Անդրե ԺԻԴ

ՀՈՎՎԵՐԳԱԿԱՆ ՀԱՄԱՆՎԱԳ

ֆրանսերենից թարգմանեց
Պարգեւ Շահբազյանը

(հատված վեպից)

Վերադառնում եմ ետ դեպի անցյալը, որովհետեւ երեկ ես շատ էի տարվել:
Կույրերի այբուբենը Ժերտրյուդին սովորեցնելու համար ստիպված եղա նախ ինքս սովորել այն: Բայց շուտով նա ինձանից շատ ավելի վարժ սկսեց կարդալ այդ գրությունը, որին ընտելանալու համար ես բավական դժվարություն ունեցա: Ավելին, այդ նշանագրերին ես ավելի հոժարակամ հետեւում էի աչքերով, քան ձեռքերով: Հետո միայն ե՛ս չէի նրան սովորեցնողը: Սկզբում ուրախացա, որ այդ աշխատանքում ինձ օգնող ունեմ, որովհետեւ շատ էի զբաղված համայնքի մարդկանց գործերով, որոնց տներն իրարից հեռու էին եւ ցրված ամեն կողմ, այնպես որ աղքատներին եւ հիվանդներին իմ այցելություններն ինձ ստիպում էին երբեմն բավական հեռավոր տարածություններ կտրել: Ժակը չմշկելիս դժբախտություն էր ունեցել կոտրելու իր թեւը Սուրբ Ծննդի արձակուրդի ժամանակ, երբ եկել էր իր արձակուրդի օրերն անցկացնելու մեզ մոտ (որովհետեւ մինչ այդ նա վերադարձել էր Լոզան, որտեղ արդեն ավարտել էր իր ուսումը եւ ընդունվել աստվածաբանության ֆակուլտետ): Կոտրվածքը լուրջ չէր, եւ բժիշկ Մարտենը, ում իսկույն կանչել էի, կարողացավ թեւի ոսկորը տեղը դնել առանց վիրաբույժի օգնության: Բայց նախազգուշական այն միջոցները, որ անհրաժեշտ եղավ ձեռք առնել, Ժակին ստիպեցին որոշ ժամանակ տանը մնալ: Նա հանկարծ սկսեց հետաքրքրվել Ժերտրյուդով, ում մինչեւ այդ ժամանակ չէր նկատել բնավ եւ օգնեց ինձ նրան կարդալ սովորեցնելու գործում: Նրա օգնությունը տեւեց մինչեւ իր ապաքինումը` շուրջ երեք շաբաթ, որի ընթացքում, սակայն, Ժերտրյուդն զգալի առաջադիմություն ունեցավ: Այժմ արտակարգ մի եռանդ առաջ էր մղում նրան: Նրա խելքը, որ դեռ երեկ թմրության մեջ էր, ուսման առաջին րոպեից եւ գրեթե քայլել սովորելուց առաջ սկսում էր առաջ վազել: Ինձ հիացնում էր այն, որ նա համարյա առանց դժվարության եւ շատ արագ կարողանում էր ձեւակերպել իր մտքերը եւ արտահայտվել ոչ թե մանկական, այլ արդեն հստակ եւ ճշգրիտ կերպով: Մեզ համար անսպասելի եւ ամենահաճելի ձեւով այս կամ այն գաղափարը պատկերավորելու համար նա օգտվում էր այն առարկաներից, որ մենք սովորեցնում էինք նրան ճանաչել, կամ այն բանից, որի մասին խոսում էինք եւ նկարագրում նրան, երբ ուղղակիորեն այն չէինք կարողանում դնել նրա առաջ, որովհետեւ միշտ օգտագործում էինք այն առարկան, որին նա կարողանում էր դիպչել կամ զգալ այն, որպեսզի բացատրենք, ինչ որ մատչելի չէր կարող լինել նրան` աշխատելով գործել հեռահաղորդիչների ձեւով:
Բայց կարծում եմ անօգուտ է նշել այստեղ այս ուսուցման սկզբնական բոլոր աստիճանները, որոնք, անկասկած, գտնվում են բոլոր կույրերի ուսուցման եղանակի մեջ: Այսպես է, որ նրանցից յուրաքանչյուրի համար գույների հարցը, ենթադրում եմ, ամեն ուսուցչի գցել է նույն շփոթության մեջ: (Այս կապակցությամբ ես նկատել եմ, որ Ավետարանում ոչ մի տեղ գույների մասին հարց չկա): Չգիտեմ, թե ուրիշներն ինչպես են շարժվել արդյունքի հասնելու համար: Ինչ վերաբերում է ինձ, ես սկսեցի նախ սովորեցնել նրան պրիսմակի գույների անուններն այն կարգով, որ մեզ ցույց է տալիս ծիածանը: Բայց նրա մտքում իսկույն շփոթ առաջացավ գույնի եւ լույսի միջեւ, եւ ես անդրադառնում էի, որ նրա երեւակայությունը ոչ մի տարբերություն չէր կարողանում դնել երանգի որակի եւ այն բանի միջեւ, որ, կարծում եմ, նկարիչները կոչում են «նրբերանգ»: Նա չափազանց դժվար էր հասկանում, որ ամեն գույն իր հերթին կարող է լինել ավելի կամ պակաս մուգ, եւ որ դրանք կարող են անվերջ խառնվել իրար: Դա ամեն բանից ավելի էր գրգռում նրա հետաքրքրությունը, եւ նա անընդհատ վերադառնում էր այդ հարցին:
