ԵԿԵՂԵՑՈՒՑ ԴՈՒՐՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Ձեր հարցերին պատասխանում է Եղիա աբեղա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Հա՛յր սուրբ, ի՞նչ ենք հասկանում Եկեղեցի ասելով, ի՞նչ է Եկեղեցին։
— Եկեղեցի անվանում ենք այն հավատացյալների ժողովը, որոնք հավաքվել են ուղղափառ հավատքով՝ Աստված պաշտելու եւ փառաբանելու համար: Այս իմաստը մենք նաեւ գտնում ենք Ավետարանի էջերում, որովհետեւ Քրիստոսն ասում է. «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթ. ԺԸ 20): Ուրեմն իր ներքին բովանդակությամբ Եկեղեցին հավատացյալների ժողովն է, որը համախմբված է Քրիստոսին դավանելու եւ ուղղափառ հավատքի համաձայն՝ հոգեւոր կյանք անցկացնելու համար: Սակայն Եկեղեցին ունի նաեւ այլ իմաստներ: Եկեղեցի ասելով՝ հասկացվում է նվիրապետական ողջ կառույցը, որ դարձյալ սուրբգրային ծագում ունի: Մենք արդեն Ավետարանի եւ հատկապես Նոր Կտակարանի էջերում հանդիպում ենք սարկավագների, եպիսկոպոսների մասին վկայությունների, թե ինչպես ընտրվեցին առաջին սարկավագները, որպեսզի Եկեղեցու կարիքների համար իրենց պարտականություններն ստանձնեն: Հետո եպիսկոպոսներ նշանակվեցին ձեռնադրությամբ, որպեսզի այդ համայնքներն ունենան կանոնավոր, կազմակերպված ընթացք: Այս բառերն էլ հունարենից են գալիս. «սարկավագ» նշանակում է սպասավոր, «եպիսկոպոս»՝ տեսուչ, վերատեսուչ, անձ, որը հսկում է Եկեղեցու կարգ ու կանոնը: Անշուշտ, եկեղեցին նաեւ իր ճարտարապետական ոճով ուրույն կառույց է. մեր հայկական եկեղեցիները հայտնի են իրենց կենտրոնագմբեթ ճարտարապետական հորինվածքով… Իսկ ավելի աստվածաբանական իմաստով՝ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական Մարմինն է, գլուխը Քրիստոսն է, իսկ Եկեղեցու զավակներն այդ Մարմնի անդամներն են, հետեւաբար մենք բոլորս, իբրեւ հավատացյալ, իբրեւ քրիստոնյա, հոգեւոր եղբայրներ եւ քույրեր ենք համարվում, որովհետեւ նույն Մարմնի տարբեր անդամներն ենք՝ միավորված միեւնույն Գլխով:
— Իսկ ո՞րն է Եկեղեցու կարեւորությունն ու առաքելությունը մարդ անհատի կյանքում:
— Նախ կարեւոր է իմանալ, որ Քրիստոսն Իր Եկեղեցին չհիմնեց որեւէ ազգի, ժողովրդի համար, այլ հիմնեց բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների համար, եւ մենք արդեն իսկ բազմաթիվ վկայություններ ունենք այս մասին: Մատթեւոսի Ավետարանի վերջին գլխում Քրիստոսը պատվիրում է. «Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19): Այստեղ հատուկ շեշտում է՝ բոլոր ազգերին, ոչ թե մեկ ազգի: Նաեւ՝ Քրիստոսը համայն աշխարհի մարդկության փրկության համար եկավ աշխարհ եւ Իր մարդեղության խորհրդով մարդկության փրկագործությունն իրագործեց: Այլ հարց է, որ Եկեղեցին հայ ազգի մեջ յուրահատուկ եւ ուրույն տեղ եւ դերակատարություն է ունեցել: Եվ եթե մենք դարեր շարունակ գոյատեւել ենք իբրեւ ազգ, առաջին հերթին պարտական ենք եղել մեր Մայր Եկեղեցուն: Եվ այս իմաստով է, որ կարելի է օգտագործել «ազգային Եկեղեցի» արտահայտությունը: Բայց ասել, որ Եկեղեցին միայն ազգի նկարագրին է ձուլված, ես կողմ չեմ: Մենք առաջինն ընտրեցինք Քրիստոսի Ավետարանի բարի լուրը, 301 թվականին էլ առաջինը հռչակեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն:
— Հա՛յր սուրբ, անուրանալի է Հայ Եկեղեցու դերն ազգապահպանության գործում, քանի որ պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին անմիջական եւ գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում մղած ազատագրական պայքարին…
