Սկիզբը՝ 2012 Սեպտ. Բ-Հոկտ. Ա

Ժամանակին Անկյուրիա էր ուղարկվել Սարաֆյանը՝ կապված 4 եկեղեցիները հռոմեադավանների ձեռքն անցնելու հետ։ Գործը կարգավորել նրան չհաջողվեց, ուստի պատրիարքարանը կազմակերպեց կառավարական հրովարտակ, որ այդ 4 եկեղեցիների բանալիները հանձնվեն Սարգիս Սարաֆյանին։ Դա վերագրվում է Հակոբ Նալյանին, բայց իրականում եղել է նրա տեղապահության շրջանում, քանի որ 1740-ին Կոլոտը դեռ ողջ էր, սակայն տկարացած ու գործերից հեռացած։ Տեղի փաշան, հրովարտակի հիման վրա, ձերբակալեց կաթոլիկներից 25-ին եւ 1740 թվի ապրիլի 6-ին՝ Զատկի օրը, ոստիկաններով գրավեց եկեղեցիները եւ բանալիները հանձնեց Սարաֆյանին։ Վերջինս վախենալով, որ կարելի է ինչ-որ մեկից բամբասվել կամ մեղադրվել, Անկյարիայից հեռացավ Կ. Պոլիս՝ տեղ հասնելով 1741 թ. սկզբներին՝ Կոլոտի մահից մեկ ամիս անց։ Հազիվ թե կարելի էր Սարաֆյանին մեղադրել հռոմեադավանության մեջ, սակայն նա մտահոգված էր իր հանգստության եւ օտարի համար։
Պատմվում է մի զվարճալի պատմություն այն մասին, որ Արեւագալի երգերը կատարելիս կաթոլիկները «Երեք անձինք ու մեկ բնութիւն» խոսքերը սրբագրել են ու երգել. «Երեք անձինք ու երկու բնություն»։ Դա զարմանալի չէր, քանի որ հռոմեադավանները «Բղխումն ի Հօրէ՝ ի դէմս Որդւոյ» բացատրությունը փոխել էին «Բղխումն ի Հօրէ եւ յՈրդւոյ»-ի։ Սարաֆյանը ոչ մի կերպ չուզեց վերադառնալ Անկյուրիա՝ հակառակ Նալյանի ստիպումներին, եւ հանձն առավ Երուսաղեմի նվիրակությունը Զմյուռնիայում։ Նման հանձնարարություն նա ստացել էր Շղթայակրից։ Երեք տարի վարեց այդ պաշտոնը, շրջագայեց Փոքր Ասիայի տարբեր կողմերում եւ գալով Կ. Պոլիս՝ արդյունքների մասին զեկուցեց Նալյանին, որի անունով Շղթայակրից վճարման մուրհակ էր եկել։ Սակայն Սարգիս Սարաֆյանի դեմ բողոքներ եղան, թե նրա փորը լցվել է սուրբ քաղաքի բաշխումներով։ Խոսքը, իհարկե, մուրհակով ստացած փողի մասին չէր, այլ նրա հավաքած գումարի։ Գաղատիայից վերադառնալուց հետո, ինչը, փաստորեն, պաշտոնավարումից հրաժարում էր, Անկյուրիա առաջնորդ ուղարկվեց Թովմաս վարդապետ Թամզարալյանը, իսկ նրանից հետո, երբեմն իբրեւ տեղակալ պաշտոնավարող, Պետրոս վարդապետ Բահատուրյանը՝ պայմանով, որ հավատարիմ լինի Հայոց Առաքելական Եկեղեցու կանոններին ու չփորձի դրան օտարամուտ ձեւեր խառնել։ Այս ընթացքում Սիմոն եպիսկոպոս Տամատյանը եւ նրա կողմնակիցները պետական որոշ շրջանակների միջոցով փորձում են դիմադրել պատրիարքարանին։ Չնայած խոսվում է հռոմեադավանների՝ 4 եկեղեցիները գրավելու մասին, սակայն դա հաստատող փաստեր, ըստ Մ. Օրմանյանի, չկան։
Նալյանի պատրիարքության հենց սկզբում կաթոլիկներն աշխուժացան, եւ փորձեր եղան եկեղեցիները գրավելու։ Խոսակցություններ հնչեցին այն մասին, որ կառավարությունը Սամաթիայի Սբ Գրիգորը եւ Ղալաթիայի Սբ Լուսավորիչը, իբր, պետք է հանձնի կաթոլիկներին, եւ այդ պատճառով սկսեցին հռոմեադավաններից փող հավաքել։ Անգամ լատին պատմագիրը հիշյալ անձանց անզգույշ եւ ընչաքաղց է անվանում, որ արդեն հավաստում է նրանց ինչ լինելը։ Կաթոլիկ հայերը 1742 թվի հուլիսի 25-ին՝ Վարդավառի օրը, պատրաստվում էին մտնել այդ եկեղեցիները եւ զավթել դրանք։ Հասկանալի է, որ պատրիարքարանը նման դեպքերի ընթացքը հանդուրժել չէր կարող։ Իսկ ժողովրդից փող հավաքող կաթոլիկները լուր տվեցին Նալյանին, թե կաթոլիկները պատրաստվում են գրավել եկեղեցիները։ Հարց բարձրացվեց պետական իշխանության առաջ։ Լուրեր տարածողներից շատերը ձերբակալվեցին եւ պատժվեցին։ Դա ուղեկցվեց փոխադարձ մատնություններով, տառապանքներով։ Վիլնյովն արդեն դեսպան չէր, եւ նրան փոխարինել էր Միշել Անժ Կաստելլան կոմսը, որը նորանշանակ լինելով՝ չէր կարողացել տարապարտ ձգտումների դեմն առնել։
