բաց են մնում նաեւ Թիֆլիսի հայ ուխտավորների համար, արտոնություն, որ շարունակվում է եւս մի քանի տարի։
1895 թվականին արդեն թիֆլիսահայ «Արձագանք»-ը բանտային եկեղեցու մասին գրում է, որ Գրիգորիս քահանա Մատինյանցի շնորհիվ «այժմ եկեղեցին մի ուրախալի պատկեր է ներկայացնում թէ իր մաքրութեամբ, թէ համպատշաճ դասաւորութեամբ եւ թէ եկեղեցական զարդերով»։
1909 թվականին այստեղ հիմնվում է նաեւ դպրոց՝ անուսում հայ բանտարկյալներին գրագիտություն սովորեցնելու համար։
Ուշագրավ է նաեւ հայ կալանավորներից կազմված եկեղեցական երգչախմբի մասին տեղեկությունը։ 1909 թվականի հունիսին Մետեխի բանտ է այցելում Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը։ Եվ, ինչպես գրում է «Հովիվ» թերթը, «բանտի սրահի առաջին յարկից սկսուեց «Ուրախ լեր սուրբ եկեղեցի» շարականը, որ երգեց հայ բանտարկեալներից բաղկացած խումբը եւ մեծ տպաւորութիւն արաւ ամենի վրայ»։ Հանդիպումն ավարտվում է «Հայր մեր»-ի երգեցողությամբ, որ կրկին կատարում է կալանավորներից կազմված երգչախումբը։
20-րդ դարի սկզբներին արդեն որոշակի ավանդույթներ ձեւավորած հայոց բանտային եկեղեցիները դադարեցին գործելուց խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Աստծու խոսքը հայ կալանավորներին հասցնելու հնարավորություն հայ հոգեւորականին կրկին տրվեց նորանկախ Հայաստանում։ Այսօր հոգեւորականի բանտային ծառայությունն ամրագրված է օրենքով։ 2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով Հայ Եկեղեցուն իրավունք է վերապահված, ի թիվս այլ հաստատությունների, մշտական հոգեւոր ներկայացուցիչ ունենալու նաեւ ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:
ՀՀ ազատազրկման վայրերում կառուցվել եւ կառուցվում են նաեւ բանտային եկեղեցիներ։ Եվ թերեւս արժե, որ նորակառույց այդ եկեղեցիներից մեկը հիշեցնի բանտային առաջին հայ հոգեւորականների անունները՝ սբ Սիմոն կամ սբ Գրիգորիս։
Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s