— Եկեղեցին է մեր ազգի պահպանման գործը կատարել՝ հոգեւոր կարիքները բավարարելուն զուգահեռ: Այո՛, դարեր շարունակ մենք բազմաթիվ հերոսամարտերով վկայել ենք, որ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը, բայց մեզ համար ավելի եւ ոչ պակաս կարեւորություն ունի մեր հավատքի պաշտպանությունը: Տեղին է հիշել Ավարայրի ճակատամարտը. ամբողջ մի ազգ համախմբվեց, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր հավատքը եւ հայրենիքը, այսինքն՝ Եկեղեցին՝ իբրեւ առաքելություն, եւ ազգը՝ իբրեւ հավաքականություն: Հիշենք Վարդանանց հերոսների նշանավոր կարգախոսը. «Վասն հավատոյ, վասն հայրենեաց»: Երկու արժեք մեզ համար թանկագին է, բայց առաջնայինը հավատքն է, քանզի հավատքով է սկսվում մեր փրկությունը, որովհետեւ քրիստոնյաների առաջնային նպատակը փրկությանը հասնելն է: Եթե մենք այստեղ պետք է երկրավոր հաղթանակներ ունենանք, բայց պիտի զրկվենք մեր երկնավոր հաղթանակից, անխոհեմ կլինի: Մեր ազգը յուրահատուկ մոտեցում է ունեցել Եկեղեցուն, որովհետեւ Եկեղեցին նաեւ իր կրթությունն է ապահովել: Ցավալի է, որ որոշ անհատներ վեր են կենում եւ առանց հասկանալու այս պատմական ճշմարտությունը՝ փորձում են խոչընդոտել Հայ Եկեղեցու պատմության եւ քարոզչության մուտքը մեր դպրոցներ: Այդպիսիք կտրված են իրենց արմատներից եւ չեն կարող լիարժեք ներկայանալ իբրեւ հայ քրիստոնյա:
Պետք է նշեմ, որ Եկեղեցին շատ կարեւոր դեր է ունեցել հատկապես պատերազմական ժամանակներում: Կարող ենք հիշել Հովսեփ Արղությանցի պարագան, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հետ կապված դեպքերը…, այլ օրինակներ, որոնք արձանագրվել են մեր պատմության էջերում: Չի կարելի Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմությունն առանձնացնել. դրանք մեկ ամբողջություն են կազմում: Մեր գիտակցության մեջ սեպված է, որ ժողովուրդը եւ Եկեղեցին ձուլված են եղել, որ պատմությունն էլ ընդխառնված է: Բայց այդ զատումը եկավ խորհրդային ժամանակներից, որովհետեւ խորհրդային այդ անաստված մտածելակերպն ամեն ինչ անում էր հոգեւորը սպանելու, մարդու մեջ այն բացասական երանգներով ներկայացնելու համար: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատճառ եղավ նաեւ, որ մեր Եկեղեցուց, մի տեսակ, հեռացրին մեսրոպյան ուղղագրությունը, որը մեր կարեւոր արժեքներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարեւորը: Մեր պատմությունը մասամբ խեղաթյուրվեց դասագրքերում, ամեն ինչ արվում էր, որպեսզի հոգեւոր գիտակցությունը կոտրվեր, եւ պիտի ասել, որ բավական հաջողվեց… Հիմա մենք քաղում ենք դրա ցավալի եւ դառը պտուղները: Բայց դարձյալ Եկեղեցին ուժ գտավ վերականգնելու իր կորցրած գանձերը, անկախությունից հետո դա ավելի շեշտված դրսեւորում ունեցավ, թեեւ պետք է ասել, որ մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լիարժեք կերպով մեր առաքելության մեջ վերահաստատվենք: Այո՛, այսօր շատ բան արվում է, այսօր տեսանելի են բոլոր հաջողությունները, բայց իբրեւ հոգեւորական՝ չեմ կարող բավարարվել, որովհետեւ մենք դեռ պետք է ժողովրդի մեջ արթնացնենք այն գիտակցությունը, որ Եկեղեցին մեզ համար նախ հոգու տուն է եւ հոգեւոր սննդի համար մատակարարող մի օջախ: Մենք Եկեղեցուց առաջին հերթին Աստծո Խոսքը պիտի լսենք եւ Աստծո կամքին ծանոթանանք: Աղանդավորական, աստվածամարտ կամ հեթանոս բնույթ կրող ցանկացած երեւույթ, որ այսօր տեսնում ենք մեր շուրջը, փաստում է այն մասին, որ մենք դեռեւս կրոնական դաստիարակություն չունենք, որը նախ եւ առաջ Եկեղեցին է տալիս, իսկ ընտանիքն ավելի ամրապնդում է:
— Փաստորեն՝ այն գիտակցությունը, որ Եկեղեցին կարեւոր դեր եւ նշանակություն է ունեցել դարերի հոլովույթում եւ այսօր էլ շարունակում է ունենալ յուրաքանչյուր անհատի կյանքում, թերի է հայի մտածողության մեջ…
— Այո՛, թերի է, բայց այնուամենայնիվ կան հաջողություններ: Այսօր երիտասարդների շրջանում մեծ շարժ կա եկեղեցի գալու: Եկեղեցիներին կից գործում են երիտասարդաց միություններ, որտեղ պարբերաբար Սուրբ Գրքի սերտողություններ են անցկացվում, կազմակերպվում են ուխտագնացություններ… Նաեւ վերջերս մեծ ժողովրդականություն վայելեց «Մանանա» երիտասարդական ծրագիրը, որի շրջանակում բազմաթիվ երիտասարդներ հաղորդակից եղան ոչ միայն եկեղեցական ավանդությանը, այլեւ Աստծու Խոսքին եւ Սուրբ Գրքի քարոզչությանը, որն անբաժանելի մասն է Եկեղեցու ավանդության:
— Ընդհանրական Եկեղեցու մեծագույն ջատագով հայրերից սուրբ Կիպրիանոս Կարթագենացին իր «Գիրք Եկեղեցու միասնության մասին» աշխատության մեջ ասում է. «Եկեղեցուց դուրս գտնվողը կարող է փրկվել միայն այն դեպքում, երբ Նոյան տապանից դուրս գտնվող որեւէ մեկը փրկված լիներ»: Ինչո՞ւ է Եկեղեցին համեմատվում Նոյան տապանի հետ:
— Սուրբ Կիպրիանոսի այս հայտնի խոսքը՝ «Չիք փրկութիւն յարտաքոյ յեկեղեցւոյ» շատ կարեւոր իմաստ է իր մեջ պարունակում: Այն ավելի պատկերավոր դարձնելու համար համեմատվում է Նոյան տապանի հետ: Ինչպես գիտենք, Նոյան ժամանակներում մեղքերն այնքան էին շատացել, որ Աստված այլեւս չհանդուրժեց այդ չարիքը եւ որոշեց բնական աղետով վերջ դնել մարդկային մեղքերի ահավորությանը, որը տեղի ունեցավ համաշխարհային ջրհեղեղով: Եվ որպեսզի արդարները մեղավորների հետ չկորչեին, Աստված հրամայեց Իր սիրելի Նոյին, որն այդ ժամանակ, թերեւս, ամենաարդար մարդն էր, որ մեծ տապան կառուցի, որի մեջ մտնեն ինքը եւ իր ընտանիքը՝ զավակներով հանդերձ, նաեւ բոլոր կենդանիներից, որպեսզի փրկության հնարավորություն ունենան: Եվ Նոյը բավական երկար տարիների ընթացքում կառուցեց տապանը: Ժողովուրդն ամեն օր տեսնում էր տապանի կառուցման ընթացքը, բայց չէր սթափվում ու ետ դառնում: Ի վերջո կործանվեց իր անհավատության պատճառով: Տապանից դուրս փրկություն տեղի չունեցավ: Այդպես էլ Եկեղեցին, իբրեւ հոգեւոր տապան, մեզ ապահովագրում է մեղքի ջրհեղեղից, որովհետեւ փրկության միակ խոչընդոտը մեղքն է, հետեւաբար եթե մենք մեղքի դեմ պատերազմում ենք, մեր փրկությունը կարող ենք ապահովել մի ապահով վայրում, որը պատրաստված է տապանի խորհրդով՝ դեպի խաղաղ նավահանգիստ առաջնորդվելու համար: Բայց չի կարելի այս արտահայտությունն արտաքնապես հասկանալ, այսինքն՝ եթե մեկն իրեն տեսնում է եկեղեցու պատերի ներսում, ուրեմն փրկված է, վե՛րջ: Եկեղեցին ուղղափառ հավատքով միավորված այն քրիստոնյաների խումբն է, որոնք ամբողջ սրտով եւ ճշմարտությամբ երկրպագում են Ամենասուրբ Երրորդությանը: — Հա՛յր սուրբ, գաղտնիք չէ, որ դարեր շարունակ օտարների լծի տակ մենք հայ ենք մնացել՝ շնորհիվ մեր հավատի… Մինչդեռ այսօր անկախ պետականության եւ ազատության պայմաններում շատ հայորդիներ հեշտությամբ երես են թեքում Մայր Եկեղեցուց՝ հարելով այս կամ այն աղանդավորական խմբին: Որո՞նք են այն պաշտպանիչ միջոցները, որոնցով պիտի զրահավորվի մերօրյա մարդը՝ աղանդների ու տարբեր հարանվանությունների գիրկը չընկնելու համար:
— Նախ պետք է հասկանանք, թե ինչու կան այսպիսի երեւույթներ: Առաջին պատճառն այն է, որ երկրաշարժից հետո շատ աղանդավորական հոսանքներ թափանցեցին Հայաստան, իսկ ժողովուրդն այդ տարիներին թե՛ սոցիալապես, թե՛ հոգեբանորեն շատ ընկճված եւ հիասթափված վիճակում էր: Նրանք էլ եկան եւ նեցուկ կանգնելով, նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով՝ կարողացան հեշտությամբ գրավել եւ իրենց ցանցը գցել: Բայց նրանք չեկան ուղղակի մխիթարության համար, այլ մխիթարության միջոցով իրենց գործը հաջողեցնելու համար, հետեւաբար սա պատճառներից մեկն էր: Իսկ այսօ՞ր: Մեր օրերում էլ տեսնում ենք, թե որքան աղքատություն կա Հայաստանում: Այս աղքատությունը չի կարող երկար տեւել, ի վերջո՝ պետությունը կկազմալուծվի: Պետությունը պիտի փորձի ժողովրդի նյութական կենսակերպը բարձրացնել, Եկեղեցին՝ հոգեւոր մակարդակը: Եկեղեցական քարոզչությունը պետք է ավելի ծավալվի, Եկեղեցին պետք է ներգրավվի հասարակական կյանքի մեջ՝ հասարակությանը բերելով եկեղեցական կյանք: Եկեղեցու պատմություն առարկայի շնորհիվ մատաղ սերունդը ոչ միայն քրիստոնեական ոգով է դաստիարակվում, ոչ միայն եկեղեցական պատմությանը ծանոթանում, այլեւ հոգեւոր արժեքներով է սնվում: Պետք է կոտրվի այն պատնեշը, որ դրվեց ժամանակին հասարակության ու Եկեղեցու միջեւ: Եկեղեցին միայն հոգեւորականները չեն, Եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է, որի մեջ մտնում են թե՛ աշխարհական, թե՛ հոգեւորական դասերը:
— Հա՛յր սուրբ, ըստ ձեզ՝ մենք այսօր հոգեւոր վերածնության, բարոյական սկզբունքների վերակենդանացման կարիք ունե՞նք:
— Մենք հոգեւոր վերածնության կարիք միշտ ունենք՝ անկախ ժամանակաշրջանից, որովհետեւ հոգին որքան մխրճվում է այս նյութական, կենցաղային հարցերի մեջ, այնքան հեռանում է աստվածային արժեքներից, հետեւաբար մենք միշտ պետք է վերածնվենք, որպեսզի ավելի մոտենանք Աստծուն: Բայց այդ վերածնությունը երկկողմանի է: Ես դա տեսնում եմ հետեւյալ կերպ. նախ՝ որակյալ հոգեւորականների պատրաստումով, ամենօրյա կրոնական դաստիարակությամբ, որը պետք է սկսել մանկական ամենավաղ տարիքից՝ մանկապարտեզներից, կիրակնօրյա, հանրակրթական դպրոցներից մինչեւ համալսարաններ եւ տարբեր օղակներ: Բայց մենք նաեւ որակյալ դաստիարակների կարիք ունենք: Եվ որքան ժողովուրդը լինի կրոնապես դաստիարակված եւ հոգեւոր հասունության մեջ, այնքան այդ հասարակությունից ավելի դյուրին կլինի որակյալ հոգեւորականներ ունենալը, որովհետեւ հոգեւորականը հասարակության մի մասնիկն է, հասարակության ծնունդը: Մարդը պետք է քայլ անի դեպի Եկեղեցի, իսկ եթե չի անում, դու պիտի քայլ անես եւ իրեն հրավիրես:
— Ո՞րն է թեմայի վերաբերյալ ձեր պատգամը մեր ընթերցողին։
— Լավ ճանաչենք մեր սեփական արմատները, որպեսզի կարողանանք ամուր ու անսանան մնալ՝ որեւէ փոթորկից չշեղվելով աջ կամ ձախ: Բայց ամբողջ ողբերգությունը գալիս է նրանից, որ մենք մեր արմատները լավ չենք ճանաչում. դրա համար պետք է նախ լավ սերտենք Աստվածաշունչ Մատյանը՝ Եկեղեցու հայրերի ուղղափառ բացատրության լույսի ներքո, ծանոթանանք մեր ժողովրդի պատմությանը, որն անբաժանելիորեն կապված է Եկեղեցու պատմությանը, եւ տերն ու կրողը լինենք այդ պատմության, որպեսզի կարողանանք փոխանցել մեր սերունդներին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s