Կարապետ Բ Ուլնեցու մահը համընկավ Երեւանի նահանգում քաղաքական անհանգիստ իրադարձությունների հետ։ Երկրամասը դեռ օսմանյան տիրապետության ներքո էր, սակայն պարսիկները բոլորովին էլ մտադիր չէին հաշտվել այդ իրողության հետ։ Աֆղանստանի Մահմուդ տիրակալի բռնակալ իշխանությունը վերջ էր գտել եղերական ձեւով։ Չորս տարվա արյունռուշտ գահակալությունից հետո նա հանկարծ որոշել էր ապաշխարել, որի համար 1725-ին մուտք էր գործել մի մութ քարանձավ, խոշտանգել ինքն իրեն եւ 15 օր անց դուրս եկել այնտեղից՝ մոլեգնած այն աստիճանի, որ պատրաստ էր անգամ իր միսն ուտելու։ Նրա մայրը եւ եղբորորդի Աշրաֆը նրան պարզապես խեղդել տվեցին, եւ վերջինս Սպահանում տիրացավ իշխանությանը։ Ատրպատականում շարունակում էր իշխել Թահմազ շահը, իսկ օսմաններն ու ռուսները միմյանց միջեւ էին բաժանում Սեֆյան Պարսկաստանի նշանակալից մասը։ Թե՛ Աշրաֆը եւ թե՛ Թահմազը պատրաստ էին իրենց իշխանությունն ապահովել՝ կորցրած տարածքների գնով, երբ քաղաքական ասպարեզում հայտնվեց թուրքմենական աֆշար ցեղի ստորին խավերից Նադիրը, որն ալեկոծ կյանք ունեցավ։ Նա եղել էր ավազակապետ, սարսափ ազդել շատերի վրա եւ անպարտելի մարդու համբավ ձեռք բերել։ 1726-ին, երբ նա Խորասանում էր թափառում, անցավ Թահմազի կողմը։ Աշրաֆը պարտություն կրեց նրանից եւ փախավ Սպահանից, եւ Թահմազը Նադիրի օգնությամբ հաղթանակով մտավ երկրի մայրաքաղաք Սպահան։ Աշրաֆն սպանվեց, իսկ նրա զորքը պարտվեց։ Ահա այս օրերին էր, որ մահացավ Կարապետ Բ կաթողիկոսը, երբ թուրքերը դեռ տիրում էին Երեւանի խանությանը։ Հասկանալի է, որ նոր կաթողիկոսի ընտրությունը եղավ օսմանյան հովանավորությամբ, բայց արդեն՝ Մայր Աթոռում։ Կաթողիկոսության աթոռը հանձնվեց Աբրահամ եպիսկոպոսին՝ Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդին, որին այդ պաշտոնում նշանակել էր Գրիգոր Շղթայակիրը՝ հեռանալուց առաջ։ Աբրահամը Գրիգորի եղբորորդին էր եւ աշակերտակիցը, ուստի շատ հավանական է, որ նրա թեկնածությունն առաջ քաշեցին Հովհաննես Կոլոտը եւ Շղթայակիրը։ Մայր Աթոռի միաբաններն էլ դրան չընդդիմացան, եւ Աբրահամը, որ բնիկ խոշաբեցի էր, դարձավ կաթողիկոսության աթոռի թեկնածու։ Հարկ է նշել, որ Շղթայակիրը շիրվանցի էր, իսկ Աբրահամը պատկանում էր Ամրդոլու վանքից Գլակ տեղափոխված միաբանների թվին։ ժամանակակիցները նրան բնութագրել են որպես առաքինի ու ճգնազգյաց անձ։ Նա իր գործունեությամբ օգտակար էր եղել Գլակավանքին, օգտակար եղավ նաեւ Մայր Աթոռին։ Նա առաջացած տարիք ուներ եւ երկար չպաշտոնավարեց, իսկ ժամանակները նպաստավոր չէին մեծ ձեռնարկների համար։
Աբրահամը կաթողիկոս ընտրվեց 1730 թվին, սակայն ստույգ ժամանակը հայտնի չէ։ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ նրա օծումը եղավ գարնանը՝ մարտ ամսին՝ Զատկին մոտ, որ այդ տարի ընկնում էր մարտի 29-ին։ Նա հովվապետեց 4 տարի եւ 9 ամիս՝ իր մահկանացուն կնքելով 1734 թվի նոյեմբերի 11-ին։ Նրա գործունեության մասին շատ քիչ բան է հայտնի։