Սակայն պատահեց, որ ես նրան տանեմ Նյոշատել, որտեղ նա ներկա եղավ մի համերգի: Երաժշտական յուրաքանչյուր գործիքի դերը համանվագում առիթ հանդիսացավ, որ վերադառնամ գույների այդ հարցին: Ժերտրյուդի ուշադրությունը հրավիրեցի փողային, լարային եւ հարվածային գործիքների հնչական տարբերության վրա` նշելով, որ դրանցից յուրաքանչյուրն ընդունակ է իր ձեւով, ավելի կամ պակաս ուժգնությամբ արտահայտելու բոլոր ձայնաստիճանները` ամենաթավ հնչյունից մինչեւ ամենասուրը: Ապա առաջարկեցի նրան նույն ձեւով պատկերացնել բնության մեջ նարնջագույն եւ կարմիր գույները, որոնք համանման են գալարափողի եւ տրոմբոնի հնչյուններին, դեղին եւ կանաչ գույները` ջութակներին, թավջութակներին եւ կոնտրաբասերին, իսկ մանուշակագույններն ու կապույտներն այստեղ արտահայտվում են սրինգներով, կլարինետներով եւ հոբոյներով: Հենց նույն պահին մի տեսակ ներքին զմայլանք եկավ փոխարինելու նրա կասկածներին:
— Որքա՜ն գեղեցիկ պետք է լինի դա,- կրկնում էր նա:
Հետո հանկարծ հարցրեց.
— Իսկ սպիտա՞կը: Չեմ հասկանում, թե ի՛նչ բանի է նմանվում սպիտակը…
Եվ ես իսկույն հասկացա, թե ինչքան խախուտ է իմ բերած համեմատությունը:
— Սպիտակը,- փորձեցի այնուամենայնիվ ասել նրան,- այն ամենաբարձր սահմանն է, որտեղ բոլոր ձայնաստիճանները շփոթվում են, ինչպես սեւը, որն ամենամութ սահմանն է:
Բայց այս բացատրությունս չգոհացրեց ինձ, առավել եւս` Ժերտրյուդին, որն իսկույն ինձ նկատել տվեց, որ փայտյա եւ պղնձյա փողային գործիքներն ու լարայինները տարբերվում են միմյանցից ինչպես ամենաթավ, այնպես էլ ամենասուր ձայնաստիճանում: Շատ անգամ, ինչպես այս դեպքում, ստիպված եղա նախ լուռ մնալ եւ շփոթված` չիմանալով ինչպիսի համեմատության դիմել:
— Դե՛ լավ,- ասացի վերջապես,- պատկերացրո՛ւ սպիտակը որպես մի բան, որ բոլորովին մաքուր է, մի բան, որտեղ այլեւս ոչ մի գույն չկա, այլ միայն լույս. սեւը, ընհակառակը, այն աստիճան հագեցած է գույնով, որ ասես բոլորովին մութ լինի…
Մեր երկխոսության այս հատվածը ես բերում եմ այստեղ սոսկ որպես օրինակ այն դժվարությունների, որոնց բախվում էի շատ հաճախ: Ժերտրյուդի մոտ լավն այն էր, որ նա երբեք ցույց չէր տալիս, թե իբր հասկացել է, ինչպես հաճախ անում են այն մարդիկ, որոնք իրենց միտքը լցնում են անորոշ եւ անճիշտ տվյալներով, որոնցով հետագայում աղճատվում են նրանց բոլոր դատողությունները: Այնքան ժամանակ, որ նա հստակ չէր կարողանում պատկերացնել որեւէ բան, ապա նրա համար յուրաքանչյուր գաղափար դառնում էր անհանգստության եւ նեղության պատճառ:
Ինչ վերաբերում է այն բանին, ինչ ասացի վերեւում, իմ դժվարությունն ավելանում էր նրանով, որ նրա մտքում լույսի եւ ջերմության գաղափարները նախապես սերտորեն շաղկապված էին միմյանց, այնպես որ հետագայում ես շատ մեծ դժվարություն ունեցա դրանք տարանջատելու:
Այսպես, նրա միջոցով անընդհատ փորձարկումներ էի անում եւ գալիս այն եզրակացության, որ տեսողական աշխարհը որքա՜ն տարբեր է հնչյունների աշխարհից, եւ որքա՜ն է կաղում դրանց միջեւ համեմատության եզրեր գտնելու ամեն փորձ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s