Ցանկացած ցեղասպանություն ծանրագույն եւ անդառնալի հետեւանքներ է ունենում եղեռնի ենթարկված ժողովրդի համար: Ասվածը լիովին վերաբերում է նաեւ հայոց ցեղասպանությանը: 1915 թ. եղերական իրադարձությունների արդյունքում փոփոխության են ենթարկվել հայության կենսագործունեությունը, հոգեւոր կերտվածքն ու բնավորությունը, սերունդների հետագա սոցիալական գործունեությունը, նրանց իղձերն ու ձգտումները: Բացի մարդկային ահռելի կորուստներից՝ եղեռնը վիթխարի վնաս է հասցրել հայ ժողովրդի մշակույթին եւ բացասաբար անդրադարձել նրա կյանքի ամենատարբեր կողմերի վրա: Առաջին հայացքից ցեղասպանությունից առավելագույնս տուժել են այն մարդիկ, ում կյանքն անժամանակ ընդհատվել է՝ մարդկային բարբարոսության հետեւանքով, սակայն եթե առավել խոր վերլուծենք խնդիրը, ապա անկասկած կտեսնենք, որ ցեղասպանությունից փրկվածների եւ նրանց ժառանգների դրությունը ո՛չ պակաս բարդ ու ողբերգական է: Դրա մասին են վկայում բազմաթիվ սփյուռքահայ մտավորականներ՝ մասնավորապես գրողները, ինչպես նաեւ հոգեբանության բնագավառի մասնագետներ Լեւոն Բոյաջյանը, Հայկազ Գրիգորյանը եւ Ալեն Սալերյանը: Ցավոք սրտի, հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական հետեւանքները, ի տարբերություն հրեական եղեռնի հետեւանքների, մինչ օրս ծավալուն հետազոտությունների առարկա չեն դարձել: Հայոց կոտորածների ներազդեցությունը որոշ չափով ուսումնասիրվել է սփյուռքահայ գիտնականների կողմից, ինչպես նաեւ լուսաբանվել է մի շարք գրողների գրական երկերում: Այս ամենի մասին էլ կխոսենք առկա հոդվածում: Նախ եւ առաջ ճշգրտենք, թե ինչի՞ հիման վրա են կատարվել հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական հետեւանքները լուսաբանող ուսումնասիրությունները: Անկասկած՝ 1915 թ. եղերական իրադարձություններն անմիջականորեն վերապրած անձանց հարցազրույցների, նրանց բանավոր վկայությունների ու պատմությունների հիման վրա: Վերջիններս բավականին հարուստ եւ հետաքրքրական փաստեր են պարունակում հայոց եղեռնի բարոյահոգեբանական հետեւանքների վերաբերյալ: Ասենք ավելին՝ առաջին սերնդի սփյուռքահայերի պատմությունները երբեմն պարունակում են պարադոքսալ, ցեղասպանություն չտեսած մարդկանց զարմանք պատճառող տեղեկություններ: Նախ նշենք, որ հոգեբանների հավաստիացմամբ՝ հայոց կոտորածները երեք հիմնական հետեւանքների են հանգեցրել: Դրանք են՝ մեղքի զգացումը, տագնապը եւ ընկճախտը: Եղեռնից փրկվածների մոտ առկա են նաեւ տեւական գիշերային մղձավանջներ, քանզի նրանք, նույնիսկ երկար տարիներ անց, չեն կարողանում մոռացության մատնել 1915 թ. սարսափները, դեռ ավելին՝ հիշում են դրանք ամենայն մանրամասնություններով: Հավելենք նաեւ, որ ցեղասպանություն վերապրածներից շատերը հոգեբանորեն անկարող են վայելել այն բարիքները, որ նրանք ձեռք են բերել Սփյուռքում: Նշված հոգեվիճակների առկայությունը միանգամայն բնական է ու հասկանալի նույնիսկ հոգեբանական կրթություն չունեցող անձանց համար, սակայն անհասկանալի է, թե ինչ մեղքի զգացումի մասին են խոսում ամերիկահայ հոգեբանները: Հստակեցնենք, որ խոսքը վերաբերում է ցեղասպանությունից փրկվածների ու նրանց անմիջական ժառանգների մեղքի զգացումին: Հոգեբանների այս պնդումը կարող է առնվազն տարօրինակ թվալ ընթերցողներից շատերին: Եթե խոսքը վերաբերեր եղեռնագործ թուրք ժողովրդի մեղքի զգացումին, ապա ամեն բան պարզ կլիներ, բայց անհասկանալի է, թե ինչ մեղավորություն կարող էին ունենալ այն հազարավոր հայերը, ովքեր հանգամանքների բերումով խուսափել էին 1915 թ. սպանդից: Ըստ երեւույթին՝ այս հարցին կարող են առավել ճշգրիտ պատասխանել հենց իրենք՝ եղեռնից փրկվածները եւ նրանց ժառանգները: Այսպես օրինակ՝ ցեղասպանություն վերապրած Բեդրոսն ասում է հետեւյալը. «Ես կանգնած եմ ձեր առաջ եւ ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից: Ես ողջ եմ, որովհետեւ բախտ եմ ունեցել ուսանելու ամերիկյան դպրոցում: Ես ներողություն եմ խնդրում ողջ մնալու համար» (տե՛ս R. Hovhannisian, The Armenian Genocide in Perspective, New Brunswick, Transaction Press, 1987, էջ 178): Բեդրոսի խոսքերից պարզ է դառնում, որ նա կոտորածից փրկվել է ամերիկյան իշխանությունների միջամտության շնորհիվ, բայց եւ այնպես մութ է մնում այն հարցը, թե ինչու է եղեռն վերապրած այդ մարդը ներողություն խնդրում ներկաներից՝ իր ողջ մնալու համար: Այս առնչությամբ պարզաբանումներ են տալիս հենց իրենք՝ կոտորածներից փրկվածները: Պարզվում է, որ ավագ սերնդի որոշ սփյուռքահայեր մեծ համոզմունք ունեն, թե ցեղասպանությանը զոհ են գնացել լավագույն հայերը, իսկ ազգի վատ ներկայացուցիչները ողջ են մնացել, թեեւ արժանի չեն դրան (տե՛ս R. Hovhannisian, նշվ. աշխ., էջ 178): Ներկայացված տեսակետն ակնհայտորեն ունի ծայրահեղական բնույթ, այն չափազանց սուբյեկտիվ է եւ կարող է թյուր մեկնաբանությունների ու անհարկի շահարկումների տեղիք տալ: Ի վերջո, ի՞նչ չափանիշներով են որոշ սփյուռքահայեր հայ ժողովրդին բաժանում լավ ու վատ հատվածների եւ պնդում, որ լավագույնները զոհ են գնացել ցեղասպանությանը, իսկ վատագույնները փրկվել են թուրք հրոսակներից: Այս հարցը մնում է անպատասխան, իսկ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Ողջամիտ կլինի ենթադրել, որ եղեռնից հիմնականում փրկվել է հայ ազգի այն հատվածը, որն առավել խելացի էր, հեռատես, արժանապատիվ ու խիզախ: Ներկայացված տեսակետը հաստատելու համար բավական է վերհիշել հայոց պատմության առավել փառահեղ դրվագները: Հիշենք քաջարի զեյթունցիների, մուսալեռցիների, սասունցիների, վանեցիների, շաբին-գարահիսարցիների եւ Ուրֆայի բնակիչների հերոսական պայքարը թուրք ոճրագործների դեմ: Պատմությունը վկայում է, որ ջարդերից փրկվելու փոքրիշատե հույս կարող էին ունենալ այն մարդիկ, ովքեր զենք էին վերցրել եւ կենաց ու մահու պայքար մղել սեփական կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Իսկ այն հայորդիները, ովքեր աչքի չէին ընկնում քաջությամբ եւ խուսափում էին գործնական պայքարից, գրեթե բոլորը գազանաբար հոշոտվեցին թուրք ազգայնամոլների կողմից: Երբ հայ ժողովրդի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենք քրիստոնյա, խաղաղասեր ու մշակութային արժեքներ ստեղծող ազգ են, եւ իրենց անհարիր է զենք վերցնել, ապա դա ընդամենը քող է սեփական երկչոտությունը թաքցնելու համար: Միանգամայն դրվատելի է, որ հայ ժողովուրդն առաջինն է, որ պետականորեն քրիստոնեություն է ընդունել, եւ որ նա ստեղծարար է ու մշակութասեր, սակայն այս ամենը կարող է հեշտությամբ արժեզրկվել, եթե տվյալ ազգն ի զորու չէ պահպանելու ու պաշտպանելու իր ստեղծածը: Իսկ այն ազգը, որն անկարող է պաշտպանել իր հողն ու կյանքը, թերեւս, արժանի չէ ո՛չ հայրենիք ունենալուն եւ ո՛չ էլ կարող է ֆիզիկական անվտանգության երաշխիքներ ունենալ: Անկասկած, վերջին տեսակետը կարող է չափազանց կատեգորիկ թվալ բազմաթիվ մարդկանց, սակայն մեր տակավին անկատար աշխարհում չկա գոյատեւելու այլ՝ առավել քաղաքակիրթ ձեւ: Վերադառնալով սույն հոդվածի բուն թեմային՝ նշենք, որ ելնելով վերն ասվածից՝ կարելի է եզրակացնել, որ ոչ թե վատագույն հայերն էին փրկվել եղեռնից, այլ ընդհակառակը. ողջ էին մնացել նրանք, ովքեր առավել քաջարի էին ու կենսունակ: Պատահական չէ, որ սփյուռքահայ Քերոբ Բեդուկյանը, որն ի դեպ «Մեզնից ոմանք փրկվեցին» գրքի հեղինակն է, ողջ մնացած հայերին իրավացիորեն բնութագրում է իբրեւ հերոսների, իսկ նահատակվածներին՝ մարտիրոսների (տե՛ս R. Hovhannisian, նշվ. աշխ., էջ 181): Իսկ հայ տարագիրների առաջին սերնդի առանձին ներկայացուցիչներ չեն գիտակցում այս իրողությունները, թերեւս, այն պատճառով, որ նրանց հոգեկանը կաթվածահար էր եղել 1915 թ. սոսկալի իրադարձությունների ազդեցության ներքո: Հետաքրքիր է, թե ինչ ազդեցություն էր թողել Մեծ եղեռնը հայ տարագիրների երկրորդ սերնդի վրա: Արդյոք ունա՞կ էին վերջիններս ավելի սթափ ու օբյեկտիվորեն գնահատելու իրականությունը: Անկասկած՝ այո՛: Թեեւ երկրորդ սերունդը եւս ունի հոգեբանական խնդիրներ (ընկճախտ, անհայրենիք լինելու բարդույթ, կյանքը եւ նրա տված բարիքները վայելելու անկարողություն), սակայն նրանք օբյեկտիվ պատճառներով չեն զգում ցեղասպանության ողջ սարսափը: Մի բան է եղեռնը տեսնել սեփական աչքերով, միանգամայն այլ բան՝ ցեղասպանության մասին պատկերացում կազմել տատերի ու պապերի կամ էլ ծնողների պատմածներից: Ուստի դժվար թե սփյուռքահայերի երկրորդ սերնդի հոգեկանն այնքան կաթվածահար ու խեղված լիներ, որքան առաջին սերնդինը: Հետեւաբար, որքան էլ կոտորածներից փրկվածների ժառանգներն ընկճվեն իրենց ծնողների հոգեկան մորմոքն ու տվայտանքները տեսնելուց, միեւնույն է, նրանք ավելի սառնասիրտ են ու սթափ եւ ունակ են առավել ճիշտ գնահատելու անցյալը եւ դասեր քաղելու դրանից: Նույն բանը, թերեւս, կարելի է ասել սփյուռքահայերի երրորդ սերնդի մասին: Բայց եւ այնպես սխալ կլինի նույնացնել երկրորդ եւ երրորդ սերունդների հոգեվիճակները, նրանց հոգեբանությունն ու մտածելակերպը: Որքան էլ ասենք, թե ցեղասպանության առաջացրած վիշտն ու ցավը փոխանցվում են սերնդից սերունդ, եւ որ 1915 թ. իրադարձություններն անջնջելի դրոշմ են դրել անխտիր բոլոր սփյուռքահայերի հոգեկանի վրա, սակայն «եղեռն» երեւույթի ընկալումը տարբեր սերունդների կողմից, հասկանալի պատճառներով, չի կարող լինել լիովին նույնական: Կարելի է ասել, որ սփյուռքահայերի երրորդ ու առավել եւս չորրորդ սերունդները եվրոպական, ամերիկյան եւ այլ միջավայրերի ծնունդ են եւ արդեն իսկ շատ բան են յուրացրել օտար հասարակություններից, մասնավորապես՝ նոր հոգեկերտվածք ու արժեհամակարգ եւ իհարկե նոր մոտեցումներ՝ «ցեղասպանություն» երեւույթի նկատմամբ: Եթե առաջին սերնդի ներկայացուցիչներից շատերն այնքան էին սարսափած կոտորածնեից եւ հոգեպես ուժասպառ, որ ունակ չէին մտածելու վրեժխնդրության, ազգային արժանապատվությունը եւ պատմական արդարությունը վերականգնելու մասին, ավելին՝ փորձում էին մոռացության տալ անցյալը` հոգեկան ցավից ազատվելու ու իրենց ժառանգներին եւս դրանից ազատելու նպատակով, ապա երկրորդ եւ հաջորդ սերունդներն ավելի ողջամիտ են եւ մտածում են ստեղծված ծանր իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ: Հիշենք, որ եղեռն վերապրածների զավակներն ու թոռները, հետեւելով հայ առաջին վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գեւորգյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի եւ Հակոբ Մելքումովի հերոսական օրինակին, ակտիվորեն ներգրավվեցին ահաբեկչական գործունեության մեջ, դեռ ավելին՝ 1975 թ. ստեղծեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ)՝ ազգային գերխնդիրները լուծելու նպատակով: Ճիշտ է, ահաբեկչություն հասկացությունն արդեն իսկ բացասական վերաբերմունք է առաջացնում մարդկության առավել քաղաքակիրթ հատվածի մոտ, սակայն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ այլ ելք չի մնում: Եթե համաշխարհային հանրությունը, անտեսելով բարոյականության տարրական նորմերը, ինչ-ինչ քաղաքական նկատառումներով չի ցանկանում միահամուռ կերպով պախարակել ու դատապարտել ոճրագործ թուրք ազգին եւ երիտթուրքերի հանցավոր վարչակարգին եւ ինչո՞ւ ոչ՝ բարոյական եւ նյութական հատուցում պահանջել ժամանակակից Թուրքիայից՝ հօգուտ հայ ժողովրդի, ապա պատմական արդարության վերականգնման առավել գործուն ուղիներից մեկը մնում է բռնի ուժը:

Շարունակելի

Տիգրան ՄԱԼՈՒՄՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s