Սկիզբը՝ 2012 Սեպտ. Բ- Նոյ. Ա

Արծիվյանի կաթողիկոսությունը հաստատելը սովորական անօրինություն էր, որով Բերիայում ստեղծվում էր Կիլիկիայի հակաթոռ կաթողիկոսություն։ Եվ, իրոք, պապական պաշտոնագրերում Արծիվյանը լոկ Կիլիկիայի պատրիարք է ճանաչվում, եւ «կաթողիկոս» բառն անգամ չի գործածվում։ Սակայն Աբրահամը ճգնում էր իրեն ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոս, իսկ Մխիթարն զգացնել էր տալիս դրա իրավասություն չունենալը Կիլիկիայից դուրս։ Աբրահամն իր վրա վերցրեց Պետրոս անունը, եւ նրա հաջորդները սովորություն դարձրին Պետրոսն ավելացնել իրենց անվանը։ Աբրահամը հայտնում է, որ Պետրոս անունն իր վրա է առել ի հիշատակ Պետրոս Պիծակ պատրիարքի։ Հասկանալի է, որ Աբրահամը ոչ մի կապ չուներ Սսի կաթողիկոսության հետ եւ չէր կարող հավակնել նրանց հաջորդ լինելուն, այլ սովորական հակաթոռ էր։
Աբրահամ հակաթոռ կաթողիկոսը 1743 թվի հուլիսի 11-ին դուրս եկավ Հռոմից եւ 18-ին Լիվոռնո հասավ ու որոշ ժամանակ այնտեղ մնաց։ Նա մտածում էր Լիբանա՞ն, Կոստանդնուպոլի՞ս, թե՞ Ֆրանսիա մեկնել։ Մխիթարը նրան օգոստոսի 17-ին պատասխանում է, որ չարժե Կ. Պոլիս գնալ եւ խորհուրդ է տալիս մեկնել Ֆրանսիա, որպեսզի ֆրանսիական թագավորից նպաստ եւ պաշտպանություն ստանա Կիլիկիայի համար։ Իսկ Աբրահամը միտք ուներ անցնել Կ. Պոլիս եւ այնտեղ հատուկ պատրիարքություն հիմնել՝ հետեւելով Թասպասյանի վաղեմի խորհրդին։ Սակայն Կ. Պոլսից տագնապալի լուրեր էին ստացվում, քանի որ իր ձեռնարկն անհանգստացրել էր պատրիարքին՝ ստիպելով վերջինիս դիմել պաշտպանական միջոցների։ Նալյանի շնորհիվ նոր հրովարտակներ եղան կառավարության կողմից՝ օտարներին ապավինողների եւ ազգային իշխանությունների դեմ հանդես եկողների դեմ։ Իսկ Սսի Միքայել կաթողիկոսը երեք անգամ գնաց Բերիա՝ խռովության պարագլուխներին զսպելու։ Հրամայված էր դրանց ուղակել Ադանայի բանտը, ուստի Հակոբ եպիսկոպոսն սկզբում թաքնվեց, իսկ հետո ստիպված էր քաշվել Քրեյմի վանք։ Կաթոլիկների կողմից խլված եկեղեցին էլ ետ առնվեց եւ հանձնվեց հայադավաններին։ Արծիվյանը խնդրել էր պապին, որ նա իրեն նոր հրահանգներ տալուց զատ՝ գրի Կ. Պոլսի դեսպաններին, որ իրեն պաշտպանեն եւ պաշտոնական դիրք ստեղծեն, սակայն պապը 1743 թվի օգոստոսի 10-ի նամակով միայն խոստումներ տվեց եւ հորդորեց հույսը դնել նախախնամության վրա։ Կառավարությունն ամենուր հրամաններ տվեց, որ նրան ձերբակալեն՝ որտեղ պատահի, ու տանեն Ադանայի բանտ։ Այս լուրերի տպավորության ներքո նա օգոստոսի 10-ին դուրս եկավ Լիվոռնոյից, սեպտեմբերի 15-ին հասավ Ալեքսանդրիա եւ վախենալով ձերբակալվելուց՝ գիշերով նավ նստեց ու գնաց Բեյրութ, որտեղ զգուշավորությամբ ցամաք դուրս եկավ ու գնաց իր ապաստան Քրեյմի վանք՝ տեղ հասնելով 1743 թվի հոկտեմբերի 6-ին՝ բացակայելով Քրեյմից գրեթե երկու տարի։ Այս ուղեւորության ժամանակ նրան ուղեկցում էին Իսահակ եպիսկոպոսը, հայր Նիկողայոս Միրոյանը, որը մնաց Լիվոռնոյում։ Իսահակը նրան ուղեկցեց մինչեւ Եգիպտոս, իսկ այստեղից էլ նրան ընկերացավ Հովսեփ Ստեփանյանը կամ Այվազյանը։ Նրանք բոլորն էլ Անտոնյան միաբանության անդամներ էին։
Չնայած Արծիվյանի ահ ու դողով Լիբանան վերադառնալուն՝ նա բոլորովին չէր հրաժարվել Կ. Պոլսում հռոմեադավանների պատրիարքություն հիմնելու գաղափարից՝ նպատակ ունենալով իր իշխանության տակ վերցնելու Օսմանյան կայսրության բոլոր կաթոլիկներին, չնայած պապի տված հաստատագրով նրան իրավասություն էր տրվում միայն Կիլիկիայի կաթոլիկության շրջանակներում։ Երբ նա իմացավ, որ իր դեմ այլեւս որեւէ բան չի ձեռնարկվում, նորից կամեցավ մեկնել Կ. Պոլիս։ Դա իրականացնելու համար նա 1744 թվին ուղեւորվում է Բեյրութ եւ այնտեղից էլ նավով՝ Ալեքսանդրիա։ Թերեւս, մայրաքաղաք գալու իր ցանկության մասին նա տեղյակ էր պահել Ֆրանսիայի դեսպանին եւ լատին եպիսկոպոսին, որովհետեւ նրանք փորձում են արգելել նրա ուղեւորությունը եւ լուր են ուղարկում նրան Ալեքսանդրիա, որ Կ. Պոլիս չգա։ Նրանք հասկանում էին, որ նրան ոչնչով օգնել չեն կարող, եւ գործը կձախողվի։ Սակայն կան անձինք, որ դա վերագրել են լատին քարոզիչների ագահությանն ու լատին եպիսկոպոսի շահախնդրությանը, քանի որ հայ հռոմեադավանները, առանձին Եկեղեցի ստեղծելով, նրանց նյութական կորուստներ կպատճառեին։ Աբրահամ Արծիվյանն ստիպված էր դրա հետ համակերպվել եւ ետ վերադառնալ։ Նա Ակրայի եւ Դամասկոսի վրայով վերադարձավ Քրեյմ 1745 թվի սկզբներին եւ այդտեղից այլեւս չհեռացավ՝ հասկանալով, անշուշտ, որ իր ցանկությունները չեն կարող կյանքի կոչվել։ Անտոնյաններն այս ընթացքում չհրաժարվեցին Արեւմուտք անցնելու մտքից։ 1746 թ. ժողովում հայր Հովսեփ Այվազյանն ընտրվեց աբբահայր, եւ որոշվեց Հռոմում էլ վանք հիմնել։ Դրա համար հայր Գրիգոր Ներսիսյանը եւ հայր Պողոս Սամանճյանն ուղեւորվեցին Հռոմ։ Նրանք սկզբում մեկնեցին Կ. Պոլիս, սակայն Հռոմ անցնելու միջոցներ ու հեշտ պայմաններ չգտան։
Այս ժամանակներում Նալյանն զբաղված էր սովորական գործունեությամբ։ Նա կարողոցավ Արծիվյանի հավակնությունների դեմն առնել՝ առանց մեծ խնդիրներ առաջ բերելու։ Կաթոլիկության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին հատկապես Բերիայի շրջանում։ Արծիվյանի ձեռնարկը լրիվ խափանել չհաջողվեց, սակայն վերջինս ստիպված էր փակվել Լիբանանում, իսկ նրա հրամանով այս ու այն կողմ ուղարկված Անտոնյան միաբաններն ստիպված էին գործել խիստ գաղտնի ձեւով։
