Սկիզբը՝ 2012 Նոյ. Ա

Այսպիսով, Սողոմոն Թեհլերյանի գործը շարունակողների կատարած ահաբեկչությունները կարելի է համարել միանգամայն արդարացված՝ եթե ոչ օրենքի, ապա առնվազն բարոյական տեսանկյունից: Ասվածից թող չստեղծվի այն թյուր կարծիքը, թե սփյուռքահայերի երկրորդ եւ երրորդ սերունդները, լցված լինելով ատելության, չարության եւ քինախնդրության զգացումներով, անխտիր ահաբեկիչներ են դարձել եւ պատրաստ են շարունակելու իրենց գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ համաշխարհային հանրությունը վերջնականապես չի դատապարտել 1915 թ. կատարվածը եւ պատասխան ու հատուցում չի պահանջել Թուրքիայից: Սփյուռքահայերի մեջ հիմա էլ քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր դեմ են ահաբեկչությանը եւ գերադասում են պայքարի առավել քաղաքակիրթ միջոցները, ինչպես, օրինակ, լայնամասշտաբ քարոզչությունը բոլոր հնարավոր ուղիներով (հրապարակախոսություն, գիտական բանավեճեր ու միջազգային գիտաժողովներ, արվեստ՝ մասնավորապես գեղարվեստական գրականություն, կինոարվեստ եւ այլն), եւ ինչո՞ւ ոչ՝ ճնշումը գերտերությունների պետական վերնախավերի վրա՝ առավել կշռադատված ու ճկուն քաղաքականություն իրականացնելու միջոցով եւ օգտագործելով Սփյուռքի ողջ ներուժը:
Ավելորդ չէր լինի ասել, որ որոշ ամերիկահայ գրողների հավաստիացմամբ, մասնավորապես ըստ Ռիչարդ Հակոբյանի, Փիթեր Նաջարյանի եւ Մայքլ Արլեն Կրտսերի, բնավ ոչ բոլոր սփյուռքահայերն են մտահոգված ազգային գերխնդիրներով եւ առանձնապես մեծ ցանկություն էլ չունեն իրենց զավակներին դաստիարակելու ազգային ոգով: Իբրեւ ցայտուն օրինակ կարելի է բերել տարագիրների երկրորդ սերնդի ներկայացուցիչ՝ հանրահռչակ գրող Մայքլ Արլեն Ավագին (Տիգրան Գույումճյան), որը երես էր թեքել հարազատ ազգից: Նա հասել էր այնպիսի ծայրահեղության, ինչպիսին էր հայկական անուն-ազգանունը փոխելը: Նա նույն կերպ էր վարվել իր որդու՝ հեռուստաքննադատ, էսսեիստ եւ վիպասան Մայքլ Արլեն Կրտսերի հետ: Հայր Արլենն իր որդուն միտումնավոր կտրել էր այն ամենից, ինչը հայկական է, մասնավորապես՝ հայեցի դաստիարակությունից եւ հայկական կրթությունից: Ճիշտ է, Մայքլ Արլեն Կրտսերը հետագայում վերագտնում է իր ազգային ինքնությունը՝ հայոց պատմությունն ուսումնասիրելու միջոցով, սակայն այս պահին մեզ հետաքրքրում է մեկ այլ հարց: Ինչո՞ւ էր երկրորդ սերնդի ներկայացուցիչ Արլեն Ավագը կտրել իր զավակին ազգային արմատներից: Այս առնչությամբ կարելի է մի շարք ենթադրություններ անել: Միգուցե հայր Արլենը չի ցանկացել իր զավակի հոգեկանն ալեկոծել ցեղասպանության մասին պատմություններով եւ այս եղանակով փորձել է զերծ պահել նրան այն ծանր բարդույթներից, որոնք անխուսափելիորեն առաջանում են եղեռն եւ պանդխտություն տեսած ազգերի մոտ: Այսպիսով, ըստ որոշ սփյուռքահայերի՝ ավելի լավ է ուծացնել սեփական ժառանգներին եւ մեծացնել նրանց որպես օտարազգիների, քան դարձնել նրանց նույնքան դժբախտ, որքան իրենք են: Բայց եւ այնպես հայր Արլենի վարքագիծը կարող է ունենալ մեկ այլ բացատրություն. հնարավոր է, որ նա հայոց ցեղասպանությունը համարում էր ոչ միայն թուրք ազգի մեծագույն ամոթը, այլեւ հայ ազգի խարանը: Վերջին ենթադրությունն ակնհայտորեն