Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

(Մեկնություն Երանիների)

 

«Եվ տեսնելով ժողովրդի բազմությանը՝ բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան Իր աշակերտները: Բացեց Իր բերանը եւ ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2):

Տե՛ս [Տիրոջ] նվաստությունն ու խոնարհությունը. նրանց Իր հետ չէր շրջեցնում, այլ երբ հարկ էր բժշկել նրանց, Ինքն էր գնում ամենուր եւ քաղաքների ու գավառների խնամարկու լինում, իսկ երբ մեծ բազմություն էր հավաքվում, նստում էր մի տեղում: Այն էլ ո՛չ քաղաքի եւ ո՛չ էլ հրապարակի մեջտեղում, այլ լեռան վրա եւ անապատում, որպեսզի մեզ խրատի՝ չգործել ցուցադրաբար՝ մարդկանց աչքի առջեւ, եւ հեռու մնալ բազմությունից, հատկապես երբ պետք է եւ պատշաճ է զգաստանալ եւ խոսել կարեւոր բաների մասին:

«Եվ երբ այնտեղ նստեց, ասում է, նրա մոտ եկան աշակերտները»: Տեսնո՞ւմ ես՝ ինչպես էր աճել [նրանց] առաքինությունը. ինչպես էին միանգամից ազնվացել. որովհետեւ եկել եւ բազում հրաշքներ էին տեսել, ցանկանում էին նաեւ լսել մեծ ու բարձրագույն բաներ: Եվ հենց այդ էլ Նրա ուսուցանելու եւ այս խոսքերն ասելու պատճառը դարձավ: Քանզի Նա բժշկում էր ոչ միայն մարմինները, այլ նաեւ ուղղում էր հոգիները, ապա հոգիներին խնամարկելուց վերադառնում էր մարմինները դարմանելուն՝ Իր վարդապետության պես-պես ու զանազան օգտաշահ խոսքերը խառնելով գործերին: Եվ փակում էր անամոթ հերձվածողների բերանները: Միաժամանակ դարմանում էր երկուսը, որպեսզի մերթ մեկը եւ մերթ մյուսը ուղղության բերելով` ցույց տա, որ ողջ կենդանության Արարիչն Ինքն է: Ինչպես որ արեց այդ ժամանակ:

«Բացեց Իր բերանը, ասում է, եւ ուսուցանեց նրանց» (Մատթ. Ե 1-2): Եվ ինչո՞ւ. «Բացեց Իր բերանը». որպեսզի իմանաս, որ խրատում էր, մինչ լուռ էր եւ ոչ միայն, երբ խոսում էր, այլ մերթ Իր բերանը բանալով եւ մերթ Իր գործերով էր խոսում: Իսկ երբ լսես, թե սովորեցնում էր նրանց, մի՛ կարծիր, թե միայն Իր աշակերտների հետ էր խոսում, այլ նրանցով՝ բոլորի հետ: Եվ քանի որ շատերը դեռ տգետ էին, անարգ ու երկրասեր, այդ պատճառով էլ աշակերտների գունդն Իր շուրջը բերելով՝ նրանց է ուղղում խոսքը: Որպեսզի նրանց հետ խոսելով՝ բոլոր մյուսներին, ովքեր խիստ կարիքն ունեն այդ խոսքերի, անձանձրույթ լսել տա իմաստության վարդապետութունը: Ղուկասը, այս նկատի ունենալով, ասում է. «Խոսքը դարձրեց Իր աշակերտներին», Մատթեոսը, նույնը ցույց տալով, գրում է. «Նրա մոտ եկան աշակերտները» եւ. «Ուսուցանեց նրանց», որպեսզի նաեւ ուրիշները հոժարեն լսել:

Արդ, ինչի՞ց է սկսում, կամ ի՞նչն է դնում մեր նոր առաքինության հիմքում: Լսեցե՛ք ուշադիր. քանզի ասաց նրանց եւ բոլորին, եւ գրվեց նրանց համար, ովքեր պիտի լինեին նրանցից հետո, ուստիեւ աշակերտներին նայելով՝ ասում է ամբողջ տիեզերքին, որպեսզի Իր խոսքերը հաստատի ոչ միայն նրանց մեջ, այլ բոլորին ուղղի երանիները: Քանզի չասաց, թե՝ երանի կլինի ձեզ, եթե աղքատանաք, այլ թե՝ երանի՜ աղքատներին: Թեեւ ասում էր նրանց մասին, բայց Նրա խոսքերը խրատ էին բոլորին: Երբ ասի, թե՝ «Ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերին, մինչեւ աշխարհի վախճանը», նկատի պիտի ունենա ոչ միայն նրանց, այլ նրանցով ամբողջ տիեզերքը: Եվ երբ երանի տա նրանց՝ հալածվողներին, հանիրավի չարչարանքներով չարչարվողներին, պսակ է բոլորում ոչ միայն նրանց, այլ նաեւ բոլոր մյուսների համար, որ այդ ամենից հետո ուղղության կգան: Բայց որպեսզի ավելի պարզ լինի, եւ դու սովորես, որ ասվածները նաեւ քեզ են վերաբերում, լսի՛ր, թե ինչպիսի սքանչելի խոսքերով է սկսում.