Վերսկսվեց պատերազմը թուրքերի եւ պարսիկների միջեւ, որովհետեւ Թահմազն օսմաններից պահանջեց գրաված հողերը ետ վերադարձնել։ Թուրքերը պատրաստ էին բանակցությունների, սակայն ժողովրդական ճնշման ներքո ստիպված եղան պատերազմել։ Այդ օրերին՝ 1730 թվի դեկտեմբերի 28-ին, սկսվեց ենիչերիների ապստամբությունը՝ Բաթրոնա Խալիլ անունով մի հասարակ սպայի գլխավորությամբ։ Սպանվեց մեծ վեզիրը, սուլթան Ահմեդ Գ-ն բանտարկվեց ու գահազարկվեց։ Գահ բարձրացավ Մահմուդ Ա-ն։ Պարսկաստանին պատերազմ հայտարարվեց. Թահմազը խայտառակ պարտություն կրեց, եւ 1732 թվի հունվարի 10-ին հաշտություն կնքվեց, որով օսմանյան տիրույթներն ավելի ընդարձակվեցին։ Նադիրն աֆղաններին հաղթելուց հետո Թահմազին Սպահանում գահընկեց արեց եւ աքսորեց Խորասան՝ ինքնագլուխ պատերազմ հայտարարելու եւ պարտվելու համար, եւ Թահմազի ութ ամսական տղային շահ հռչակեց՝ Աբաս Գ անունով՝ դառնալով նրա խնամակալը, փաստորեն՝ ինքը տիրեց իշխանությանը։ Զարմանալի է, բայց Նադիրը պահեց իր Թահմազ-ղուլի (Թահմազի ծառա) անունը, որ Թահմազին պաշտպանելիս վերցրել էր իր վրա։ Նադիրն օսմաններին պատերազմ հայտարարեց եւ արշավեց դեպի Բաղդադի կողմերը։ 1733 թվի հուլիսի 19-ին նա պարտվեց Դուլջեյլիքի ճակատամարտում, սակայն երեք ամիս անց հասավ հաղթանակի։ Նա կասեցրեց թուրքերի արշավանքը Բաղդադի կողմերում, շարժվեց դեպի Երասխ եւ սկսեց ետ գրավել պարսկական նախկին տիրույթները։ Անշուշտ, այդ իրադարձությունները մեծ անհանգստություն եւ վիշտ պատճառեցին Աբրահամ կաթողիկոսին։ Կռիվները շարունակվեցին 1734 եւ 1735 թվերին, եւ Նադիրն ի վերջո հաղթանակ տարավ եւ վերականգնեց երկու երկրների միջեւ նախկին սահմանները։
Կոստանդնուպոլսի պատրիարքության գործերն ընդհանուր առմամբ հաջող էին՝ շնորհիվ Հովհաննես Կոլոտի հմուտ գործունեության։ Սակայն մայրաքաղաքում սովորական դարձած հրդեհներից մեկի ժամանակ՝ 1731 թվին, հրկիզվեց Ղալաթիայի թաղը, եւ հունական չորս եկեղեցիների հետ միասին այրվեց նաեւ հայոց Սբ Լուսավորիչ եկեղեցին։ Վերաշինության թույլտվությունը մի շարք պատճառներով հնարավոր չեղավ ստանալ՝ չնայած Կոլոտի ջանքերին։ Ի վերջո այն ձեռք բերեց արքունիքի վաճառապետ Սեղբեստրոս Երեւանյանցի միջնորդությամբ մեծ վեզիր դարձած Հեքիմզադե Ալի փաշան։ Հրովարտակն ստացվեց 1732 թվի դեկտեմբերի 15-ին։ Շինարարությունը տարվեց ամբողջ թափով, եւ 1733 թվի մարտի 10-ին՝ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապ մուտք գործելու օրը, Կոլոտն օծեց նորաշեն եկեղեցին։ Օծումից հետո եկեղեցին մեծապես զարդարվեց։ Շինության հովանավորը եղավ Սեղբեստրոս Երեւանյանցը՝ ազգային մի շարք գործիչների հետ միասին։ Դրան մասնակցեցին անգամ լատինամետ հայերը, ինչն առաջ բերեց լատինների զայրույթը՝ դառնալով բանսարկությունների առիթ։ Սկսեցին ամեն ինչ անել, որ լատինամետները հայոց եկեղեցի չայցելեն։ Սա էլ հարուցեց իշխանությունների դժգոհությունը, որոնց անհանգստացնում էր իրենց հպատակների՝ օտարների հետ մտերմություն անելը։ Լատին եկեղեցի հաճախողները ձերբակալվեցին եւ միայն տուգանքով ազատ արձակվեցին։ Գործին միջամտեցին ֆրանսիական եւ գերմանական դեսպանները։ Կառավարությունն ստիպված եղավ իր դիրքը մեղմել, իսկ Կոլոտն էլ ձեռնամուխ եղավ հաշտարար քաղաքականության եւ համոզեց լատին եպիսկոպոսին ու Ֆրանսիայի դեսպանին, որ նրանք վերացնեն հայոց եկեղեցիներ հաճախելու արգելքը, ինչն ի վերջո հաջողվեց՝ մեծ դվարությամբ։
