GF1
«Գայֆեճյանի համար Ախալցխան դարձավ այն դրախտը, որ Գոգենը որոնում էր Օկեանիայի կղզիներում, Պ. Կուզնեցովը՝ ղրղզական տափաստաններում, Մ. Սարյանը՝ Մերձավոր Արեւելքում»։

20-րդ դարի հայ գեղանկարչության եւ գրաֆիկայի խոշորագույն վարպետ, մանկավարժ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Գայֆեճյանի դուստրը՝ արվեստաբան Էլեն Գայֆեճյանը, մի առիթով այսպես է բնորոշել Ախալցխայի նշանակությունն իր հոր կյանքում։ Դուստր Գայֆեճյանի այս գնահատականը չափազանց խոսուն է։

Թերեւս ապագա նկարչի համար հատկապես կարեւոր է այն վայրը, ուր նա ծնվում է։ Եվ պատահական չէ, որ հենց այս քաղաքում են ծնվել նաեւ հայ գեղանկարչության այնպիսի մեծեր, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցն ու Հակոբ Կոջոյանը։ Սակայն Ջավախքի այս փոքրիկ քաղաքը Վահրամ Գայֆեճյանի համար միայն ծննդավայր ու վաղ մանկության հիշողությունների քաղաք չի եղել։ Այս քաղաքի հետ են կապված նաեւ Գայֆեճյանի բազմաթիվ ստեղծագործական ձեռքբերումները։ Այս քաղաքում են ստեղծվել նկարչի տասնյակ կտավներ։

Վահրամ Գայֆեճյանը ծնվել է 1879 թվականին։ Հայրը՝ տեր Մկրտիչը, քահանա էր, նաեւ՝ Ախալցխայի հոգեւոր վարչության անդամ ու հայոց լեզվի ուսուցիչ։ Հոր դիմումի համաձայն էլ՝ դեռեւս 12 տարին չբոլորած Վահրամ Գայֆեճյանը 1891 թվականին մեկնում է Մոսկվա՝ Լազարյան ճեմարանի գիմնազիայի բաժնում սովորելու։ Օժտված պատանին հետագայում ուսումնառությունը շարունակում է ճեմարանի բժշկական, ապա եւ՝ իրավաբանական ֆակուլտետներում։ Սակայն ապագա նկարչի կյանքում առավել որոշիչ է դառնում Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանը, ուր աշակերտում է Սերգեյ Իվանովին, Վալենտին Սերովին, Կոնստանտին Կորովինին, Ապոլինար Վասնեցովին եւ այլոց:

1911 թվականին՝ մոսկովյան ուսումնառության տարիներից հետո, Գայֆեճյանը վերադառնում է հայրենի ծննդավայր, ուր մինչ այդ լինում էր միայն կարճատեւ արձակուրդների ընթացքում։ Այս մասին հիշում է Վահրամ Գայֆեճյանի ազգականն ու աշակերտը՝ Լետկարը. «…Ախալցխա եկավ չափազանց կիրթ, հրաշալի կրթությամբ անձնավորություն։ Իր հետ Մոսկվայից բերել էր գեղանկարչական հոյակապ աշխատանքներ, արվեստի վերաբերյալ բազմաթիվ ամսագրեր, գեղարվեստական գրականություն, մեծ ճաշակով ընտրված՝ գրամոֆոնի շատ ձայնասկավառակներ։ Դժվար է ձեզ պատկերացնել այն ժամանակվա Ախալցխան. 15-20 հազար բնակչությամբ փոքրիկ մի քաղաք՝ հեռու երկաթուղային ճանապարհներից, առանց էլեկտրականության, ռադիոյի, մշակութային հաստատությունների։ Հենց այսպիսի մի խուլ տեղ եկավ Վահրամ Նիկիտիչը։ Ինչպես պայծառ մի շող, նա ոչ միայն լուսավորեց ինձ, այլեւ շատ ուրիշների։ Վահրամ Նիկիտիչի տունն ինձ համար դարձավ մշակույթի օջախ, թանգարան, դպրոց, իսկ Վահրամ Նիկիտիչը՝ իմ մեծ ուսուցիչը»։

Տեր Մկրտչի՝ Վահրամ Գայֆեճյանի հայրական տունն այժմ էլ դառնում է յուրօրինակ լուսավորչական կենտրոն՝ Ախալցխայի երիտասարդության համար։

Մինչ Ախալցխայի խորհրդայնացումը, լինելով Ախալցխայի ակցիոներական ընկերության նախագահը, Գայֆեճյանն իրավաբանի աշխատանքին զուգընթաց շարունակում է ապրել մոսկովյան տարիների մշակութային իր ավանդույթներով։ Նա մասնակցում է Թբիլիսիի «Հայ արվեստագետների միության» ցուցահանդեսներին՝ 1916-ից դառնալով նաեւ այս միության իսկական անդամ։ Իսկ 1920 թվականի սկզբին իր տանը հիմնում է Ախալցխայի առաջին գեղարվեստի ստուդիան, ուր գեղանկարչական արվեստի հմտություններ է ուսուցանում հայրենակիցներին։

Հետագայում, երբ խորհրդային ալիքը հասնում է Ջավախք, Գայֆեճյանը շարունակում է ստեղծագործական ու կրթական գործը։

1921 թվականին, արդեն հեղկոմի հրավերով, Գայֆեճյանն սկսում է ղեկավարել Ախալցխայի գործկոմի ժողկրթության բաժնին կից նորաստեղծ գեղարվեստի ստուդիան, ուր շարունակում է դասավանդել գեղանկարչություն, արվեստի պատմություն։ Իսկ 1922 թվականին, կրկին առաջին անգամ Ախալցխայում, քաղաքի հայկական դպրոցում կազմակերպում է նկարչական ցուցահանդես, ուր իր գործերի կողքին ցուցադրվում են նաեւ իր աշակերտների աշխատանքները։

Ախալցխայում Վահրամ Գայֆեճյանն ապրեց մինչեւ 1923 թվականը։ Հետագայում ստիպված էր մեկնել Թբիլիսի, ապա եւ, Հայաստանի լուսժողկոմի հրավերով, Երեւան՝ ղեկավարելու Երեւանի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Թերլեմեզյանի անվան)։

Գայֆեճյանի՝ Ախալցխայում ապրած ընդամենը 12 տարիները, սակայն, համարվում են ամենաարդյունաբերը՝ թե՛ ստեղծագործական եւ թե՛ հասարակական առումներով։ Եվ, ինչպես նկատել է նկարչի դուստրը, Ախալցխան իսկապես եղել է Գայֆեճյանի «դրախտը»։ Սակայն Ախալցխան եւս հպարտ է իր տաղանդավոր զավակով։ Առ այսօր Ախալցխայում կանգուն է Գայֆեյճանների տունը։ Իսկ այս տարվա սեպտեմբերի 22-ին մեծ հանդիսավորությամբ ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ մեծանուն նկարչի հայրական տան առաջնապատը զարդարվեց նաեւ Վահրամ Գայֆեճյանի մարմարե հուշատախտակով։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s