հավելյալ բացատրությունների անհրաժեշտություն է առաջացնում: Ի՞նչ խարանի մասին է խոսվում այստեղ: Բանն այն է, որ եթե որեւէ ազգ իր պատմության ընթացքում անհաջողություններ, կորուստներ եւ ողբերգություններ է տեսնում, ապա դրանում նա, որպես կանոն, ունենում է մեղքի իր բաժինը: Հայ ժողովրդի մեղքը, թերեւս, ազգային միաբանության եւ պետական մտածողության կորուստն էր, ինչը ոչ մի լավ բանի հանգեցնել չէր կարող: Թերեւս, սխալ չի լինի ենթադրել, որ հայոց ցեղասպանության համար պարարտ հող էր նախապատրաստվել ոչ թե սոսկ սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի իշխանության տարիներին, այլ հարյուրամյակներ շարունակ: Այդ գործընթացն ակներեւաբար սկսվել էր այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը՝ հայ իշխանավորների անխոհեմ քաղաքականության, եթե չասենք՝ դավաճանության պատճառով: Հայ ազգը, դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից, բնականաբար, հոգեբանական փոփոխությունների է ենթարկվում, ընդ որում՝ բացառապես բացասական իմաստով: Հայերը հետզհետե կորցնում են իրենց ռազմաշունչ ոգին եւ դառնում ավելի պասիվ ու երկչոտ: Նման հոգեբանության տեր ժողովրդին բնավ դժվար չէ ճնշել, հալածել, ստրկացնել, ի վերջո՝ ցեղասպանության ենթարկել: Մայքլ Արլեն Ավագն ակնհայտորեն շատ լավ էր գիտակցում վերն ասվածը: Գրողի հավաստիացմամբ՝ աշխարհը հոգնել է հայ ազգի անվերջ բողոքներից ու ողբից, եւ հայտնում է այն համոզմունքը, որ եթե հայերը մի շարք այլ ազգերի նման դարեր առաջ դադարեին գոյություն ունենալուց, նրանք գոնե հետաքրքրություն կներկայացնեին գիտնականների համար: Արլենը մեղադրում է իր ժողովրդին նրա ինքնակործան հատկությունների, մասնավորապես՝ վախկոտության եւ նախանձոտության համար (տե՛ս M. Bedrosian, The Magical Pine Ring: Culture and the Imagination in Armenian/American Literature, Wayne State University Press, 1991, էջ 126): Ի դեպ, Մայքլ Արլեն Ավագի խիստ քննադատական մոտեցումները հայ ժողովրդի նկատմամբ անպատասխան չմնացին: Օրինակ՝ Գարեգին Նժդեհը մի բաց նամակ է գրում, որում իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում Մայքլ Արլենի արտահայտած գաղափարների առնչությամբ: Վստահաբար կարելի է ասել, որ Նժդեհը բնավ միակ հայորդին չէր, ով բացասաբար գնահատեց սփյուռքահայ գրողի կտրուկ տեսակետները հայ ազգի վերաբերյալ: Ավելորդ չենք համարում հավելել, որ հայր Արլենի քննադատական մոտեցումները որոշ չափով փոխանցվել են նաեւ Մայքլ Արլեն Կրտսերին: Դրանում մենք համոզվում ենք վերջինիս «Ուղեւորություն դեպի Արարատ» հանրահայտ վեպում, որում նա, իր ազգի արատավոր կողմերը մատնացույց անելու հետ մեկտեղ, հիացմունքով խոսում է հայերի նախնիների մասին, որոնք թեեւ մշակութային արժեքներ չէին ստեղծում, բայց առավել քաջարի էին, ռազմատենչ ու արժանապատիվ եւ պատրաստ էին ցանկացած պահի զենքի դիմելու ու պաշտպանելու սեփական երկիրն ու իրենց ֆիզիկական գոյությունը (տե՛ս M. Bedrosian, նշվ. աշխ., էջ 130): Նշենք, որ սփյուռքահայ գրականության մեջ դժվար է գտնել մեկ այլ գրողի, որն այնքան քննադատաբար մոտենար հայ ազգին, որքան հայր եւ որդի Արլենները: Որքան էլ դժվար լինի խոստովանել, բայց