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3): Ի՞նչ է նշանակոմ հոգով աղքատ, եթե ոչ խոնարհ եւ սրտով բեկված: Այստեղ հոգի ասելով՝ նկատի ունի շունչը եւ կամքը: Քանզի շատերը կան, որ խոնարհ են ոչ թե իրենց կամքով, այլ ակամա եւ ստիպողաբար: Թողնենք այդպիսիներին, քանզի գովեստը եւ պատիվը նրանցը չէ, այլ նրանցը, ովքեր իրենց կամքով են խոնարհեցնում ու ցածրացնում իրենց անձը. նախ երանի է տալիս այդպիսիներին:

Իսկ ինչո՞ւ չասաց՝ խոնարհներին, այլ՝ աղքատներին: Որովհետեւ սրանք նրանցից ավելի շատ են: Եվ այստեղ աղքատներ է անվանում նրանց, ովքեր երկյուղում են Աստծո պատվիրաններից: Այս նաեւ Եսայի մարգարեի միջոցով էր ասում. «Ո՞ւմ կնայեմ, եթե ոչ խոնարհներին ու հեզերին եւ նրանց, ովքեր դողում են Իմ խոսքերից»:

Եվ քանի որ խոնարհության բազում օրինակներ կան, եւ մեկը ինչ-որ չափով է խոնարհ, մյուսը՝ ամենայն առաքինությամբ: Այս խոնարհությունը պատվելով՝ նաեւ մարգարեն է գովում եւ մտքի ցածությունը չէ, որ հաստատուն է համարում, այլ սրտի բեկումը՝ այդ մասին ասելով. «Բեկված հոգին է Աստծո պատարագը, եւ բեկված ու խոնարհ սիրտն Աստված չի արհամարհում» (տե՛ս Սաղմ. Ծ 19): Երեք մանուկները, մեծ պատարագի փոխարեն հենց սա մատուցելով Աստծուն, հնոցի մեջ ասում էին. «Այլ բեկված աձամբ եւ խոնարհ հոգով ընդունելի թող լինենք»: Հենց այս է Քրիստոսը երանում այստեղ: Քանզի չարիքների բազմությունները, որոնք ապականեցին ողջ աշխարհը, գոռոզությունից մտան. բանսարկուն, մինչ այդ այդպիսին չէր, այլ հետո դրանով բանսարկու դարձավ: Պողոսը նույնպես ասում է. «Որպեսզի չհպարտանա եւ չընկնի սատանայի դատաստանի մեջ»: Քանզի առաջին մարդը, թշնամու սնոտի հույսով լցվելով, ամբարտավանացավ եւ մահկանացու դարձավ. կարծելով, թե աստված կլինի, կորցրեց այն ամենը, ինչ ոկներ: Եվ Աստված, նրա անմտությունը նախատելով, հեգնելով ասում էր. «Ահա Ադամը եղավ իբրեւ մեկը մեզնից»: Եվ յուրաքանչյուր ոք, ով դրանից հետո կործանվում էր ամբարշտությամբ, տենչում էր Աստծուն հավասար լիներ:

Եվ քանի որ սա է չարիքի սկիզբը, արմատն ու բխումը, ուստիեւ յուրաքանչյուր ախտի համար դեղ է պատրաստում. իբրեւ հաստատուն ու անսասան հիմք նախ այս օրենքն է դնում, որպեսզի երբ սա հաստատուն զգուշությամբ ամրանա ներքեւում, ապա կառուցողը բոլոր մյուսները առանց խոչընդոտի կդնի դրա վրա: Իսկ եթե սա վերացնի, եթե անգամ մինչեւ երկինք բարձրանա եւ հասնի առաքինացողը, ամբողջը հեշտությամբ կքանդվի, ցած կընկնի եւ կկործանվի: Եթե լինեն պահք, աղոթքներ, ողորմություն, զգաստություն եւ ուրիշ բարիքներ ժողոված լինես, առանց խոնարհության կխաթարվեն ու կկորչեն բոլորը: Այդ պատահեց փարիսեցուն. նա հասել էր աստվածահաճո բոլոր գործերի գագաթին, բայց կորցրեց ամենն ու իջավ չարիքների հատակը, քանզի իր մեջ չուներ բոլոր բարիքների մայրը: Ինչպես որ բոլոր չարիքների աղբյուրը հպարտությունն է, այդպես էլ խոնարհությունն է սկիզբը ամենայն ցածության: Այդ պատճառով էլ սկսում է՝ լսողների մտքից արմատախիլ անելով ամբարտավանությունը:

Իսկ ի՞նչ հարկ կար այս ասել աշակերտներին, քանզի նրանք ամբողջովին խոնարհ էին (ամբարտավանության պատճառ էլ չունեին, քանզի ձկնորսներ էին, աղքատ, աննշան ու տգետ մարդիկ): Նա ոչ թե աշակերտներին էր ասում, այլ նրանց, ովքեր այն ժամանակ այնտեղ էին, եւ նրանցից հետո պիտի ընդունեին:

Շարունակելի

 

Գրաբարից փոխադրեց

 

 Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

Թողնել մեկնաբանություն