Մի պահ խաղաղություն տիրեց, սակայն կաթոլիկները կրկին կամեցան ունենալ սեփական եկեղեցիները եւ պահանջով հանդես եկան։ Այդ հարցով նրանք դիմեցին ուղղակի պատրիարք Նալյանին։ Հարկավ, նրանք պետական օժանդակությունից հույսները կտրել էին։ Պատրիարքը, բնականաբար, մերժեց, իսկ հռոմեադավաններն սպառնացին, թե լատին եկեղեցիներում պիտի կատարեն հայկական ծեսերը։ Դրա պատճառն էլ այն էր, որ ժողովուրդը չէր ցանկանում հետեւել լատին ծեսերին։ Լատինամետները կամենում էին դրանց խառնել որոշ կաթոլիկ ծեսեր։ Լատինամետների ձգտումները բախվեցին պետական օրենքներին, քանի որ հավասարապես արգելված էր օտարազգիների հովանավորության տակ մտնել եւ առանց թույլտվության՝ հոգեւոր պաշտամունքի տեղեր բացել։ Մեծ վեզիրը եւ իշխանություններն արգելեցին օրինազանցությունները եւ օրինազանցներին պատժեցին ձերբակալությամբ, տուգանքով կամ աքսորով։ Լատիններն օտար հպատակությունից օգտվում էին իրենց արտոնյալությամբ եւ չէին պատժվում, իսկ հայ լատինամետները պատժվում էին։ Առաջինները չէին էլ մտածում, որ հայ լատինամետներին մատնում են իշխանությունների զայրույթին։ Նալյանը հարցը կարգավորեց դեսպան Կաստելլանի հետ, եւ գործը փակվեց։ Լատին եկեղեցականները լուր տարածեցին, թե դեսպանը կաշառվել է պատրիարքից, ինչը պարզապես հնարավոր չէր, եւ դեր խաղաց պետական իշխանությունների վերաբերմունքը։
Անկյուրիայում էլ հռոմեամետները նմանօրինակ փորձեր կատարեցին, ուստի Նալյան պատրիարքը Նիկոմեդիայից Անկյուրիա փոխադրեց Աթանաս եպիսկոպոս Կոստանդնուպոլսեցուն, որը նրա աշակերտներից էր եւ ուժեղ անձնավորություն։ Վերջինս տեսնելով, որ իրեն բանի տեղ չեն դնում, դիմեց խստությունների եւ արքունական հրովարտակի օգնությամբ Անկյուրիայից Սամսոն աքսորեց Սիմոն եպիսկոպոս Ումուդյանին, Պետրոս Բահատուրյանին եւ Գեւորգ Մեհտերյանին, որոնք վարդապետներ էին, եւ մի շարք այլ մեծավորների։ Սրանք երեք ամիս անց ուղարկվեցին Կ. Պոլսի թիարան եւ միայն երեք ամիս անց կաշառքով ազատվեցին։ Սիմոն եպիսկոպոսը շտապեց հեռանալ Հռոմ, Բահատուրյանը եւ Մեհտերյանը շուտով մահացան Կ. Պոլսում, իսկ աշխարհականները վերադարձան իրենց քաղաքը։ Չատրճյան Կարապետ վարդապետն էլ ձերբակալվեց, բայց կարողացավ ազատվել եւ հեռանալ
Վենետիկ։ Մի որոշ ժամանակ կաթոլիկական վեճերը դադարեցին։
Շղթայակրի համար մեծ հարված եղավ Կոլոտի մահը։ Թերեւս, նրան մասամբ սփոփեց հաջորդ լուրը, որ Հակոբ Նալյանը դարձել է պատրիարք։ Վերջինս, իրոք, արժանավոր ժառանգն էր Կոլոտի եւ մեծ հռչակ էր ձեռք բերել Երուսաղեմի գործերով զբաղվելու ժամանակ։ Շղթայակիրը շնորհավորեց նորընծա պատրիարքին եւ խնդրեց Կ. Պոլսում մնացած հրովարտակների բնագրերն ուղարկել Երուսաղեմ։ Նալյանին շնորհեց Կոլոտի կողմից Երուսաղեմին կտակված զգեստներն ու սպասքը։ Սակայն Նալյանը դրանք Սեղբոս ամիրայի հետ ուղարկեց Երուսաղեմ։ Նա, որ իր ընտանիքով ուխտի էր գնում Երուսաղեմ, այդ ավանդները տարավ եւ 1741 թվի հուլիսի 18-ին հանձնեց Շղթայակրին։ Այդ օրերին Սբ Փրկչի վանքը հարձակման ենթարկվեց արաբ ավազակների կողմից, որոնք պատերն անգամ քանդեցին։ Սակայն ամեն ինչ վերաշինվեց դատավորական քննությամբ եւ վճռով, ինչը կյանքի կոչվեց աթոռակալ Գաբրիել ու թարգման Պողոս վարդապետների ջանքերով։
