I-1

Նկարիչ, բանաստեղծ, ժուռնալիստ Ժաք Իխմալյանը ծնվել է 1922 թ. Ստամբուլում։ Ծնողներն Անատոլիայի հայեր էին, որոնք ընտանիքում խստորեն պահպանում էին ծննդավայրից բերած սովորություններն ու ավանդույթները, որոնք էլ իրենց անջնջելի կնիքն էին թողել ժաք Իխմալյանի՝ որպես անատոլիացի հայի ձեւավորման ու աշխարհընկալման վրա։
Հինգ տարի սովորել է հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել սկզբում ֆրանսիական, իսկ հետո թուրքական լիցեյում։ Նկարչական հակումները ժառանգել էր Կարապետ հորից։
I-3
17 տարեկանից տարվում է հեղափոխական գործունեությամբ, անդամագրվում Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը, ուր ընդգրկված էին ժամանակի առաջադեմ թուրք մտավորականներից շատերը, ինչպիսիք էին մեզ ծանոթ արձակագիր Ազիզ Նեսինը, բանաստեղծ Նազիմ Հիքմեթը։ Թուրքիայում ապրող հայերի գոյատեւման խնդիրը նկարիչը միամտորեն տեսնում էր սոցիալիզմի երեւակայական պատուհանից նշմարվող լույսերի մեջ։
1941 թ. ընդունվում է Ստամբուլի Գեղեցիկ արվեստների ակադեմիա։ Երեք տարի անց՝ 1944 թ., իր քաղաքական հայացքների համար ձերբակալվում է։ 1947-ին ազատվելով բանտից՝ իբրեւ ձեւավորող նկարիչ մասնակցում է մանկական «Պարտեզ» ամսագրի հրատարակչական աշխատանքներին, թղթակցում տեղի «Նոր օր» հայատառ թերթին։ 1949-ին, անվտանգությունից ելնելով, ընկերներն օգնում են Ժաքին անցնել Սիրիա, որտեղից էլ մեկնում է Բեյրութ եւ տեղի Դարուհի — Հակոբյան եւ Հովակիմյան հայկական դպրոցներում դասավանդում նկարչություն։ Իխմալյանի՝ Թուրքիայից հեռանալու առնչությամբ Ազիզ Նեսինը խոստովանում է. «Մեզ՝ ձախ մտավորականության ներկայացուցիչներիս, նսեմացնում էին եւ ենթարկում խոշտանգումների, իսկ մեր հայ ընկերների վիճակն ավելի քան սարսափելի էր»։ Ընկերները գիտակցում էին, որ թուրքական իշխանությունները հարմար առիթի դեպքում կարող էին ընդհուպ սպանել իրենց ընկերոջը։ 1956 թ. Իխմալյանը Բեյրութից տեղափոխվում է Լեհաստան, աշխատում տեղի ռադիոյում եւ մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959-1961 թթ. ապրում ու աշխատում է Պեկինում։ 1961-ին, Խորհրդային Միության հրավերով, մշտական բնակություն է հաստատում Մոսկվայում։
I-8Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ այստեղ եւս աշխատում է ռադիոյում՝ որպես թուրքերենով տրվող հաղորդումների ոճաբան-խմբագիր, եւ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում դասավանդում թուրքերեն լեզու եւ գրականություն։ 1974 թ. ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1968, 69, 73, 74), Վիլնյուսում (1974), Տարտուում (1978), Երեւանում (1980 — հետմահու)։ Նրա գործերը պահպանվում են Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Պուշկինի անվ. կերպարվեստի պետական եւ Արեւելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Ռուսաստանի այլ քաղաքների թանգարաններում, ինչպես նաեւ բազմաթիվ մասնավոր հավաքածուներում (Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, Լեհաստան, Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսրայել, Դանիա, Շվեդիա, Իրան, Հայաստան եւ այլն)։ Ժաք Իխմալյանը վախճանվել է 1978 թ. Մոսկվայում, թաղված է Երեւանում՝ հոր կողքին։
«Ժաք Իխմալյանն իրեն համարում էր հայ նկարիչ։ Եվ ոչ միայն նրա համար, որ ծնունդով հայ է, եւ հոր գերեզմանն էլ գտնվում է Երեւանում, այլ ամենից առաջ՝ մտածելակերպով, աշխարհի ու կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, բնավորությամբ, այն հատուկ սիրահարվածությամբ, որով ընկալում է հողը, ծովը, ծառն ու ծաղիկը, դեղնավուն սարերն ու նրանց գլխավերեւում տարածված կապույտ-կապույտ երկինքը։ Ազգայինն զգացվում է նրա երփնագրի, կերպարային համակարգի, գեղանկարչական ասոցիացիաների մեջ։
…Նա աշխատում էր այնպես, ինչպես ապրում էր, մտածում, զգում, հասկանում՝ համառորեն, ամռան եռուն եւ անդադար ճառագող էներգիայով բռնկված։ Այն, ինչ ծնվում էր նրա մտապատկերում, խմորվելով վերածվում էր իրականության, ապա վերափոխվում երեւակայական վառ ու տպավորիչ իրադարձության»,- ռուս նշանավոր արվեստաբան Գեորգի Անիսիմովի այս խոսքերն ավելի քան շոշափելի են դառնում, երբ դիտում ես նկարչի տարբեր տարիներին կատարած գործերը, հաղորդ դառնում նրա զարմանալի նրբագեղ ու միաժամանակ խիստ թախծոտ, խոհ ու հուշի մեջ թաթախված կանանց, իրենց ամենօրյա գործերով զբաղված պարզ ու անմիջական մարդկանց աշխարհին, երբ մտովի ընկղմվում ես նրա ինքնատիպ ու առինքնող հորինվածքների, նրա տաք, արեւով խմորված գույնի, թրթռուն լարեր հիշեցնող գծի, ուրվագծի՝ խիստ լակոնիկ ու նույնքան արտահայտիչ անցումների, լուծումների ու կառույցների մեջ։ Նրա համարյա բոլոր գործերում «հանգն ու վանկը» ասես շնչում, հնչում են միջնադարի հայ բանաստեղծների ազնիվ ու անխառն լեզվով, հնչում մանկության գունեղ տպավորություններից, հնչում անմիջականությամբ ու հեքիաթային երեւակայությամբ լեցուն իր հոգու լուսավոր արահետներից («Լամպի մոտ», «Լարախաղացը», «Եկեղեցում», «Փոքրիկ հովիվը», «Ընկերուհիներ» (1972), «Ամուսիններ» (1973), «Ծաղրածուն» (1974), «Ողբ» (1975), «Սեղանի շուրջ» (1976) եւ այլն)։ Նրանք, ովքեր բախտ են ունեցել տեսնելու Իխմալյանի 1980 թ. Երեւանում բացված անհատական ցուցահանդեսը, չեն կարող մոռանալ այն ջերմությունը, այն ներքին լույսն ու խաղաղությունը, որով այնպես ողողված էր Նկարչի տան սրահը։ Շուրջ 80 գեղանկարչական ու գրաֆիկական գործերի մեջ դժվար էր գտնել հայեցողական որեւէ նկար, որեւէ վրձնի հարված, որ ապրված չլիներ, չունենար զորեղ ու վեհ զգացմունքի կնիքը, չունենար այն խոր ցավը, որ կար նրա, թեկուզ, «Սպիտակ սպանված թռչունը» կտավում։ Հիշենք նրա «Մայր եւ որդի» (1972), «Մայրը մանկան հետ» (1977) հիրավի սքանչելի գործերը, որոնք թեպետ իրենց գունային ու հորինվածքային լուծումներով տարբեր են, սակայն առաջադրված խնդրի մեկնության առումով զարմանալի խոսուն են ու ներդաշնակ՝ հագեցած խոր հուզականությամբ, խոհականությամբ եւ ամենագլխավորը՝ հայկականությամբ։ Դժվար է անտարբեր նայել թվարկածս առաջին գործում պատկերված մոր ու որդու ցավ ու թախծով լեցուն աչքերին, որոնք ասես նայում են աշխարհին մեծ ու անհասկանալի, անընբռնելի հարցականով։ Այստեղ գունային զուսպ՝ սոսկ մուգ շագանակագույնի եւ արեւաթաթախ դարչնագույնի համադրումներն ավելի քան իմաստավորված են. աշխարհի գորշության, անարդարության ու դաժանության մեջ, այնուամենայնիվ, կա երկու՝ մեկը մյուսին սատարող, հարազատ, անդավաճան հոգի, որոնց պատմությունը խիստ ծանոթ է Թուրքիայում ծնված ու մեծացած Իխմալյան նկարչին։ Այս գործն իր ազդեցությամբ միանգամայն կարող է մրցել Արշիլ Գորկու համանման կտավի հետ։ Իսկ երկրորդը մի սքանչելի սրբապատկեր է հիշեցնում՝ լուծված սեւի, երկնագույնի եւ սպիտակի նուրբ անցումներով։ Մոր ձեռքերի մեջ խաղաղ քնած մանկան վաղվա օրն ասես ծվարել է մոր ծովացած աչքերում, որոնց ճոթերից կաթում է անհանգիստ ու ցավակիր անհայտը։ Սա հայ մայր է, գուցե նկարչին հարազատ անատոլիացի իր մայրը կամ տատը, ով եւս պատրաստ է իր որդուն տալու աշխարհին՝ աշխարհն այսքան դաժան ու անարդար չտեսնելու համար. «Այն ժամանակից, ինչ ես ինձ հիշում եմ, չեմ կարողացել տանել անարդարությունը ոչ միայն հանրության մեջ, այլեւ ընտանիքում, չեմ կարողացել հանդուրժել ուժեղի գերազանցությունը թույլի, խորամանկինը՝ ազնիվի վրա։ Ես մշտապես նկարել եմ այն մարդկանց ու կենդանիներին, որոնց կամեցել եմ պաշտպանել»։
Իխմալյանի գեղարվեստական ժառանգության մեջ զգալի տեղ է զբաղեցնում նաեւ դիմանկարի ժանրը։ Այստեղ նկարիչը կրկին փայլում է իր ողջ տաղանդով։ Զարմանալի սիրով ու քնքշությամբ, անթաքույց ակնածանքի զգացողությամբ են ստեղծված «Նատաշայի դիմանկարը» (1970), «Նկարչի կնոջ դիմանկարը» (1972), «Մտորում» (1976) կտավները։ Իսկ Ն. Հիքմեթի, Ն. Գոգոլի, Վ. Հյուգոյի, Շ. Պետեֆի եւ այլ հեղինակների դիմանկարներում, ասես, փորձ է արված նրանց ստեղծագործությունների հերոսների ու պատկերների միջից վեր հանելու, բացահայտելու ստեղծագործական կրքերով ապրող մարդու ներաշխարհը, կենսափիլիսոփայությունն ու մոլորակի ռիթմն զգալու կերպը։ Այս առումով բացառություն չեն նաեւ նկարչի ինքնադիմանկարները։ Թե ինչպես է տեսնում նկարիչն ինքն իրեն, ավելի լավ է դիմենք հենց նկարչին, արդեն բանաստեղծ նկարչին.
Ես մեղու եմ,
Ով ըմպում է նեկտար։
Իմ ծաղիկները նկարչի ստեղծածն են։
Ես քարագործ եմ,
Ով օրնիբուն հղկում է ժայռերը։
Ես այն բանվորն եմ,
Ով մութն ու լույսն է ծեփում կտավին։
Իխմալյանն զբաղվել է նաեւ գրքի ձեւավորմամբ ու նկարազարդումներով։ Լիբանանում ապրած տարիներին նկարազարդում է արաբական, ֆրանսիական ու հայկական շատ գրքեր, Լեհաստանում՝ լեհերենով հրատարակված «Արեւելյան հեքիաթների» եւ Նազիմ Հիքմեթի «Երգեր՝ արբած արեւով» բանաստեղծությունների ժողովածուները, Մոսկվայում՝ Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը եւ այլ գործեր։
Դժվար է փոքրիկ մի հոդվածի սահմաններում անդրադառնալ Իխմալյան նկարչի անցած ուղուն, ստեղծագործական որոնումներին, ձեռք բերած վարպետությանը։ Նրա ստեղծագործական նկարելաոճի, սեփական հաստատուն ձեռագրի մասին ամենից լավ կրկին ինքը՝ նկարիչն է ներկայացնում. «Իմ աշխատանքային մեթոդը երկու անհերքելի իրականությունների՝ իրականի ու վերացականի միավորման փորձն է։ Ես կարծում եմ՝ այդ երկու իրականությունների բախման արդյունքում է ծնվում մեծ արվեստը։ Մեծ արվեստն ամենակատարյալ եւ ամենագեղեցիկ միահյուսումն է վերացականի եւ իրականի։ Սակայն այդ հասկացությունն ամեն մի նկարչի մոտ յուրովի է ընկալվում»։ Իխմալյան նկարչի ընկալումը ոչ միայն յուրովի էր, այլեւ զարմանալի գեղեցիկ ու հուզական, զարմանալի ճաշակով ու բանաստեղծական՝ լի թախծով ու նաեւ շոշափելիորեն ողբերկական հնչերանգներով։ Եվ դա բնական էր։ Նա, ի վերջո, իր ստեղծագործական անհատականության մեջ միավորում էր Թուրքիայում ապրող հայ մտավորականին, ով հիշողություն ուներ…
Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s