Խոսքը վերաբերում է Անիի հայոց (Բագրատունյաց) թագավորությանը, որը 1045 թ. այլեւս ու մեկընդմիշտ վայր է իջնում հայոց պատմության թատերաբեմից: Մի ողբերգական դրամա, որն սկսվել էր վաղուց եւ իր տրամաբանական ավարտին հասավ վերոնշյալ թվականին: Ընկավ Անին, ընկավ Անիի հզոր փառքը, հայոց պետականությունն ստացավ ողնաշարի ոչ թե հերթական վերքը, այլ անբուժելի ու մահացու հարված:
1045 թ. հետո հայկական բարձրիկ լեռնաշխարհում այլեւս պետականության արեւը չի ծագի` ընդհուպ մինչեւ 20-րդ հարյուրամյակ` 1918-20-ական թվականները: Անիի անկման հազարամյա դասը եւս մեկ անգամ արձագանքում է, որ մեր հակառակորդները թագավորից հետո պետականություն, ուժ, գործոն եւ խորհրդանիշ էին համարում հայոց կաթողիկոսությունն ու կաթողիկոսին եւ ձգտում նույն կերպ հարվածել ու կործանել վերոնշյալ հաստատությունը:
Մեր պատմության էջերում շատ են գրվել ու խոսվել Անիի անկման պատճառների մասին: Շատ է գրվել ժամանակի հայոց կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի՝ այդ ճակատագրական օրերի ու դեպքերի մեջ ունեցած դերակատարության վերաբերյալ:
Սակայն չափազանցվում է մի բան: Կաթողիկոսը երբեք էլ գիտակցաբար չէր գնա հայոց պետականությունը խարխլող ուղիով: Պարզապես դեպքերն ու ժամանակները նպաստել են այդ հանգամանքին եւ դարերի հոլովույթում գծագրել Գետադարձ կաթողիկոսի խիստ բացասական կերպարը: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր (հոգեւորական թե աշխարհիկ) նպաստեցին բյուզանդացիների կողմից Անիի գրավմանը եւ դրանով իսկ հայկական պետականության վերացմանը, հետագայում չարաչար զղջացին իրենց կատարած քայլերի համար:
Պատմության էջերում բազմիցս քննվել ու քննարկվել է Անին Բյուզանդական կայսրությանը կտակելու առեղծվածը: Պատճառներից ու հետեւանքներից զատ, վեր է խոյանում հեղինակների հարցը. ովքե՞ր եւ ինչո՞ւ…
Պատմական երկու դեմքեր, խոշոր անհատներ մշտապես կանգնում են պատմության ու սերունդների առջեւ: Նրանք են` հայոց արքա Հովհաննես-Սմբատ Բագրատունին եւ հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Որոշ վկայություններ կան, որոնք հավաստում են, որ կաթողիկոսը Տրապիզոն քաղաքում բյուզանդացի կայսեր հետ վարած բանակցություններում առավելապես հենվել է թագավորի հանձնարարականների վրա եւ կատարել վերջինիս կամքը: Մինչդեռ պակաս զորավոր չեն նաեւ հակառակն ապացուցող փաստերն ու տրամաբանական ենթադրությունները:
Հիշատակելի է հետեւյալ փաստը: Տրապիզոնում ամոթալի գործարքի կնքումից հետո Պետրոս Գետադարձն անմիջապես չվերադարձավ Անի, այլ ավելի քան չորս տարի մնաց Արեւմտյան Հայաստանում (Բյուզանդիային ենթակա հատվածում): Ակներեւ է, որ խիստ սրվել ու լարվել էին հարաբերությունները կաթողիկոսի եւ թագավորի միջեւ: Սակայն այդ ամենը` թագավորի ուշացած զգաստությունն ու իրավիճակի ստափ ընկալումը, այլեւս ի զորու չէին փոխելու հայոց պատմության հետագա ընթացքը:
Ժամանակի մեծ ու փոքր հակասություններով, գժտություններով ու պառակտումներով լեցուն միջավայրը ծնել էր համազգային մեծ ողբերգությունը, որը շուտով ի կատար էր ածվելու Անիի անկմամբ: Բյուզանդական խորամանկ դիվանագիտությունը ճարպկորեն խաղարկեց Հովհաննես-Սմբատի կտակը՝ հուսահատության մատնելով հայոց արքունական ու հոգեւոր շրջանակներին:
Այն պահին, երբ Կոստանդնուպոլիս հրավիրված Գագիկ 2-րդ արքան հայտնվեց բյուզանդական գերության ճիրաններում, Անիում էլ ավելի սրվեց բարդ ու լարված իրավիճակը, եւ առավել գերակա դարձան հուսահատական ու պարտվողական տրամադրությունները: Այս իրավիճակում կաթողիկոսը ոչ միայն չնպաստեց հայրենասիրական ուժերի միավորմանը, այլեւ իր գործողություններով փութացրեց քաղաքի հանձնման գործընթացը:
Ի վերջո, Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն ընկավ հակառակորդի ձեռքը: Կարճ ժամանակ քրիստոնյա կայսրության կառավարիչները ցույց տվեցին իրենց գաղութարարական քաղաքականության իսկական դեմքն ու ձեռագիրը: 1046 թ. աշնանը բյուզանդական նոր կուսակալը՝ Կատակոլոն Կեկավմենոսը, Անիից հեռացրեց հայոց կաթողիկոսին՝ հայտարարելով, թե կայսրը հրամայել է, որ վերջինս հաստատվի Արծն քաղաքում: Այսինքն` թագավորի գահազրկումից հետո մեկուսացվում է հայոց ինքնուրույնության երկրորդ սիմվոլը` կաթողիկոսը:
Արծն ուղեւորված կաթողիկոսին արգելափակված պահեցին մինչեւ 1047 թ. կեսերը, որից հետո փոխադրեցին Կոստանդնուպոլիս: Այստեղ երեք տարի պահելուց հետո նրան թույլատրում են բնակություն հաստատել Սեբաստիայում:
Թեեւ բյուզանդացիները հայոց կաթողիկոսի հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին, այնուամենայնիվ որոշ փաստեր վկայում են, որ նրանից նաեւ զգուշանում էին, քանզի հունասեր կաթողիկոսը զղջացել էր իր նախորդ վարքագծի համար եւ հավանաբար հոգու խորքում որդեգրել էր նոր դիրքորոշում: Այդ է վկայում պատմիչ Արիստակես Լաստիվերցու այն տեղեկությունը, թե բյուզանդացիները բռնի պահում էին կաթողիկոսին, քանզի կասկածում էին, որ եթե նա հասնի հայրենիք, «երթեալ ապստամբեցուցանէ զԱնի» (Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերցւոյ, Ե, 1963, էջ 82):
Ահա այսպիսի տխուր, ողբերգական ճակատագիր բաժին հասավ հայոց կաթողիկոսին, որն անհրաժեշտ իմաստնությունը չունեցավ՝ ժամանակին նկատելու եւ գնահատելու բյուզանդական նենգավոր քաղաքականության հնարավոր կործանարար հետեւանքները: Ի վերջո, ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատ արքան եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Ավելի քան 10 հարյուրամյակ է անցել նրանց գործունեության ժամանակաշրջանից, սակայն մինչեւ օրս նրանք հեռակա կարգով շարունակում են մնալ պատմության եւ հայոց սերունդների բարոյական դատաստանի առջեւ:
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s