Աղթամարի կաթողիկոս Բաղդասար Բաղիշեցուց հետո պաշտոնավարեցին Սահակ Աղբակեցին, Հակոբ Ամդեցին եւ Նիկողայոս Սպարկերտցին, որոնցից վերջինը հիշատակված է 1740 թվին գրված հիշատակարանում, սակայն տեղեկություն կա, որ պաշտոնավարել է 1743 թվին։ Սա փորձեց այլեւայլ վիճակներ գրավել եւ Ալեքսանդր աբեղայի միջոցով Օսմանյան կառավարության հրովարտակն ստացավ՝ տիրելու Վանին, Բաղեշին, Մուշին եւ շրջակա վիճակներին։ Այդ հրովարտակի շնորհիվ նա վտարեց Էջմիածնի նվիրակ Հովհաննես վարդապետին՝ բռնագրավելով նրա հավաքած արդյունքը։ Ջահկեցին բողոքեց եւ Նալյանի միջոցով դրան հակառակ հրովարտակ ստացավ, որով ոչ միայն վիճակները, այլեւ արդյունքները Նիկողայոսից ետ վերադարձվեցին։ Դրանից անհանգստացած՝ Աղթամարի վիճակայինները Նիկողայոսին ուղարկում են Էջմիածին՝ թողություն ստանալու եւ Էջմիածնին հավաստելու իր հնազանդությունը։ Ջահկեցին զիջում է, Նիկողայոսին վերադարձնում է իր աթոռին՝ կարգադրելով, սակայն, որ նրանից հետո իրենք որեւէ մեկին այդ պաշտոնում չդնեն, իսկ ընտրվածին ուղարկեն Էջմիածին՝ օծվելու։ Մի քանի տարի անց Նիկողայոսը մահացավ, սակայն աղթամարցիներն ինքնագլուխ ընտրեցին ոմն Գրիգորի։ Ջահկեցու հաջորդները, հայտնվելով խառնակ ժամանակներում, դրան ուշադրություն չէին դարձնում մինչեւ Գրիգորի մահը, որը տեղի ունեցավ 1761-ին։
Այսպես կոչված՝ Աղվանից աթոռի կամ Գանձասարի կաթողիկոսությունում Եսայի Հասան-Ջալալյանի մահից հետո կացության տերը դարձավ հակաթոռ Ներսեսը, որը մինչ այդ Էջմիածնից բանադրվել էր։ Կարապետ Ուլնեցին նրա վրա ուշադրություն չէր դարձրել, իսկ Խոշաբեցին ներեց նրան եւ թույլատրեց պաշտոնավարել։ Կրետացին նրա հետ նույնիսկ բարեկամություն հաստատեց, իսկ Ղազար Ջահեկցին, խնդիրը քննելով, նրան խոստովանել տվեց, սակայն հետո նրան կապանքներից ազատեց եւ խոստումնագիր վերցնելուց հետո, որ չի ապստամբի իր դեմ, նրան կոնդակով հաստատեց իր աթոռին։ Ներսեսն ապրեց մինչեւ 1763 թիվը։
Սպահանի մետրոպոլիտության եւ Ամենափրկչի առաջնորդության գլուխ վերջինը կանգնեց Դավիթ Ջուղայեցին՝ մի ճգնազգյաց մարդ։ Նրա էության մասին գաղափար են տալիս նրա գրած կանոնները, որոնք գրեթե ամբողջությամբ վերաբերում են եկեղեցական պաշտամունքներին։ Նա պաշտոնավարեց երեք տարի եւ վախճանվեց 1728 թվի դեկտեմբերի 18-ին։ Նրան հաջորդեց եպիսկոպոս Աստվածատուր Ֆահրաբադցին՝ Աղավնի մականունով, որը հեզամիտ ու խաղաղասեր մարդ էր։ Նա պաշտոնավարեց մինչեւ 1745 թվի հունվարի 17-ը՝ թողնելով բարի անուն ու հիշատակ։ Հաջորդը եղավ Պողոս Ջուղայեցին։
Աբրահամ Կրետացին, որ հիացած էր Նադիր շահով, վախճանվեց 1736 թվի փետրվարի 15-ին։ Նրա մահից հետո՝ 1737-ին, Նադիրը հարձակվեց Ղանդահարի եւ աֆղանների վրա, քանի որ Մահմուդ շահի եղբայր Հյուսեյն խանը չէր ընդունում Նադիրի գերիշխանությունը։ Նա հեռացել էր Պարսկաստանից, սակայն հզորացած Նադիրն սկզբում գրավեց Ղանդահարն ու Քաբուլը, իսկ այնուհետեւ անցավ Ինդոս գետը եւ 1739 թվին գրավեց Մեծ Մողոլների պետության մայրաքաղաք Դելին։ Նա Հերաթում նշեց իր հաղթանակը, հետո մտավ Բուխարա, հպատակեցրեց Խարիզմը, մի պահ կանգ առավ Խորասանում՝ Մեշխեդ քաղաքում, եւ միայն հինգ տարի անց՝ 1742-ին, վերադարձավ Սպահան։ Նրա օրոք Պարսից տերության սահմանները հասնում էին Տիգրիս, Ինդոս, Օքսոս եւ Կասպից ծով։ Սակայն Նադիրն այս ընթացքում