Այս ընթացքում որոշ հուզումներ էր ապրել նաեւ Երուսաղեմի աթոռը։ Երբ հույների պատրիարք դարձավ Մելետիոսը, իսկ փոխանորդ՝ Կեսարիոսը, հույները փորձեցին հայերին զրկել բոլոր իրավունքներից եւ նույնիսկ Սբ Հակոբյանց վանքին տիրանալ։ Գրիգոր Շղթայակիրը փորձեց հաշտարար գործ վարել՝ Հաննա վարդապետի հետ միասին։ Հաննան ծանր վիճակում էր, իսկ Գրիգոր Շղթայակիրը ծերացել էր, ուստի վերջին նամակը գրեց Կոլոտին, որ գա տեր դառնա աթոռին կամ էլ ուղարկի իր աշակերտներից Հակոբ Զիմառացուն (ազգատոհմի անունով նաեւ՝ Նալյան կամ Նալօղլու)։ Նա, այնուամենայնիվ, շարունակեց իր հաշտարար քաղաքականությունը եւ ուխտով հաշտություն կնքեց, որը, սակայն, հույների կողմից նպատակ ուներ բթացնել հայերի զգոնությունը։ Իրականում հունաց պատրիարքը պատրաստվում էր գնալ Կ. Պոլիս եւ խնդիրներ հարուցել, բայց գնալուց առաջ Շղթայակրին վստահեցնում էր, թե կռիվ ստեղծելու միտք չունի։ 1732-ին Նալյանը եկավ Երուսաղեմ, Շղթայակրի փոխանորդը դարձավ եւ նրա կողմից էլ ուղարկվեց Կ. Պոլիս, որ Երուսաղեմի շահերը պաշտպանի, քանի որ հույներին չէր վստահում։ 1733 թ. հունիսի 11-ին վախճանվեց Հաննան, որ Շղթայակրի աջակիցն է եղել բոլոր գործերում։ Նրան հողին հանձնեցին Սբ Փրկիչ վանքում։ Շղթայակիրը մտածեց պատրիարքությունը թողնելու մասին եւ անգամ Կ. Պոլիս գրեց, որ իրեն հաջորդ գտնեն։ Սակայն Կոլոտը, որ Հեքիմզադե Ալի փաշայի օգնությամբ ուժգին պայքարեց հույների նկրտումների դեմ եւ այդ պայքարում հասավ հաջողության, կրկին նորոգեց արքունական հին հրովարտակը՝ լրացնելով եւ «հաթթիհումայուն» դարձնելով։ Նալյանը հրովարտակը եւ շատ թանկարժեք ընծաներ բերեց Երուսաղեմ եւ մեծ ուրախություն պատճառեց Շղթայակրին։ Այդ ամենը եղավ 1734 թ. սեպտեմբերին, այլ խոսքով՝ Աբրահամ կաթողիկոսի աթոռակալության վերջին շրջանում։ Սակայն այդ վիճակը երկար չտեւեց։ Մեծ վեզիր Հեքիմզադե Ալի փաշան կամեցավ անձամբ պատերազմել Նադիրի դեմ, ինչը պալատական բանսարկությունների առիթ տվեց։ Նա գահընկեց արվեց, եւ նրա տեղն զբաղեցրեց Գյուրջի Իսմայիլ փաշան, որն այդ պաշտոնում մնաց ընդամենը վեց շաբաթ, սակայն զգալիորեն խախտեց հայերի դիրքերը։