Մեծ խնդիր հարուցեցին լատինները, որոնք հարձակվեցին Պատանատեղի շուրջն ավլող Աբրահամ Աբդուլահյան վարդապետի վրա եւ ճեղքեցին գլուխը։ Գործը հասավ դատարան, եւ ի վերջո լատիններն ստիպված եղան ճանաչել հայերի իրավունքները, ինչն ատյանի վճռով հաստատվեց։ Կամենալով նախկին՝ խաղաղ հարաբերությունները վերականգնել՝ Շղթայակիրը հատուկ նամակ ուղարկեց անգամ Ֆրանսիայի թագավորին եւ վարչապետին, որը դեռ կարդինալ Ֆլյորին էր, ինչպես նաեւ՝ Կ. Պոլսում ֆրանսիական դեսպանին։ Նամակներից միայն վերջինի պատճենն է պահպանվել՝ 1742 թվի հոկտեմբերի 26-ի թվագրումով։ Նամակները նկատելի օգուտ տվեցին, քանի որ լատինների ոտնձգությունները դադարեցին։ Ինչ վերաբերում է Շղթայակրին, ապա նա ընդարձակեց Սբ Հակոբյանց մայրավանքի ու տաճարի շինությունները։ Քրիստոսի դավանանքի երեք ուղղությունների համատեղ ջանքերով նա զսպեց արաբացիների վայրագ ու հարստահարիչ բռնությունները Բեթղեհեմի շրջակայքում։ Շղթայակիրը, թեկուզ եւ առաջացած տարիք ունենալով եւ ամենից երկարն ապրելով ամրդոլցի աշակերտների մեջ, շարունակում էր իր ակտիվ գործունեությունը։ Հաննայի մահից հետո նրա օգնականներն էին Թեոդորոս փոխանորդը, Գաբրիել աթոռակալը, Պողոս թարգմանը, Հովհաննես գործակատարը, որոնք բոլորն էլ վարդապետներ էին։
Արդ տեսնենք, թե ինչ կացություն էր տիրում Կիլիկիայի աթոռում։ Կիլիկիայում հայրապետություն էր անում Հովհաննես Հաճնցին՝ տեր Ադամ կամ Տեր-Ադամյան մականունով, որը 1727-ին հաջորդել էր Գրիգոր Կեսարացուն, որն էլ հայտնի էր Ուղուրլու մականունով։ Ասվում է, որ նա ապրել է մինչեւ 1734 թիվը, սակայն 1731-ից կաթողիկոս է հիշատակվում Ղուկաս Աջապահյանը կամ Աջապանյանը, որը ոչ թե հակաթոռ, այլ օրինավոր կաթողիկոս էր Սսում։ Խնդիրն այն է, որ Հովհաննեսը կամավոր հեռացել էր Սսից դեպի իր հայրենի Հաճնի Սբ Հակոբ վանքը։ Հասկանալի է, որ Ղուկասը եղել է աթոռակից, ինչը պատահական չէր Հայոց Եկեղեցու համար, սակայն հայտնի չէ, թե դա ինչպես է արվել։ Լոկ մի հիշատակարան պատմում է այն մասին, որ Կիլիկիո վերջին կաթողիկոսները երերյալ շրջում էին տեղից տեղ՝ օտար բռնակալների հարուցած հալածանքների պատճառով։ Ըստ որում, բանն այնտեղ էր հասել, որ աթոռի պահպանությունը մնացել էր ամուսնավոր քահանաների ձեռքին, թերեւս, ճիշտ է ասել՝ քահանայական մի սերնդի, որի ներկայացուցիչն էր Հուսիկ քահանա Սսեցին, որը կոչվեց Աջապահ տեր Հուսիկ եւ մահացավ 1748 թվի հունվարին։ Ահա այս տեր Հուսիկի որդին էր Ղուկասը, որին ծերացած Հովհաննեսն առաջ քաշեց դժվարին ու խառնակ ժամանակներում։ Ղուկասը Սսի Աջապահյանների ընտանիքից էր, որը հռչակվեց Սսի աթոռին մեկ դարից ավելի տիրելու համար։ Սակայն ինչպիսին էր այդ ընտանիքի ծագումը, հայտնի չէ։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s