խիստ փոխվել էր՝ վերածվելով բռնակալի։ Նրա ախորժակը մեծապես բացվեց՝ հնդկական ավարը ձեռք բերելով, որից հետո նա ամեն ճանապարհով՝ բռնությամբ, ապօրինությամբ, սկսեց հարստություն կուտակել՝ ատելի դառնալով բոլորի համար։ Նրա դեմ դավադրություն կազմակերպվեց՝ Ռիզաղուլի որդու հրահրմամբ։ Նա դավադրությունից փրկվեց եւ անձամբ իր ձեռքով բրեց որդու աչքերը։ Կրոնական մոլեռանդությամբ աչքի չէր ընկնում։ Հայտնի է, որ նա թարգմանել է տվել հրեական, քրիստոնեական եւ իսլամական Սուրբ Գրքերը։ Քրիստոնեական գրքերը թարգմանելու համար դիմում է հայ վարդապետներին, որոնք դա կատարում են Գեւորգ Ջուղայեցու ղեկավարությամբ, որը մեծ րաբունապետ էր ու աստվածաբան։ Նա Ջուղայի առաջնորդ նշանակվեց 1754-ին, երբ Նադիրը 1747-ին արդեն սպանվել էր։ Թարգմանությունը կատարողները վարձատրվեցին ոսկեկար խիլաներով եւ հարյուր թումանի նվերներով։
Էջմիածնում բավական բռնակալ էր դարձել Ղազար Ջահկեցին, որը, սակայն, շինարարական գործունեություն էլ է ծավալել։ Նա կառուցեց Վեհարանը եւ իր անունով կոչված Ղազարապատ հյուրանոցը։ Այդ ամենն ուղեկցվում էր միաբանության նկատմամբ գործված բռնություններով ու հարստահարություններով, ինչը նրան մեծապես վարկաբեկել էր։ Նա ինքն էլ դարձել էր Նադիրի հարստահարության զոհը։ Նադիրը 1742 թվին նրանից պահանջեց 24000 դահեկան։ Հարստություն պահանջելու համար Նադիրը մշտապես պատճառներ ու պատրվակներ գտնում էր։ Նադիրին շահելու նպատակով Ղազարը 1745 թվին այցելության գնաց Խորասանի Մեշխեդ կենտրոն, երբ նա հնդկական հաղթական արշավանքից հետո մի պահ եկել էր հանգստանալու։ Կաթողիկոսին ուղեկցում էին Պետրոս Այնթապցի եւ Ալեքսանդր Բյուզանդացի վարդապետները, որոնք առավել հայտնի էին իրենց Քյություր եւ Քարաքաշ մականուններով։ Այստեղ պատահեց մի արկած, երբ Ղազարն իր հանցանքի համար հարվածներով ու տուգանքներով զրկվեց աթոռից, ինչը հնարավորություն տվեց տեղապահ Միքայելին եւ գործակալ վարդապետ Հովհաննես Շիրաջուն՝ մեղադրելու Քյություրին եւ Քարաքաշին, թե նրանք Ղազարի դեմ չարախոսել են Նադիրի մոտ։ Թե ո՞րն էր Ղազարի հանցանքը, եւ թե ինչպե՞ս կատարվեց գանակոծությունը, որոշակի տվյալներ չկան։ Սակայն կաթողիկոսը նաեւ տուգանվեց, ինչը ցույց է տալիս, թե նա ինչպես ազատվեց։ Աթոռազրկությունը լոկ Նադիրի հրամանն էր եւ հավանաբար չի էլ գործադրվել, այլ Ղազարը, արտաքին ձեւը պահելով, հեռացել է պաշտոնից։ Գործերը շարունակել է նրա տեղապահ Հովհաննես Ագուլեցին, որ Գողթնի առաջնորդն էր։ Այս կացությունը տեւեց վեց ամսի չափ, քանի որ նույն Հովհաննես Ագուլեցին եւ միաբանները, օգտվելով Նադիրի թոռ Շահռուհի Երեւան ու Էջմիածին այցելելուց, միջնորդեցին, որ Ղազարը կրկին վերադառնա իր աթոռին՝ պայմանով, որ Հովհաննեսն էլ վերադառնա իր առաջնորդական աթոռին։ Դա տեղի ունեցավ 1745 թվին։