Աբրահամ Խոշաբեցու գործունեության վերջին շրջանի վերաբերյալ տեղեկություններ է պահպանել Աբրահամ Կրետացին, որ Կրետե կղզու Գանտիա քաղաքի ծնունդ էր։ Մայրը հույն էր։ Կրետեն նրան եկեղեցական հայկական կրթություն տալ չէր կարող, ուստի նա շուտով տեղափոխվում է հայաշատ կենտրոն եւ ստանում հայկական կրթություն։ 1709 թվին դառնում է Թրակիայի Ռոդոսթո կամ Թեքիրդաղ քաղաքի հայոց առաջնորդը եւ եպիսկոպոս ձեռնադրվում Ալեքսանդ Ջուղայեցու կողմից։ 1719 թվին ուխտի է գնում Երուսաղեմ եւ երկու տարի անցկացնում այնտեղ, երբ փորձ էր արվում նորոգել Սբ Հարության տաճարը։ Նպատակ ուներ ուխտագնացության մեկնել Հայաստան՝ ճամփորդությունն սկսելով Էջմիածնից, ինչը նրան հաջողվեց միայն 1734 թվին։ Ապրիլի 27-ին նա մեկնեց Ռոդոսթայից եւ օգոստոսի 3-ին հասավ Էջմիածին։ Անշուշտ, ճամփորդությունը կատարվում էր ցամաքով, եւ նա այցելել էր ճանապարհին հանդիպած քաղաքներն ու վանքերը։ Նա նպատակ ուներ այդտեղից անցնել Տարոնի Գլակավանք, սակայն Աբրահամ կաթողիկոսը դա չթույլատրեց՝ խոստանալով մյուս տարի նրա հետ մեկնել։ Եվ Կրետացու ուղեկից ուխտավորները՝ 20 հոգուց ավելի, օգոստոսի 24-ին մեկնեցին Գլակավանք՝ Կաղզվանի առաջնորդ Հովհաննես վարդապետի գլխավորությամբ։
Օգոստոսի 24-ից մինչեւ նոյեմբերի 11-ը կաթողիկոսը եւ Աբրահամ Կրետացին իրարից գրեթե անբաժան էին։ Օգոստոսի 27-ին նրանք մեկնեցին Էջմիածնի շրջակայքի վանքերը՝ ավելի քան տասը եպիսկոպոսի եւ վարդապետի ուղեկցությամբ։ Լինում են Հովհաննավանքում, Սաղմոսավանքում, Ուշիում, Փարպիում, Կարբիում, Մուղնիում, ինչպես նաեւ՝ Օշականում։ Հետո շտապ վերադառնում են Մայր Աթոռ, քանի որ ժամանակը խառնակ էր, եւ խոսվում էր Թահմազղուլի խանի կամ Նադիրի արշավանքի մասին։ Կրետացին հյուր էր, եւ նա շարունակում է իր պտույտը։ Լինում է Երեւանում, Խորվիրապում, Ակոռիում, Հավուցթառում, Այրիվանքում, Գառնիում, Նորքում եւ Ձագավանքում, որտեղից վերադառնում է կաթողիկոսի հրամանով։ Պատճառը կաթողիկոսի հիվանդությունն էր։ Աբրահամ Կրետացին գալիս է Էջմիածին նոյեմբերի 4-ին եւ այստեղ գտնում Եվդոկիայի նվիրակ Ալեքսանդր վարդապետին (Սարգիս Սարաֆյան), որը Կեսարիայի առաջնորդն էր եւ եկել էր էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։
Աբրահամ Խոշաբեցին անկողին էր ընկել դեռ նոյեմբերի 2-ին։ Հիվանդացել էին միաբանության այլ անդամներ նույնպես, որոնցից շատերը մահացան։ Նրանց մեջ էին Սարգիս Թեքիրդաղցի եւ Զաքարիա Բաղիշեցի վարդապետները, կաթողիկոսի փոքրավոր Ավետիսը եւ գյուղից շատ ուրիշներ։ Պատճառը, հավանաբար, մի ինչ-որ համաճարակ էր։ Կրետացին, լինելով կաթողիկոսի մտերիմը, գիշերներն անց էր կացնում նրա մահճի մոտ՝ հեռանալով միայն միաբանների խնդրանքով։ Նոյեմբերի 10-ին հիվանդի վիճակը շատ վատանում է, եւ մահանում է 1734-ի նոյեմբերի 11-ին։ Նույն օրը մեռնում է Երեւանի կուսակալ Ալի փաշան, ուստի թաղման կարգը չեն կարողանում կատարել երկուշաբթի օրը, այսինքն՝ նոյեմբերի 11-ին։ Երեքշաբթի օրը Կրետացին պատարագում է եւ օծում, բայց չի կարողանում գնալ Սբ Գայանե՝ սաստիկ տենդի պատճառով։ Նա անկողին է ընկնում, սակայն չորեքշաբթի օրը Սուրբ Աթոռի միաբանների հետ միասին գերեզմանի վրա կատարում է այգը։ Այսպես մահացավ Աբրահամ Խոշաբեցի կաթողիկոսը, որի տարիքի մասին Աբրահամ Կրետացին ոչինչ չի հայտնում։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Թողնել մեկնաբանություն