այս երկու սփյուռքահայ գրողների ասածների մեջ կա որոշակի դաժան ճշմարտություն: Այնուամենայնիվ, Արլենների, հատկապես հայր Արլենի, չափազանց կտրուկ արտահայտությունների մեջ կա նաեւ ինչ-որ հակաազգային բան: Ի՞նչ կարող է մտածել օտարազգի ընթերցողը մեր ազգի մասին, եթե կարդա վերոհիշյալ գրողների գրավածքները: Իհարկե՝ ոչ մի լավ բան: Եթե նրանց գրքերը գրված լինեին միայն հայերենով եւ մատչելի լինեին սոսկ հայ ընթերցողների համար, ապա այս պարագայում ոչ մի լուրջ խնդիր չէր առաջանա, սակայն հայր եւ որդի Արլեններն անգլիագիր գրողներ են եւ այդ իսկ պատճառով պետք է ավելի զգույշ լինեին իրենց արտահայտություններում: Այս իմաստով սփյուռքահայ մյուս գրողներն ավելի հեռատես են ու շրջահայաց: Որպես օրինակ կարելի է բերել Լեւոն-Զավեն Սյուրմելյանին եւ Փիթեր Բալաքյանին: Բարեբախտաբար, հիշատակված գրողները, ի տարբերություն Մայքլ Արլեն Ավագի եւ Կրտսերի, չեն շփոթում «ինքնաքննադատություն» եւ «ինքնապախարակում» հասկացությունները:
Հավելենք, որ սփյուռքահայ գրողները հայոց ցեղասպանության բարոյահոգեբանական հետեւանքների համատեքստում լուսաբանում են նաեւ պանդխտության թեման, քանի որ վերջինս ուղղակիորեն կապված է 1915 թ. ողբերգական իրադարձությունների հետ: Առաջին հայացքից «պանդխտություն» հասկացությունը չի առաջացնում նույնքան բացասական զգացումներ, որքան «եղեռն» հասկացությունը: Նախ նշենք, որ պանդխտության երեւույթը մարդկության պատմության մեջ մուտք է գործել դեռեւս վաղնջական ժամանակներից: Հազարամյակներ շարունակ տարբեր ազգությունների մարդիկ գաղթել են մի աշխարհագրական շրջանից մյուսը, եւ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Արտագաղթերի պատճառները բազմաթիվ են՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, պատերազմներ, հալածանքներ՝ ռասայական, ազգային, կրոնական, քաղաքական հողի վրա եւ այլն: Բայց ինչպիսին էլ լինեն գաղթի դրդապատճառները, նպատակները շատ հստակ են. բարելավել կյանքի որակը, լուծել սոցիալական խնդիրներ, ապահովել ավելի մեծ հեռանկաներ՝ հետագա սերունդների համար, ազատվել հալածանքներից եւ բռնաճնշումներից, ի վերջո՝ պահպանել ֆիզիկական գոյությունը: Ասվածից կարելի եզրակացնել, որ արտագաղթի նպատակները միանշանակ դրական են: Այժմ հարց է առաջանում. եթե արտագաղթն այդքան էլ վատ երեւույթ չէ եւ ունի դրական նպատակներ, ապա ինչո՞ւ են շատ հայեր՝ մասնավորապես սփյուռքահայեր, հիվանդագին վերաբերմունք ցուցաբերում դրա նկատմամբ: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է փոքր-ինչ խորանալ հայոց պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ հայ ժողովուրդը հարձակումների է ենթարկվել օտար նվաճողների կողմից: Վերջիններս ոչ միայն նյութական կորուստներ են պատճառել հայերին, այլեւ վտանգել են նրանց գոյությունը: Սակայն խնդիրը միայն ֆիզիկական բնաջնջումը չէր: Օտար նվաճողները բազմիցս փորձել են ուծացնել հայ ազգին՝ կտրելով նրան քրիստոնեական հավատից, հայկական մշակույթից, ազգային բարքերից ու սովորույթներից: Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ ուծացումն ազգասպանության ձեւերից մեկն է: Եվ իրոք, եթե որեւէ ազգ կորցնում է իր լեզուն, մշակույթն ու