Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

(մեկնություն Երանիների)

Սկիզբը՝ թիվ 13 (2010 Հուլիս Ա)

 
Տեսնենք ճառի միտքը. եւ որպեսզի դրանով չարհամարհեն նրանց, ասենք, թե առավելապես աշակերտներին էր վերաբերում. թեպետեւ ոչ այն ժամանակ, սակայն ավելի ուշ՝ նշաններից, սքանչելիքներից, ամբողջ աշխարհի կողմից պատվվելուց եւ Աստծո առջեւ համարձակություն ունենալուց հետո, նրանց այնպիսի՜ զգուշություն էր անհրաժեշտ: Որովհետեւ ո՛չ մեծությունը, ո՛չ հարստությունը եւ ո՛չ անգամ թագավորությունը չէին կարող այնպես հպարտացնել, ինչպես նրանց ժամանակի դեպքերը:

Դարձյալ՝ քանզի նշաններից առաջ նրանց կարող էր հպարտացնել մեծ ամբոխը. Վարդապետի շուրջ եկող ու կուտակվող բազմությունը կարող էր հիվանդացնել նրանց մարդկային ախտով: Ուստիեւ անմիջապես կանգնեցնում է նրանց այդպիսի մտքերը՝ ոչ թե խրատելով կամ հրամայելով, այլ ճառելով երանությունները, որպեսզի տաղտկալի չդարձնի Իր խոսքը եւ բոլորի համար ճանապարհ հարթի դեպի Իր ուսուցումները: Չի ասում, թե՝ երանելի են այսինչը կամ այնինչը, այլ թե՝ բոլոր նրանք, ովքեր կանեն այդ ամենը: Եթե ծառա ես, աղքատ կամ տնանկ, օտարական կամ շինական եւ նախանձախնդիր ես այսպիսի առաքինության, քեզ ոչինչ չի արգելում լինել երանելի:

Արդ, սկսելով դրանից, սկզբում մատուցելով այն, ինչից առավել էր պետք խորշել, ողջ տիեզերքին իբրեւ պատգամ էր բերում մյուս պատվիրանը, որ հակառակ էր կարծվում. [այս աշխարհում] երանելի են համարվում ուրախացողները, իսկ տրտմության, աղքատության ու սգի մեջ եղողները համարվում են խղճալի ու եղկելի, Նա, նրանց փոխարեն ահա սրանց երանի տալով, ասում էր, թե՝ «Երանի՜ սգավորներին», ովքեր խղճալի են կարծվում բոլորի կողմից:

Հենց դրա համար սկզբում նշաններ գործեց, որպեսզի երբ այսպիսի օրենք դնի, հավատալի լինի: Եվ դարձյալ՝ այստեղ երանի է տալիս ոչ թե դատարկ բաների համար սգացողներին, այլ նրանց, ովքեր սգի մեջ են իրենց մեղքերի պատճառով. որովհետեւ խստորեն արգելված է այն սուգը, որ աշխարհի կյանքի համար է: Որը եւ Պողոսն է հայտնի դարձնում՝ ասելով. «Աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում, իսկ տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում» (տե՛ս Բ Կորնթ., Է 10):

Արդ, Ինքն այստեղ երանի է տալիս նրանց, ովքեր այդպես են տրտմում. ոչ թե անխորհուրդ տրտմողներին, այլ նրանց, ովքեր մեծապես տրտմում են [իրենց մեղքերի պատճառով]: Այդ պատճառով էլ չի ասում՝ երանի՜ տրտմողներին, այլ՝ երանի՜ սգավորներին:

Այս պատվիրանը զգաստության ուսուցիչ է. եթե նրանք, ովքեր սգում են իրենց կնոջ, որդիների կամ այլ հարազատների մահվան պատճառով, չեն ցանկանում ո՛չ ունեցվածք եւ ո՛չ էլ մարդու գեղեցկություն, քանի դեռ ցավն իրենց սրտում է, ո՛չ փառք են բաղձում, ո՛չ իրենց թշնամիների վրա են զայրանում, ո՛չ նախանձում են, ո՛չ էլ մեկ այլ ախտից այրվում, այլ միայն սգում են, ապա որքա՜ն առավել են զգաստանում նրանք, ովքեր, ինչպես արժան է, սգում են իրենց իսկ մեղքերի համար:

Ապա, իբրեւ այդ առաքինության հատուցում, ավելացնում է.

