XIV դ․ երկրորդ կեսի եւ XV դ․ կեսերի Հայաստանի գիտակրթական կենտրոնների եւ առանձին գործիչների կյանքը, նախորդ շրջանի համեմատությամբ, շատ ավելի լիարժեք է արտացոլվել, ինչպես օրինակ՝ Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Խլաթեցու, Թովմա Մեծոփեցու, Մկրտիչ Նաղաշի ընդարձակ վարքերում է: Բացառություն է կազմում Հովհան Որոտնեցին, որի մասին պահպանվել է միայն հայսմավուրքային հիշատակումը՝ նվիրված նրա մահվան օրվան: Հիշյալ բացը, սակայն, լրացնում են Թովմա Մեծոփեցու «Պատմությունը», Գրիգոր Տաթեւացու ու Թովմա Մեծոփեցու վարքերը, որոնցում խոսվում է նաեւ Հովհան Որոտնեցու կենսագրության եւ գործունեության մասին: Մեծոփեցին, լինելով Տաթեւի համալսարանի սանը եւ Գրիգոր Տաթեւացու աշակերտը, ոչ միայն բավականին հանգամանալից խոսում է Տաթեւի համալսարանի եւ նրա ռաբունապետների, այլեւ վանքի ուրիշ վարդապետների մասին եւս: Հիշյալ աղբյուրները պատշաճորեն պատկերացում են տալիս Հովհան Որոտնեցու կյանքի, մանկավարժական եւ ստեղծագործական ուղու մասին: Հովհան Որոտնեցին (1315-1386 թթ.) գիտության եւ մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես առաջին ռաբունապետը: Լինելով Գլաձորի համալսարանի սանը եւ Եսայի Նչեցու աշակերտը՝ վերջինիս մահից հետո Նչեցուն հաջորդած ռաբունապետ Տիրատուր Կիլիկեցու (1338 թ.) եւ աշակերտների մի մասի հետ փոխադրվում է Հերմոն, ապա՝ Որոտնավանք, հետո՝ Տաթեւ, ուր եւ հիմնադրում է նոր համալսարան: «Սյունյաց առաջին իշխաններից մեծ իշխան Իվանեի որդի» Որոտնեցին ուներ նյութական մեծ հնարավորություններ՝ ավելի լավ հիմքերի վրա դնելու կրթական գործը: Այդ էր պահանջում նաեւ կաթոլիկների հետզհետե ուժեղացման հանգամանքը: Նրանց դեմ պատշաճ պայքար մղելու համար Հովհան Որոտնեցին, աստվածաբանությունից բացի, մեծ նշանակություն էր տալիս փիլիսոփայության եւ բնական գիտությունների ուսումնասիրությանը, ասել է թե՝ իր սաներին փոխանցում էր այն բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որոնք ժամանակի եվրոպական գիտության մակարդակի ցուցիչներն էին, եւ որոնց տիրապետում էին իրենց հակառակորդները: Շնորհիվ Հովհան Որոտնեցու եւ նրա հետնորդների՝ միջնադարյան Հայաստանում փիլիսոփայության եւ բնական գիտությունների ուսումնասիրությունը հասավ բարձր աստիճանի: Հովհան Որոտնեցին հայտնի է նաեւ որպես կաթոլիկության անհաշտ թշնամի: Նրանց դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով նա փոխադրվում է Ապրակունիս (Նախիջեւանից ոչ հեռու)՝ կաթոլիկության օջախներին ավելի մոտ լինելու համար: Այստեղ էլ նա մահացել է 1386 թ.։ Որոտնեցին սովորություն ուներ իր ուսումնասիրությունների արդյունքները բանավոր խոսքի եւ քարոզների միջոցով փոխանցել աշակերտներին, եւ միայն շնորհիվ Գրիգոր Տաթեւացու գրառումների է, որ ժամանակակից ուսումնասիրողը պատկերացում է ստանում նրա հսկայածավալ գրական աշխատանքի մասին: Վերջինս Որոտնեցու մահից հետո երկու տարի շարունակեց գործել Ապրակունիսի դպրոցում, որից հետո փոխադրվեց Տաթեւ եւ դարձավ Տաթեւի համալսարանի երկրորդ ռաբունապետը:

Հովհան Որոտնեցու վարքը վարք-հիշատակի բնորոշ օրինակ է միայն. բացի Որոտնեցու մահվան օրվա հիշատակման, ծննդավայրի եւ ծագման մասին տեղեկություններից՝ որոշակի այլ տեղեկություններ չի պարունակում։ Մնացյալը նրա սրբությունը հավաստող դատողություններ են՝ զուգակցված նրա մեծությունն ընդգծող համեմատություններով:

Վարք-հիշատակն սկսվում է Որոտնեցու մահվան հիշատակմամբ (1388 թ., որպես Հ. Որոտնեցու մահվան թվական, ընդունում են Մ. Օրմանյանը, Մ. Աբեղյանը: Համաձայն այլ կարծիքների՝ նա մահացել է 1386 թ.): Ինչպես Մարիամ Աստվածածինը, Սահակ Պարթեւը եւ այլ սրբեր, ասվում է, որ նա եւս մահացել է իր ծննդյան օրը: Հովհանը գավառով որոտնեցի էր՝ Սյունյաց աշխարհից՝ Վաղանդի գյուղից, «մեծ ու փառավոր Իվանե իշխանի ազատ տոհմից» էր: Ահա այսքանը: Դրան հետեւում է մակդիրների մի ամբողջ էջ, որտեղ սրբի նկարագրին հարիր ընդհանուր մակդիրների կողքին կան եւ նրա պայքարը կաթոլիկության դեմ ընդգծող ածականներ: Վարքը նրան կոչում է «կեղծավորների հանդիմանիչ եւ հերձվածողների սաստող», «սաստիկ, ահարկու չարափառ երկբանակների դեմ»: Վարքը, ինչպես եւ XIV-XV դդ. շատ վարքեր եւ վկայաբանություններ, գրվել է Հայսմավուրքի վերջին խմբագիր Գրիգոր Խլաթեցու կողմից։ Եվ, ըստ երեւույթին, հենց Խլաթեցու կողմից էլ ներմուծվել է Հայսմավուրք: Թեեւ Հովհան Որոտնեցին անցել է 1730-ին տպված Հայսմավուրք, սակայն, ինչպես կարծում է Շ. Գալստյանը, «Ներելի է ենթադրել, որ արդէն իսկ տօնելի դարձած էր մեր մէջ այդ թուականէն առաջ, բայց իր տօնը վերջնական ձեւ առաւ Սիմէոն Երեւանցի Կաթողիկոսի 1775-ին ի լոյս նոր Տօնացոյցով: Ներկայիս կը յիշատակուի Մեծ Պահոց Դ Կիրակիի նախընթաց Շաբաթ օրը իր անուանակից Յովհ. Երուսաղէմացի եւ Յովհ. Օձնեցի հայրապետներու եւ իր աշակերտ Գր. Տաթեւացու հետ» (ՇԳՀՍ, 126):

Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s