Վերադառնալով իր պաշտոնին՝ Ղազարն սկսեց բռնանալ Քյություրի եւ Քարաքաշի վրա՝ կառչելով իրեն չարախոսելու փաստին։ Նա կամենում էր նրանց ընկճել եւ ստորացնել, քանի որ նրանք նրա աչքի փուշն էին դարձել՝ իրենց դիրքի ու արժանիքների պատճառով։ Նա սկսեց հարցուփորձերը, սպառնաց Թավրիզի իշխանություններին հանձնել՝ իբրեւ քաղաքական հանցագործների։ Երկու վարդապետների համարձակ պատասխանները եւ իր խաբեությունները մեջտեղ բերելը միայն զայրացրին Ղազարին, որը նրանց ֆալախայի հարվածների ենթարկեց՝ ուշաթափության աստիճանի, հետո շղթայակապ բանտարկեց։ 30 օր նրանք մնացին այդ վիճակում եւ ազատվեցին՝ միայն բռնությամբ պարտամուրհակներ ստորագրելով, բայց դա չխանգարեց, որ նրանց սենյակները կողոպտվեն, եւ նրանք եւս 50 օր մնան բանտարկված։ Ղազարին հատկապես կատաղեցնում էր Քյություրը, որն իր ընտրության ժամանակ դեմ էր եղել։ Թյություրն ազատվելուց հետո փախավ Կարս, իսկ Ղազարի զայրույթը թափվեց նրա փոքրավորների ու աբեղաների վրա։ Հետո Քյություրին խաբեությամբ համոզեց վերադառնալ։ Քյուրյուրը տեղ հասնելով ձերակալվեց, նրան ու փոքրավորներին տանջեցին, որ նրանք պահածների տեղերն ասեն, եւ նրանց չթույլատրվեց անգամ 1746 թվի մարտի 30-ին՝ Զատկի օրը, սենյակից դուրս գալ։ Ապրիլի 2-ին կաթողիկոսարանի բարապանները Քյություրին գրեթե մերկացնում են, գետնին գցելով՝ գլուխն ու մորուքը սափրում, մորթուց մի գարշահոտ հանդերձ նրա վրա նետելով՝ տանում են Սեւան եւ ապրիլի 6-ին բանտարկում՝ միայն չոր հացով կերակրելով։ Քյություրն այնտեղ մնաց վեց ամիս եւ միայն 1746 սեպտեմբերին, Սեւանի միաբանների միջնորդությամբ, նրա շղթաները հանվեցին, եւ Ղազարի թույլտվությամբ՝ նա վանքի մեջ ազատ շրջելու իրավունք ստացավ։ Հուսահատված Քյություրը փոթորկի ժամանակ անթիակ նավակով հաջողեց ցամաք դուրս գալ եւ հետո էլ, առանց ճանաչվելու, գնաց Կարին։ Ղազարը փորձեց Երեւանի խանի միջոցով Քյություրին ձերբակալել ու ետ բերել, սակայն Կարնո փաշան նրան չհանձնեց։ Ավելին. նա նրան խորհուրդ տվեց Կ. Պոլիս գնալ ու իր գործերը կարգավորել։
Քյություրը Կ. Պոլիս հասավ 1747 թվի սկզբներին։ Նրա պատմածները ցնցող տպավորություն թողեցին հոգեւորականների եւ աշխարհիկ մեծամեծների վրա։ Իր հերթին Ղազարը շարունակում էր գրգռիչ քայլեր ձեռնարկել Քյություրի դեմ։ Քարաքաշը մի կողմ էր քաշվել, եւ Ղազար Ջահկեցին իր ատելությունը թափեց Հակոբ Շամախեցի եւ Հովհաննես Շիրաջի վարդապետների վրա, թեպետ վերջինն էր քսություն արել Քյություրի եւ Քարաքաշի դեմ։ Ղազարն սկսեց բռնանալ աշխարհիկ մեծամեծների, հատկապես՝ Հարովենի եւ Խաչիպապի վրա, որ Երեւանի գլխավորներից էին. համապատասխանաբար՝ քալանդար եւ մելիք, այսինքն՝ ազգապետ եւ գործակալ։ Պարսկաստանը հայտնվել էր անիշխանության մեջ։ Նադիրը, իմանալով, որ պարսից մեծամեծներն իր դեմ են, պատրաստվում էր աֆղանների ձեռքով նրանց կոտորել, սակայն նրանք նրան կանխեցին ու 1747 թվին սպանեցին։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s