«Որովհետեւ նրանք կմխիթարվեն»:

Արդ, ասա՛, որտե՞ղ կմխիթարվեն:

Ե՛վ այստեղ, ե՛ւ այնտեղ:

Քանի որ հրամանը հույժ ծանր էր ու տաղտկալի, խոստանում է առավել չափով հատուցել: Այսինքն՝ եթե կամենում ես մխիթարվել, մտի՛ր սգի մեջ, մի՛ կարծիր, թե ասվածն այլաբանություն է: Քանի որ եթե անգամ բյուրապատիկ տրտմությունների փոթորիկներ թափվեն քեզ վրա, բոլորից վեր կլինես, եթե Աստված մխիթարի քեզ: Աստված քո չարչարանքից շատ ավելի մեծամեծ բաներ կտա: Ինչ որ այստեղ իսկ արեց. սգավորներին երանելի ասաց՝ ոչ ըստ նրանց արժանավորության, այլ ըստ Իր մարդասիրության: Քանզի իրենց մեղքերի համար սգացողներին բավական է հենց այն, որ արժանանան թողության եւ պաղատանքներ ու աղերսներ դնեն Իր առջեւ: Իսկ Ինքն այնքան մարդասեր է, որ իբրեւ պարգեւ՝ բավական չի համարում նրանց՝ տանջանքներից ու մեղքերից ազատվելը, այլ երանելի եւ մեծ մխիթարության արժանի էլ է դարձնում: Իսկ սգալ հրամայում է ոչ միայն սեփական անձի, այլ նաեւ ուրիշների համար, ինչպես սրբերի հոգիներն էին՝ Մովսեսի, Պողոսի կամ Դավթի. քանզի նրանք եւ բոլոր նրանց նմանները բազում անգամ սգում էին ուրիշների չարիքների համար:

«Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրը»:

Ո՞ր երկիրը: Ոմանք ասում են, թե իմանալի երկիրը: Բայց այդպես չէ: Որովհետեւ Գրքում ոչ մի տեղ չենք գտնում, թե իմանալի երկիր ասվի: Ըստ խոսքի՝ նաեւ հատուցումն է ցույց տալիս: Ինչպես որ Պողոսն է, ըստ Հնի (պատվիրանի), ասում. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը եւ երկար կապրես երկրի վրա» (Եփես. Զ 1): Եվ Ինքն իսկ՝ Տերը, ավազակին ասաց. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես»: Եվ այժմյան, այլ ոչ թե ապագա բարիքներով է հոժարեցնում՝ թանձրամիտ լսողների պատճառով, ովքեր հանդերձյալից առաջ խնդրում են այժմյանը:

Ուստիեւ առաջ անցնելով՝ ասում է. «Նախ հաշտվիր քո ոսոխի հետ», Նա նույնին ավելացնում է այդպիսի առաքինության հատուցումը. «Գուցե, ասում է, ոսոխը քեզ մատնի դատավորին, իսկ դատավորը՝ դահճին»: Տեսնո՞ւմ ես՝ այստեղ վախեցնում է տեսանելի, այստեղ գտնվող, շատ մոտ եւ ոտքերիդ դիպչող բաներից: Դարձյալ ասում է, թե՝ «Ով եղբորը հիմար անվանի, պարտական կլինի դատաստանի»: Պողոսը նույնպես բազում տեսանելի հատուցումներ է սահմանում եւ հոժար է դարձնում մոտակա բաներին. այսպես՝ երբ խոսում է կուսության մասին, ոչինչ չի ասում երկնավոր բաների մասին, այլ այստեղինին է հոժարեցնում. «Այն նեղության պատճառով, որ ներկայումս կա, ես պիտի խնայեի ձեզ եւ կամենում եմ, որ անհոգ լինեք» (տե՛ս Ա Կորնթ., Է 25, 28): Այդպես Քրիստոսը հոգեւոր բաներին խառնեց տեսանելի բաները: Քանզի այնպես է կարծվում, թե հեզը կկորցնի իր ամեն ինչը, դրա հակառակը խոստանալով՝ Նա ասում է, թե նա է, որ զգուշությամբ կունենա ամեն բան, ով չի լինի հանդուգն ու ամբարտավան: Իսկ հպարտ մարդը նաեւ իր հայրենի ունեցվածքից կզրկվի եւ հաճախ կթշնամանա իր հարազատների հետ անգամ:

Դարձյալ՝ Հնում մարգարեն ասում է, թե՝ «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը». այն ժամանակ ընտանի եւ ծանոթ բաներին է խառնում իր միտքը, որպեսզի ամենուր օտարոտի ու այլալեզու չկարծվի:

Այս ասելով՝ ոչ միայն ներկայում հաստատապես հատուցելու մասին է խոսում, այլ նաեւ ապագա պարգեւի: Եթե հոգեւոր բան է ասում, դրանով չի վերացնում ներկա կյանքի պարգեւը եւ եթե այս կյանքում բան է խոստանում, միայն դրա մեջ չէ, որ հաստատում է Իր կարողությունը: «Խնդրեցե՛ք, ասում է, Աստծո արքայությունը եւ Նրա արդարությունը, եւ այս ամենը պիտի տրվի ձեզ ավելիով»: Դարձյալ ասում է. «Եթե մեկը թողնի իր տունը, եղբորը, հորը կամ մորը, կնոջը, որդիներին կամ ագարակները Իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա այս աշխարհում եւ հավիտենական կյանքը պիտի ժառանգի»:

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության»: Ո՞ր արդարության: Կա՛մ ասում է բոլոր առաքինությունների, կա՛մ դրանց մի մասի՝ ագահ չլինելու մասին: Քանի որ պատվիրան պիտի տար ողորմածության մասին, ցույց է տալիս, թե ինչպես է պատշաճ ողորմել. ո՛չ հափշտակածից եւ ո՛չ ագահաբար [ձեռք բերածից]: Երանի է տալիս նրանց, ովքեր արդարություն են փափագում: Եվ տե՛ս, թե որքան առավել է համարում նրանց. չասաց, թե՝ երանի՜ նրանց, ովքեր արդարության կողմնակից են, այլ թե՝ «Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության»: Որպեսզի ոչ թե հենց այնպես, այլ ողջ ցանկությամբ վայելենք նրա մեջ:

Ագահ մարդկանց բնորոշ է ոչ այնքան կերակուր եւ ըմպելի, որքան շատ ունեցվածք եւ շքեղ հագուստներ ցանկանալը, արդ, որպեսզի հրամայի թոթափել ագահությունն ու այսպիսի ցանկությունը, դարձյալ սահմանում է տեսանելի հատուցում. «Որովհետեւ նրանք պիտի հագենան»: Բազում մարդիկ կարծում են, թե շատերին է ագահությունը հարուստ դարձնում. Նա ասում է դրա հակառակը, թե արդարությունն է այդ անում: Եվ արդ, երբ արդարություն գործես, մի՛ վախենա աղքատությունից, մի՛ վախենա սովից. հենց հափշտակողներն են, որ զրկվում են ամեն բանից, իսկ արդարություն ցանկացողները ամեն բան ունեն ապահովաբար: Ովքեր չեն ցանկանում ուրիշի ունեցվածքը, այնպիսի մեծության մեջ կվայելեն, որքան նրանք, ովքեր իրենցն են բաշխում ուրիշներին:

«Երանի՜ ողորմածներին»: Ինձ այնպես է թվում, թե ասում է ոչ միայն իրենց ունեցվածքից ողորմություն տվողների, այլ նաեւ նրանց մասին, ովքեր ինչ-որ կերպ օգնական են լինում: Որովհետեւ շատ են ողորմածության կերպերը, եւ ընդարձակ է այս պատվիրանը: Իսկ ի՞նչ հատուցում ունի այն: «Որովհետեւ նրանք, ասում է, ողորմություն պիտի գտնեն»: Թվում է, թե հատուցումը սովորական է այդ առաքինության համար, բայց այն ավելի մեծ է, քան արդարությունը: Նրանք ողորմում են իբրեւ մարդիկ, իսկ իրենք ողորմություն են գտնում բոլորի Աստծուց. իսկ մարդկային ողորմությունը հավասար չէ աստվածային ողորմությանը. որքան անջրպետ կա բարության ու չարության, նույնքան էլ մարդկային ու աստվածային ողորմության միջեւ:

Շարունակելի

 

Գրաբարից փոխադրեց Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

Թողնել մեկնաբանություն