հավատը, ապա նա անխուսափելիորեն կորցնում է ազգային ինքնությունը եւ դադարում է գոյություն ունենալուց՝ իբրեւ առանձին էթնիկական միավոր: Ակնհայտորեն թե՛ օտար նվաճողները եւ թե՛ հայ ժողովուրդը շատ լավ են հասկացել նշված ճշմարտությունները: Այժմ հասկանալի է, թե ինչու էին պարսիկներն ու թուրքերը դարեր շարունակ համառ ջանքեր գործադրում՝ հայերին դավանափոխ անելու, նրանց պարսկացնելու եւ թուրքացնելու ուղղությամբ, իսկ հայերն էլ իրենց հերթին ամեն կերպ դիմադրում էին դրան: Եթե հայ ժողովուրդը, ապրելով հայրենի հողում, շարունակ ձուլման վտանգի էր ենթարկվում, ապա ինչպիսի մեծ վտանգի է ենթարկվում հայը՝ ապրելով օտար երկրներում, օտար ազգերի մեջ, օտար լեզվամշակութային միջավայրերում: Ասվածից միանգամայն պարզ է դառնում, թե ինչու է եղեռն վերապրած հայերի առավել հայրենասեր հատվածը բացասաբար վերաբերվում պանդխտության երեւույթին: Սփյուռքահայերի առաջին սերունդը քաջ գիտակցում է, որ «պանդխտություն» եւ «ուծացում» հասկացությունները սերտորեն կապված են իրար, եւ որ իրենց հետնորդները գնալով ավելի ու ավելի են հեռանալու ազգային արմատներից, հետզհետե կորցնելու են ազգային հիշողությունը եւ ինքնությունը: Ներկայացված երեւույթն ընդունված է անվանել «մշակութային եղեռն» կամ «սպիտակ եղեռն», որը թեեւ ավելի մարդասիրական է, քան ֆիզիկական բնաջնջումը, բայց եւ այնպես ցեղասպանության հետեւանքները, անկախ դրա իրականացման եղանակներից, բավականին նման են: Սփյուռքահայերի առավել գիտակից մասը, որի մեջ են հայ հասարակական գործիչները, արվեստագետներն ու գիտնականները, պարբերաբար բարձրաձայնում են համահայկական հիմնախնդիրների մասին, հաճախակի խոսում եւ գրում են հայոց պատմության, 1915 թ. ցեղասպանության, պանդխտության եւ ուծացման մասին: Ընդ որում՝ հայ մտավորականների լուսավորչական աշխատանքը շատ հաճախ իրականացվում է օտար լեզուներով, հիմնականում, իհարկե, անգլերենով, որպեսզի սփյուռքահայերի այն սերունդները, որոնք օբյեկտիվ պատճառներով խորթացել են մայրենի լեզվից, կարողանան տեղեկանալ ազգային գերխնդիրներին եւ իրենց լուման ներդնել դրանց լուծման գործում:
Հարկ ենք համարում նշել, որ բնավ ոչ բոլոր սփյուռքահայերն են խնդիր տեսնում ուծացման մեջ: Նման մի դեպքի մասին մենք արդեն խոսել ենք սույն հոդվածում, սակայն խնդիրն այնքան լուրջ է, որ ավելորդ չի լինի առավել մանրամասն անդրադառնալ դրան: Այսպես օրինակ՝ ամերիկահայ արձակագիր Ռիչարդ Հակոբյանի «Հեռու է գարունը» վեպի հերոսներից մեկը՝ բժիշկ Դանիելյանը, խիստ քննադատության է ենթարկում իր ազգին՝ օտարամոլության, ազգային արժեքները հասկանալու, գնահատելու ու պահպանելու անընդունակության համար: Այս բացասական հատկությունները բժիշկ Դանիելյանը հատկապես վերագրում է հայ մեծահարուստներին, որոնք, նրա խոսքերով, չեն ցանկանում իրենց ունեցվածքն ի սպաս դնել հայ ազգի շահերին, դյուրավ օտարվում են սեփական մշակույթից եւ նույն դյուրությամբ որդեգրվում օտար մշակույթների: Նրանք նաեւ պատրաստակամ են ընտանիքներ կազմելու օտարազգիների հետ, ինչն անկասկած ավելի է հեշտացնում ուծացման գործընթացը (տե՛ս R. Hagopian, Faraway the Spring, Scribners, 1952, էջ 201): Այս նույն հիմնախնդիրների մասին