Սկիզբը՝ թիվ 2012 Հոկտ. Ա-Բ

Չարենցի կենսահոգեբանական ազատությունն արտահայտվում է նրա լեզվամտածողության մեջ: Նա անսահման ազատ է իր զգացողությունը թղթին հանձնելիս, բառի ու պատկերի պակաս չի զգում, լեզուն հոսանուտ է ու անկաշկանդ, պատումի ընթացքում չի կորցնում ո՛չ մի նրբերանգ, ո՛չ մի զուգահեռ գիծ, ներքին խոհի ո՛չ մի շերտ, մտքի ո՛չ մի ծիլ: Արտաքին ու ներքին ձեւի բոլոր տարրերը, սկսած պատկերը կազմող մանրամասներից մինչեւ կշռույթ ու տաղաչափություն, ենթարկվում են նրա ստեղծագործական ազատ հորձանքին: Այնքան հզոր է այդ ներքին հորձանքը, որ արտաքին ամեն մի տարր վերաձեւվում է ըստ դրա: Ոչ թե խոսքի ներքին ազատությունն է ենթարկվում ձեւին ու կառուցվածքին, այլ հակառակը, ընդ որում՝ ձեւի ու կառուցվածքի արտաքին բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանումով: Այդ իսկ պատճառով դասական վեպը նրա համար դառնում է պոեմանման վեպ ձեւակերպումով մի նոր ասքապատում, տողաչափի, կիսատողի, հանգի, տան անփոփոխ թվացող կաղապարները դառնում են հոսուն, շարժուն կշռույթ, գրական պայմանականությունը հաղթահարվում է, եւ մնում է մերկ էությունը: Այդ մերկ էությունը փոխակերպվում եւ հասնում է գեղարվեստի բարձր աստիճանի:
Մտքի «երկաթե դիսցիպլինը», խոսքի «վերին իմպերատիվը», բանականության կարգապահությունը նրա ստեղծագործական տարերքի ուղեկիցներն են: Ենթագիտակցականի ու անգիտակցականի բոլոր ազդակները ենթարկվում են նրա մշտապես սթափ գիտակցությանը, եւ դա անկախ նրանից՝ բնական սթափությա՞ն մեջ է, թե՞ զգայավառ հուզականության:
Սրան պետք է ավելացնել վերջին տարիների հոգեկան լարված ու ջղագրգիռ վիճակը, անորոշությունը, տագնապները, իր շուրջ տարածվող չարախոսությունները, մեկուսացվածությունը, հիվանդությունները: Կորցրել էր հավատը իրական անունների ու արժեքների հանդեպ: Երկաթյա վանդակների մահվան շուրջկալի մեջ արյան հոտ էր առնում, եւ որպես ազատության ու փրկության աստվածներ՝ երեւում էին մե՛կ սիրո հովանավոր Աֆրոդիտեն, մե՛կ կրքի հրձիգ Էրոսը: Ապավինում էր նրանց պարգեւած ներշնչանքին՝ ինքնամոռացումի հասնելու աստիճանի: Կարծես թե անկշռելիության մեջ էր, բայց նրա առջեւ բացվում էր մահագույժ առավոտը: Անկանոն քնի կամ կիսարթուն թմրածության պահերին անպակաս էին զառանցական տեսիլները, մղձավանջային հոգեգալարքները: Ներսում, շուրջը պտտվում էին դեմքեր. մե՛կ Նարեկացին էր ու Կոմիտասը, մե՛կ դա Վինչին ու Բոսխը, մե՛կ Ֆրոյդն ու Նիցշեն, մե՛կ Վիյոնն ու Բոդլերը, մե՛կ Վինկելմանն ու Ուայլդը, մե՛կ Վերլենն ու Ռեմբոն… Մանկամարդ աղջիկներ էին ու Արուս Ոսկանյանը, կապիկի դեմքով ատամնաթափ մարդն էր ու դավադիր լռությունը… Բոլորն իր մեջ էին, իր շուրջ էին, իր հետ էին, եւ ինքը նրանցից յուրաքանչյուրն էր՝ կյանքով, ժամանակով, ճակատագրով, ընդդիմությամբ: Իրական դարձած անիրական տեսիլքներով եւ իրականությունն է՛լ ավելի տեսանելի դարձնող թափանցիկ երեւակայությամբ նա գնում էր իր խաչելությանն ընդառաջ…
Այս ամենը գալիս է ապացուցելու ստեղծագործ անհատի բացառիկությունը, նրա բարոյականության անհատական չափանիշների անսովորությունը:
Եվ քանի որ մարդկության հոգեւոր կյանքն առաջ են տանում Չարենցի նման անհատները, ովքեր իրենց ժամանակի ըմբռնումներից շատ ու շատ առաջ են լինում, ուստի պետք է կարողանալ նրանցով հարստացնել կյանքի ըմբռնումն ու ընդարձակել պատկերացումների սահմանը: Նրանց ոգու սերմերը պիտի շաղ տալ ժամանակի մտավոր դաշտերում, որպեսզի չխորանա հոգեւոր խզումը, չկտրվի զարգացման շղթան, եւ մարդը չդատապարտվի ոչնչության…
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s