է գրում նաեւ ամերիկահայ արձակագիր Փիթեր Նաջարյանը՝ իր «Ուղեւորություններ» վեպում: Վերջինիս հայազգի կին հերոսներից մեկը նյութական զգալի կարողություն ունի եւ իրեն միանգամայն երջանիկ է զգում Ամերիկայում: Ավելորդ է խոսել այն մասին, որ տվյալ անձնավորությունը ոչ մի խնդիր չի տեսնում ուծացման մեջ: Սակայն «Ուղեւորություններ» վեպի մեկ այլ հերոսուհի ասում է, որ ինքը բավականին հարուստ է, բայց եւ այնպես իրեն միայնակ է զգում Ամերիկայում (տե՛ս P. Najaryan, Voyages, New York, Ararat Press, 1980, էջ 30): Ասվածից հետեւություն, որ Նաջարյանի վեպի այս հերոսուհին չի կարողանում ինտեգրվել ամերիկյան հասարակությանը եւ ամենայն հավանականությամբ դեմ է ուծացմանը: Այս նույն իրողության մասին է գրում Մարջորի Հուսեփյանն իր «Սիրով լի տուն» վեպում: Վերջինիս հերոսներից մեկը՝ Լեւոն դային, որը եւս նյութական մեծ կարողություն ունի, մոռացության չի մատնում ազգային խնդիրները եւ երես չի թեքում սեփական մշակույթից (տե՛ս M. Housepian, A Houseful of Love, New York, Random House, 1957, էջ 33, 36): Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ օտարամոլ կամ ազգասեր լինելը բնավ միշտ չէ, որ բխում է մարդու սոցիալական կարգավիճակից: Ասենք ավելին՝ նույնիսկ նյութապես ոչ այնքան ապահովված սփյուռքահայը կարող է հայրենասիրության եւ ազգասիրության պակաս դրսեւորել: Շատ բան բխում է տվյալ անձի ընտանեկան դաստիարակությունից: Կան հայ ընտանիքներ, որոնցում ազգային նիստ ու կացը, բարքերն ու սովորույթները սրբորեն պահպանվում են եւ հետեւողականորեն փոխանցվում սերնդից սերունդ եւ կան ընտանիքներ, որոնցում հայկական դաստիարակությունն ու կրթությունը համարվում են երկրորդական, ավելին՝ համարվում են իբրեւ խոչընդոտ օտար հասարակություններին լիովին ինտեգրվելու եւ տվյալ երկրի բարիքներից լիարժեք օգտվելու համար: Հարց է առաջանում, արդյոք հնարավո՞ր չէ օտար երկրում պահպանել ազգային դիմագիծը հայկական դպրոցներ ու մշակութային օջախներ ստեղծելու միջոցով, բայց միեւնույն ժամանակ չմեկուսանալ տվյալ երկրի հասարակական կյանքից: Իհարկե հնարավոր է, մանավանդ որ քաղակիրթ հասարակություններն իրենց օտարազգի քաղաքացիներին չեն պարտադրում հրաժարվել մայրենի լեզվից, մշակույթից եւ ազգային առանձնահատկություններից: Ասվածից հետեւություն, որ խնդիրն այստեղ հայրենասիրության պակասն է, որն ի դեպ՝ բնորոշ է ոչ միայն սփյուռքահայության մի հատվածին, այլեւ հայաստանցիների որոշ մասին: Հիշատակված իրողությունն անկասկած վտանգավոր միտումներ է պարունակում եւ սպառնալիք է հանդիսանում հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման առումով: Իսկ ո՞րն է խնդրի լուծումը: Թերեւս հայ մտավորականների, հասարակական գործիչների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու լայնամասշտաբ քարոզչական գործունեությունը, որն անկասկած կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել հայության գիտակցական մակարդակը, տոգորել ազգասիրության եւ հայրենասիրության ոգով եւ դրդել նրան համազգային գերխնդիրները լուծելու դժվարին, բայց եւ հույժ կարեւոր գործին:
Տիգրան ՄԱԼՈՒՄՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s